Միջազգային մրցաշարերում հաջողության հասնելու համար հայ գեղասահորդներից առնվազն 5 տարի կպահանջվի

Միջազգային մրցաշարերում հաջողության հասնելու համար հայ գեղասահորդներից առնվազն 5 տարի կպահանջվի

Հայաստանում ձմեռային մարզաձևերը, մեղմ ասած, զարգացած չեն: Այս մարզաձևերն այդքան էլ մեծ հետաքրքրություն չեն առաջացնում, ի տարբերություն ամառային ձևերի:

Սա արտահայտվում է նաև զուտ մարզական տեսանկյունից` մեր մարզիկների թիվը ձմեռային Օլիմպիադաներին անհամեմատ քիչ է, իսկ մեդալների մասին խոսք լինել չի էլ կարող:

PanARMENIAN.Net - Անչափ գեղեցիկ այս մարզաձևերով մեր երկրում քիչ զբաղվելը, միջազգային ասպարեզում վատ մասնակցելը բացատրվում է մի քանի տարբերակով. նախ մեր երկրում ձմեռը երկար չի տևում, մարզադպրոցները սակավաթիվ են, բացի այդ էլ պետական բյուջեից քիչ է ֆինանսավորումը:

PanARMENIAN.Net ն անդրադառնում է այն խնդիրներին, որոնց հետ բախվում են ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչները: Մեր առաջին հոդվածում կներկայացնենք անչափ գեղեցիկ ու երաժշտական մի մարզաձևի մասին: Գեղասահք. սա մի մարզաձև է, որը նայում են ոչ միայն այն մարդիկ ովքեր սիրում են սպորտ, այլև նրանք, ովքեր գնահատում են գեղեցիկը, երաժշտությունը, պարն ու գեղասահորդի արտիստիզմը:

Անկախացումից հետո Հայաստանում գործող գեղասահքի դպրոցները զրկվեցին սահադաշտից.

Հայաստանը ոչ Խորհրդային տարիներին և ոչ էլ մանավանդ հիմա միջազգային ասպարեզում չի ունեցել Օլիմպիական կամ էլ աշխարհի չեմպիոններ:

Սակայն հիմա վիճակն ավելի է վատացել, քանի որ անկախացումից հետո Հայաստանում գործող գեղասահքի դպրոցները զրկվեցին սահադաշտից:

Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը նշեց, որ հայ մարզիկները միշտ էլ «խեղճ են եղել սահադաշտից»:

Հիմա մեր գեղասահորդները մարզվում են Կարապի լճում և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կարապի լճի սահադաշտը բացօթյա է և գործում է միայն մի քանի ամիս: Մնում է միայն համալիրի սահադաշտը:

«Մարզահամերգային համալիրի սահադաշտը շատ լավն է, տարածքը մեծ է, սառույցը` լավը: Բացի դա, այստեղ կարող ենք մարզվել գրեթե կլոր տարի: Սակայն մեկ սահադաշտ ունենալը քիչ է: Մեկ օրինակ բերեմ` անցյալ տարի սահադաշտի ագրեգատներից մեկը փչացավ, ու շուրջ ութ ամիս մեր սաները չէին կարողանում սահել: Այդ ողջ ընթացքում նրանք միայն ֆիզիկական պարապմունքներ էին անում ու աշխատում խորեոգրաֆիայի վրա»,- նշեց Ստեփանյանը:

Այսպիսի բացթողումներն անշուշտ ազդեցություն են ունենում մարզիկների պատրաստվածության վրա: Այս անչափ թանկ մարզաձևը հատուկ ուշադրություն և վերաբերմունք է պահանջում: Հարկ է նշել, որ պրոֆեսիոնալ գեղասահորդը 11 ամիս պետք է մարզվի սառույցի վրա, իսկ մեկ ամիս աշխատի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա:

Պետական բյուջեից գեղասահքի ֆեդերացիան ստանում է 9 մլն դրամ.

Պետական բյուջեից Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան ստանում է 9 մլն դրամ: Այդ միջոցներով էլ փորձում են կազմակերպել տարվա անելիքները` մարզումներ, հավաքներ ու միջազգային մրցաշարեր:

«Այս ամսվա 12-16-ը Վիենայում կկայանա միջազգային մրցաշար, որին կմասնակցի միայն Սլավիկ Հայրապետյանը: Մենք հույս ունենք, որ նա կկարողանա վարկանշային միավորներ հավաքել, ինչի արդյունքում հնարավորություն կստանա ելույթ ունենալ աշխարհի առաջնությանը: Նախատեսվում է նաև, որ մինչև ամառ Ծաղկաձորում կանցկացնենք հավաք, ապա կմեկնենք Բաթումի, որտեղ էլ կշարունակենք աշխատել սառույցի վրա»,- ավելացրեց ֆեդերացիայի նախագահը:

Ըստ նրա, այս տարվա մարտին կկայանա նաև Հայաստանի առաջնությունը, որը կրկին կանցկացվի համալիրի սահադաշտում:

Երեք տարեկանից սկսած երեխաները կարող են հաճախել գեղասահքի.

Անկախ տարբեր խնդիրներից, գեղասահք մարզաձևը զարգացնելու համար տարբեր մարզադպրոցներում շարունակում են ընդունելություններ:

Գեղասահքի դպրոց գործում է նաև մարզահամերգային համալիրում: Դպրոցում սովորում են բոլոր այն երեխաները, ում երեք տարին արդեն լրացել է:

Ըստ Ստեփանյանի, խորհրդային տարիներին շատերն էին ցանկանում մարզվել գեղեսահքով և դիմողների թիվն անհամեմատ շատ էր լինում:

«Ընդունելության քննությունների ժամանակ հերթեր էին գոյանում, իսկ հիմա պատկերն այլ է: Ավելի քիչ են երեխաները, այդ պատճառով էլ ընդունում ենք գրեթե բոլորին: Ժամանակի ընթացքում նրանք մաղվում են, հասկանում են, թե ով է ուզում պրոֆեսիոնալ պարապել, իսկ ով` սիրողական: Մենք էլ ենք նկատում, թե ովքեր են օժտված գեղասահորդ դառնալու տաղանդով ու սկսում ենք ավելի խորացված պարապել նրանց հետ»,- ավելացրեց նա:

Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա երկու տարուց միջազգային մրցաշարերում կունենանք մասնակիցներ.

Ֆեդերացիայի նախագահը տարբեր ճանապարհներ է փնտրում, որպեսզի գեղասահքը մեր երկրում կամաց- կամաց զարգանա: «Վերջերս Հայաստան էր եկել Օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան: Նա եկավ մեր մարզադպրոց, խոսեցինք համագործակցելու մասին, ըստ որի Ռուսաստանից կգան հայտնի մարզիչներ ու վարեպտության դասեր կանեն այստեղ»:

Նախատեսվում են նաև այլ համագործակցություններ այն հայ մասնագետների հետ, ովքեր չեն ապրում Հայաստանում: «Եթե մեր ուզածները և նախատեսվածները կատարվեն, ապա երկու տարուց միջազգային մրցաշարերում կունենանք հայ մասնակիցներ, իսկ Եվրոպայի և աշխարհի մակարդակով մրցումներին մասնակցելու համար մեզ պետք կլինի առնվազն հինգ տարի»,- եզրափակեց Ստեփանյանը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---