Հայաստանի արդյունաբերության զարգացման խնդիրներն ու հեռանկարները

Հայաստանի արդյունաբերության զարգացման խնդիրներն ու հեռանկարները

Առաջին անգամ ՀՀ կառավարությունը պետբյուջեից 500 մլն դրամ է հատկացրել արդյունաբերության զարգացմանն աջակցելու համար

Մարտի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության համաժողովների դահլիճում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ավելի քան 100 արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին Հայաստանի արդյունաբերության զարգացման խնդիրներ ու հեռանկարները: Քննարկումներն անցան ընդլայնված կազմով, հետո շարունակվեցին ավելի նեղ շրջանակում, որտեղ վարչապետին ներկայացվեցին նոր գործարար ծրագրերը:

PanARMENIAN.Net - Դեռ 2011թ. կառավարությունը հաստատեց Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը: Ռազմավարության մեջ երեք փուլ է նշված, որոնք պետք է ապահովեն 11 ուղղությունների զարգացումը: Բոոլոր ընդգրկված ուղղությունների համար նախատեսված են առանձին հայեցակարգեր, որոնք առաջին երեք ուղղությունների համար՝ կոնյակագործություն, դեղագործություն և ճշգրիտ ինժեներիա, արդեն իսկ մշակված են:Ելույթ ունենալով նիստում՝ վարչապետն ասաց, որ վերջին 25 տարում Հայաստանի էկոնոմիկայում բուռն գործընթացներ են ընթանում, ուստի կառավարությունն ուղղակի պարտավոր է մասնակցել էկոնոմիկայի կառուցվածքի ձևավորմանը: Ըստ նրա, միայն պետություն-մասնավոր հատված համագործակցությունն է արդյունավետ լինում: Նա նշեց, որ այդ ոլորտներից է բանկային հատվածն, որ այսօր օրինակելի է համարվում հետխորհրդային տարածքում: Նա վստահություն հայտնեց, որ 10 տարի անց նույն վիճակը կլինի արդյունաբերության ոլորտում: «Փորձը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ պետությունը մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրված եղանակով իրականացնում է այս կամ այն ոլորտի զարգացման համալիր ծրագիր, արձանագրվում է առաջընթաց և զարգացում: Երկու տարի առաջ ձեռնամուխ ենք եղել իրական հատվածում այդպիսի ազգային ծրագրի իրականացմանը, ինչի արդյունքում կունենանք տնտեսության հստակ կառուցվածք, հստակ առաջնահերթություններ, պատշաճ պետական վերահսկողություն և թափանցիկություն, արդյունավետ աշխատող ձեռնարկություններ», ասաց վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ առաջին քայլը պետություն-մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի տեսական հիմքերի ձևավորումն էր և ձեռնարկություններին օժանդակություն տրամադրող հանրապետական ներդրումային հիմնադրամի ստեղծումը: Երկրորդ քայլով պետությունը պատրաստակամություն է հայտնել` բիզնեսը զարգացնելու առաջարկությունների հիման վրա ձեռնարկատերերի հետ հանդիպումների ընթացքում քննարկել հեռանկարային ներդրումային տարբեր ծրագրերը, որոնցում անհրաժեշտ է պետության միջամտությունը: Ընդ որում, պետությունը պատրաստ է երկխոսության` ինչպես մեծածավալ վարկեր վերցրած, բայց դրանք մարել չկարողացող ձեռնարկությունների, այնպես էլ հաջողության հասած և շուկայում որոշակի դիրք զբաղեցնող, բայց որակական փոփոխության խնդրի առջև կանգնած ձեռնարկությունների բիզնես-առաջարկները և տրամադրել առկա բոլոր հնարավորությունները: Առաջին անգամ ՀՀ կառավարությունը պետբյուջեից 500 մլն դրամ է հատկացրել արդյունաբերության զարգացմանն աջակցելու համար:

Վարչապետ Սարգսյանն ընդգծել է. «Արդյունաբերական ռազմավարության իրականացման առաջին քայլերը լինելու են ամենադժվարինը, բայց հաջողության են հասնելու նրանք, ովքեր հավատալու են այս ծրագրին և ում հետ համաձայնության ենք գալու ռազմավարական համագործակցության շուրջ: Օգտվելով առիթից` կոչ եմ անում ձեզ լինել ակտիվ և ներկայացնել ձեր բիզնես-ծրագրերը: Մեր ռազմավարությունը լինելու է առավելագույնս օբյեկտիվ. հրապարակավ ներկայացնելու ենք այս կամ այն բիզնեսին օժանդակելու չափանիշները: Առաջին հերթին, մեզ հետաքրքրում են այն ձեռնարկությունները, որոնք ունեն արտահանման մեծ ներուժ, ձեռնարկությունները, որոնք ցույց են տալիս, որ պետական օժանդակության շնորհիվ ստեղծվում են բարձր արտադրողականություն ունեցող աշխատատեղեր, ձեռնարկությունները, որոնք ակնհայտորեն ունեն մենեջմենթի բարձր մակարդակ, ինչն ապացուցվում է իրենց կենսագրությամբ և վերջին հինգ տարվա ընթացքում տնտեսություն վարելու փորձով: Առաջնահերթ են լինելու նաև այն ծրագրերը, որոնց շուրջ գործարարները կարող են միավորվել և իրականացնել համատեղ»: Արդեն մեկ տարի է, ինչ կառավարությունն իրականացնում է ծրագիրն ու անհրաժեշտ կառույցներ է ստեղծում իրականացման համար: Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի արդյունավետ կազմակերպել արդյունաբերության զարգացման հիմնադրամի 2013 թ. աշխատանքը։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լիազորել է ձևավորել աշխատանքային խումբ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» (ԱՖԱԿ) ՓԲԸ հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և արտոնագրման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով։ ԱՖԱԿ-ի ստեղծումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը։

