Ինչպես կովկասյան թաթարները կոտորեցին նահանջող ռուս զինվորներին

Ինչպես կովկասյան թաթարները կոտորեցին նահանջող ռուս զինվորներին

Պատմության մեջ քիչ չեն վիճարկելի ու տարբեր կերպ մեկնաբանվող դեպքերն ու երևույթները, սակայն կան նաև այնպիսինները, որոնք «ձեռնտու չէ» հիշել և ոչ մեկին։

Նման մոռացված ու այսօրվա հայացքով արտասովոր դեպքերից է 1918 թ․ հունվարին Շամքորում ռուս զինվորների ջարդը Կովկասի թյուրքերի (այլ կերպ՝ անդրկովկասյան թաթարներ․ դեռևս մեկ դար առաջ այդպես էին կոչվում այժմյան ադրբեջանցիները) ձեռքով և ոչ առանց վրացական ներգրավվածության։

PanARMENIAN.Net - ը հիշել և ներկայացնում է Շամքորի ջարդի մանրամասները։

Համատեքստը

1917 թ․ ռուսական հեղափոխությունից ու բոլշևիկյան հեղաշրջումից հետո Անդրկովկասի երեք գլխավոր ժողովուրդները՝ հայերը, վրացիները և թյուրք-մահմեդականները, կանգնած էին իրենց ազգային պետությունների ստեղծման (վերջինները նաև՝ ազգակերտման) ճանապարհին․ վիճակը բարդանում էր բոլշևիկյան Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի հավակնությունների համատեքստում։ Այս անցումային խառը ժամանակներում տեղի ունեցան մի շարք բուռն ու դրամատիկ իրադարձություններ, որոնցից էին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում հայերի և ռուսների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները։

1917 թ․ վերջին ու հաջորդ տարվա սկզբին Թուրքիան, օգտվելով Ռուսաստանի անկայուն իրավիճակից, կովկասյան թյուրքերի «Մուսավաթ» կուսակցության աջակցությամբ սկսեց համաթյուրքականության (պանթյուրքիզմ) քարոզչություն ու գործունեություն ծավալել։ Թիֆլիսում և Անդրկովկասի կոմիսարիատում (երկրամասի բարձրագույն իշխանության մարմինը) ազդեցիկ էին վրացի մենշևիկները, որոնք սերտ համագործակցության մեջ էին Մուսավաթական կուսակցության հետ։ Իսկ ռուս բոլշևիկների հենարանը տարածաշրջանում Բաքվի խորհրդային իշխանությունն էր՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ։ Կողմերից յուրաքանչյուրն իր դիրքերն ամրապնդելու սուր խնդիր ուներ, և հատկապես կարևոր էր ռազմական ուժի հարցը։

Բոլշևիկյան Ռուսաստանի քաղաքականության արդյունքում 1917 թ. վերջին Թուրքիայի դեմ կռվող Կովկասյան ճակատն սկսեց քայքայվել, իսկ դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքված զինադադարից հետո հիմնականում բոլշևիկյան ազդեցության տակ գտնվող ռուսական զորքերը սկսեցին զանգվածաբար տուն վերադառնալ՝ ճակատը թողնելով միայն հայ կամավորականների փոքրաթիվ ուժերի հսկողությանը։ Եվ ահա, զենք ձեռք բերելու և դեպի Անդրկովկաս թուրքական արշավանքն արագացնելու նպատակով կովկասյան թաթարների առաջին քայլերից մեկը ճակատից վերադարձող ռուսական գնացքների վրա կատարվող ավազակային հարձակումներն էին, որոնք տեղի ունեցան օսմանյան բանակի խրախուսմամբ։ Անդրկովկասի կոմիսարիատի և իշխանության մյուս մարմնի՝ Բանվորական ու զինվորական պատգամավորական խորհրդի երկրամասային կենտրոնի առաջատար վրացական ուժերը նույնպես շահագրգռված էր այդ հարցում՝ նպատակ ունենալով կանխել դեպի Բաքու նահանջող ռուսական զորքերի աջակցությամբ տեղի բոլշևիկյան իշխանության կողմից ողջ երկրամասում իշխանությունը գրավելու ծրագիրը։

Անսպասելի ջարդը․ թաթարա-վրացական դավադրություն ռուսական զորքի դեմ

Անդրկովկասում իշխանության համար պայքարի զոհը դարձան ռուս զինվորները։ Իսկ իրադարձությունները զարգացան հետևյալ կերպ։

1918 թ․ հունվարի սկզբին ռուսական բազմահազար զորքին տեղափոխող գնացքների երկար էշելոնները Թիֆլիսից շարժվեցին դեպի Բաքու։ Սակայն ճանապարհին՝ Ելիզավետպոլի (Գանձակ) նահանգում ռուսների համար ծուղակ էր նախապատրաստված։ Էշելոնների ներկայացուցիչ Չելովը վկայում էր. «Մենք ցանկանում էինք անցնել Բաթումով, քանի որ այնտեղ մեզ ոչ մի վտանգ չէր սպառնում, բայց Թիֆլիսում մեզ հավատացրին, որ մենք բարեհաջող կերպով կանցնենք նաև Ելիզավետպոլով՝ ուղեկցելու համար մեզ տալով զրահամեքենա․․․ Մեզ կարող էին ուղարկել այլ ճանապարհով, բայց չգիտես ինչու ուղարկեցին Ելիզավետպոլով: Ելիզավետպոլում ամեն բան նախապես կազմակերպված էր եղել: Այնտեղ վաղուց էին խոսակցություններ գնում էշելոնները զինաթափելու մասին»։ Խոսքը Երկրամասային կենտրոնի ղեկավար, նշանավոր մենշևիկ գործիչ Նոյ Ժորդանիայի կողմից Ելիզավետպոլ ուղարկված զրահագնացքի մասին էր, որն էլ հենց նախատեսված էր տեղի մահմեդականներին զենք-զինամթերքով ապահովելու համար։ Այդ մասին վկայում է Ժորդանիայի համապատասխան հեռագիրը, որով առաջարկում էր «Մահմեդական կորպուսի սպառազինման նպատակով օգտվել անցնող և զինաթափվող էշելոնների զենքից»։

Այս ամենի արդյունքում 1918 թ. հունվարի 8–13-ը Շամխորի և Ելիզավետպոլի մերձակայքում, ինչպես նաև Աղստաֆա, Դոլլյար, Ջուլֆա, Եվլախ, Խաչմաս և այլ կայարաններում տեղի ունեցավ ռուս զինվորների դավադիր ջարդ, որին զոհ դարձավ ու վիրավորվեց շուրջ 2 հազար հոգի: Գրավվեց 15 հազար հրացան, 20 հրանոթ (այլ տվյալներով՝ 12) և 70 գնդացիր: Ողջ մնացած զինվորները հետագա շաբաթների ընթացքում ծանր մարտերով կարողացան անցնել Ելիզաքվետպոլը և մազապուրծ հասնել Բաքու:

Պահպանվել է ջարդերի ականատես Ստանիսլավ Եդիևսկիի հուշագրությունը, որը «Շամքորի ողբերգությունը» վերնագրով լույս է տեսել նույն թվականի հունվարի 31-ին «Բաքու» թերթում։ Ըստ ականատեսի՝ դեռևս նախքան Շամքոր հասնելը մահմեդականները ռուս զինվորներից պահանջել էին հանձնել զենքերը՝ սպառնալով, որ այսպես թե այնպես, դրանք իրենց են մնալու։ Զինվորների հրաժարվելուց հետո թաթարները անակնկալ սկսում են հարձակվել և օգտվելով խիտ մառախուղից՝ զգալի կորուստներ հասցնում ռուսներին։ Սակայն երբ մի քանի հարյուր զոհ տալուց հետո ռուսները ստիպված էին համաձայնել ու հանձնել զենքերը, մահմեդականները, դրանով չբավարարվելով, սկսում են առանց խտրականության սպանել ու կողոպտել թե մեռածներին, թե վիրավորներին․․․

Ռուսների զինաթափման գործողությունն ու ջարդերը Ելիզավետպոլի Մահմեդական ազգային խորհրդի անմիջական կազմակերպմամբ իրականացնում էին թաթարական «վայրենի դիվիզիայի» զինվորները (որոնց հրամանատարը, հեգնական զուգադիպությամբ, դարձյալ վրացի էր՝ գնդապետ Լևան Մաղալովը), ինչպես նաև մահմեդական հսկայական զինված ամբոխը։ Հատկանշական է, որ ջարդերի անմիջական պատասխանատուները՝ ` Ա. Զիաթխանովը, Ա.-բեկ Սաֆիքյուրդսկին, Լ․ Մաղալովը, Մ.-բեկ Ռուստամբեկովը, Ա.-բեկ Խասմամեդովը և այլք, նաև 1905– 1907 թթ. հայ-թաթարական բախումների ժամանակ հայերի ջարդերի ակտիվ մասնակիցներից էին։

Իսկ զինաթափման կազմակերպման քաղաքական պատասխանատուները՝ Ն․ Ժորդանիան, Ռամիշվիլին և այլք՝ հերքելով իրենց ուղղված մեղադրանքները, սպանդից անմիջապես հետո փորձեցին կոծկել տեղի ունեցածի բուն էությունը՝ այն ներկայացնելով Անդրկովկասում կենտրոնական իշխանության անկատարության և բազմիշխանության համատեքստում։

Ի դեպ, նշենք, որ Բաքվի և Թիֆլիսի միջև երկաթուղային հաղորդակցության արգելափակման պատճառով Բաքվում կուտակված մնացին ավստրո-գերմանական ռազմաճակատից տուն վերադարձող հազարավոր հայ զինվորներ, որոնք Հայոց ազգային խորհրդի որոշմամբ կանոնավոր զորմասերի ձևավորումից հետո պետք է մասնակցեին կովկասյան ճակատի պաշտպանությանը։ Սակայն Բաքվում ի վերջո կազմավորվեցին հայկական երկրորդ պահեստային գունդը և Համազասպի գլխավորությամբ երեք հազար հոգուց բաղկացած հայկական կամավորական գումարտակը։ Մնալով այնտեղ՝ այդ զորմասերը մեծ դեր կատարեցին Բաքվի պաշտպանության ժամանակ։

Օգտագործված աղբյուրներ․

T․Swietochowski. Russian Azerbaijan, 1905-1920: The Shaping of a National Identity in a Muslim Community, Cambridge, 2004

F․ Kazemzadeh, The struggle for Russian Azerbaijan, 1918-1920, Stanford, 1947

Վ․Մելիքյան, Ելիզավետպոլի և Շամխորի իրադարձությունները Անդրկովկասում իշխանության հիմնահարցի համատեքստում (1917 թ. նոյեմբեր–1918թ. փետրվար), Պատմա-բանասիրական հանդես, № 2, 2014

“Бакинский Рабочий”, №№ 30 и 31, 1918

Статья С. Едиевского, Шамхорская трагедия (рассказ очевидца)// Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ․(փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Ե․, 2003

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---