Հայտնիները. «Մարդկության խիղճը»՝ Մահաթմա Գանդի

Հայտնիները. «Մարդկության խիղճը»՝ Մահաթմա Գանդի

Սերնդակիցները նրա կերպարի մեջ Հնդկաստանի հոգևոր առաջնորդ էին տեսնում

Մահաթմա Գանդին 1947-ին անկախացրեց իր երկիրը բրիտանական կառավարությունից: Նրա անունը (Մոհանդաս Կարամչանդ «Մահաթմա» Գանդի) Հնդկաստանում այնպիսի ակնածանքով է շրջապատված, որով արտասանում են միայն սրբերի անունները: Լինելով Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացման շարժման գաղափարախոսն ու ղեկավարներից մեկը, ազգի հոգևոր առաջնորդն իր ամբողջ կյանքում պայքարեց երկիրը բզկտող կրոնական պառակտման, բռնության դեմ, որին կյանքի վերջում զոհ գնաց նաև ինքը: Բայց բռնությունից զերծ նրա փիլիսոփայությունը (սաթյագրահա) ազդեց խաղաղ փոփոխությունների կողմնակիցների շարժման վրա: Սերնդակիցները նրան «մարդկության խիղճ» էին կոչում, մարգարե ու սուրբ անվանում, բայց նախ նրա կերպարի մեջ Հնդկաստանի հոգևոր առաջնորդ էին տեսնում: PAN-ը հավաքել է Մահաթմայի կյանքի առավել հետաքրքիր դրվագները:

PanARMENIAN.Net - […] Երբ Գանդին 13 տարեկան էր, ծնողները որոշեցին ամուսնացնել նրան միջնեկ եղբոր և զարմիկի հետ միաժամանակ: Ինչպես ավելի ուշ ինքը ինքը՝ Գանդին, կգրի իր ինքնակենսագրական գրքում, ամուսնությունը հնդիկների համար բարդ բան է: Շատ հաճախ ամուսնական ծեսերի ծախսերը սնանկացնում են ծնողներին: Ըստ Մահաթմայի, իր համար ամուսնությունն ասոցացվում էր միայն նոր հագուստի, թմբուկների, հարսանեկան արարողության, ճոխ ճաշկերույթի ու խաղերի համար անծանոթ մի աղջկա հետ: Մարմնական ցանկություններն ավելի ուշ առաջացան…

«Ինքս էլ էի շատ ուզում ամուսնանալ: Այսօր էլ հիշում եմ այն օրվա իրադարձությունները. նստած էինք հարսանեկան ամպհովանու տակ, սապտապադի էինք կատարում, քաղցր կանսարով կերակրում միմյանց, հետո սկսեցինք ապրել միասին: Այն առաջին գիշերը… Հավատացեք՝ այնքան շփոթված էինք, որ չէինք կարողանում նույնիսկ իրար երեսի նայել: Ինչպե՞ս խոսեմ հետը, ի՞նչ ասեմ… Աստիճանաբար ընտելացանք ու սկսեցինք ազատ շփվել»:

[…] Գանդիի հետագա կյանքի վրա երկու իրադարձություն է հատուկ ազդեցություն ունեցել. ամուսնությունն ու դրանից երեք տարի անց հոր մահը: Նա մահացավ հենց այն պահին, երբ Գանդին ինտիմ հարաբերության մեջ էր կնոջ հետ, որն արդեն երեխայի էր սպասում: Դա մեղքի խորը զգացողություն առաջացրեց Գանդիի հոգում, որն այդպես էլ չկարողացավ մեղմացնել այն ակտիվ քաղաքական գործունեությունը, որը նա վարում էր մինչ կյանքի վերջ: Ինչպես այն նույն գրքում պատմել է Մահաթման, մերսում էր հորը, երբ հորեղբայրն առաջարկեց փոխարինել նրան: Գանդին ուրախացավ և ուղիղ ննջասենյակ ուղևորվեց: Կինը քնած էր, ինչը չխանգարեց արթնացնել նրան: 5-6 րոպե անց ծառան թակեց դուռն ու ասաց, թե հայրը մահացել է: Ըստ Գանդիի, այդ պահին նա իրեն խորապես դժբախտ զգաց: «Եթե կենդանական կիրքը չկուրացներ ինձ, ստիպված չէի լինի ապաշխարհել մահից մի քանի րոպե առաջ հորս թողնելու համար: Կշարունակեի մերսել նրան և նա կվախճանվեր իմ ձեռքերին: Իսկ հիմա հորեղբայրս օգտվեց այդ առավելությունից: Նա պատիվ ունեցավ հորս վերջին ծառայությունը մատուցել»:

[…] Դպրոցն ավարտելուց հետո Մոհանդասը մեկնեց Անգլիա՝ փաստաբանի մասնագիտություն ստանալու: Այն ժամանակ հնդիկ ազնվականների շրջանում հարգի էր անգլիականը ամեն ինչը՝ անգլերենը, անգլիական հագուստը, անգլիական կրթությունը: Հայրն այն ժամանակ արդեն ողջ չէր, մայրը էլ դեմ էր՝ վստահ չէր, որ հայրենիքից հեռու կարելի է պահպանել նախնիների սովորույթները: Ի վերջո, նա դիմեց ընտանիքի խորհրդական Բեչարջի Սվամիին: Վերջինս իր հերթին Գանդիից երդում վերցրեց, ինչից հետո կարգադրեց թույլատրել, որ գնա: Բայց մինչև այդ նա մի ամբողջ ծիսակարգ անցկացրեց, ու երիտասարդը երդվեց չդիպչել կանանց, գինուն ու մսին: Դրանից հետո մայրը նույնպես իր թույլտվությունը տվեց: Գանդին մեկնեց, իսկ տանը, բացի մորից, նրան մնացին սպասելու կինն ու փոքրիկ որդին:

Գանդին՝ անգլո-բուրական պատերազմի տարիներին,1899-1902 թթ.

Լոնդոնում Գանդին սկսեց ծանոթանալ հինդուիզմի սրբազան գրքերին: Լինելով Բհագավատ-գիտայի հզոր ազդեցության տակ, որը հին հինդուիստական Մահաբհարատա էպոսի կրոնափիլիսոփայական մասն էր, նա սկսեց ուսումնասիրել նաև մյուս կրոնները: Բուդդայի ուսմունքն ու Նոր կտակարանն ուղղակի ցնցեցին երիտասարդին:

[…] 1893-ին մեկնելով Հարավային Աֆրիկա, առաջին իսկ օրերից նա բախվեց ռասիզմի դրսևորումներն: Գանդիին ուժով դուրս հանեցին առաջին կարգի վագոնից, թույլ չտվեցին նստել այն կառքը, որով սպիտակամորթներն էին ճամփորդում: Ոստիկանները մայթերից դեպի երթևեկելի մաս էին հրում նրան, քանի որ դրանք միայն սպիտակամորթների համար էին: Գանդին իմացավ, որ այդ երկրում նվաստացումներն ու հալածանքները բոլոր հնդիկների (ու բոլոր «գունավորների») ճակատագիրն էին անկախ նրանց կրթությունից ու կարգավիճակից: Հենց այդտեղ էլ նա որոշեց «փորձել արմատախիլ անել այդ հիվանդությունը որքանով որ հնարավոր կլիանի», և հանուն դրա զրկանքներ կրել: Նա վարքագծի անձնական սկզբունքներ մշակեց ռասիզմի դրսևորումներին բախվելիս՝ որոշելով ամեն անգամ հարգալից, բայց անդրդվելի դիմադրություն ցուցաբերել ու երբեք հատուցում չպահանջել անձամբ իրեն վերաբերող վիրավորանքների համար: Այստեղ էր, որ Գանդին գիտակցեց, թե որքան անելանելի է Հարավային Աֆրիկայում հնդիկների վիճակը:

Հայրենիք վերադառնալն անհնար էր. Հնդկաստանում միլիոնավոր հողազուրկ գյուղացիներ ամեն տարի սովամահ էին լինում, իսկ այստեղ դատապարտված էին չքավորության ու ստրկական աշխատանքի կեղտոտ ռեզերվացիաներում: Նրանց ամեն օր նվաստացնում էին, աշխատանքից հրաժարվելու համար կարող էին բանտ նետել, ծեծելով անպատիժ մահվան հասցնել… անելանելիությունը հնազանդություն էր ծնում և անզորության խորը զգացողություն: Ու հենց այստեղ տիրող վիճակը փոխելու ձգտումն ու հանուն հնդիկների իրավունքների պայքարը Գանդիի կյանքի գործը դարձան: Աֆրիկայում նա սովորեց ինքնասահմանափակվել, ծառայելով հանրությանը, նա կայացավ որպես քաղաքական գործիչ ու Մահաթմա:

Ձախ լուսանկարում Գանդիի խումբն է Հարավային Աֆրիկայում

[…] Հնդկաստանի անկախության համար պայքարում Գանդին օգտագործում էր բռնությունից զերծ դիմադրության մեթոդը, մասնավորապես՝ նրա նախաձեռնությամբ հնդիկները բոյկոտում էին բրիտանական ապրանքներն ու հաստատությունները, ինչպես նաև ցուցադրաբար խախտում մի շարք օրենքներ: Հայտնի է նաև նրա անհաշտ պայքարը կաստաների անհավասարության դեմ: Գանդին ձգտում էր ոչ միայն հասնել «անձեռնմխելիների» խտրականության դադարեցմանն աշխարհիկ օրենքների միջոցով, այլև ապացուցել, որ «անձեռնմխելիների» ինստիտուտը հակասում է միակեցության հինդուսիտական սկզբունքին, և այդպիսով նախապատրաստել հնդիկ հանրությանն այն ընկալմանը, որ «անձեռնմխելիները» հանրության նույնքան իրավահավասար անդամներ են, որքան և մյուս հնդիկները:

[…] Եթե որպես հոգևոր առաջնորդ ու ազգային-ազատագրական շարժման փաստացի ղեկավար իր ճանապարհի սկզբին Գանդին հնարավոր էր համարում պաշտպանել հնդիկների կյանքը, արժանապատվությունն ու իրավունքները և ինքնակառավարման հասնել Բրիտանական կայսրության շրջանակում, ապա պայքարի ընթացքում նա համոզվեց, որ երկիրը կարող է ազատ զարգանալ ու լուծել իր բոլոր հասարակական խնդիրները միայն եթե անգլիացիները հեռանան Հնդկաստանից ու երկիրն անկախանա: Անգլիայի տիրապետության դեմ արդար պայքարի համոզմունքը Գանդիին կրկին ու կրկին ժողովուրդին պայքարի բարձրացնելու ուժ էր տալիս, իսկ քաղաքական հակառակորդները գնալով համոզվում էին նրա աճող ազդեցության մեջ:

[…] Գանդիի կյանքի երկրորդ կեսը փաստացի նվիրված էր նրան, որ հանուն սվարաջի (ինքնակառավարման հոմանիշ) սաթյագրահային (բռնությունից զերծ հանուն անկախության պայքարի մարտավարությանը՝ համագործակցությունից հրաժարվելու և քաղաքացիական անհնազանդության տեսքով) մասնակցությունը յուրաքանչյուր հնդիկի բարոյական պարտքը դառնա: Հնդկաստանի անկախացումը վկայում է, որ նա հաջողության հասավ այդ գործում: Մահաթման ձգտում էր ապացուցել, որ նույնիսկ հանուն ամենավեհ գաղափարների չի կարելի բռնության դիմել, իսկ հանուն այդ գաղափարների զանգվածներին բռնությունից զերծ կազմակերպված պայքարի կարելի է բարձրացնել միայն հետևելով նրա հոգևոր ավանդույթներին ու միաժամանակ ընդունելով սոցիալական, դասակարգային և ազգային շահերի նկատմամբ համամարդկային արժեքների գերակայությունը: Ընթանալով այդ ճանապարհով՝ նա ազատության հասավ իր երկրի համար և գալիք սերունդներին պատգամներ թողեց:

Գանդին ու Չարլի Չապլինը

[…] Բուն Հնդկաստանումև դրա սահմաններից դուրս Գանդիի կյանքի օրոք նրա ուսմունքն ու ղեկավարած շարժումը «գանդիզմ» էին կոչում. դա սոցիալ-քաղաքական և կրոնափիլիսոփայական ուսմունք է, որը դարձավ հնդիկների ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսությունը: Բայց ինքը՝ Գանդին դեմ էր այդ տերմինին: Ըստ նրա, բոլոր «իզմերը»՝ անարխիզմ, սոցիալիզմ, կոմունիզմ, աղանդավորական բնույթի էին: Նա պնդում էր, որ «չկա այդպիսի առարկա, ինչպիսին գանդիզմն է», քանի որ չէր ուզում իրենից հետո որևէ աղանդ թողնել:

[…] Մահաթմա Գանդին 37 տարեկանում երդվեց «չափավորել» իր սեռական կյանքը: Երբ արդեն 70-ն անց էր, նա «հոգևոր էքսպերիմենտ» անցկացրեց՝ նույն անկողնում քնեց երիտասարդ մերկ աղջիկների հետ, որոնց մեջ իր բարեկամուհին էլ էր: Իր իսկ խոսքով, դրանով փորձության էր ենթարկում սեփական գաղափարները՝ չէ որ նա, ով կիսելով անկողինը մերկ գեղեցկուհու հետ կարող է հաղթահարել իր սեռական ցանկությունը, բռնությունից զերծ մնալու ամենախիստ թեստն է հանձնում:

[…] 1944-ին Գանդիի կինը՝ Կաստուրբան, 72 տարեկան էր, երբ բրոնխիալ թոքաբորբով հիվանդացավ. մինչև այդ նա մի քանի անգամ սրտի կաթված էր տարել: Կաստուրբայի որդիներից մեկն առաջարկեց բուժել նրան պենիցիլինով, բայց Գանդին հրաժարվեց՝ կարգադրելով դիմել միայն ավնադական միջոցներին՝ օրինակ, Գանգեսի ջրով շփման: Գանդին ասում էր, որ կնոջ ճակատագիրն Աստծո ձեռքում է, որը փորձության է ենթարկում իր հավատը, բայց մի քանի օրից կինը մահացավ: Մեկ ու կես ամիս անց Գանդին հիվանդացավ մալարիայով. 3 շաբաթ անհաջող ավանդական բուժումից հետո նա համաձայնվեց քինին ընդունել և ապաքինվեց: Ի դեպ, որպես բուժիչ միջոց քինինն այդ ժամանակ արդեն դարեր շարունակ հայտնի էր, իսկ պենիցիլինը սկսեցին օգտագործել միայն 1942-ին (դրա զանգվածային արտադրությունն Արևմուտքում դեռ առջևում էր):

[…] 1948-ի հունվարի 13-ին արյունահեղությանը վերջ դնելու համար Գանդին հացադուլ սկսեց: Հինգ օր անց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացան ավարտել պայքարը, և նա դադարեցրեց հացադուլը: 12 օր անց հնդիկ մոլեռանդ Նաթհուրամ Գոդսեն, որը բոլոր կրոնների ու դավանանքների հանդեպ հանդուրժողականության հարցում Գանդիի ընդդիմախոսն էր, երեք անգամ կրակեց Մահաթմային որովայնին ու կրծքի շրջանում: Ըստ տարբեր աղբյուրների, այն պահին, երբ կրակոցները թիրախին հասան, Գանդին Աստծո անունը տվեց՝ արտասանելով «Ջեյ Ռամ»: Գանդիի անձնական քարտուղար Վ. Կալյանամը հիշում է հունվարի 30-ի՝ Մահաթմայի սպանության օրվա բոլոր մանրամասները: Քարտուղարը կանգնած էր նրա հետևում, երբ Գոդսեն սկսեց կրակել:

Ըստ նրա, Գանդին նույնիսկ մեկ վանկ չկարողացավ արտաբերել, թեև հաճախ էր ասում, որ երազում է մեռնել Ռամայի անունը շուրթերին: Նա ավելի հավանական է համարում այն տարբերակը, որ մահվան պահին Աստծուն դիմելու փաստը ճարպիկ ու խորամանկ մի լրագրող է հորինել, ինչն էլ հետո հանրության սեփականությունն է դարձել, թեև դրա հավաստիությունն այդպես էլ չի ապացուցվել: Ըստ Կալյանամի, եթե նա հիվանդ լիներ ու գամված անկողնուն, անկասկած, կդիմեր Ռամային: Բայց այն պահին նա նման հնարավորություն չուներ: Կալյանամը տարօրինակ է համարում այն, որ Գանդիի սպանությունը հետաքննելու համար կազմված հանձնաժողովը նույնիսկ չփորձեց դիմել որևէ մեկին, ով այդ պահին նրա կողքին էր:

Մահաթմայի թաղումը

[…] Կինոստուդիաներից ոչ մեկին չհետաքրքրեց Ռիչարդ Ատտենբորոյի «Գանդի» կինոնկարի ֆինանսավորումը, որը հետագայում նկարահանվեց 1982-ին: Գանդիի թաղման տեսարանին մասնակցելու էր հավաքվել մոտ 300.000 մարդ, ինչի հետո Գինեսի ռեկորդների գրքում որպես կինեմատոգրաֆի բացարձակ ռեկորդ գրանցվեց: Մասնակիցներից մոտ 200.000-ը կամավորներ էին, 94.500-ը՝ պայմանագրով փոքր վարձատրություն էին ստացել: Տեսարանը նկարահանվեց 1981-ի հունվարի 31-ին՝ Գանդիի հուղարկավորության 33-րդ տարելիցին: Նկարահանող խմբի 11 անդամը մոտ 6 կմ տեսաժապավեն օգտագործեցին, ֆիլմի վերջնական տարբերակում այն 125 վայրկյան գրավեց:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---