Արդյունավետ գործողությունների արդյունքում արդյունաբերության աճը Հայաստանում 2012թ. կազմեց 8,8 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրության ծավալը անցնող տարում կազմեց 1 տրլն դրամ: Զգալի աճ արձանագրվեց վերամշակող ճյուղում, ապագայում կներառվեն գինեգործությունն ու թեթև արդյունաբերությունը: Հարկ է նշել, որ 2013թ. արդյունաբերական ոլորտում աճն ակնակալվում է 9,2 տոկոսի սահմաններում: Խնդիր է դրված այդ ցուցանիշը հասցնել 20-21 տոկոսի: ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հիմնական նպատակն է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ուժերի ձևավորումը։

Միջոցառումների իրականացման պետական աջակցության 2013 թ. ծրագրի համար հատկացվել է 545 մլն դրամ, որից մոտ 328 միլիոնը կուղղվի հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման, արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորման, հայկական ապրանքների նպատակային շուկաներում այդ ապրանքների առաջմղման և ներկայացման, միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորման, միջազգային ցուցահանդեսների մասնակցության ապահովման և այլ նպատակների։

Քայլերն, իհարկե, ակնհայտ են, բայց ոչ բավարար: Օրինակ, անկումը շարունակվում է շինարարության ոլորտում՝ 8 տոկոս անկում: Դա մտահգում է ոչ միայն կառավարությանը, այլ նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը: Միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարեց, որ բանկերը կանխակալ մոտեցում ունեն այդ ոլորտում երկարաժամկետ վարկավորմանը, ինչը բացասաբար կանդրադառնա Հայաստանում էկոնոմիկայի աճին 2013թ.. քանի որ նրա մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում կազմում է 14 տոկոս:

Այդ առնչությամբ Տիգրան Սարգսյանն ասել է, որ արդեն հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին խորհրդակցություն հրավիրել նվիրված շինարարության ոլորտին:

Արսեն Ղազարյանը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Արդյունաբերության զարգացման հիմնադրամը աջակցում է այն ընկերություններն, որոնք արդեն որոշակի ելք ունեն միջազգային շուկա՝ հորդորելով ավելացնել այն միջոցները, որոնցից կկարողանան օգտվել այն արտահանողները, որոնք մատչելի վարկեր են ակնկալում:

Արսեն Ղազարյանը հորդորել է իշխանություններին պաշտպանել տեղական արտադրողին, օրինակ բերելով Թուրքիային, հովանավորչական քաղաքականություն վարել, ազատել դրամաշնորհները ԱԱՀ, զարգացնել մետալուրգիան ու քիմիական արտադրությունը, որտեղ 30-40 տոկոս ինքնարժեքի աճ է ակնակալվում էներգակիրների գների աճի ֆոնին: Պետգնումների համակարգում նախապատվությունը տալ տեղական ընկերություններին, եթե նրանց առաջարկը թանկ չէ արտասահմանյանից 10-15 տոկոսից ավելի:

Եվ ամենակարևորը հետևողական քայլեր ձեռնարկել, ուղղված երկրում հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, ինչը «հայկական տնտեսության ամենացավոտ տեղերից է»:

Կառավարությունը պատրաստ է առարկայորեն օժանդակել այն ձեռնարկություններին, որոնք ի վիճակի են էապես ավելացնել իրենց արտադրանքի ֆիզիկական և արտահանման ծավալները։ Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում: Նա ասել է նաև, որ բոլոր այն ձեռնարկությունները, որոնք ունեն նման կարողություններ և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հայտ կներկայացնեն, կստանան պետական օժանդակություն: «Այսինքն, մենք ունենք բազմաթիվ գործիքներ, որոնք նկարագրված են այս փաստաթղթում և ավելին՝ կարող ենք տրամադրել նաև լրացուցիչ օժանդակություն, որը դուրս կգա այս 545 մլն դրամի շրջանակից, բայց եթե մենք վստահ լինենք, որ մեր ձեռնարկություններն էապես ավելացնելու են արտահանման ծավալը։ Այնպես որ, ցանկացած ձեռնարկություն, որն այդ կարողությունն ունի, կարող է դիմել էկոնոմիկայի նախարարություն»,-ասել է վարչապետը։

Վիկտորյա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---