Ցեղասպանության որբերի թանգարան. Այցելուներն ամենաերկարը կանգնում են անվանացանկի պատի առջև

Ցեղասպանության որբերի թանգարան. Այցելուներն ամենաերկարը կանգնում են անվանացանկի պատի առջև

Սփյուռքի տարբեր համայնքներից, ինչպես նաև հենց Լիբանանի հայ համայնքից բացի, հետաքրքիր է, որ քիչ չեն նաև թուրք այցելուները

Ոչ թե դասական դրամատիկ լուծումներով, այլ նոր ու ժամանակակից ձևաչափով. 1915-ի ողբերգությունն ու այն հաղթահարելու պատմությունները հավաստող փաստաթղթերի ու մասունքների ցուցադրությամբ արդեն երկու ամիս Լիբանանում գործում է Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանը: Մերձավոր Արևելքում հիմնված ամենամեծ որբանոցներից «Թռչնոց բույնն» է վերակառուցվել ու նորովի ներկայանում:

PanARMENIAN.Net - «Վեհափառն (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա) անձամբ մեր առջև խնդիր դրեց անել ավելին ու աշխարհին ընկալելի կոնցեպտով ներկայացնել Հայոց ցեղասպանության տարիներին Լիբանան հասած հազարավոր որբերի անցյալը: Ցուցադրվող նմուշների բովանդակությունն առավել ամբողջական են դարձնում տեխնոլոգիական հնարավորությունների գործածությունը՝ տեսա-, լուսա- և ձայնային էֆեկտները, դեռ թանգարանի բակից, օրինակ որբերի լացի ձայն է լսվում:

Նյութերն անգլերեն են, ուղեկցվում են հայերեն, ֆրանսերեն ու արաբերեն թարգմանությունով», - ասում է ճարտարապետներից Րաֆֆի Թարխանյանը և ընդգծում, որ թանգարանը երեք բաժնից է կազմված՝ «Ցեղասպանություն», «Որբություն» և «Վերածնունդ»՝ ներկայացնելով և իմաստավորելով որբերի անցած ճանապարհն ըստ փուլերի, գրում է ArmenianGenocide100.org-ը:

Տարիներ անց «Թռչնոց բույնի» սաներից մեկին ճանապարհը դարձյալ այստեղ է բերել՝ թանգարանի պաշտոնական բացումից օրեր առաջ:

«Տարածքում շրջող մի ծեր մարդ տեսանք, մոտեցավ մեզ, պատմեց իր մասին, ասաց ինքն էլ Ցեղասպանությունը վերապրած հայ է և այստեղ է ապրել, հարցրեցինք՝ այստեղ՝ Լիբանանո՞ւմ, ասաց՝ ոչ, այս որբանոցում՝ «այստեղ խաղացել եմ, հիվանդ ժամանակ այս պատի տակ պառկած էի», այսպես 1-2 ժամ պատմում էր... ասաց՝ ինքն էլ բոլորին չի կարողանա պատմել այդ ամենը, թանգարանը կանի այդ գործը», - պատմում է Րաֆֆի Թարխանյանը:

1978-1980-ին «Թռչնոց բույնի» սանուհիներից Թալինե Բարդակջյանի խոսքով, այս կառույցն առանձնահատուկ նշանակություն ունի իր համար, քանի որ այն իր տունն է համարում. «Թռչնոց բույնում» մենք այժմ ունենք միջազգային չափանիշներին համապատասխան թանգարան, որը պատմում է Հայոց ցեղասպանությունն այստեղ վերապրած որբերի մասին և ոչ միայն: Նման թանգարանի համար առավել հաջող տեղ չէր կարող ընտրվել: Լինելով «Թռչնոց բույնի» սանուհիներից և տեսնելով այն աշխատանքը, որ արվել է, հպարտանում եմ՝ մենք հիմա ավելի ուժեղ ենք և մեր արմատներին առավել հավատարիմ: Սա ուղերձ է հայ ժողովրդից ամբողջ աշխարհին, թե ինչ ճանապարհ ենք անցել և թե ինչերի ենք հասել հակառակ դժվարություններին: Թանգարանը տպավորել է իմ սիրտն ու միտքը և բոլորին վստահ խորհուրդ եմ տալիս գալ և տեսնել, քանի որ այն մեր ժողովրդի վերածննդի վկայությունն է և հույս նրանց համար, ովքեր դեռ տառապում են»:

Իսկ այցելուների պակաս ցուցասրահներում չկա, ասում է թանգարանի խնամակալության ատենապետ Սեդա Խդշյանը: Նրանք ամենաերկարը կանգնում են անվանացանկի պատի առջև ու փնտրում իրենց հարազատների անունները և, երբ գտնում են, արձագանքն ավելի քան զգայական է լինում, հուզվում են, պատմում է Խդշյանը և նկատում. «Իսկ սփյուռքի տարբեր համայնքներից, ինչպես նաև հենց Լիբանանի հայ համայնքից բացի, հետաքրքիր է, որ քիչ չեն նաև թուրք այցելուները: Թանգարանը հենց ապացույց է ժխտող Թուրքիային և հարցադրում ամբողջ աշխարհին, թե ինչու է Անկարան շարունակում անպատիժ հերքել ողբերգությունը»:

Թանգարանի բացումից հետո հատկապես ակտիվացավ նմուշների փոխանցման գործընթացը, ընդգծում է խնամակալության ատենապետը. «Մարդիկ եկան, տեսան, որ այս կառույցն ու գաղափարն արդեն իրականություն է, ցուցադրման պայմաններ կան և իրենց հարազատներից մնացած մասունքները վստահությամբ փոխանցում են՝ անձնական նամակները, գրքերը, տետրերը, որ գանձի պես պահում էին նույնիսկ Մարիա Յակոբսենի (դանիացի միսիոներ, «Թռչնոց բույնի» հիմնադիր) քույրերից է մեզ մասունքներ հասել: Նաև ինքներս ենք ճշտում այս կամ այն արժեքավոր նյութի տեղը, փորձում ձեռք բերել»:

Ընդլայնման ծրագրերում Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի ստեղծումն է, նաև արխիվ կհիմնվի, իսկ բավական նյութ արդեն իսկ հավաքվել է:

Դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի նախաձեռնությամբ և ջանքերով 1922-ին Սայդայում է բացվել և 1928-ին Բեյրութի մերձակա Ջիբեյլի ավան փոխադրվել «Թռչնոց բույն» որբանոցը: Այնտեղ խնամվել ու կրթվել են Ցեղասպանությունից փրկված հազարավոր որբեր, որ Յակոբսենին երախտագիտությամբ «մամա» էին կոչում:

«Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ թանգարաններ կան, և նորերն էլ կառուցվում են թե Հայաստանում, թե սփյուռքում, սակայն այս թանգարանը եզակի է իր բնույթով ու նպատակով»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, ում նախաձեռնությամբ է որբանոցի տարածքի ամենահին շինություններից մեկը վերափոխվել թանգարանի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ շինարարական ծրագրերի շրջանակում: Թանգարանի պաշտոնական բացումը 2015-ի հուլիսի 18-ին էր:

 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---