«Սև հունվարը» Բաքվում. 24 տարի է անցել

«Սև հունվարը» Բաքվում. 24 տարի է անցել

1990-ի հունվարի 13-19-ը հայերի ջարդերի արդյունքում Բաքվում, ըստ տարբեր գնահատականների, մոտ 400 մարդ է սպանվել

1990-ի հունվարի 13-ն Ադրբեջանում «հայկական հարցի վերջնական լուծման» սկիզբը դարձավ: Մինչև հունվարի 19-ը Բաքվում ջարդեր էին՝ հայերին ծեծում էին, բռնաբարում, սպանում միայն ազգային պատկանելության համար: Հին Նոր տարին բաքվեցի հայերի համար «սև ամսաթիվ» դարձավ: Իսկ «սև հունվարի» կազմակերպման հետևում Հեյդար Ալիևն էր, որն իշխանության էր ձգտում ցանկացած ճանապարհով, այդ թվում սեփական ժողովրդի արյան գնով: Ալիևին ձեռնատու էր լարվածությունը, զանգվածային ջարդերը Բաքվում ու զորքերի մուտքը քաղաք:

PanARMENIAN.Net - Ահա թե ինչ է գրում Կիրիլ Ստոլյարովը Հեյդար Ալիևի դերի մասին. «Բաքվի ջարդերի կազմակերպման ու իրագործման մեջ մեծ է Հեյդար Ալիևի դերը, որն այն ժամանակ մոսկվաբնակ հարգված խորհրդային թոշակառու էր արդեն: Չնայած տարիքին (66 տարեկան էր) և պաշտոնանկությանը, նա մնում էր անձ, որը մեծ ազդեցություն ուներ ադրբեջանցիների վրա: Հանրահայտ է, որ այն հունվարյան օրերին հենց նրա հետ է խորհրդակցել Գորբաչովը, որին ամենևին չէր հետաքրքրում Բաքվում հեղվող հայերի արյունը, այլ այն, որ Ադրբեջանում բավականին հաջող փորձում էր իշխանության հասնել «Ժողովրդական ճակատը»: Իր «Փլուզում» գրքում, Ստոլյարովը «Ողբերգության հետնաբեմում» գլխում, մեջբերում է Ալիևի խոսակցությունն Ազգային ճակատից ամենահայտնի ջարդարարներից մեկի՝ Նեյմաթ Պանախովի հետ այն բանից հետո, երբ Մոսկվան վճռեց զորքեր մտցնել Բաքու: Գրքում բերվում է Պանախովի հետևյալ վկայությունն այդ խոսակցության մասին. պատասխանելով այն հարցին, թե արդյոք չափազանց թանկ գին չվճարեց Ազգային ճակատն իշխանության գալու համար, Ալիևն ասում է. «Ինչ լինելու է, կլինի»: Իսկ հետո հարցրնում. «Դիակների՞ց վախեցաք»: Եվ հավելում թեթև տխրությամբ. «Անմեղ զոհերի արյունն օգտակար կլինի ադրբեջանական ժողովրդին»: Հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադե. «Ջալալաբադի կոտորածից և Ադրբեջանի Գերագույն խորհրդում ընտրական օրենքի քննարկումը չեղյալ հայտարարելուց հետո, հնչեց մոտալուտ ողբերգության ևս մեկ ակորդ. Ազգային ճակատի Նախիջևանի բաժանմունքի անդամները քանդել են ԽՍՀՄ պետական սահմանը: 1990-ի հունվարի 6-7 խորհրդաժողովում վարչության անդամ Նեյմաթ Պանախովն առանձին պատգամավորների որպես հուշանվեր բաժանում էր ԽՍՀՄ սահմանին կտրված 15-կիլոմետրանոց փշալարի հատվածները՝ որպես «ռուսական կայսրության» ռեժիմի փլուզման խորհրդանիշ, որը բաժանում էր նույն ժողովրդի երկու մասերին: Նա ջանում էր իրեն վերագրել այդ սխրագործությունը, սակայն, ես գիտեի, որ եթե բոլոր այդ գործընթացներն անցնում են ԽՍՀՄ ԿԿ և ԽՍՀՄ ՊԱԿ ղեկավարությամբ, ապա համակարգումն ու անմիջական ղեկավարումն իրականացնում է իր գործակալների միջոցով Հեյդար Ալիևը: Գիտեի նաև, թե ով էր նրա գլխավոր մարդն Ազգային ճակատում՝ Աբուլֆազ Ալիևը (հետագայում Աբուլֆազ Էլչիբեյ): Գիտեի, որ Պանախովի դերն «էս կողմ էն կողմ վազելն է»: Չէր կարող Նեյմաթը լինել այդպիսի լուրջ գործողության գլխավոր դերակատարը, որը հետագայում առանցքային նշանակություն ունեցավ Ադրբեջանում «թբիլիսյան մոդելի» իրագործման առումով:

Ականատեսների վկայություններ. «Խելագարված ամբոխները սպանեցին առնվազն 25 մարդու Բաքվի հայկական թաղամասում, որը խորհրդային հանրապետության մայրաքաղաք էր: «Մի խումբ խուլիգաններ հանցանքներ են կատարել»,-ասվում էր ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդագրությունում, նկարագրելով հայերի ջարդերը: Ըստ նախնական տվյալների, սպանվածների թիվը հասնում է 25-ի: Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը՝ Լենինի փողոցն արյամբ էր ողողված: Ադրբեջանի մայրաքաղաքում ապրող ռուսները սարսափով են հիշում իրենց հարևանների հետ հաշվեհարդարի տեսարանները, որոնց գնդակահարել են, գցել են պատշգամբներից, ողջակիզել և նույնսիկ անդամահատել են ադրբեջանցիների ամբոխները: «Այստեղ ամենաանողոք մարդասապանների ենք տեսել,- պատմում էր վետերան լրագրողը Բաքվից հեռախոսով:- Հարձակվում էին տղամարդկանց ու կանանց վրա, երիտասարդների ու ծերերի՝ միայն այն պատճառով, որ նրանք հայ էին: Ադրբեջանում հայ լինել նշանակում է մահվան դատապարտվել»:

Բաքվում հայերի ջարդերը Հայոց ցեղասպանության շարունակությունն էին Արևմտյան Անդրկովկասում: 1990-ի հունվարի 13-19-ը հայերի ջարդերի արդյունքում Բաքվում, ըստ տարբեր գնահատականների, մոտ 400 մարդ է սպանվել, 200 հազարը՝ արտաքսվել: Բաքվում զոհվածների ճշգրիտ թիվն անհնար է պարզել, քանի որ ջարդերի գործով քննություն չի անցկացվել:

1990-ի հունվարի 12-13-ին Բաքվում հայերի ջարդերը կազմակերպված ու զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին 17:00-ից հետո մոտ 50-հազարանոց ամբոխը, որը հանրահավաքի էր դուրս եկել Լենինի հրապարակում, բաժանվելով խմբերի, սկսեց մեթոդաբար, անցնելով տուն առ տուն, «մաքրել» քաղաքը հայերից: 1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով կոչ էր անում Եվրոպայի ԱԳՆԽ-ին ու Խորհրդին պաշտպանել հայերին ԽՍՀՄ կառավարության առջև և պահանջում էր Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին անհապաղ օգնություն ցույցաբերել: Հունվարի 18-ին մի խումբ ամերիկացի սենատորներ նամակ հղեցին Միխայիլ Գորբաչովին, որտեղ Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ մտահոգություն էին հայտնում ու կոչ անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին:

Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչև հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները:

1988-1990 թթ. Ադրբեջանում ազգային զտումների հետևանքով Ադրբեջանից բռնագաղթվեց մոտ կես միլիոն հայ, մի մասը համալրեց Սփյուռքը, կեսից ավելին էլ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում:

Բաքվի հայկական ջարդերն ամենահամոզիչ փաստարկներից մեկն է հօգուտ նրա, որ ԼՂՀ-ն (Արցախը) չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Հայերի հանդեպ վայրագությունները, որոնք ամբողջ 20-րդ դարի ընթացքում կանոնավոր կերպով կազմակերպում էին ադրբեջանական իշխանությունները, կրկին ու կրկին հաստատում են Արցախի ժողովրդի իրավացիությունը, որը պայքարի ելավ հանուն իր իրավունքների պաշտպանության ու ազատության:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---