Հաջողություն, Բրազիլիա, գուցե հանդիպենք Ֆրանսիայում

Հաջողություն, Բրազիլիա, գուցե հանդիպենք Ֆրանսիայում

Հանդիպումներից առաջ ֆուտբոլիստերի հայտարարությունը, թե միայն երեք միավորի համար են պայքարելու, ոչ մի կերպ չի երևում նրանց ցուցադրած խաղից

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հինգ խաղում կրեց իր 4-րդ պարտությունը, այն էլ խմբում վարկանիշով իրենից ամենացածր թիմից:

PanARMENIAN.Net - Մալթայով, իհարկե, ոչինչ չի սկսվում կամ էլ ավարտվում, պարզապես հավաքականի խաղում նկատելի է հսկայական անկում, որը գնալով ավելի է խորանում:

Հավաքականի խնդիրներն ու որակական նահանջը նկատելի էր անգամ մրցաշարի առաջին խաղում, երբ այն 1:0 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ: Իսկ հետո այդ ամենը «ձնագնդի» պես գլորվեց ու ավելի մեծացավ: Հաջորդեցին Բուլղարիայից, Իտալիայից, Չեխիայից ու Մալթայից կրած պարտությունները: Թիմը կորցրեց իր ձեռագիրը, խամրեց ամեն ինչ, կարծես անհետացավ նաև ֆուտբոլիստների իրենց ցույց տալու ցանկությունը:

Ու Մալթայից կրած պարտությունը վերջին ահազանգը դարձավ բոլորի համար, թիմում առկա խնդիրների մասին սկսեցին խոսել լրագրողները, երկրպագուներն ու անգամ մարզիչները:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ մշտապես նշում է, որ ֆուտբոլիստների մոտ ֆունկցիոնալ պատրաստվածության և խաղային պրակտիկայի բացակայություն կա: Մենք այն վիճակում չենք, որ կարողանանք շռայլություն թույլ տալ ու չհրավիրել իրենց ակումբների պահեստայինների նստարանին կամ էլ երիտասարդական թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներին: Բայց այդ խաղացողներն էլ պետք է հասկանան, որ ազգային հավաքականը երկրի այցեքարտն է, որի շնորհիվ հաշված վայրկյանների ընթացքում այն կարող է աշխարհում ճանաչելի դառնալ ու օգնել իրենց ավելի լավ թիմեր տեղափոխվել:

Իսկ հանդիպումներից առաջ ֆուտբոլիստերի կողմից հայտարարված «թե մենք միայն երեք միավորի համար ենք պայքարելու» ոչ մի կերպ տեսանելի չի դառնում նրանց ցուցադրած խաղից: Պարզապես հայ ֆուտբոլիստները պետք է ուժ գտնեն, փոխվեն ու փոխեն նպատակին հասնելու ճանապարհները: Եթե անհրաժեշտ է մարզվեն ավելի շատ, դառնան նպատակասլաց ու կամային:

Այլապես իրենք էլ չեն նկատի, թե ինչպես արագ մոռացության կմատնվեն: Այո, հայ, ու առհասարակ բոլոր երկրպագուներն էլ այդպիսին են: Բայց հատկապես հայերը միշտ էլ ծայրահեղական են եղել, ընտրական խմբում մի քանի հաղթանակից հետո այդ ֆուտբոլիստները նրանց համար դարձան «աստղեր», իսկ հիմա բոլոր նրանք, ում երկու տարի առաջ սրբացնում էին ու հերոսներ դարձնում, ստիպված են լսել դառը ճշմարտությունը: Դա սպորտի չգրված օրենքներից մեկն է, միշտ էլ մեծարվում է նա, ով բարձունքում է:

Մենք բոլորս հիշում ենք ազգային հավաքականի անհետաքրքիր խաղը, խայտառակ պարտություններն ու անհաջողությունների շարքը. հենց այսպիսին է մեր թիմի պատմությունը, որքան էլ այն ցավալի կամ անընդունելի լինի: Սակայն 19-ամյա այդ պատմությունն այդքան էլ մռայլ չէ, այն երկու մասի բաժանվեց ԵՎՐՈ-2012-ի ընտրական մրցաշարի շնորհիվ` «մինչևի» ու «հետոյի»: Սակայն հետոն էլ իր հետ բերեց նույն «անդունդը», որը թվում էր հաղթահարվել է:

Իրականում վերջում պետք է գրվեին լավատեսական ու հուսադրող խոսքեր, որ մենք կարող ենք, մենք դեռ ուժեղ ենք: Սակայն դրանք չեն լինի, և պատճառն այն չէ որ դադարել ենք սիրել մեր ֆուտբոլիստերին կամ էլ չենք հավատում, որ նրանք ավելիին են ընդունակ: Մենք պարզապես ասում ենք «հաջողություն, Բրազիլիա, գուցե հանդիպենք Ֆրանսիայում»:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---