«Բաց երկնքի» քաղաքականությանը Հայաստանի անցումը հետաքրքրել է թե ԱՄՆ-ին, թե Եվրոպային

«Բաց երկնքի» քաղաքականությանը Հայաստանի անցումը հետաքրքրել է թե ԱՄՆ-ին, թե Եվրոպային

Ակնկալվում է 20-25 տոկոսով ուղևորների քանակի աճ, ինչպես նաև նախատեսվում է, որ տոմսերի միջին գները մոտ 10 տոկոսով կնվազեն

«Բաց երկնքի» քաղաքականությանն անցումը Հայաստանի տնտեսական զարգացման ու զբոսաշրջության խթանման լավ հնարավորություն է: Ուստի ԱՄՆ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ազատականացման ծրագրի իրականացմանը, նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը։

PanARMENIAN.Net - Հայաստանի օդային տարածքն ազատ թռիչքային գոտի դարձնելու Կառավարությանհայտարարությունը հետաքրքրել է եվրոպական մի շարք ընկերությունների, որոնք սկսել են հետաքրքրվել ապագա գործարքի մանրամասներով, գրել է «Հրապարակ» թերթը. «Որոշ տեղեկություններով` նրանք նույնիսկ հանդիպել են իշխանության ներկայացուցիչներին` հայկական օդային շուկա արագ մտնելու համար: Հետաքրքրություն կա նաև Գյումրիի օդանավակայանի վերաբերյալ, քանի որ երկրորդային օդանավակայաններն էժան են և կոմերցիոն տեսանկյունից ավելի շահութաբեր»:

Թերթի աղբյուրները չեն բացահայտել, թե կոնկրետ եվրոպական որ ընկերությունների մասին է խոսքը, շրջանառվում են հայտնի ընկերություններից «Rian air»-ի ու «Vigin»-ի անունները:

Հոկտեմբերի 23-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Այսուհետ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել Հայաստանում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Բաց երկնքի քաղաքականության ներդրումը զգալի փոփոխություն է Հայաստանի ներկա օդային փոխադրումների քաղաքականությունում: Ինչպես կառավարության նիստին նշել էր վարչապետ Սարգսյանը, հարցի շուրջ բուռն քննարկումներ, ինչպես նաև իրարամերժ մոտեցումներ են եղել` խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակ: Ըստ մասնագետների` Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը կխթանի ՀՆԱ-ի աճը, կստեղծի նոր աշխատատեղեր, ուղևորափոխադրումները կդարձնի հարմարավետ, գներն էլ կնվազեն:

Ակնկալվում է 20-25 տոկոսով ուղևորների քանակի աճ, ինչպես նաև նախատեսվում է, որ տոմսերի միջին գները մոտ 10 տոկոսով կնվազեն, ընդ որում որոշակի ուղղություններով կլինի գների առավել մեծ նվազում:

2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1 240 418 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 1 273 677 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 602 590 մարդ` 2012 թվականի 608 438 -ի դիմաց, մեկնել է 637 828 մարդ` 2012 թվականի 665 239 -ի դիմաց:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 7 606 տոննա բեռ` 2012թ. 8 538 տոննայի դիմաց:

Մասնավորապես, արտահանվել է 4 545 տոննա բեռ` 2012թ. 4 587 տոննայի դիմաց և ներկրվել է 3 061 տոննա` 2012թ. 3 951 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 6 338 ` 2012թ. նույն շրջանի 7 961 -ի դիմաց:

Օդային տարածքի ազատականցման անհրաժեշտություն առաջացավ, երբ ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ին հայտարարել էր սնանկության մասին:

Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը հունիսին ուղևորափոխադրումների արտոնագիր էր տրամադրեց «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերությանը մեկ տարի ժամկետով հետևյալ ուղղություններով ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով, Սամարա:

Ընկերությունն իր առաջին Boeing 737-ը ներկայացրել էր հոկտեմբերի 23-ին:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն
Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ
Խոշոր բիզնեսը՝ ապրիլյան կարանտինի օրերին
Հրապարակվել են պաշտոնյաների հայտարարագրերը
 Ուշադրության կենտրոնում
Wizz Air-ը Երևան-Աբու Դաբի  չվերթեր կսկսի

Wizz Air-ը Երևան-Աբու Դաբի չվերթեր կսկսի Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից

 Բաժնի այլ նյութերը
Գնե՞լ տուն, թե՞ անշարժ գույքը դեռ կէժանանա Հայկական շուկայի սպասումները
$105 մլն-ի հետքերով Որ գերատեսչությունն ինչքան գումար է վերադարձրել պետբյուջե
Լյուքս հաճույք՝ 20% զեղչով 2019-ին ՀՀ ներմուծված ամենաթանկ էլեկտրամեքենաները