4 դեկտեմբերի 2015 - 14:45 AMT
ՀՈԴՎԱԾ
«Լրտեսական կամուրջ». Պաթոսից և բարձրագոչ ճառերից զերծ հայրենասիրական կինո
Համաշխարհային կինեմատոգրաֆի դասականին հաջողվել է գործնականում իդեալականին մոտ վերարտադրել պոտենցիալ միջուկային պատերազմի դարաշրջանը
Երևանի կինոթատրոններում մեկնարկել է Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» նոր պատմական դրաման: Նոր նախագծի անշտապ որոնումների արդյունքում և վերջին «Լինքոլն» ֆիլմի պրեմիերայից 3 տարի անց, 68-ամյա ռեժիսորը կրկին վերադարձել է համաշխարհային պատմությանն ու ռազմական թեմային: Սակայն, այս անգամ առճակատմանը սովորական զինվորներն ու նրանց հրամանատարները չեն մասնակցում` նոր ֆիլմում ներկայացված պատերազմը ծավալվում է մարդկանց ուղեղներում և արաքներում, որոնք գիտակցում են մարդկության պատմության մեջ վերջին մոտալուտ դիմակայությունը: Համաշխարհային կինեմատոգրաֆի դասականին հաջողվել է գործնականում իդեալականին մոտ վերարտադրել պոտենցիալ միջուկային պատերազմի դարաշրջանը:

Սփիլբերգի նոր հեղինակային նախագծի դիտումից իր տպավորություններն է ներկայացնում PanARMENIAN.Net-ը:

ԱՄՆ և ԽՍՀՄ միջև սառը պատերազմի կիզակետն է: Բրուքլինցի փաստաբան Ջեյմս Դոնովանը (Թոմ Հենքս) դատարանում պետք է ներկայացնի խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելի (Մարկ Ռեյլենս) շահերը: ԱՄՆ կառավարությունը, սակայն, պետք է դատավարության պատրանք ստեղծի միայն, քանի որ լրտեսի ճակատագիրն արդեն իսկ կանխորոշված է: Սակայն Դոնովանի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, նրան հաջողվում է խուսափել մահապատժի դատավճռից` հասնելով երկարատև ազատազրկման : Շուտով ԽՍՀՄ ձեռքում է հայտնվում U2 հետախույզ-ինքնաթիռի օդաչու Ֆրենսիս Փաուերսը (Օսթին Սթոուել): Փոխանակումը հանձնարարում են կազմակերպել Ջեյմսին` կարևոր առաքելությամբ նա մեկնում է պատով բաժանված Բեռլին:

21-րդ դարի երկրորդ տասնամյակի համար նորաձև և գրեթե պարտադիր է դարձել անհամաչափ շարադրանքը, բզկտված, մանր մոնտաժն ու տարբեր տեսակի հնարքները տեսախցիկի օգնությամբ: Սփիլբերգը, որպես «հին դպրոցի» իսկական ներկայացուցիչ, չի տրվում նորաձևության քամիներին: Նա նկարահանում է հոլիվուդյան «ոսկե դարի» դասական կինո, հաջորդական շարադրանքով, մեծ ուշադրությամբ դետալների և պերսոնաժների հանդեպ: Եվ դա զարմանալի չէ. ամբողջ կարիերայի ընթացքում մեծ ռեժիսորը բազմիցս է թելադրողի դերում եղել Հոլիվուդում` ժամանակն է կինո նկարահանել «սեփական կարիքների համար»:

Միևնույն ժամանակ, ռեժիսորի նոր ֆիլմը գերում է հենց առաջին իսկ րոպեներից` կինոդիտողին տեղափոխելով Սառը պատերազմի դարաշրջան, որը վերարտադրվել է մեծ խնամքով և շատ հազմոզիչ է: Ֆիլմում ուղղակի չկան ավելորդ դետալներ` Սփիլբերգը նախկինի պես վստահ է կադրում` հագեցնելով այն ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է և կարևոր հանդիսատեսի ընկալման համար: Ավանդաբար հեղինակի կերպարները ցայտուն են, մարդկային ու հասկանալի` դա վերաբերում է նույնիսկ երկրորդական կերպարներին, որոնք կարող են ընդամնեը մի քանի վայրկյանով հայտնվել կադրում:

Թոմ Հենքսը Դոնովանի դերում կատարելության է հասցնում դերասանի իր վարպետությունը` մանրմնավորելով մեկին, ում արարքներն ու դրդապատճառները միանգամայն հասկանալի են հանդիսատեսի համար: Հեռու լինելով քաղաքականությունից և բյուրոկրատական խաղերից` Դոնովանը որպես իր գործի իսկական պրոֆեսիոնալ, հիանալի գիտակցում է իր հսկայական պատասխանատվությունն այդ վտանգավոր ժամանակներում: Առանձին պետք է նշել Մարկ Ռեյնոլդսսի ցնցող խաղը, որը գրեթե իդեալական է մարմնավորել էկրանին «անդեմ մարդու» կերպարը, ինչպիսին և պետք է լինի լրտեսը:

Այն երկյուղածությունը, որով Սփիլբերգը մատուցում է ֆիլմը, միանգամայն հասկանալի է` դարաշրջանը (1957-1962թթ.) ոչ միայն բեկումնային է համաշխարհային պատմության համար, այլ նաև անդրադարձ է սեփական մանկությանը: Ռեժիսորը նկարագրել է մթնոլորտը, որում ինքն է մեծացել, երբ գործնականում բոլորը լրջորեն պատրաստվում էին միջուկային պատերազմի, իսկ մշտական սպառանլիքի զգացողությունը ծանրացած էր երկու երկրների քաղաքացիների վրա: Անկասկած, «Լրտեսական կամուրջը» պաթոսից և բարձրագոչ ճառերից զերծ իսկական հայրենասիրական կինո է, որի կենտրոնում մարդն է, նրա բարոյական սկզբունքներն ու համոզմունքը, որ «յուրաքանչյուր մարդ պաշտպանության իրավունք ունի»: Մյուս կողմից, նոր ֆիլմում զգացվում է կարոտախտն այն ժամանակների հանդեպ, որը գլոբալ միջազգային առճակատումն ավելի միանշանակ էր ու հասկանալի, քան այժմ:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net