Ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական առաջին պլանշետը

Ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական առաջին պլանշետը (վիդեո)

ArmTab-ը բացում է իր գաղտնիքները

Մերգելյանի անվան իստիտուտում գտնվող ազատ տնտեսական գոտում իր գործունեությունն է ծավալել Technology & Science Dynamics (TSD) ընկերությունը, որի գործարանում սկսվել է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրությունը։ Վերջերս ՀՀ կառավարության «Մեկ երեխա – մեկ համակարգիչ» ծրագրի շրջանակներում ընկերությունը ներկայացրեց իր ArmTab TSD Wide A1004T ուսումնական պլանշետը, որը ընկերության արտադրատեսակների երկար ցուցակում միայն առաջին սարքն է։

PanARMENIAN.Net - Հայկական պլանշետի հետ առավել մոտ ծանոթության համար PanARMENIAN.Net ը ուսումնասիրեց այն ու կիսվում է տպավորություններով՝ տուփի դիզայնից մինչև աքսեսուարներ։

Տուփը

Թերեւս, սկսենք տուփից։ Հաշվի առնելով, որ ներկայացված մոդելն ուսումնական է, տուփի դիզայնի մշակման մեջ անմիջական մասնակցություն են ունեցել դպրոցականները։ 2015 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց «Մեկ երեխա – մեկ համակարգիչ» ծրագիրը, որի շրջանակում Ծրագրով հաստատված ArmTab պլանշետները տրամադրվեցին Վայոց Ձորի մարզին։

«Մեկ երեխա – մեկ համակարգիչ» ծրագրի իրականացման ընթացքում TSD ընկերությունը հայտարարել էր նկարչական մրցույթ մարզի 1-4-րդ դասարանի սաների շրջանակում։ Լավագույն աշխատանքները և գաղափարները օգտագործվել են դպրոցականներին տրամադրվող պլանշետների տուփերի դիզայնի նպատակով։

Տուփի մեջ, բացի սարքից, ստանդարտ USB-լարն է՝ այլ սարքերի միանալու համար, լիցքավորման ադապտերն ու պլանշետի հետ առաջին ծանոթության համար անհրաժեշտ ուղեցույցը։

Ծրագրային ապահովումը

Սարքն աշխատում է Android 4.4.2 Kitkat օպերացիոն համակարգով։ Դեռ 2013թ-ին անոնսավորված օպերացիոն համակարգը եկել էր փոխարինելու Jelly Bean-ին։ Համակարգի մշակման ընթացքում Google-ի մասնագետները նպատակ էին դրել առավել ունիվերսալ դարձնել Android-ի ֆունկցիոնալությունը՝ թույլ տալով անգամ թույլ ապարատներին լիարժեք օգտագործել սոֆթի բոլոր հնարավորությունները։

Իհարկե, արդեն իսկ գոյություն ունեն նոր՝ Lollipop ու Marshmallow տարբերակները, սակայն ուսումնական պլանշետի համար Android 4.4.2 Kitkat-ը լավագույն ընտրությունն է․ այն ապահովում է ամբողջական ֆունկցիոնալությունը՝ նվազագույնի հասցնելով «կախելու» հավանականությունը։

«PAROONAK» հայկական հավելվածը

Դեռևս անցյալ տարի TSD թիմն, առաջնորդվելով «Ժամանակն է հայկականի» կարգախոսով, նախաձեռնեց հայ անվանի դասականներից մի քանի աշխատանքների թվայնացման և մշակման գործընթացը՝ արդյունքում վերածելով դրանք բջջային սարքարվորումների հեռախոսազանգերի։ Նախնական նպատակն էր հեռախոսազանգերը օգտագործել TSD ընկերության արտադրանք ArmTab պլանշետում և ArmPhone բջջային հեռախոսներում։ 2015թ-ին ներկայացվեց լիովին նոր՝ «Paroonak» նախագիծը, որի նպատակն է համախմբել և մեկ հարթակում ներկայացնել հայկական հավելվածները, խաղերը, հեռախոսազանգերն ու պաստառները։

«Paroonak» նախագիծը հայ սպառողին է ներկայացրել դեռևս չորս հեղինակի՝ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի և Ստեփան Էլմասի գործերից մի քանիսի հիման վրա մշակված հեռախոսազանգերը։ Արդեն իսկ համագործակցություն է ծավալվել ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ, իսկ հավելվածում կլինեն նաև Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց ստեղծագործությունները։ Հեռախոսազանգերը հնարավոր է ներբեռնել Apple-ի iTunes-ից, ինչպես նաև Google-ի Play Store-ից։

Դիսփլեյը

10․1 դյույմ, կամ 26 սանտիմետր անկյունագծով հեղուկ-բյուրեղային էկրանը չափերով համեմատելի է հռչակավոր Samsung Galaxy Note 10.1 պլանշետի հետ։

Սակայն, ի տարբերություն վերջինի, էկրանի խտությունն ArmTab-ի դեպքում կազմում է 1920x1200 (Samsung-ի պարագայում խտությունը կազմում է 1280x800): Էկրանի կողմերի հարաբերակցությունը 16:9-է, իսկ Multi-touch թաչսքրինը կարողանում է վերահսկել հպման 10 կետեր։

Ապարատային մասը

Սարքի «սիրտը» 1․5 ԳՀց Rockchip 3188, Cortex-A9 quad-core պրոցեսորն է, օպերատիվ հիշողությունը՝ 2 ԳԲ (DDR3), մշտական հիշողությունը՝ 16 ԳԲ։

Սա միջին կատեգորիայի պլանշետների համար բավականին պոպուլյար պլատֆորմ է, որն իրեն տարիների ընթացքում դրական է դրսեւորել՝ ապահովելով անհրաժեշտ աշխատունակություն։ Նույն վերոնշյալ Samsung Galaxy Note 10.1 պլանշետի ARM Cortex-A9 պրոցեսորի տակտային հաճախականությունը 1․4 ԳՀց- է։

Տեսախցիկները

Դիմային տեսախցիկի մատրիցայի թողունակությունը 2 մեգապիքսել է, իսկ հիմնականինը՝ 5 մեգապիքսել։

Ստորև ներկայացված են պլանշետի հիմնական տեսախցիկով արված լուսանկարները։ Նույն տեսախցիկով պատրաստված տեսանյութին կարող եք ծանոթանալ հոդվածի վերջում։

Կուտակիչը և այլն

8000 մԱժ լիթիում-իոնային կուտակիչը ավելի հզոր է, քան Samsung Galaxy Note 10.1-ի դեպքում (7000 մԱժ), սարքի քաշը կազմում է 600 գրամ։ ArmTab TSD Wide A1004T-ն ունի նաև բոլոր անհրաժեշտ մոդուլները՝ Wi-F i 802.11 a/b/g /n, Bluetooth 4.0, GPS, ինչպես նաև՝ 3.5mm ականջակալների մուտք, Micro SD ու Micro USB։

Եզրակացություն

ArmTab TSD Wide A1004T ուսումնական պլանշետը բոլոր ցուցանիշներով համապատասխանում է միջին դասի լավագույն ներկայացուցիչների շարքին։ Պրակտիկ ու ֆունկցիոնալ սարքը լավ ընտրություն է ոչ միայն կրթական հաստատություններում երեխաների ուսուցման պրոցեսի կազմակերպման, այլև սովորական ամենօրյա օգտագործման համար՝ ունենալով ժամանակակից պլանշետի բոլոր հնարավորությունները։

Ընկերությունը արդեն իսկ սկսել է նաև Windows 10 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետի արտադրությունը, իսկ մայիսին շուկայում կհայտնվի առաջին ArmPhone հայկական սմարթֆոնը։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան / Pan Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---