Սիրիական ընդդիմությունը Ժնևում տանուլ է տալիս պաշտոնական Դամասկոսին

Սիրիական ընդդիմությունը Ժնևում տանուլ է տալիս պաշտոնական Դամասկոսին

Սիրիական պատվիրակությունը մտադիր չէ քննարկել Ժնևի կոմյունիկեի կետերը, քանի դեռ պայմանավորվածություն չկա ահաբեկչության դեմ պայքարի հարցում

Սիրիական ընդդիմության պատվիրակությունը Ժնևի խորհրդաժողովում ակնհայտորեն տանուլ է տալիս պաշտոնական Դամասկոսին: Փետրվարի 13-ին Սիրիայի կառավարության պաշտոնական պատվիրակությունը նիստը Ժնևում սկսեց ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ դրույթի քննարկումից՝ պահանջելով մասնակիցներից համատեղ դիրքորոշում մշակել այդ հարցում:

PanARMENIAN.Net - «Ընդդիմադիր կոալիցիայի» ներկայացուցիչները փորձեցին հարց բարձրացնել անցումային կառավարության մասին, սակայն Դամասկոսի պատվիրակությունը պնդեց, որ քննարկվի Ժնևի կոմյունիկեի առաջին կետը՝ պայաքար ահաբեկչության դեմ: Սիրիայի ներկայացուցիչները նշեցին, որ մինչև հիմա չկա համաձայնեցված օրակարգ, ուստի ցանկացած խոսակցություն ահաբեկչության դեմ պայքարի ու ընդլայնված կառավարության կազմի ձևավորման զուգահեռ քննարկման մասին ընդամենը պատրանք է: Սիրիական պատվիրակությունը մտադիր չէ քննարկել Ժնևի կոմյունիկեի կետերը, քանի դեռ պայմանավորվածություն չկա ահաբեկչության դեմ պայքարի հարցում:Բանակցությունների նման միջանկյալ ելքը կանխատեսելի էր՝ ընդդիմությունն ի վիճակի չէ պայմանավորվել առավել ևս այնպիսի փորձառու դիվանագետների հետ ինչպիսիք են Վալիդ Մուալեմը կամ Բաշար Սաֆարին: Ընդդիմությունը գրեթե ռեսուրսներ էլ չունի: Նույնիսկ եթե նրանք կարողանան ինչ-որ բանի մասին պայմանավորվել, Սիրիայում պատերազմող ոչ մի խմբավորում չի լսի Ահմադ Ջարբային, նրան համարելով «դավաճան»: Ծայրահեղական ընդդիմությունը հստակ նպատակ ունի՝ լիակատար փլուզման հասցնել Սիրիան: Բաշար Ասադն արդեն այնքան էլ նրան չի հետաքրքրում: Իսկ Ջարբան ուզում է դառնալ անցումային կառավարության ղեկավարը, որն ի դեպ գոյություն ունի միայն նրա արևմտյան հովանավորների մտքերում: Կառավարական զորքերի վերջին հաջողությունները գրեթե ի չիք են դարձնում «չափավորների» նկրտումները: Ասադը, աչքի առաջ ունենալով Եգիպտոսի տխուր փորձը, հաշիվ է տալիս իրեն, թե ինչ հետևանքներ կունենա իսլամիստների իշխանության գլուխ գալը, որի մասին բազմիցս է ասվել: Այս պարագայում Ռուսաստանի դերը գնալով մեծանում է, ետին պլան մղելով ԱՄՆ-ին ու ԵՄ-ին: Տեղին չէր նաև ԱՄՆ նախագահ Օբամայի դիտողությունը, թե «Պուտինի ձեռքերը ողողված են սիրիացիների արյունով, դա ԱՄՆ հեղինակության աճին ամենևին չնպաստեց: Վաշինգտոնը հավանաբար մոռացել է, որ մտադիր էր լուծել հարցը յուրովի, և երևի դեռ չի էլ հրաժարվել Դամասկոսը ռմբակոծելու մտադրությունից: Չստացվեց, և ըստ Օբամայի, մեղավորը Պուտինն է:

ՄԱԿ-ում հերթական հակասիրիական բանաձևի տապալումից հետո, Ռուսաստանը կրկին ՄԱԿ ԱԽ ներկայացրեց Սիրիայում հումանիտար վիճակի մասին նոր բանաձև է, որը ինքնուրույն փաստաթուղթ, ոչ թե արևմտյան բանաձևի շտկված տարբերակը: Ըստ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի, կողմերը հակադրելու փորձերը կհանգեցնեն միայն նրան, որ դիրքորոշումներն էլ ավելի կբևեռանան՝ մի կողմը կհամարի, որ նրան ճնշում են, մյուսն, այս դեպքում «ընդդիմությունը» կհամարի, թե իրեն ամեն ինչ կարելի է, քանի որ ՄԱԿ ԱԽ նրան չի քննադատելու:

