21 դեկտեմբերի 2015 - 15:03 AMT
ՀՈԴՎԱԾ
«Ուժն արթնանում է». Նոր «Աստղային պատերազմները»՝ անհոգ մանկություն վերադառնալու եզակի հնարավորություն
Հեռու-հեռավոր գալակտիկան նորից հիշեցնում է մեզ այն ամենն, ինչ մենք կորցրեցինք` հասուն կյանք մուտք գործելով
Երեք տարի առաջ համաշխարհային կինոյի պատմության մեջ մեծ իրադարձություն տեղի ունեցավ. ամերիկյան Walt Disney Company մեդիահսկան մեծ գումարով` 4,05 մլրդ դոլարով, ձեռք բերեց Ջորջ Լուկասի Lucasfilm կինոընկերությունը: Առանցքային լոտը լեգենդար «Աստղային պատերազմներ» պատումն էր, որի վերջին մասը հայտնվել էր էկրանին 2005-ին: Disney ստուդիան միանգամից հայտարարեց, որ մտադիր է շարունակել Ուժի լուսավոր և մութ կողմերի դիմակայության պատմությունն`առաջացնելով պատումի միլիոնավոր երկրպագուների ցասումն ու նույնիսկ ատելությունը: Կինոգետների, թերևս հասարակ հանդիսատեսի համար էլ, ակնհայտ էր, որ ընկերությունը կանի ամեն ինչ ոչ միայն ծախսած գումարը վերադարձնելու, այլ նաև առավելագույն շահույթը ստանալու համար հայտնի «կինոաշխարհի» շահագործումից: Բարեբախտաբար, ընկերության ղեկավարները այնքան խելացի գտնվեցին, որ որպես բեմադրիչ հրավիրեցին Ջեյ Ջեյ Աբրամսին` սագայի վաղեմի երկրպագուին և լավ պատմիչի զարմանալի ունակությամբ այդ մարդուն:

PanARMENIAN.Net-ը կիսվում է տպավորություններով «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 7. Ուժն արթնանում է» կինոդիտումից:

Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում «Ջեդայի վերադարձը» ֆիլմի իրադարձություններից մոտ 30 տարի անց: Վերջին ջեդայ Լյուկ Սքայուոքերն անհետացել է: Գալակտիկ կայսրության հետնորդ Առաջին միաբանությունը որոնում է նրան ամբողջ գալակտիկայով մեկ: Փնտրում է նրան նաև Դիմադրությունը` Ապստամբների դաշինքի զորքը, որը գլխավորում է Լյուկի քույրը` գեներալ Լեա Օրգանան:

Կինոտիեզերքի մոլեռանդ երկրպագուների շրջանում կարծիք կա, որ ոչ ոք ավելի վատ չի նկարահանի «Աստղային պատերազմները», քան Ջորջ Լուկասը: Մեծ սագայի հեղինակը, թեև հարուստ երևակայություն ունի, ոչ միշտ է աչքի ընկել որպես լավ պատմիչ: Ուստի հին եռապատման լավագույն մասերը` «Կայսրությունը հասցնում է պատասխան հարվածը« և «Ջեդայի վերադարձը» ուրիշ ռեժիսորներ են նկարահանել:

«Աստղային պատերազմներ» սագան մի յուրահատկություն ունի`այն բավականին լավ է արձագանքում զարգացումներին արդեն հաստատված կանոնների շրջանակում, սակայն, արմատական «նորամուծություններ» չի ընդունում: «Ուժն արթնանում է» մասի ռեժիսոր Աբրամսը, հիանալի գիտակցելով դա, ռիսկի է գնացել`պատմելով պատմությունը հին եռապատման ոճով, հրաժարվելով նորի խառնաշփոթից, չնայած, որ հենց վերջին մասը երիտասարդներից շատերի համար մուտք հանդիսացավ «Աստղային պատերազմների» աշխարհ:

Բացի այդ, ստանձնելով նոր մասի նկարահանումը` Աբրամսը գիտակցաբար անհավանական պատասխանատվություն է վերցրել: Ինքն էլ լինելով երկրպագու` նա հիանալի գիտեր, թե ինչ ցասումնալից խանդի զգացում են ունենում տարբեր սերունդների միլիոնավոր ներկայացուցիչները, երբ ոտնձգություն է կատարվում իրենց «սրբության» հանդեպ` չէ որ նրանց համար «Աստղային պատերազմները» ոչ թե ուղղակի կինո է, այլ կյանքի, աշխարհահայացքի և արժեհամակարգի անփոխարինելի մի մասը: Աբրամսին կարելի է շատ խիզախ մարդ համարել` նույնիսկ եթե նա գլուխգործոց նկարահաներ, ոչ բոլորը դա կգիտակցեին:

Կինոդիտման առաջին իսկ պահերից հասկանալի է դառնում, որ Աբրամսն իրավացի էր: Քաղաքական խաղերն ու բազմաքայլ կոմբինացիաները, ինչպես նաև անճշտությունները, նոր եռապատման խայտաբղետությունն ու իրադարձությունների կուտակումը փոխարինվեցին հնի պարզությամբ և հմայքով` վերադարձնելով իսկական կախարդության զգացողությունը: Ռեժիսորը կանգ է առել սագայի ամենաառաջին` «Նոր հույս» կինոնկարի վրա, որը 1977-ին ընդմիշտ փոխեց զվարճային ժանրի կինոյի կերպարը: Եվ չնայած, որ «Ուժն արթնանում է» ֆիլմը կարող է «Նոր հույսի» ազատ ռեմեյքը թվալ, ըստ զգացողությունների դա միանգամայն այլ կինո է, որն իդեալական տեղավորվում է տիեզերքի ընդհանուր տրամաբանության մեջ: Ռեժիսորը շատ նուրբ է վերաբերվում նյութի հետ, հարթելով բոլոր սուր անկյունները և հավատարիմ մնալով հեքիաթային կառուցվածքին, որը կարող էր փլուզվել ցանկացած օտարածին տարրից, ինչը հիանալի երևում էր նոր եռապատման բոլոր 3 ֆիլմում:

Որպես հմուտ պատմիչ Աբրամսն արդեն ծանոթ պատմությունը մատուցում է նորովի, միաժամանակ ոչինչ չփոխելով այն աշխարհում, որը հարազատ է դարձել շատ շատերի համար: Յուրաքանչյուր կադրում նա վարպետորեն փոխառություն-հղումներ է անում հին եռապատմանը` մեծ էկրան վերադարձնելով ոչ միայն սիրված հերոսներին, այլ նաև այն մեջբերումների մի ամբողջ կույտը, որից գոհ կմնա նույիսկ ամենապահանջկոտ երկրպագուն: Ավելին` նա կրկին երեխա կդառնա` վերադառնալով հեռավոր ու անհոգ մանկություն, սագայի հետ ծանոթության առաջին օրը: Աբրամսի շնորհիվ հեռու-հեռավոր գալակտիկան նորից կենդանի է, նորից հիշեցնում է մեզ այն ամենն, ինչը մենք կորցրեցինք` հասուն կյանք մուտք գործելով:

Арман Гаспарян / PanARMENIAN.Net