Դրոնների մեծ պատերազմը

Դրոնների մեծ պատերազմը

Ղարաբաղյան հակամարտության ընթացքում օգտագործված անօդաչուները

2016-ի ապրիլի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թեժ մարտեր բռնկվեցին, որոնք աննախադեպ էին 1994 թ. հրադադարից ի վեր: Ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակման փորձ ձեռնարկեց` գրեթե ամբողջությամբ կիրառելով իր ռազմական արսենալը: Բախումների ժամանակ ադրբեջանական կողմը կիրառեց նաև մարտական անօդաչու սարքեր, որոնց մի մասը ոչնչացվել է ԼՂՀ զինված ուժերի կողմից: Եղան նաև զոհեր` իսրայելյան արտադրության կամիկաձե անօդաչու IAI Harop սարքը հարված հասցրեց կամավորներին տեղափոխող ավտոբուսին, որի արդյունքում 7 մարդ զոհվեց:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը մարտական գործողությունների վերաբերյալ հաղորդագրությունների, ինչպես նաև բաց աղբյուրներից տեղեկությունների հիման վրա ներկայացնում է անօդաչու սարքերը, որոնք առկա են Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի զինանոցում:

Հայաստանը զինված է սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերով: Խոսքը «Կռունկ» և «Բազե» անօդաչուների շարքի մասին է:

Հայտնի է, որ «Կռունկը» թողարկվում է մի քանի մոդիֆիկացիաներով: Առաջին «Կռունկ 25-1»-ը, որն ամենամեծն է, կարող է մինչև 20 կգ օգտակար բեռ տանել: Սարքի միջին արագությունը 110 կմ/ժ է, առավելագույն արագությունը` 140 կմ/ժ: Թռիչքի առավելագույն տևողությունը 210 րոպե է, գործողության շառավիղը` 150 կմ, ընդ որում տեսաազդանշանը փոխանցվում է մինչև 100 կմ հեռավորության վրա գտնվող հրամանատարական կետ: Թռիչքի աշխատանքային բարձրությունը 500-3000 մ է, առավելագույն բարձրությունը` 4000 մ:

«Կռունկ 25-2» ԱԹՍ` առջևի պլանում

«Կռունկ 25-2» ԱԹՍ-ն կարող է մինչև 15 կգ ծանրության օգտակար բեռ կրել: Սարքի հիմնական բնութագրերը մոտ են «Կռունկ 25-1»-ին` միջին արագությունը` 110 կմ/ժ, առավելագույն արագությունը` 140 կմ/ժ: Անօդաչուն կարող է օդում գտնվել մինչև 210 րոպե: Այս դեպքում ավելի փոքր է գործողության շառավիղն ու տեսաազդանշանի փոխանցման հեռավորությունը` մինչև 100 կմ: Թռիչքի աշխատանքային բարձրությունը 500-3000 մ է, թռիչքի առավելագույն բարձրությունը` 3500 մ:

«Կռունկ 25-1» ԱԹՍ և «Բազե»

Հայկական արտադրության մյուս անօդաչուն` «Բազեն», փոքր անօդաչու թռչող սարքերի դասին է պատկանում: Սարքի քաշը 5,5 կգ է, այն կարող է կրել 1,5 կգ օգտակար բեռ: Սարքի միջին արագությունը 80 կմ/ժ է, առավելագույն արագությունը` 100 կմ/ժ: Անօդաչուն կարող է մոտ մեկ ժամ օդում լինել, գործողության շառավիղը 30 կմ է: Թռիչքների աշխատանքային բարձրությունը` մինչև 2000 մ է, առավելագույն բարձրությունը` 3000 մ:

Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, սեփական արտադրության անօդաչու սարքեր չունի և օգտագործում է Իսրայելի արտադրության սարքերը, (դրանց մի մասն, այնուամենայնիվ, հավաքվում է Բաքվում): Խոսքը մասնավորապես Orbiter և Aerostar մոդելների մասին է:

Ինչպես արդեն նշվել է, ապրիլյան բախումներում ադրբեջանական կողմն ակտիվորեն կիրառել է իսրայելյան արտադրության IAI Harop կամիկաձե անօդաչու թռչող սարքերը: Ընդ որում, Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալներում տեղեկություններ դրա ձեռք բերման վերաբերյալ չկան: Harop սարքը հակատեղորոշիչ Harpy ԱԹՍ-ի ավելի մեծ տարբերակն է, որի երկարությունը 2,2 մ է, իսկ թևի բացվածքը` 3,0 մ: Այն գործարկվում է ցամաքային կաm ծովային տեղակայման տրանսպորտային գործարկման կոնտեյներից և կարող է օդում գտնվել պարեկության ռեժիմով` մինչև 6 ժամ: ԱԹՍ նպատակն է թռիչքը մեծ բարձրության վրա, համապատասխան թիրախի ինքնուրույն հայտնաբերումը և դրա ոչնչացումը թիրախի հետ բախման միջոցով: Թիրախը խոցելու համար օգտագործվում է սարքում առկա պայթուցիկ նյութը: Թռիչքի հեռավորությունը 1000 կմ ավելի է, արագությունը` 185 կմ ժամում:

IAI Harop անօդաչու սարք. Լուսանկարը` Julian Herzog, Wikimedia Commons

Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանն օգտագործել է նաև մարտավարական ThunderB ԱԹՍ-ն, դրանցից մի քանիսը խոցվել են ԼՂՀ ՊԲ հակաօդայինների կողմից: Թռիչքի մեծ տևողություն ունեցող իսրայելյան սարքը կշռում է մոտ 28 կգ և նոր տեղ է զբաղեցնում մարտավարական ԱԹՍ-ների շարքում, քանի որ ունի այն բնութագրերը, որոնք մինչ այդ ունեին ավելի քան 180կգ կշռող սարքերը: ThunderB ԱԹՍ-ի կառավարման համար պահանջվում է 2-3 մարդ, թռիչքը կատարվում է էլաստիկ կատապուլտից, վայրէջքը` պարաշյուտի և պաշտպանիչ բարձի միջոցով: Թռիչքի տևողությունը 24 ժամ է, կառավարման հեռահարությունը` 150 կմ:

BlueBird ThunderB. Լուսանկարը`AUS&R 2015 համաժողովից

Նույն տեսակի անօդաչու՝ խոցված ԼՂՀ ՊԲ կողմից

Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալներով, Ադրբեջանը 2008 թ. Orbiter 2M տիպի 36 ԱԹՍ է պատվիրել իսրայելյան Aeronautics ընկերությանը` վճարելով 15 մլն դոլար: ԱԹՍ-ներն Ադրբեջան են առաքվել 2011-2012 թվականներին: Ըստ արտադրողի տվյալների, այդ դրոնը գործում է 100 կմ շառավիղով, օդում կարող է գտնվել մոտ 4 ժամ, և կրում է 1,5 կգ օգտակար բեռ:

Orbiter 2M. Լուսանկարը` արտադրող ընկերության

Նույն, 2008 թ., ըստ Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի, Ադրբեջանը պատվիրել է Իսրայելին Aerostar տիպի 30 ԱԹՍ, որոնք առաքվել են 2011-2012 թթ.: Անօդաչու սարքի գործողության շառավիղը 250 կմ է, թռիչքի տևողությունը` 12 ժամ, առավելագույն օգտակար բեռը` մինչև 50 կգ:

Aerostar, լուսանկարը` Ի.Կորոտչենկոյի

Հնարավոր այլ գնումներ

Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալների համաձայն, գնվել է Hermes 450 տիպի 2 ԱԹՍ 20 մլն դոլարով և Heron-1 տիպի 16 սարք 300 մլն դոլարով, սակայն այս տվյալները փաստացի որևէ կերպ հաստատված չեն: Հակամարտության կողմերի զինանոցներում կարող են լինել նաև այլ ԱԹՍ-ների նմուշներ: Մասնավորապես, 2011-ին ԼՂՀ ՀՕՊ ուժերը խոցել են ադրբեջանական անօդաչու սարք, որը հիշեցնում է մի քանի այլ ԱԹՍ-ների «հիբրիդ»: Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն խոցված անօդաչու սարքի մասին Բաքուն անցած տարիներին չի հրապարակել:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Ինչպես հայ գիտականը ստեղծեց կրիպտոարժույթը պաշտպանող ալգորիթմը
Հայկական 3 ստարտափ՝ միաեղջյուր դառնալու ճանապարհին
 Ուշադրության կենտրոնում
Google-ում, Facebook-ում տեղադրվող գովազդներն ուզում են հարկել

Google-ում, Facebook-ում տեղադրվող գովազդներն ուզում են հարկել Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի

 Բաժնի այլ նյութերը
Մարդիկ պետք է տեսնեն գերազանցիկների, ոչ թե «շուստրիների» միլիոնատեր դառնալը Codesignal-ի համահիմնադիրը` սխալների ու MIT միակ առավելության մասին
Zoom-ն ապահով չէ Ինչով փոխարինել հայտնի հավելվածը
Կորոնավիրուսը՝ համակարգչի «աչքերով» Հայերը բժշկի գործը թեթևացնող գործիք են ստեղծում