1 մայիսի 2014 - 15:17 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայ-քրդական հարցը Թուրքիայում. Ցանկությունը և իրողությունները
Քրդական ցեղերը, որոնք բնակություն էին հաստատում Արարատի ստորոտում հայտնի էին հարձակումներով, առևանգումներով ու սպանություններով
Քրդական խնդիրը Թուրքիայում ավելի սուր է դրված, քան հայկականը մի քանի պատճառներով: Առաջին հերթին, ժողովրդագրական: Այժմ Թուրքիայում շուրջ 20 միլիոն քուրդ կա, որոնց մեծ մասը բնակվում է արևելյան գավառներում, այսինքն Արևմտյան Հայաստանի տարածքում: Հայերի թիվը Թուրքիայում ամենալավատեսական գնահատականներով մոտ 100 հազար է, և նույնքան են Ցեղասպանության տարիներին մահմեդականացված հայերի ժառանգները: Հիշեցնենք, որ զինված հակամարտությունը Թուրքիայի կառավարության ու Թուրքիայի կազմում քրդական ինքնավարության ստեղծման համար պայքարող Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկների միջև շարունակվում է 1984 թվականից մինչ օրս:

XXI դարի սկզբում քրդերն ամենամեծ ազգն են, որ չունեն պետականություն: 1920 թվականին Թուրքիայի ու Անտանտի միջև կնքված Սևրի խաղաղ պայմանագրով նախատեսվում էր անկախ Քրդստանի ստեղծում: Սակայն այդ պայմանագիրը այդպես էլ ուժի մեջ չմտավ ու չեղյալ համարվեց 1923 թվականի Լոզանի պայմանագրի ստորագրումից հետո: 1920-30-ական թվականներին քրդերը մի քանի անգամ անհաջող ապստամբել են թուրքական իշխանությունների դեմ:

1921 թվականին սկսվեց քրդական ապստամբությունն Իրաքում, որն ընդհատումներով շարունակվեց մի քանի տասնամյակ: Քրդական ազգայնականության աճի արդյունքում 1978 թվականին ստեղծվեց Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ), որը ռազմաքաղաքական կազմակերպություն է և պայքարի սկզբնական փուլում (մինչև 1993 թ.) նպատակ ուներ ինքնիշխան պետության ստեղծումը Թուրքիայի տարածքում, սակայն 1993 թ. քաղաքական կուրսը փոխվեց Թուրքիայի կազմում քրդական ինքնավարության ստեղծման վրա: Միևնույն ժամանակ թուրքաբնակ քրդերը հետապնդումների ենթարկվեցին՝ արգելվեց քրդերենի օգտագործումը, իսկ քուրդ ազգության գոյությունը ժխտվում էր՝ պաշտոնական իշխանությունները քրդերին սկսեցին անվանել «լեռնեցի թուրքեր»: 1984 թվականի օգոստոսի 15-ին ՔԱԿ-ը պարտիզանական պատերազմ սկսեց Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան գավառներում: Նրանց դեմ պայքարելու համար գործի դրվեց թուրքական կանոնավոր բանակը, 1987 թվականին այդ տարածաշրջանում արտակարգ դրություն հայտարարվեց: Հիմնական քրդական բազաները գտնվում էին Իրաքի հյուսիում: Ըստ երկու երկրների կառավարությունների միջև համաձայնագրի, թուրքական անվտանգության ուժերը կարող էին Իրաքի տարածք մտնել՝ հետապնդելով պարտիզանական ջոկատները: 1990-ականներին Թուրքիան մի շարք ռազմական գործողություններ անցկացրեց Իրաքում, առավել խոշորները 1995 և 1997 թվականներին:

ՔԱԿ դեմ պայքարում Թուրքիայի ամենամեծ հաջողությունը կազմակերպության ղեկավար Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունն էր Քենիայում ամերիկյան ու իսրայելյան հատուկ ծառայությունների կողմից: Դա տեղի ունեցավ 1999 թվականի փետրվարի 15-ին: Ձերբակալությունից առաջ՝ 1998 թ, սեպտեմբերի 1-ին, Օջալանը կոչ արեց ՔԱԿ-ին հրադադար հայտարարել, իսկ ձերբակալությունից հետո կոչ արեց բոլոր մարտական գործողությունները կենտրոնացնել Իրաքի հյուսիսում: Դրանից հետո փաստորեն պարտիզանական պայքարը անկում ապրեց: 2000-ականների սկզբում գրոհային գործողությունները Թուրքիայի հարավ-արևելքում գրեթե դադարեցին, սակայն կրկին ակտիվացան 2005-2006 թթ.: Նախկինի պես նրանց բազաները գտնվում էին Իրաքի հյուսիսում: 2008 թ. փետրվարին թուրքական բանակը ամենախոշոր գործողությունն անցկացրեց այդ բազաների դեմ վերջին տասնամյակում:

2008 թ. մարտական գործողություններում զոհվածների թիվն արդեն կազմում էր 40 հազար:

2011 թվականի հոկտեմբերի 19-ին Հաքքյարի գավառի Չուքուրջա շրջանում քուրդ պարտիզանները հարված հասցրեցին 19 ռազմական օբյեկտների, որի արդյունքում, ըստ Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարության, թուրքական բանակը 26 զինվոր կորցրեց: ՔԱԿ-ին մոտ կանգնած Firat գործակալության տվյալներով, թուրքական կողմը կորցրեց 87 զինվոր, ևս 60 վիրավորվեցին, քրդական կողմը կորցրեց 7 պարտիզան: 2011 թ. հոկտեմբերի 21-23 տևական ավիահարվածների արդյունքում Չուքուրջայում 36 քուրդ պարտիզան սպանվեց: Քրդական կողմն ու ողջ մնացած ականատեսները հայտարարեցին պարտիզանների դեմ քիմիական զենքի կիրառման մասին: Թուրքիայի ռազմական հրամանատարությունը հերքում է մեղադրանքը:

Քրդերը այժմ բնակվում են 4 պետությունների տարածքում՝ Թուրքիայի, Իրանի, Իրաքի ու Սիրիայի, և, բնականաբար, նրանց նպատակն է կյանքի կոչել Անկախ Քրդստանի ամերիկյան նախագիծը:

ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում տեղի է ունեցել «Միջազգային կազմակերպությունների դերը քրդական հարցի լուծման գործում: Ժողովրդավարական ինքնակառավարման մոդելը որպես այլընտրանք սիրիական ճգնաժամից դուրս գալու համար» թեմայով IV Միջազգային խորհրդաժողովը: Խորհրդաժողովին ներկա էին Պետդումայի պատգամավորներ, ՌԴ Դաշնության խորհրդի ներկայացուցիչներ, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավորներ, Սիրիայի քրդական կուսակցության առաջնորդներ, հայտնի քաղաքագետներ, փորձագետներ ու տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովին մասնակցող «Ռուսաստանի ջավախահայերը» ՈԿԿ նախագահ Աղասի Արաբյանը հարց տվեց Թուրքիայի ու Սիրիայի ներկայացուցիչներին. «Համայն հայությունը մեկ տարի անց նշելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Այս 100 տարիների ընթացքում հայերը պահանջում են ու պայքարում են Ցեղասպանության ճանաչման համար, մենք վստահ ենք, որ դա վաղ թե ուշ տեղի կունենա: Միևնույն ժամանակ մենք հարգանքով ենք վերաբվերում քուրդ ժողովրդին, որը տարիներ շարունակ պայքարում է Թուրքական Քրդստանի ստեղծման համար: Հայ ժողովուրդը հարգանքով ընդունեց ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խոսքը, որը բազմիցս է իր կոչերում հաստատել բարեկամական վերաբերմունքն ու ափսոսանք հայտնել քուրդ ժողովրդի անունից: Սակայն, մենք բոլորս պետք է հասկանանք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, առաջանալու է հատուցման ու հայկական տարածքները վերադարձնելու հարցը, այսինքն, խոսքը մոտավորապես այն տարածքների մասին է, ուր վերադառնալու են հայերը, իսկ քրդերը մտադիր են Թուրքական Քրդստան ստեղծել: Ինչպե՞ս է լուծվելու այս հարցը»: «Մտավախություն կա, որ Թուրքիան կարող է համաձայնվել Քրդական ինքնավարության ստեղծմանը և միաժամանակ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երկու ժողովրդներին առճակատման բերելու մտադրությամբ: Բոլոր պատասխանները հանգեցին հետևյալին, որ մենք կարող ենք միասին ապրել ու հարգել միմյանց»,-ասաց Արաբյանը PanARMENIAN.Net՝ հավելելով, որ 2014 թվականի սեպտեմբերին մեծ միջազգային խորհրդաժողով է կայանալու Իրաքյան Քրդստանում նույն հարցի շուրջ:

Քրդերը թուրքերի հետ մեկտեղ ևս իրենց պատասխանատվության բաժինն ունեն Հայոց ցեղասպանության համար: Քրդական ցեղերը, որոնք բնակություն էին հաստատում Արարատի ստորոտում, հայտնի էին ավազակային հարձակումներով, գեղեցիկ աղջիկների ու տղաների առևանգումներով ու սպանություններով: Մի քանի տարի առաջ տողերիս հեղինակը Վանում հարցրեց մի քրդի. «Իսկ ի՞նչ կասեք 1915 թվականի մասին»: Նա անմիջապես խոժոռվեց, մրթմրթաց, որ ամեն ինչ գիտի ու ներողություն է խնդրում ու հեռացավ: Այնպես որ առանձնակի բարեկամություն հայերի ու քրդերի միջև հազիվ թե ստացվի…

Չպետք է մոռանալ նաև, որ «Անկախ Քրդստանը» ներառում է նաև Հայաստանի տարածքի մի մասը:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net