Ֆաթիհ Աքինի «Սպին». Լռության երդումը

Ֆաթիհ Աքինի «Սպին». Լռության երդումը

Վենետիկի կինոփառատոնում ամենասպասված ֆիլմերից մեկը՝ Հայոց ցեղասպանության մասին թրքազգի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի դրաման, Անտոն Դոլինին դրամատիկ անհաջողություն է թվացել:

«Սպին» շատ կարևոր ֆիլմ է: Պետք է հենց դրանից սկսել, այլ ոչ թե նրանից, թե մտածվածի որ մասն է դրանում ստացվել (ինչ-որ մի մասը), իսկ որը՝ ոչ (շատ բան): Սա Հայոց ցեղասպանության մասին առաջին 100%-անոց մեյնսթրիմը, մասսայական օգտագործման ֆիլմն է. Ցեղասպանության, որն արդեն մեկ դարի պատմություն ունի, բայց մինչև օրս իսկապես տաղանդավոր ու միևնույն ժամանակ հանրամատչելի մատուցում կինոյում չի գտել: Ավելին՝ դրա հեղինակը թուրքական ծագում ունի. նման ֆիլմից այն մարդկանց, ովքեր մինչև հիմա շարունակում են հերքել կոտորածի փաստը, արդեն ավելի դժվար կլինի անել դա, նույնիսկ առավել դժվար, քան ընդունել Օրհան Փամուկի ձախ մանիֆեստները, որին, չնայած Նոբելյան մրցանակին, գրեթե աքսորում էին հարազատ երկրից ապստամբ խոսքի համար: Ֆաթիհ Աքինին չեն աքսորի, նա տեղից էլ Գերմանիայի քաղաքացի է: Ռեժիսորը երիտասարդ է, ակտիվ, էներգիայով լի, անխոս՝ տաղանդավոր, մշտապես հաջողակ: Օրինակ, Աքինի նախորդ 3 ֆիլմը՝ Head on-ը, The Edge of Heaven-ն ու Soul Kitchen-ը մրցանակներ են ստացել Բեռլինում, Կաննում ու Վենետիկում, հետագայում նաև եվրոպական վարձույթում կլորիկ գումար վաստակել:

PanARMENIAN.Net - Հենց դրա համար էլ շատերն էին հավատացել այս կինոնկարը ստեղծելու նրա ունակությանը՝ հաշվի առնելով միջազգային հզոր թիմը, որը նա ունի. իմիջիայլոց, այդտեղ նաև երկու ռուս համառեժիսոր է աշխատել՝ Ռուբեն Դիշդիշյանն ու Արամ Մովսեսյանը: Դրա կազմում էր նաև գերմանացի պրոդյուսեր Կարլ Բաումգարտները, որը մահացավ նախքան պրեմիերան, Նահանգներից վետերան-սցենարիստ Մարդիկ Մարտինը (նա Աքինին ծանոթացրել էր իր ընկերոջ՝ Մարտին Սկորսեզեի հետ, որն էլ «օրհնել» էր ֆիլմը), լեհ նկարիչ-բեմադրող Ալան Ստարսկին, որը ժամանակին աշխատում էր «Շինդլերի ցուցակի» ու «Դաշնակահարի» վրա, երիտասարդ ֆրանսիացի Թահար Ռահիմը, որը «Մարգարե»-ում դերից հետո դարձել է Եվրոպայում ամենաերիտասարդ դերասաններից մեկը: Ու շատ շատերը: Այդ ամենը նկարահանվում էր 35 մմ տեսախցիկով, առանց որևէ թվային տեխնիկայի գործածման: Եվրոպական ֆիլմի համար բավականին մեծ բյուջե էին հավաքել. դեկորացիաները ոչ թե համակարգչով են նկարել, այլ կառուցել իրականում: Նկարահանումներն անցել են ամբողջ աշխարհով մեկ՝ Հորդանանում, Մալթայում, Կանադայում, Կուբայում: Այս ցուցակը միայն մասամբ է պատկերում գլխավոր հերոսի ճանապարհորդության մտահնարությունը: Ռահիմը ոչ պատահական՝ Նազարեթ անունով հերոսի է մարմնավորում, որը 1915-ի կոտորածների ժամանակ կորցրել է ընտանիքն ու հիմա հուսով է գտնել, ինչպես պարզվել է, ողջ մնացած երկվորյակ-դստրերին:

Այո, սցենարը նույնպես շատ խելացի է կանխամտածվել, ամբողջովին համապատասխանում է Բորխեսի պատգամին, որը պատմողների ֆանտազիան սահմանափակել էր 4 հիմնական պատմությամբ: Այստեղ, պարզից էլ պարզ է, որպես բազային վերցված է Ոդիսևսի պատմության սյուժեն, չնայած Նազարեթի Իթակեն վիտուալ է ու ընդհանրապես չի առնչվում վաղուց լքված Հայաստանին, ուր նա չի պատրաստվում վերադառնալ, իսկ նպատակն ընտանիքի վերամիավորումն է:

Պատմելով այս ամենը՝ անխուսափելիորեն հասնում եմ ամենակարևորին: Չնայած գործադրած ջանքերին՝ «Սպին» չի ստացվել: Գլխավոր խնդիրը՝ ամբողջ աշխարհին ստիպել կարեկցել ցեղասպանության զոհերին ու նրանց ժառանգներին, լուծված չէ: Նրանք, ովքեր անտեղյակ են, ուղղակի չեն հասկանա, թե ինչ է եղել. չհաշված դրվագներից մեկը, անմիջապես ջարդերը ֆիլմում ցուցադրված չեն, դրանց պատճառների մասին աղոտ ասվում է սկզբնական ենթագրում, իսկ սոցիալական ու քաղաքական հետևանքներն ուղղակի բաց են թողնված: Դե իսկ նրանք, ովքեր տեղյակ են (չնայած, իհարկե, թիրախային լսարանն այդ մարդիկ չեն), կարող են հեղինակներին պահանջներ ներկայացնել՝ համարելով նրանց ֆիլմն «անհամարձակ կիսամիջոց»: Դահիճները, իրոք, չեն դատապարտվում, զոհերի համար վրեժ չի լուծվում: «Սպիի» ցուցադրության ժամանակ հանդիսատեսի երկու խումբ կարտասվի՝ զգայուն տնային տնտեսուհիներն ու նրանք, ում մտերիմները տուժել կամ զոհվել են հարյուր տարի առաջ: Բայց դա բավական չէ: Պետք է, որ լացեն բոլորը:

Աքինը, հավանաբար, «զոհ է գնացել»՝ փորձելով միանգամից բոլորի հետ խոսել ունիվերսալ լեզվով խոսել բառի բուն իմաստով. «Սպիում» կա թե թուրքերեն, թե արաբերեն, բայց առավել հաճախ հերոսները միմյանց հետ խոսում են անգլերենով, ինչը բավականին ծիծաղելի է (ամեն դեպքում, մինչև գործողությունների՝ ԱՄՆ տեղափոխվելը): Այդ նույն պատճառներով ռեժիսորը խուսափել է քաղաքական նյուանսներից, առանց որոնց հնարավոր չէ հասկանալ դժբախտության դրդապատճառը, ու փորձել է հնարավորինս քիչ ցույց տալ դաժան տեսարաններ՝ Ռուսաստանում, հավանաբար, ֆիլմը կթողարկվի «12+» նշումով: Այդ ամենը տանում է դեպի հեռավոր անցյալի պայմանական կինոմատոգրաֆ, որով ոգեշնչվել է ռոմատիկ Աքինը: «Սպիում» նույնիսկ ուղիղ մեջբերում կա Ջոն Ֆորդի «Որոնողներից»: Խնդիրն այն է, որ այսօրվա հեռուստադիտողի համար, միայն եթե նա հնարամիտ սինեֆիլ չէ, դա չափազանց քիչ է:

Ինչ-որ տեղ կարելի է այնուամենայնիվ շատ ջանք գործադրած Աքինի ուսերից հանել ֆիլմի անհաջողության բեռը: Հենց դրա անվանումը, որը նաև կենտրոնական փոխաբերությունն է, չափազանց ճիշտ է ընտրված: Թուրքը, որին կարգադրված է սպանել Նազարեթին, չի կարողանում ավարտին հասցնել այդ ահավոր գործը՝ նա վնասում է հայի վիզը՝ վիրավորելով նրան, բայց մութն ընկնելուց հետո հետ է գալիս, որ փրկի նրան: Արդյունքում Նազարեթը համրանում է, ընդմիշտ կորցնում ձայնը: Հայոց ցեղասպանությունը լռության հսկայական ֆիգուր է, որն արդեն մեկ դար է՝ սպիտակ հետքի պես դաջվել է ժամանակակից պատմության մեջ, ու կինոմատոգրաֆը մինչև հիմա չի կարողացել փոխել դա: Նույնիսկ ավելի վատ՝ բավական է ինչ-որ մեկը սկսի աշխատել այդ թեմայի վրա, ու նրան անհաջողություն է սպասում: Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի խորամանկ փորձը կոտորածի դեպքերը տեղավորել նկարահանվող ֆիլմի կոնտեքստում նրա «Արարատ»-ը չափազանց երկակի դարձրեց. այդ աշխատանքից հետո գրեթե յուրաքանչյուր ժամանակակից մոդայիկ ռեժիսորի հաջորդ աշխատանքն ավելի թույլ էր ստացվում: 5 տարի անց Թավիանի եղբայրները նորից անդրադարձան ցեղասպանության թեմային «Արտույտների ագարակում»՝ անհարմար, բայց միևնույն ժամանակ սրտաճմլիկ ֆիլմում: Կինոմատոգրաֆի պատմության մեջ ոչ թե հրապարակախոսական, այլ գեղարվեստական ոճում այդ թեմային անդրադառնալու ամենահաջող փորձն այդպես էլ մնաց 1969-ին Արտավազդ Փելեշյանի նկարահանած «Մենք»-ը: Բայց այսօր այն, ցավոք, քչերն են տեսել:

Որոշ բաներ փոխվում են՝ դանդաղ, քիչ-քիչ, անվերադարձ: Այսօր դժվար հնարավոր լիներ «Շինդլերի ցուցակը»՝ ֆիլմ, որն իր վեհանձնություն մեջ միտումնավոր միամիտ է ու գրեթե հեքիաթային: Այն մնաց նախորդ դարում: «Դաշնակահարը», որտեղ արդեն տեղ չէր մնացել հրաշքի համար, ու միայն գոյատևման համար աշխատանք էր տարվում, նույնպես նախորդ դարում է: Այսօր, երբ աշխարհի վրա պատերազմի ուրվականներ են թռչում, որոնք գնալով ավելի նյութական են դառնում, քչերն են հավատում քավությանն ու ներմանը: Ժամանակակից լեզուն, որով կարելի է խոսել նման թեմաների մասին, ցույց է տրված Act of Violence-ում ու դոկումենտալիստ Ջոշուա Օպենհայմերի նորագույն The Look of Silence-ում, որը Վենետիկի այս փառատոնում Աքինի մրցակիցն էր: Դա ամոթի, ցավի ու անշրջելիության լեզուն է: Այն happy end-ի հնարավորություն չի տալիս:

Այնուամենայնիվ, «Սպիում» մի քանի ուժեղ տեսարան կա, ու դրանցից մեկը գլխավոր հերոսի ծանր ճակատագրում իրական հրաշքի բացառիկ պահերից է: Հալեպի հրապարակում նա առաջին անգամ հայտնվում է բաց երկնքի տակ անցնող կինոդիտմանը: Փախստականների ամբոխը, ծիծաղելով ու լացելով, դիտում է Չապլինի ֆիլմերից մեկը, ու համրացած Նազարեթն այդ րոպեներին դադարում է իրեն վտարանդի զգալ, երջանկությանը նման ինչ-որ զգացում ապրում: Հենց այստեղ էլ նա հանդիպում է իր նախկին օգնականին, որն էլ իրեն հայտնում է, որ իր դստրերը ողջ են: Ֆաթիհ Աքինը, կարծես, անկեղծ հավատում է անհնարինի հանդեպ հավատը հետ բերելու կինոմատոգրաֆի ունակությանը: Հետաքրքիր է, արդյոք շատերը կկարողանան ու կուզեն կիսել այդ հավատը:

Անտոն Դոլին, Photo: Venice Film Festival
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---