ԱՊՊԱ պայմանագրերը թանկացել են. Պատճառը գնաճն է

ԱՊՊԱ պայմանագրերը թանկացել են. Պատճառը գնաճն է

Ապահովագրական ընկերությունները թանկացումը տարբեր կերպ են մեկնաբանում

Օգոստոսի 20-ից ԱՊՊԱ պայմանագրերը թանկացել են, ինչի մասին, սակայն, ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել: Պարզելու համար, թե հարցն ինչումն է, PanARMENIAN.Net-ը կապվեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո», որտեղից պատասխանեցին, թե հիմնական և բազային ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը սահմանում է Բյուրոն, սակայն դրանք 2010 թվականից ի վեր չեն փոփոխվել։

PanARMENIAN.Net - Բանն այն է, որ այդ նույն առավելագույն ու նվազագույն սահմանաչափերի տարբերությունը մոտ 1300 դրամ է, և եթե նախկինում բոլոր ապահովագրողներն աշխատել են նվազագույնով, ապա հիմա անցել են առավելագույնի:

«Բյուրոն սահմանում է հիմնական ապահովագրավճարի նվազագույն և առավելագույն սահմանաչափեր, որոնք ԱՊՊԱ համակարգի ներդրման օրվանից մինչ օրս կազմում են տարեկան համապատասխանաբար 31,848 և 33,122 ՀՀ դրամ»,- հայտնում են բյուրոյից` հավելելով, որ ապահովագրողները կարող են գին սահմանել վերոնշյալ միջակայքում, ինչի արդյունքում տարբեր ընկերությունների մոտ կարող են լինել ինչ-ինչ տարբերություններ։

Պարզելու համար, թե ինչու է ԱՊՊԱ-ն թանկացել կոնկրետ օգոստոսի 20-ից, դիմեցինք տարբեր ապահովագրական ընկերություններ:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության մարքեթինգային հաղորդակցումների դեպարտամենտի ղեկավար Էմմա Մոժարովան PanARMENIAN.Net ի հարցմանը պատասխանեց, որ թանկացում, թեև 2010-ին հաստատված սահմանաչափերի շրջանակում, եղել է և ապահովագրավճարների առավելագույն սահմանաչափին անցումը պայմանավորված է հիմնականում գնաճով:

Բանն այն է, որ ապահովագրավճարի հաշվարկի հիմքում ընկած են տվյալ ժամանակաշրժանում շուկայում առկա ավտոմեքենաների պահեստամասերի, վերանորոգման ծառայությունների, ինչպես նաև բժշկական ծառայությունների գները:

«2010 թվականից թե Հայաստանի Հանրապետությունում, թե այլ երկրներում արձանագրվել է բնականոն գնաճ: Արդյունքում թանկացել են բոլոր պահեստամասերը, ինչպես նաև վերանորոգման և բժշկական ծառայությունները: Հաշվի առնելով նշված հանգամանքները մինչև օրս կիրառվող նվազագույն սահմանաչափի փոխարեն կիրառվում է առավելագույնը»,- նշեց Մոժարովան` հավելելով, որ տարբերությունը 4% է, այսինքն` տարեկան պայմանագրի գծով ապահովագրավճարի փոփոխությունը կազմում է միջինում մոտ 1000 դրամ:

Հատկանշական է, որ երբ օգոստոսի 20-ից հետո ընկերությունում երկարացնում էինք կնքած ԱՊՊԱ պայմանագիրը, սպասարկման կենտրոնի աշխատակիցը գների բարձրացման մասին ոչինչ չասաց:

Նույն հարցով դիմեցինք նաև «Ինգո Արմենիա»: PR պատասխանատու Տաթևիկ Ղազարյանի պատասխանը փոքր ինչ այլ էր` ինչպես և նախկինում, այժմ նույնպես կիրառվում է օրենքով սահմանված և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ կողմից հաստատված գործող ապահովագրավճարների սանդղակը:

«Ինգո Արմենիա» կողմից կիրառվել և կիրառվում է օրենքով սահմանված բազային ապահովագրավճարի միջակայքում սահմանված ապահովագրավճարը, որի արդյունքում, հաշվի առնելով նաև մյուս հաստատուն գործակիցները և ընկերությունում գործող զեղչերի և հավելավճարների Բոնուս-Մալուս համակարգը, հնարավոր է ապահովագրավճարի փոփոխություն ավելացում կամ նվազում, ինչպես որ նախկինում ԱՊՊԱ համակարգը գործել է ՀՀ ապահովագրական շուկայում, այսպիսով ապահովագրավճարի թանկացում տեղի չի ունեցել»,- նշված է պատասխանում:

Հատկանշական է, որ արդեն որպես հաճախորդ «Ինգո Արմենիա» զանգահարելով ստացանք այլ պատասխան. թանկացում, թեև «Բյուրոյի» նշած սահմանաչափի միջակայքում և «աննշան», բայց կա:

Թանկացման փաստը հաստատեցին նաև «Նաիրի» և «Արմենիա Ինշուրանս» (Resco) ընկերություններում: Ի դեպ «Արմենիա Ինշուրանսում» թանկացումը միանգամից1000-3000 դրամ է` կախված փոփոխվող գործակիցներից:

«Ռեսո» ընկերությունում թանկացումը պայմանավորում են զուտ Բոնուս-Մալուս համակարգի ներդրմամբ: Թեժ գծի աշխատակցի պնդմամբ` այլ թանկացում տեղի չի ունեցել:

2011-ի հունվարի 1-ից ավտոմեքենաների սեփականատերերը ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր ունենալու դեպքում՝ վարձակալները, ինչպես նաև ավտոմեքենաներ ներմուծողները, (անկախ ավտոմեքենայի սեփականատեր լինելուց), համաձայն oրենքի, պետք է ունենան ԱՊՊԱ պայմանագիր բոլոր ավտոմեքենաների համար, բացառությամբ.

1. 3 մինչև 50 կմ/ժ արագություն կամ 50 սմ–ից փոքր շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաների,

2. հատուկ առանձնացված վայրերում սպորտային կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոմեքենաների, այլ անձանց սեփականությունը հանդիսացող և հատուկ կարիքների (ծառայողական, անձնական, տեխնոլոգիական…) համար նախատեսված ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոմեքենաների,

3. մինչև օգտագործումը ՀՀ տարածք առանց վարելու ներմուծվող ավտոմեքենաների:

Եթե անձն ունի մի քանի մեքենա, ապա ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքվի յուրաքանչյուրի համար: Ապահովագրական ընկերություններն իրավունք չունեն մերժելու ԱՊՊԱ պայմանագրի կնքումը այն անձանց հետ, ովքեր օրենքով պետք է այն ունենան: ԱՊՊԱ-ն ծածկում է երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների անձնական վնասները։ Պայմանագիրը չի ծածկում մեղավոր վարորդի կյանքին, մեքենային և այլ գույքին պատճառված վնասները։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---