«Ոսկե» կիլովատներ. Որքան են վճարում էլէներգիայի համար ՀՀ-ում, տարածաշրջանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում

«Ոսկե» կիլովատներ. Որքան են վճարում էլէներգիայի համար ՀՀ-ում, տարածաշրջանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում

Հայաստանում գործող էլեկտրականության սակագները (6-67-8.77 ցենտ) շատ չեն տարբերվում ոչ այնքան հարուստ բալկանյան երկրների սակագներից, որտեղ բնակչության եկամուտներն ու տնտեսության զարգացման աստիճանը համեմատելի են ՀՀ ցուցանիշների հետ

Էլեկտրաէներգիա արտադրող և բաշխիչ խոշոր ընկերությունները հայտ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մեկ երրորդով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու համար: PanARMENIAN.Net-ը որոշել է հիշեցնել, թե վերջին տարիներին որքան է թանկացել էլեկտրաէներգիան և համեմատել սակագները հարևան երկրների և զարգացած տնտեսությունների սակագների հետ:

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում թանկացել է երկու անգամ: 2013-ին 1 կիլովատի արժեքը 30-ից դարձավ 38 դրամ ցերեկային սպառման համար, և 20-ից բարձրացավ մինչև 28 դրամ գիշերային սպառման համար: 2014-ին հոսանքի գինն աճեց ևս 3,85 դրամով, համապատասխանաբար` հասնելով 41.85 և 31.85 դրամի 1 կՎՏ/ժ համար: Այսպիսով, երկու տարվա ընթացքում ցերեկային սակագինն աճել է 11,85 դրամով կամ 39,5 %: Հանձնաժողովին առաջարկում են հավանություն տալ մեկ կիլովատի թանկացմանը 17,08 դրամով` ցերեկային սպառման համար գինը հասցնելով 58.93 դրամի և 48.93 դրամի գիշերային սպառման համար: Այսպիսով, 2012-ի համեմատ ցերեկային սակագնի աճը կկազմի 96%, իսկ գիշերայինինը` 144%, այսինքն 3 տարում սակագները կաճեն 2-2,5 անգամ: Դոլարով արտահայտելու դեպքում գործող գիշերային/ցերեկային սակագինը հավասար է 6.67-8.77 ցենտի, իսկ թանկանալու դեպքում կկազմի` 10.25-12.35 ցենտ կՎՏ/ժ համար (1 դոլարի փոխարժեքը 477 դրամ): Ի դեպ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ սակագները պետք է առնվազն տարին մեկ անգամ վերանայվեն, որպեսզի խնդիրները չկուտակվեն և հնարավոր լինի խուսափել կտրուկ տատանումներից:

Հարևան Վրաստանում սակագինը տարբերակված է, ելնելով սպառման ծավալներից, ընդ որում մայրաքաղաքի բնակիչները երկու անգամ ավելի են վճարում հոսանքի համար շրջանների բնակիչներից: Վերջին անգամ էլեկտրաէներգիայի սակագինը Վրաստանում բարձրացել է հեռավոր 2006-ին` ամիսը մինչև 100 կՎՏ սպառող Թբիլիսիի բնակիչները վճարում էին 13,48 թեթրի 1 կՎՏ/ժ դիմաց, ամիսը մինչև 300 կՎտ սպառողները` 16 թեթրի 1 կՎտ/ժ համար, ամիսը 300 կՎՏ ավելի սպառողների համար`17,70 թեթրի 1 կՎՏ/ժ դիմաց: Մայրաքաղաքից դուրս ամիսը մինչև 100 կՎՏ սպառողները վճարում էին 12,98 թեթրի, 101-300 կՎտ սպառողները` 16,92 թեթրի, 300 կՎտ-ից ավելի սպառողները` 17,50 թեթրի 1 կՎտ/ժ համար: Սակայն 2013-ին, ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո, նոր իշխանությունները նվազեցրին մի շարք կոմունալ վճարումներ, այդ թվում էլեկտրաէներգիայի սակագները: Այժմ Թբիլիսիի բնակիչները վճարում են 9.94 թեթրի մինչև 100 կՎտ հոսանք ծախսելու դեպքում, 12,46 թեթրի` 101-300 կՎտ-ի դեպքում, իսկ շրջանների բնակիչները` համապատասխանաբար 9.44 և 12.98 թեթրի: Խոշոր սպառողների համար սակագինը նույնն է մնացել: Այսպիսով, Վրաստանի բնակիչները էլեկտրականության չափավոր սպառման դեպքում վճարում են 4.19-5.76 ցենտ և մոտ 8 ցենտ` 300 կՎտ ավելի օգտագործելու դեպքում (1 դոլարը` 2,25 լարի) : Երկրի էներգետիկները արժեզրկման կապակցությամբ նույնպես դիմել են Էներգետիկայի կարգավորվող ազգային հանձնաժողովին սակագինը բարձրացնելու ակնկալիքով: Սակայն, ըստ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հավաստիացումների, առաջիկայում սակագները չեն վերանայվի:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---