Ավելի վաղ Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ անդամ երկրներին ներկայացրել էր Սիրիայի վերաբերյալ իր բանաձևը: Նման փաստաթուղթ էին ներկայացրել նաև Ավստրալիան, Լյուքսեմբուրգն ու Հորդանանը, որտեղ առաջարկվում էր 15 օրով դադարեցնել բռնությունը Սիրիայում պատժամիջոցների սպռանալիքով: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարեց, որ այդպիսի բանաձևը կարող է վնասել Սիրիայի կարգավորմանն ուղղված ջանքերին Ժնևում ընթացող բանակցությունների ֆոնի վրա: Լավրովը նաև հայտնել է, որ ռուսական կողմը ՄԱԿ ԱԽ է ներկայացրել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի փաստաթղթի նախագիծ:

Ամենահետաքրքիր հարցը պատժամիջոցներին է առնչվում: Եթե իսլամական խմբավորումները մշտապես սպանում են մարդկանց, ապա ինչու պատժամիջոցները պետք է Ասադի կառավարության դեմ կիրառվեն: Արդո՞ք ավելի լավ չի լինի դադարեցնել ընդդիմության սպառազինումը, ինչն մինչ օրս անում են Թուրքիան ու Ծոցի միապետությունները, մասնավորապես Սաուդյան Արաբիան ու Քաթարը: Այս դեպքում հարցը հռետորական է: «Մենք հենվում ենք ոչ միայն ՄԱԿ հավանությունը ստացած հիմնարար սկզբունքների վրա, այլ նաև հաշվի ենք առնում G8 առաջնորդների կոչն, ուղղված կողմերին՝ միավորվել արմատախիլ անելու համար ահաբեկչությունը Սիրիայի հողում»,-ասել է Լավրովը:

Եգիպտոսի ԱԳ նախարար Նաբիլ Ֆահիմի հետ հանդիպմանը Լավրովը նույնպես նշեց, որ Ռուսաստանը նախկինի պես հավատարիմ է 2012 թ. հունիսի 30-ի Ժնևի կոմյունիկեի դրույթներին: «Մենք համաձայն չենք այդ կոմյունիկեի մեկ մի դրույթը, մեկ մյուսը առանձնացնելուն ու սխալ կերպով այն մեկնաբանելուն, ինչպես դա տեղի է ունենում անցումային կառավարիչ մարմնի ստեղծման մասին դրույթի դեպքում: Այդ կոնկրետ դեպքում մեր գործընկերներն ամեն ինչ մի կողմ են դնում, այն ՝ պայքարն ահաբեկչության դեմ, բռնության կասեցումը, լոկալ հաշտեցման անհրաժեշտությունը հումանիտար օգնության համար, և ամբողջ կոմյունիկեն հանգեցնում այդ մի հարցին: Ընդ որում, այդ խնդիրը մեկնաբանվում է որպես կառավարության կազմի փոփոխություն, ինչը կոպտորեն խախտում է Ժնևի կոմյունիկեն»:

Հումանիտար ճգնաժամը Սիրիայի առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից է և հռետորաբանության թեժացումը չի կարող փոխարինել գործնական քայլերը, որոնք պահանջվում են և որ ակտիվորեն ձեռնարկում են միջազգային մարդասիրական կազմակերպությունները: Մանրակրկիտ, համբերատար մոտեցման հիման վրա այս փուլում հաջողվեց լուծել հումանիտար օգնության առաքման հարցը Հոմսի հին թաղամասեր, պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբար, թեև երկու դեպքում էլ գրոհայինները փորձեցին խանգարել դրան: Մինչդեռ Սիրիայի վարչապետ Վաիլ Հալկին կարգադրել է, որ շինարարական ընկերությունները միջազգային կազմակերպությունների հետ համատեղ արագացնեն բնակելի տարածքների շինարարությունը Դամասկոսի, Դերաայի ու Հոմսի գավառներում փախստականների համար, որոնք վերադառնում են հարևան երկրներից: Ալ Հալկին նշեց, որ տեղահանված անձանց համար ստեղծված են ժամանակավոր բնակության 915 կետեր, սակայն դրանք չեն կարող ընդունել բոլոր փախստականներին, որոնց թիվը միայն Սիրիայում հասնում է 5,8 մլն: Սիրիայի կառավարության նիստում Հալկին կոչ արեց քաղաքացիներին, որոնք գտնվում են արտերկրում, հայրենիք վերադառնալ՝ հավաստիացնելով, որ նրանց կտրամադրվի ամեն անհրաժեշտն ու կտրվի կարգավիճակ: «Ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի բանակի հաջողություններին ու ժնևում դիվանագիտական ջանքերին զուգահեռ Սիրիան ավերածությունների վերականգնման ուղին է սկսում»,-ասել է նա:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---