Սպորտի մյուս կողմը. Հայկական ձյուդո` ձգտում դեպի Օլիմպիադա առանց աշխատավարձի

Սպորտի մյուս կողմը. Հայկական ձյուդո` ձգտում դեպի Օլիմպիադա առանց աշխատավարձի

Մենք շարունակելու ենք անդրադառնալ այլ մարզաձևերի խնդիրներին ու ցույց տալ այն ամենը, ինչի վրա շատերն են աչք փակում

Ըստ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանում մենապայքարային մարզաձևերից ամենամասսայականը համարվում է ձյուդոն: Այսօր մեր երկրում այս մարզաձևով պարապում է ավելի քան 3000 հոգի: Այս շաբաթ PanARMENIAN.Net-ը կներկայացնի հայկական ձյուդոյում առկա խնդիրներից ևս մի քանիսը:

PanARMENIAN.Net - Ձյուդոյում մի հետաքրքիր օրինաչափություն կա` պատանեկան ու երիտասարդական առաջնություններում մեր մարզիկներն ավելի լավ են հանդես գալիս ու ավելի շատ թվով մեդալներ նվաճում, քան մեծահասակների մրցաշարերում:

Ձյուդոիստների 80 %-ը բանակ գնալուց հետո դադարում է զբաղվել սպորտով

Ըստ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանի, խնդիրը խորքային է: Գլխավոր պատճառը` մեծահասակների շրջանում մարզիկների թվի պակասն է:

«Երիտասարդ տարիքում մարզիկների մոտավորապես 80 %-ը զորակոչվում է բանակ, այդ թվում նաև նրանք, ովքեր հավաքականի թեկնածուներ են համարվում: Իսկ բանակից հետո այդ 80 %-ից երևի 5 %-ն է շարունակում զբաղվել ձյուդոյով: Արդեն այստեղ մենք ունենում ենք լուրջ կորուստներ»,- բացատրեց Խիթարյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանն ավելացրեց, որ մինչև 18 տարեկանը տղաները շատ մեծ հույսերով ու ոգևորությամբ են գնում մարզումների, սակայն, երբ արդեն վերադառնում են բանակից, նրանցից շատերը թողնում են սպորտը:

«Դե, ոչ գումար են ստանում, ոչ էլ գոնե սպորտ-ռոտայում են ծառայում: Զինծառայությունից հետո նրանք անիմաստ են համարում մնալ սպորտում: Պատանի տարիքում նրանց կարիքները հոգում են ծնողները, բայց հետո գումար վաստակելու խնդիր է առաջանում: Այսպիսով, մարզիկների թիվը կրճատվում է, ու մեզ համար էլ է դժվար դառնում ընտրություն կատարել»,- նշեց Բաբայանը:

Շատերը թողնում են սպորտը, որպեսզի կարողանան գումար վաստակել

Մեծահասակների առաջնությունում շատ բարձր նվաճումների բացակայությունը կապված է նաև ֆինանսական խնդիրների հետ: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան չունի միջոցներ, որպեսզի կարողանա աշխատավարձ վճարել մարզիկներին:

«22-30 տարեկան տղաների համար սա ոչ միայն սպորտ է, այլև աշխատանք: Մեզ մոտ կա նախագահի թոշակ հասկացողությունը, որը գործում է միայն այն մարզիկների համար, ովքեր նվաճումներ ունեն: Նախանցյալ տարի մենք օգտվեցինք նաև Օլիմպիական թոշակներից, բայց սրանք էլ ժամանակավոր են, ու սեպտեմբերից սկսած մեր մարզիկներն այլևս այն չեն ստանում: Մենք ունենք Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ, որոնք ուրիշ աշխատանք են կատարում, որպեսզի փող աշխատեն: Ու այդ աշխատանից հետո տատամի են դուրս գալիս: Սա իսկապես շատ լուրջ խնդիր է»,- ավելացրերց Խիթարյանը:

