14 ապրիլի 2014 - 14:52 AMT
ՀՈԴՎԱԾ
Կրոնի ազդեցությունը Հարավային Կովկասում քաղաքական իրադարձությունների վրա
Հետխորհրդային տարածքի երկրներից շատերում Ուղղափառ եկեղեցին նոր ու անսովոր մարտահրավերների առջև է կանգնել
ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած տարիներին հետխորհրդային տարածքում մասշտաբային ու դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել: Բարդ ժամանակներ է ապրում նաև Ռուս ուղղափառ եկեղեցին: ԽՍՀՄ փլուզումից հետո կոմունիստական գաղափարախոսությունն ու պետական աթեիզմը այլևս խոչընդոտներ չէին հանրության կրոնական պահանջների բավարարման համար: Սակայն հետխորհրդային ժամանակաշրջանն իր հետ նոր խնդիրներ բերեց: Այդ մասին ասվել է Սուխումում տեղի ունեցած «Կրոնական իրավիճակը Հարավային Կովկասում և նրա ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա. հիմնական միտումներ» խորագրով գիտաժողովում:

Ըստ մասնակիցների, երկու վերջին տասնամյակներն աչքի են ընկնում ամբողջ աշխարհում կրոնի քաղաքականացման բարձր մակարդակով, ընդ որում շատ տարածաշրջաններում զինված հակամարտությունների հետևանքով բնակչությունը զանգվածաբար ոչնչացվում է կրոնական հատկանիշով: Սիրիայում և մյուս երկրներում սկսվել է տեղաբնակ քրիստոնյա բնակչության բնաջնջում, իսկ համաշխարհային հանրությունն ի վիճակի չեղավ այն կասեցնելու:

Բարդ ժամանակներ են նաև ուղղափառ քրիստոնեության համար: Նկատվում է «ոչ կանոնադրական» ուղղափառ եկեղեցիների ու կազմակերպությունների աճ: Մրցակցության տարրերով բարդ երկխոսություն է ընթանում Կոստանդնուպոլսի պատրիարքի ու ՌՈւԵ միջև: 2016 թ. նախատեսվում է անցկացնել աշխարհի Ուղղափառների հավաք՝ բոլոր կանոնիկ ուղղափառ եկեղեցիների մասնակցությամբ: Շատ խնդիրների շուրջ այդ եկեղեցիները լուրջ տարաձայնություններ ունեն: Արդեն ակնհայտ է, որ եթե այդ տարաձայնությունները չհաղթահարվեն, նոր խնդիրներ կառաջանան, պառակտումներ ու ողբերգական հետևանքներ բոլոր ուղղափառ քրիստոնյաների համար: Հետխորհրդային տարածքի երկրներից շատերում Ուղղափառ եկեղեցին նոր ու անսովոր մարտահրավերների առջև է կանգնել, որոնց պատճառն արագ ու ծավալուն փոփոխություններն են շրջակա միջավայրում, բոլոր երկրներում գլոբալիզացիայի աճը: Վրաստանում Վրաց ուղղափառ եկեղեցին դարձավ գլոբալիզացիայի ու արևմտյան այնպիսի արժեքների, ինչպիսիք են սեռական փոքրամասնությունների իրավունքների ապահովումը, «միասեռականների շքերթները» և այլնի տարածման դեմ հանրության բացասական վերաբերմունքի խտացման կենտրոնը: ՎՈւԵ պահպանողական կեցվածքը նյարդայնացնում է արևմտյան երկրների առաջնորդներին ու Վրաստանում նրանց դիվանագիտական ներկայացուցիչներին:

Շատ ավելի դրամատիկ է իրավիճակն Ուկրաինայում, որտեղ քաղաքական իրադարձությունները պառակտման ու ապաինտեգրման միտումների պատճառ դարձան ուղղափառ եկեղեցում: Մոսկվայի պատրիարքությունում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու փոքրաթոիվ ներկայացուցիչները բացահայտ քննադատություն թույլ տվեցին եվրամայդանի հասցեին: Ուժգնանում են նաև ներքին տարաձայնությունները Կիևի ներկայիս իշխանություններին աջակցելու, Ղրիմի, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում և այլն:

Ուկրաինայի ուղղափառ հոգևորականության մի մասը կողմ է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Մոսկվայի և Կիևի պատրիարքարանների միավորմանը: Նման պայթյունավտանգ իրավիճակում այդ խնդիրը կարող է ծանր փորձություն դառնալ Ռուս ուղղափառ եկեղեցու համար: Ընդ որում, ինչպես խոստովանում են Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական կապերի բաժնի ներկայացուցիչները, պատրիարք Կիրիլը ուկրաինացի հոգևորականնեի վրա ազդելու քիչ լծակներ ունի:

Կոստանդնուպոլսի պատրիարքը, որն ավանդաբար կողմ էր Ուկրաինական եկեղեցու անջատողական տրամադրություններին, դեռևս հայտարարում է ՌՈւԵ հետ համակարծիք լինելու մասին, որի համաձայն այս կամ այն ուղղափառ կառույցի կարգավիճակի փոփոխության մասին որոշումը պետք է ընդունվի բոլոր տեղական եկեղեցիների ընդհանուր համաձայնությամբ: Ինքը Կոստանդնուպոլսի պատրիարքը շահագրգռված է նման համաձայնության առկայության մեջ ներքին տարաձայնությունների պատճառով: Օրինակ, Բարդուղոմեոս պատրիարքը չի ճանաչել արքեպիսկոպոս Ռոստիսլավի ընտրությունը Չեխոսլովակյան եկեղեցու նոր առաջնորդի պաշտոնում, քանի որ ընտրությունների ժամանակ խախտվել են ընտրությունների ընդունված կանոնները: Ակնհայտ է, որ ներկայիս բարդ իրավիճակում, երբ ուղղափառությունը նոր մարտահրավերների ու սպառնալիքների առջև է հայտնվել, հետագայում նրա հեռանկարի համար հատուկ կարևորություն է ստանում տարբեր ուղղափառ եկեղեցիների միջև գործակցությունն ու փոխըմբռնումը: Աբխազիայում կրոնական իրավիճակն իր առանձնահատկություններն ունի: ՎՈւԵ, որի «կանոնիկ տարածքին» է պատկանում նաև Աբխազիայի տարածքը, դեռ խորհրդային տարիներին այնքան էլ ընդունված չէր ոչ վրաց բնակչության շրջանում: Նրա թեմին են պատկանում հիմնականում վրացիները: Այլ ազգությունների ներկայացուցիչները դժգոհ էին, որ պատարագը մատուցվում էր իրենց համար անհասկանալի վրացերենով և վրաց հիերարխների կողմից ռուս հոգևորականներին ճնշելու փաստերով: Աբխազներն առավել ևս զգուշավոր մոտեցում ունեին վրաց եկեղեցու հանդեպ, տեսնելով նրա մեջ տեղի բնակչության վրացականացման, ինչպես նաև քաղաքական գործիք: Ուստի, մասնավորապես աբխազները ամեն կերպ խոչընդոտում էին 1980-ականների վերջում ի հայտ եկած վրացական նոր եկեղեցիների կառուցման ծրագրին:

Չնայած, որ ՌԴ-ն ընդունել է Աբխազիայի անկախությունը, ՌՈւԵ-ն, Աբխազիայում մեածթիվ ռուսների առկայության պայմաններում, շարունակում է այն դիտարկել որպես Վրաց եկեղեցուն պատկանող տարածք: Հակառակ դիրքորոշումն ունի կաթոլիկ եկեղեցին. ԽՍՀՄ փլուզումից հետո Աբխազիան, ի տարբերություն Վրաստանի, ընդգրկվեց Կրասնոդարի երկրամասը ներառող Սևծովյան թեմի կազմում: Ակտիվ քարոզչություն են վարում Աբխազիայում բապտիստները, յոթերորդ օրվա ադվենտիստները, կրիշնաիտներն ու Եհովայի վկաները, որոնք զգալի ֆինանսական աջակցություն են ստանում արևմտյան երկրների իրենց հավատակիցներից: Այդ հոսանքների ներկայացուցիչները օգտվում են մարդկանց ծանր սոցիալական վիճակից ու պատերազմում հարազատներին կորցրածների ճնշվածությունից: Աղանդների անդամները կախվածության մեջ են հայտնվում իրենց հոգևոր ուսուցիչներից, որի հետևանքով ընտանիքներ են քանդվում ու այլ կոնֆլիկտներ են առաջանում, որոնք նախկինում ընդհանրապես հատուկ չէին հանդուրժողությամբ աչքի ընկնող աբխազական հանրությանը: