10 հունիսի 2013 - 17:18 AMT
ՀՈԴՎԱԾ
Շրջիկ կրկես․ Կյանք անիվների վրա՝ Հայաստանի ճանապարհներին
Շրջիկ կրկեսներն աշխատում են գրեթե կլոր տարի՝ մարտից մինչև հունվարի վերջ
Իմ հանդիսատե՛ս, ինչի՞ մասին ես դու այսօր՝ այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ դիտելու, հավանաբար, ոչ իմ մասին։ Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով անգամ չի անցնի, թե ի՜նչ տխուր է, թե ինչպե՜ս չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչքա՜ն միայնակ է նա ու նաև քաղցած։ Լեոնիդ Ենգիբարյան, «Ես կրկին մենակ եմ…»

Եվ քանի դեռ չեք գնացել առաջիկա օրերի կրկեսային ներկայացումները դիտելու, առաջարկում ենք իմանալ ու մտածել Հայաստանում 1-ին շրջիկ կրկեսի դերասանների, կենդանիների, նրանց կյանքի մասին։

Ասում են՝ ծաղրածուն կրկեսում մարդու դերն է խաղում։ Ծաղրածու Գոշան՝ Գևորգ Գրիգորյանը, 14 տարեկանից է խաղում այդ դերը։ Մասնագիտական կրթությունը Մոսկվայի կրկեսի ակադեմիայում է ստացել, աշխատել Սոյուզգոսցիրկում, որը ԽՄ հետ փլուզվեց։ «Քանի որ Հայաստանում, ինչպես նախկին խորհրդային մյուս երկրներում, կրկեսային միություն չստեղծվեց, շատ դերասանների պես ես էլ անցա ազատ արտիստի կարգավիճակի և պայմանագրերի հույսին էինք ապրում, որ ինքներս պիտի գտնեինք։

30 տարի այդպես աշխատելուց հետո որոշեցի, որ իմ հին երազանքն իրականացնելու ժամանակն է։ Իսկ ժամանակն է, որովհետև գործընկերներիս պես չէի ուզում մանկավարժական աշխատանքի անցնել։ Ես այն տեսակից եմ, որ «տակն են անում, բայց էլի աշխատում են», - պատմեց արդեն 2 ամիս իրականություն դարձած երազանքի՝ Շրջիկ կրկեսի գեղարվեստական ղեկավարն ու ծաղրածուն։

Կրկեսի վրանային կոնստրուկցիան իտալական արտադրության է, բերված՝ Չեխիայից, նախատեսված՝ 800 հանդիսատեսի համար։ «Նման կոնստրուկցիան քանդել-հավաքելու մասնագետ Հայաստանում չկա և չէր էլ կարող լինել, որովհետև նախադեպ չկա։ Իսկ ես արտերկրում շատ անգամ եմ տեսել, թե ինչպես են կատարվում այդ աշխատանքները։ Ուշադիր հետևել եմ։ Հիմա մենք մեր ուժերով ենք ամեն ինչ անում՝ 6-10 հոգով։ Տևում է 1-2 օր։ Ու լավ ենք հավաքում, որովհետև ոչ մի ֆորսմաժորային իրավիճակ չի եղել», - ասաց Գրիգորյանը։

Շրջիկ կրկեսներն աշխատում են գրեթե կլոր տարի՝ մարտից մինչև հունվարի վերջ։ Այս մեկն էլ բացառություն չէ։ «Աշխատում ենք բոլոր մարզերում, քաղաքներում լինել թեկուզ 2-3 օրով։ Իհարկե, կուզեինք բացել կրկեսն ու 1 ամիս մնալ մի քաղաքում, բայց մեր քաղաքները փոքր են, բնակչությունը՝ քիչ», - բացատրեց Գոշան, իսկ վիճակագրությունը հաստատեց` կրկես գնում է քաղաքի բնակչության 10 տոկոսը։ Աշտարակը, օրինակ, 16․000 բնակիչ ունի, հետևաբար 1600 մարդ, որին 2 ներկայացումը կտեղավորի։

«Առաջին անգամ, որ մեզ մի քաղաքում տեսնում են, արձագանքները տարբեր են լինում: Քաղաքային իշխանությունները մտածում են դպրոցի դահլիճի մակարդակով, 2-3 դերասանով կրկես ենք բերել, երեխաներին ցույց տանք։ Երեխաներն անակնկալի են գալիս, ուրախանում։ Մեծերն ասում են «ցիրկը քանդեցին, ձեզ քցեցին քուչեքը»։ Բացատրում ենք, որ մենք ոչ մի կապ չունենք Երևանի կրկեսի հետ։ Լիներ Երևանի կրկեսը, թե` ոչ, շրջիկ կրկեսը լինելու էր», - պատմեց Գոշան ու հիշեց, որ ամենաառաջին ներկայացումը Մասիսում էր` մարտի 15-ին․ «Կես ժամ ուշ սկսեցինք, ժողովուրդն ասում էր «ինչա ձեր ցույց տվածը, ցույց տվեք, գնանք», բայց ներկայացման 1-ին կեսից հետո բոլորը կերպարանափոխվեցին»։