Կայանալու և մեդալներ նվաճելու համար, մարզիկները պետք է վարձատրվեն ու չմտածեն օրվա հացի մասին: Իսկ այսօր շատ մարզիկներ թողնում են պրոֆեսիոնալ սպորտը միայն այն պատճառով, որ կարողանան գումար վաստակել:

Խնդիր է նաև արտերկրում մարզվելը և սպարինգ- մրցակից չունենալը: «Ունենք ծանր քաշայինների խնդիր: Նրանք լավն են, բայց հետները մարզվող զույգ չունեն: Դրա համար պետք է դրսում հավաքներ լինեն, ինչի հնարավորությունը, ցավոք, չկա: Իմ կարծիքով, եթե չհասնենք նրան, որ 8 հոգի մշտապես արտերկում կարողանա հավաքներ անցկացնել, ապա մյուս Օլիմպիական խաղերում էլ երևի թե բավարարվենք միայն ուղեգրերով»,- խոստովանեց Խիթարյանը:

Հաջողություն գրանցելու համար կարևոր է ունենալ մանկապատանեկան լավ դպրոց

Ձյուդոիստներն Օլիմպիական միավորներ հավաքում են չորս տարիների ընթացքում, և, ով ավելի շատ է միավոր գրանցում իր օգտին, նա էլ հայտնվում է Օլիմպիական խաղերում:

Այս ցիկլում միավորների քանակը գրեթե կրկնակի ավելացել է: Եթե օրինակ, անցյալ տարի աշխարհի գավաթի (հիմա դարձել է Եվրոպայի բաց առաջնություն) հաղթողը ստանում էր 100 միավոր, հիմա կստանա 200: Հայ մարզիկները պետք է մտնեն լավագույն 22-ի մեջ ու վաստակեն Օլիմպիական խաղերի ուղեգիր:

«Մեր մարզիկների կարգը թույլ է տալիս Եվրոպայի և աշխարհի առաջնություններից վերադառնալ մեդալներով: Սակայն այս տարի մերոնք Եվրոպայի առաջնությունում շատ վատ հանդես եկան: Ամեն դեպքում, կարծում եմ, որ մենք կկարողանանք այս դժվարությունները հաղթահարել և մինչև Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադան ունենալ լավ նվաճումներ»,- ընդգծեց ֆեդերացիայի փոխնախագահը:

Ցանկացած սպորտաձևում հաջողություն գրանցելու համար կարևոր է ունենալ լավ մանկապատանեկան դպրոց: Ինչպես նշում են մասնագետները, Հայաստանում պատանիների ու երիտասարդների մոտ ծանր վիճակ չի: Շատ են այն մարզիկները, ովքեր մոտ են մրցանակային տեղեր գրավելուն: Սինգապուրում կայացած պատանեկան առաջին Օլիմպիական խաղերից Դավիթ Ղազարյանը վերադարձել է բրոնզե մեդալով: «Ու, չնայած, եղած բազմաթիվ խնդիրներին, մեր բոլոր մարզիչները մեծ նվիրվածությամբ շարունակում են աշխատել երեխաների հետ: Շատ մեծ է ցանկությունը, որ նաև մեծահասակների Օլիմպիադայում մեր մարզիկներին հաջողվի մեդալակիր դառնալ»,- անկեղծացավ Խիթարյանը:

Ահա այսպիսին էին հայկական ձյուդոյի խնդիրները, որոնք մենք առանձնացրել էինք: Չնայած սրանց առկայությանը, հայ մարզիկներն անում են ամեն ինչ, որպեսզի հասնեն հաջողության և կարողանան ուրախացնել երկրպագուներին: Իսկ մենք շարունակելու ենք անդրադառնալ այլ մարզաձևերի խնդիրներին ու ցույց տալ այն ամենը, ինչի վրա շատերն են աչք փակում կամ փորձում անտեսել:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---