«Օղակ» գործողությունը Խորհրդային բանակի պատմության մեջ խայտառակ էջ է

«Օղակ» գործողությունը Խորհրդային բանակի պատմության մեջ խայտառակ էջ է

Գետաշենցիների 1497 ընտանիքի դեմ էր հանվել 207 տանկ ու զրահամեքենա, «Կոկորդիլոս» և «Կոբրա» տեսակի 6 ուղղաթիռ

Գետաշեն, Մարտունաշեն ու Սուլուկ (Ազատ) գյուղերը Կիրովաբադի (Գանձակ) հարևանությամբ գտնվող ամենահայկական գյուղերն էին, եթե կարելի է այդպես ասել: Գետաշենն ամենամեծն էր ու մոտ 4 հազար բնակիչ ուներ, մյուս երկու գյուղերն ավելի փոքր էին: Դրանք վառ, ինքնատիպ գյուղեր էին իրենց փոքր եկեղեցիներով, ծերունիներով, որոնք հավաքվում էին գյուղամեջում… 1828-ին գյուղն ընդգրկվեց Ռուսաստանի կազմում: 1860-ին այստեղ հայտնվեց առաջին դպրոցը: Գետաշենի կենտրոնում էր Սբ Աստվածածին եկեղեցին, 4-հարկանի Մնացականյան մելիքների պալատը, ևս մեկ եկեղեցի, որը կառուցվել էր 1749-ին, մատուռը, որտեղ պահվում էր 1211 թվականի Ավետարանը: Գյուղից դեպի հարավ Եղնասարի վանքն էր: Գետաշենը Խորհրդային Միության երկու հերոս է տվել՝ Ղազարոս Ավագյանին ու Էդուարդ Այանյանին:

PanARMENIAN.Net - Ամեն ինչ վերջացավ 1991-ի մայիսի 7-ին, երբ ավարտվեց «Օղակ» («Կոլցո») գործողությունը, որի արդյունքում հայ բնակչությունն ամբողջությամբ վտարվեց հայրենի տներից: Բուն գործողությունը սկսվել էր 1991-ի ապրիլի 30-ին, երբ տանկերն ու զրահամեքենաները մտան Մարտունաշեն ու Գետաշեն:

«Գետաշենը Ղարաբաղյան շարժման ռազմական փուլի միայն սկիզբն էր, երբ մարդիկ դեռ մինչև վերջ չէին գիտակցում՝ ինչ է կատարվում: Կարծում եմ, «Օղակ» գործողությունն Արցախի դեմ պատերազմի սկիզբն էր»: (Օպերատոր Վարդան Հովհաննիսյանի հիշողություններից, որը երկու ամիս անցկացրել է ադրբեջանական բանտում):

Ապրիլի 23-ին խորհրդային բանակն ամեն կողմից շրջապատեց Գետաշենն ու Մարտունաշենը: «Նրանք, ով եկել էին գյուղը պաշտպանելու, «Արաբո» ջոկատից էին, որը գլխավորում էր Սիմոն Աչիկգյոզյանը Մարտունաշենում (նա զոհվեց 1991-ի ապրիլի 30-ին, միայնակ դուրս գալով տանկի դեմ), Հրազդանի ջոկատի տղաները Զարզանդ Դանիելյանի (Հրաչ), «Մալաթիա-Սեբաստիա» ջոկատը Վահան Զատիկյանի և դաշնակները լեգենդար Թաթուլ Կրպեյանի գլխավորությամբ: (Գետաշենցի աշխարհազորային Սիմոն Թալալյանի հիշողություններից):

Ապրիլի 30-ին Գորբաչովի ղեկավարությամբ ԽՍՀՄ Անվտանգության խորհրդի նիստն էր: ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի Բաքվի գնդի ստորաբաժանումները գնդապետ Մաշկովի հրամանատարությամբ գրավեցին Գետաշենի շրջակա բարձունքները և սկսեցին գնդակոծել գյուղը: Գետաշենից սիրողական ռադիոկայանի հաղորդագրությունից. «Գյուղ ներխուժած զորքերը սկսել են կոտորել տեղի բնակիչներին: Ժամը 21:00-ի դրությամբ սպանվել է ավելի քան 10 մարդ, կան ծանր վիրավորներ ու պատանդներ…»:

Գետաշենցիների 1497 ընտանիքի դեմ, որոնք դեռ գյուղում էին մնում, հանվել էր 207 տանկ ու զրահամեքենա, «Կոկորդիլոս» և «Կոբրա» տեսակի 6 ուղղաթիռ: Գյուղի ծայրամասում անմիջապես 27 տուն հրկիզվեց, ընկան առաջին զոհերը: Բնակիչները հավաքվեցին գյուղամեջում, ինքնապաշտպանական շրջան կազմելով: Ուղղաթիռները սկսեցին ռմբակոծել գյուղը, կրակեցին տանկերը, հետո գյուղ մտան ռուս զինվորները, մոտ 28 հազար, իսկ նրանց հետևից՝ թաքնվելով ռուսների թիկունքում, ազերիների ՕՄՕՆ-ը, Ժողովրդական ճակատի անդամեր ու թալանչիներ, ընդհանուր առմամբ 13 հազար մարդ: Զինվորների դեմքերը չգիտես ինչու կանաչ էին ներկված…

