Իլոն Մասկ` հանճար, բարերար և մարդ, որը կփոխի աշխարհի դիմագիծը

Իլոն Մասկ` հանճար, բարերար և մարդ, որը կփոխի աշխարհի դիմագիծը

«Մեր խնդիրն է արմատապես փոխել էներգիայի օգտագործման եղանակն աշխարհում: Հսկայածավալ մասշտաբներով»

Ցանկացած սկսնակ ընկերություն, հաշվարկելով իր մեկնարկային ֆինանսական հնարավորությունները, պետք է մի կլորիկ գումար առանձնացնի էլեկտրաէներգիայի սպառման համար: Կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունները չեն սպասի, թե երբ է փոքր ընկերությունը շահույթ ստանալու, հակառակ նրան, որ ընկերությունները ստիպված են լինում օրերով միացած թողնել մի քանի համակարգիչ, գրասենյակում ձմռանը ջերմություն ապահովել, իսկ ամռանը` զովություն: Հանճարեղ ինժեներ և միլիարդատեր Իլոն Մասկը, որը ժամանակին նույնպես զրոյից է սկսել և հիանալի գիտի ցանկացած սթարթափի խնդիրների մասին, որոշեց ձեռք մեկնել փոքր ու միջին բիզնեսին` միաժամանակ ավելի լավը դարձնելով այս աշխարհը:

PanARMENIAN.Net - Մի քանի օր առաջ Մասկի Tesla Motors ընկերությունը հանրությանը ներկայացրեց տնային օգտագործման լիթիումաիոնային մարտկոցները: Հզոր մարտկոցների ստեղծման գաղափարը, որոնք կարող են բավականաչափ էլեկտրաէներգիա կուտակել ամբողջ տան կարիքների համար, մեղմ ասած նոր չէ: Սակայն, միայն Tesla Motors ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրոմոբիլների արտադրությամբ և նպատակ է դրել փոխարինել դրանցով ներքին այրման շարժիչով բոլոր մեքենաները, կարողացավ զգալի արդյունքի հասնել: Օգտագործելով իր մշակումներն ու էլեկտրոմոբիլների համար մարտկոցների ստեղծման փորձը, Tesla-ն ստեղծել է լիարժեք տնային օգտագործման մարտկոցներ ինչպես մասնավոր, այնպես էլ կոմերցիոն օգտագործման համար:

Tesla Motors-ը ամերիկյան ավտոմոբիլային ընկերություն է, որը զբաղվում է էլեկտրոմոբիլների արտադրությամբ: Կոչված է համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի էլեկտրատեխնիկ ու ֆիզիկոս Նիկոլա Տեսլայի պատվին: Ընկերության բոլոր պատենտները բաց հասանելիություն ունեն, այդ թվում տնային մարտկոցների մշակման պատենտը:

Տնային մարտկոցները կրում են աշխատանքային Powerwall Home Battery անվանումը և դեռևս երկու տարբերակ ունեն` 7 կամ 10 կՎտ/ժ: Դրանց օգնությամբ օգտատերը կկարողանա էներգիա կուտակել, որն արտադրվում է արևային մարտկոցների օգնությամբ, կամ կարող է միացնել էներգացանցին և օգտագործել էլեկտրաէներգիայի հանկարծակի անջատումների ժամանակ: Powerwall-ը 100 կգ է կշռում, ամրացվում է պատին և ստեղծված է հատուկ տնային կիրառման համար: Սարքի հաստությունը ընդամենը 15 սմ է, ընկերությունը տալիս է 10-ամյա երաշխիք և տարբեր գույներ` ըստ ընտրության: Այն միանում է ինտերնետին և հագեցած է հաստատուն և փոփոխական հոսանքի ներկառուցված փոխարկիչով: Ամռան վերջում ընկերությունը կսկսի սարքերի առաքումն ու տեղադրումը 3500 դոլարով 10կՎը/ժ տարբերակի և 3000 դոլարով` 7 կՎտ/ժ ծավալով մարտկոցների համար:

Powerwall Home Battery մարտկոցը

«Մարտկոցը մի շարք առավելությունն է տալիս սպառողին: Եթե ցանցն անջատվի, նրանք էլեկտրաէներգիա կունենան: Կարելի է մարտկոցը ավելի քիչ լիցքավորել, եթե սակագները ավելի ցածր են: Տիպիկ տունը սպառում է օրական մոտ 30 կՎտ/ժ էներգիա, ինչը թույլ կտա նվազեցնել ծախսերը գրեթե մեկ երրորդով, եթե ունեք արևային մարտկոց»,-ասում է Մասկը:

Իլոն Մասկը ամերիկացի ինժեներ է, ձեռնարկատեր, գյուտարար և ներդրող, որը հարավաֆրիկյան ծագում ունի: Նա միլիարդատեր է, հիմնել է SpaceX, Tesla Motors և PayPal ընկերությունները, զգալի հաջողությունների է հասել տեղեկատվական տեխնոլոգիաների, հրթիռաշինության և մեքենաշինության ոլորտներում:

Նեվադայում կառուցվող Tesla Gigafactory գործարանը

Սակայն ընկերությունը հեռուն գնացող պլաններ ունի` Tesla Energy. այդ մեծ սխեմայի առաջին կետը մարտկոցների արտադրության հսկայական գործարանի կառուցումն է Նևադա անապատում: Ծրագրի նպատակն է «թափ տալ» էներգետիկ բիզնեսն ամբողջ աշխարհում և փոխել նրա դիմագիծը` էլեկտրաէներգիայի «կեղտոտ» արտադրությունից անցնելով վերականգնվող էներգիայի պահպանման հնարավորությանը «շուկան ճիշտ ժամկետին» սխեմայով: Այդ նպատակով Tesla-ն առաջարկում է էլեկտրաէներգիա վաճառող խոշոր կոմերցիոն կազմակերպություններին ապահովագրել իրենց բիզնեսը, նվազեցնել ռիսկերը, հասկանալ, թե ինչպես է բաշխվում էլեկտրաէներգիան և ավելացնել վերականգնվող էլեկտրաէներգիայի կիրառումը ավելի հզոր (սկսած 100 կՎտ/ժ) Powerpack մարտկոցների միջոցով: Այդ նպատակով Tesla-ն Powerpack-ը դարձնում է «անսահման մասշտաբայնացնող»` սառնարանի չափի մարտկոցները կարելի է ծալել և իրար կապել նման սարքերի անսահմանափակ քանակ:

«Մեր խնդիրն է արմատապես փոխել էներգիայի կիրառումն աշխարհում: Հսկայական մասշտաբներով: Կպահանջվի ընդամենը 2 մլրդ նման սարք, որպեսզի ամբողջ աշխարհն անցնի մարտկոցներում պահվող վերականգնվող էներգիայի սպառմանը: Մոտավորապես նույնքան ավտոմեքենա ու բեռնատար կա մոլորակի ճանապարհներին: Սպառողներն ու բիզնեսը կկարողանան հսկայական գումարներ տնտեսել` կուտակելով էներգիան, որը կարտադրվի ավտոտնակի պատից կախված ոչ այնքան մեծ սպիտակ արկղերի օգնությամբ»,- բացատրում է Մասկը:

Tesla Powerpack մարտկոցները

Իմաստն այն է, որ էլեկտրաէներգիայի արտադրության այսօր կիրառվող և արդեն հնացած սխեման , այդ թվում Հայաստանում, անբաժան կապ ունի սպառման հետ: Արտադրողը չի կուտակում այն, ինչ արտադրում է, այն միանգամից առաքում է սպառողին` այլ կերպ ասած արտադրվում է այնքան էներգիա, որքան անհրաժեշտ է տվյալ պահին: Սա կոչվում է «շուկա ճիշտ ժամկետում»: Այն բազում թերություններ ունի, որից գլխավորը էլեկտրակայանների կառուցման համար անհրաժեշտ հսկայական ծախսերն են, քանի որ դրանք կառուցվում են շատ ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիայի արտադրության հաշվարկով, քան հարկավոր է սովորաբար` չէ որ, եթե ձմեռը սովորականից ցուրտ լինի, կամ ամառը` չափազանց շոգ, արտադրողը ստիպված կլինի կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել հզորությունները:

Tesla Energy սխեման առաջարկում է էլեկտրաէներգիայի արտադրողներին պահել իրենց պրոդուկտը խոշոր մարտկոցներում և առաքել ըստ անհրաժեշտության: Վերջին տասը տարում տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրեց առավել զգայուն արևային պանելների ու ծավալուն լիթիումաիոնային մարտկոցների ստեղծման, որոնց արդյունավետությունն աճում է տարեկան 8 տոկոսով, իսկ գները կնվազեն 50 տոկոսով առաջիկա 2-3 տարում: Էլեկտրաէներգիա արտադրողը կարող է ներկառուցել համակարգի մեջ հզոր մարտկոցներ` հավասարակշռելով պահանջարկն ու առաջարկը, համակարգը դարձնելով ավելի կայուն ու արդյունավետ:

Իլոն Մասկ

Արևը շռայլ է Հայաստանում, ուստի վերականգնվող էներգիայի` քամու և արևի աղբյուրներն էլ առատ են: Նման էներգիայի արտադրությունն ու պահեստավորումն արդեն իրականություն է: Եթե ոչ ամբողջ երկրի մասշտաբով, ապա գոնե ի դեմս լավ կազմակերպված սթարթափի` մի քանի արևային պանել գրասենյակի տանիքին և մարտկոցը ընդմիշտ կազատի էլեկտրաէներգիայի ծախսերից:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---