Ներկայացումներ են եղել, որ բոլոր 800 տոմսերը սպառվել են, օրինակ` Արտաշատում։ Եղել են նաև 400 կամ 200 հանդիսատեսով ներկայացումներ։ Իսկ տոմսն արժի 1.500 դրամ: Ֆինանսական ակնկալիքները չեն արդարացել, բայց դժգոհ չեն։ «Դեռ նոր է։ Ժողովուրդը սովոր չէ։ Սկսելիս ես միայն վստահ էի, որ հնարավոր է, կարող ենք, բայց սկզբում գործը միշտ էլ դժվար է լինում», - ասաց Գոշան ու պատմեց, որ հիմա արդեն նույն քաղաքում, օրինակ, Աբովյանում, երկրորդ ներկայացման ժամանակ երեխաները նույնիսկ պաստառներ են նկարում` սիրելի համարների դերասանների համար, ծաղիկներով են գալիս։

Ներկայացման ժամանակ իմ կողքին 12-13 տարեկան Ստյոպիկն ու Արմենն էին նստել։ Պատմեցին, որ ամենաշատը ծաղրածուին են սիրում ու վստահեցրին՝ ես էլ համարը որ տեսնեմ, միանգամից իրենց պես կմտածեմ։ Չսխալվեցին։

Գոշայի հնարամտությունն այն առումով էր հետաքրքիր, որ ծիծաղեցնելուց բացի երեխաներին կրկեսային ներկայացում դիտելու մշակույթ է սովորեցնում, օրինակ, տեղին և ճիշտ ծափահարել։ Իսկ թե ինչպես է դա անում, միայն նրա համարը դիտելով կհասկանաք։

Ամենասպասվածներից են նաև կենդանիների՝ կանադական գայլի, օձերի, մողեսների, շների, կապիկի ու կապիկի տակդիր հագած ձագուկի համարները։ Կենդանավարժներից Անդրեյ Կալյուժնիյը պատմեց, որ փոքրիկը հոր՝ Սանյայի գեներն է ժառանգել, իսկ Սանյայի հետ արդեն 23 տարի միասին են աշխատում։ «Ուկրաինայից ենք եկել։ Հայաստանում, Գյումրիում եղել էինք երկրաշարժից անմիջապես հետո։ Եվ հայկական կողմի նոր հրավերը սիրով ընդունեցինք»։

Իսկ կրկեսում մի պստիկ էլ կա, որ հոր գեներն է ժառանգել։ Գոշան է այսպես ասում իր դստերը՝ Ստեֆանիային։ 24 ամյա աղջիկն էլ կրկեսում է ծնվել ու 4 տարեկան էր, երբ 1-ին անգամ մանեժ դուրս եկավ։ Ձեռնածու է։ «Ֆիլմերի ու իրական շրջիկ կրկեսի կյանքը գրեթե նույնն է։ Նույն դժվարությունները կան, նույն հաճելի կողմերը։ Կյանք է անիվների վրա։ Ես ինձ ուրիշ տեղ չեմ պատկերացնում», - ասաց նա ու պատմեց այս ուրիշ կյանքի գաղտնիքներից, - «Խաղաշրջանի վերջին ներկայացմանն ասում ենք «զելյոնկա»։ Այդ օրը մեզ մոտ ով ում գլխին ինչ կարողանում, սարքում է։ Իսկ հանդիսատեսը չի էլ պատկերացնում՝ ինչ է կատարվում։ Դուրս ես գալիս մանեժ, մեկ էլ հնչում է ոչ այն երաժշտությունը, որ պետք էր։ Կամ բարձրացնում ես կտորն ու նախատեսված գնդակների փոխարեն փայտիկներ տեսնում»։

Շրջիկ կրկեսը Երևանից հետո մեկնելու է Շիրակի մարզ։ Իսկ ներկայացումներն ու ծրագիրը նույնը չեն մնալու։ Առաջիկա պլաններով, հնարավոր է, փիղ մտնի այս կրկես ու բռնի կրկեսի կեսը։ Նաև առյուծ ձեռք բերելու մտադրություն կա։

Իսկ Երևանում կրկեսի «շրջիկ» վրանը տեղադրել են նախկին Դելֆինարիումի տեղում, մայրաքաղաքում այն կմնա 2 ամիս: Ներկայացումները կլինեն ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի՝ ժամը 19:00-ին:

Հ․ Գ․ Ադրբեջանում 4 շրջիկ կրկես է գործում, Վրաստանում՝ 2։

Հրանտ Խաչատրյան / PanARMENIAN Photo, Անի Ավետյան / PanARMENIAN News