Ապրիլի 30-ին Գետաշենում ու Մարտունաշենում ՕՄՕՆ-ի սպանդի հետևանքով 17 մարդ զոհվեց, տասնյակները վիրավորվեցին, այդ թվում՝ երեխաներ: Մոտ 40 մարդ պատանդ վերցվեց: Մայիսի 2-ին ադրբեջանական ՕՄՕՆ-ը մի փաստաթուղթ տարածեց, համաձայն որիԳետաշեն ու Մարտունաշեն գյուղերի բնակիչները իբր օմոնականներին ու զինվորականներին խնդրել են հնարավորություն տալ իրենց անարգել լքել գյուղերը: ՊԱԿ նախագահ Կրյուչկովն արդեն իսկ հղում է անում այդ տեքստին մայիսի 3-ին: Մարտունաշեն գյուղն արդեն ամբողջությամբ այրվում էր: Զոհվեց 12 մարդ, անհայտ կորավ 20 հոգի, 7-ը պատանդ վերցվեց: Մայիսի 4-ին ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը փոխանցեց Կրյուչկովին.

«Մարտունաշենի ու Գետաշենի բնակիչների տեղահանման հարցը հանված է: Ոչ ոք իրավունք չունի ստիպել այդ գյուղերի բնակիչներին լքել բնակության վայրերը»:

Հարցն իրոք հանված էր, քանի որ գյուղերում արդեն հայ չէր մնացել: Մայիսի 2-ին ուղղաթիռները սկսեցին տարհանել մարդկանց, մայիսի 8-ին սկսվեց թալանը…

Իսկ ահա ինչպես է նկարագրում գործողությունը մոսկովյան «Մեմորիալ» միության իրավապաշտպան կենտրոնը.

«Մեմորիալի» տնօրինության տակ եղած փաստաթղթերը ծանրակշիռ հիմքեր են տալիս ենթադրելու, որ ԼՂԻՄ ու մերձակա շրջանների մի շարք հայկական գյուղերի բնակիչների տեղահանության մասին որոշումը կայացվել է Ադրբեջանական Հանրապետության պաշտպանության խորհրդի 1991-ի ապրիլի 10-ի, Ադրբեջանական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության ապրիլի 11-ի նիստերում, ինչպես նաև հանրապետության ՊԱԿ, ՆԳՆ, դատախազության ղեկավարությամբ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովի մոտ ապրիլի 16-ին կայացած խորհրդակցությանը: Բռնագաղթի գործողության ղեկավարությունը հանձնարարվեց Ադրբեջանի ՆԳ նախարար Ասադովին: Այդ նիստերում ու խորհրդակցության ժամանակ խիստ քննադատություն հնչեց կենտրոնի հասցեին, հարցականի տակ դրվեց ղարաբաղյան խնդիրը սեփական ուժերով լուծելու կարողությունը, որոշվեց կտրուկ ավելացնել ՆԳՆ ու ՊԱԿ զինյալ կազմավորումների զորակազմը:

Քիչ հավանական է, որ լայնածավալ գործողությունների անցկացումը համաձայնեցված չէր ԽՍՀՄ ՆԳՆ, ՊԱԿ ու ՊՆ հետ:

1991-ի մայիս-հունիսին ԼՂԻՄ-ում ու Ադրբեջանի Հանրապետության մերձակա շրջաններում Ադրբեջանի ՆԳՆ ստորաբաժանումների ուժերով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ու Խորհրդային բանակի ստորաբաժանումների մասնակցությամբ բռնագաղթի ենթարկվեցին 19 հայկական գյուղի բնակիչները՝ ընդհանուր առմամբ 5․000 մարդ:

Գործողությունների ղեկավարմանն անմիջական մասնակցություն է ունեցել Անդրկովկասի ռազմական շրջանի 4-րդ բանակի հրամանատար, գեներալ Սոկոլովն ու Ադրբեջանի ՆԳ փոխնախարար Մամեդովը, որոնք մայիսի առաջին օրերին Չայքենդ (Գետաշեն) գյուղում էին: Պետք է նշել, որ մինչ նկարագրվող իրադարձությունները Խորհրդային բանակի ստորաբաժանումները գործողություններին ակտիվ մասնակցություն չեն ունեցել:

ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար գեներալ-մայոր Շատալինը իրազեկված էր այն ամենի մասին, ինչ կատարվում էր Գետաշենում: ԼՂԻՄ և մերձակա շրջանների արտակարգ իրավիճակի շրջանի պարեկությունը հեռացվել էր գործողության ղեկավարությունից:

Մեժանյան Սերգեյ. «…Այն ժամանակ, երբ փախչում էի, տեսա, որ Համփերյան Վոլոդյայի տան մոտ են հավաքվել զինվորներն ու ՕՄՕՆ-ականները, ստիպում էին նրան հեռանալ տնից: Վոլոդյայի կինը՝ Համփերյան Թագուհին, հայտարարեց, թե չի լքի այն, այդ ժամանակ ՕՄՕՆ-ականներից մեկը ինքնաձիգի սվինով ճղեց Վոլոդյայի շուրթը: Վոլոդյան կորցրեց գիտակցությունը, իսկ կնոջը վռնդեցին տնից: Գյուղամեջում տեսա, որ զինվորներն ու ՕՄՕՆ-ն էլ ավելի դաժան են գործում, նրանք կոտրում էին, հրկիզում տները, ջարդում գույքը…»:

Նանյան Թամար Գալուստի. «Հինգ զինծառայողներ ու երեք ադրբեջանցի ՕՄՕՆ-ականներ ներխուժեցին մեր բակը..․ Նրանք ավտոմատների փողերով հրեցին ինձ ներս և պահանջեցին փող ու ոսկի: Երբ հայտարարեցի, որ ոչինչ չունեմ, նրանք տակնուվրա արեցին բոլոր իրերը: Երբ եկավ ամուսինս, հարձակվեցին նրա վրա ու ձեռքից վիրավորեցին: Զինծառայողը փողը դեմ տվեց իմ որովայնին ու կրակեց, բայց բարեբախտաբար փամփուշտը ոտքս վնասեց»: Նանյանի ամուսինն ու հարևանը տեղափոխել էին նրան հիվանդանոց:

Էրսիկ Հակոբկոխյանը հայտնել է, որ ստիպված էր փախչել տնից, երբ զինվորականներն ու ՕՄՕՆ-ականները թալանով էին զբաղված: Հասան նրան փողոցում ու հարվածելով գլխին տարան դեպի տանկը: Նրան հաջողվեց դուրս պրծնել, սակայն, ըստ նրա, գլխին հասցված հարվածների հետևանքները մինչ օրս ազդում են առողջական վիճակի վրա:

Գյուղի բնակիչներին տարհանելուց փախուստի փորձի համար սպանվեց Չայքենդի 30-ամյա բնակիչ Վ. Նազարյանը: Գյուղի ծայրամասային տներում գյուղացիները հայտնաբերեցին տասնյակ համագյուղացիների դիեր, ինչպես նաև վիրավորների: Սպանվածների թվում էր նաև մոտ 80 տարեկան Մինասյան Հռիփսիմեն, 83-ամյա Հախումյան Վանեսը, 75-ամյա Գյանջումյան Բենիամինը, 84-ամյա Սեյրան պապիկը: Նրանց բոլորին դժվար էր կասկածել զինյալ խմբավորման անդամ լինելու մեջ: Մյուս 6 սպանվածը տարբեր տարիքի տղամարդիկ էին: Ըստ տվյալների, նրանցից ոչ ոք զինված դիմադրություն չէր ցույց տվել: Ըստ բժիշկների վկայությունների, սպանվածներից շատերի մարմինները ինքնաձիգի կրակոցների հետքերով էին: Մելսիկ Սողոյանին սպանել էին կացնով:

Ի տարբերություն Չայքենդի, Մարտունաշեն զինվորները մտան ապրիլի 30-ի առավոտյան, ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ: Այդ պատճառով էլ գյուղում եղած զինված մարդիկ դիմադրություն ցույց տվեցին: Խփվեց մեկ զրահամեքենա, ՕՄՕՆ-ականների թվում վիրավորներ եղան, և 1 կամ 2 սպանված: Ի պատասխան տանկերը կրակ բացեցին գյուղի ուղղությամբ: Արդյունքում 1 զինյալ ու գյուղի 1 խաղաղ բնակիչ՝ 65 տարեկան Հովհաննես Հովհաննիսյանը սպանվեցին, քանդվեցին ու հրկիզվեցին մի շարք տներ: Գյուղ մտնելով ՕՄՕՆ-ականները սպանեցին երեք խաղաղ բնակչի՝ 57 տարեկան Ալքամյան Շամիրին, 49-ամյա Աղաջանյան Ռազմիկին, 67-ամյա Դավթյան Խաչատուրին: Ըստ ականատեսների, նրանք անզեն էին:

Պատանդների փոխանակումից հետո գյուղը մշտապես գնդակոծվել է գյուղի բնակիչներին ահաբեկելու նպատակով: Տանկերը գնդակոծում էին մոտակա ժայռերը, բեկորները թափվում գյուղի վրա: Արդյունքում ահաբեկված բնակիչների մի մասը ցանկացավ ընդմիշտ հեռանալ գյուղից:

Այսպես ավարտվեց հայ ժողովրդի պատմության հերթական ողբերգական էջը: «Օղակ» գործողությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ վայրագ ազերիների դեմ պայքարում հայերը պետք է հույսները դնեն միայն սեփական ուժերի վրա, որ նրանց ոչ ոք չի օգնի՝ ոչ Մոսկվան, ոչ Խորհրդային բանակը, ոչ ոք:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---