Պատերազմի կանոնները հակամարտող կողմերի համար

Պատերազմի կանոնները հակամարտող կողմերի համար

Ինչ է իրենից ներկայացնում Ժնևի կոնվենցիան

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1949 թ. Միջազգային կարմիր խաչի հովանու ներքո ստորագրվեց Ժնևի կոնվենցիան` ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության վերաբերյալ:

PanARMENIAN.Net - Կոնվենցիան վավերացրել է 196 երկիր: Սա հզոր «նախագիծ էր», որը կոչված էր սահմանափակելու մարդկանց տառապանքները զինված հակամարտությունների ժամանակ:

Որքանո՞վ է գործում այդ կոնվենցիան այսօր: Կյանքը ցույց է տալիս, որ պատերազմող կողմերը դրա կանոնները, որոշ բացառություններով, չեն կիրառում: Սիրիայի, Եմենի, Մալիի, Կոտ դ’ Իվուարի, Իրաքի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում պատերազմի մարտավարությունը շատ հաճախ ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են պաշարումը, հարձակումները հիվանդանոցների վրա, սեռական բռնությունը խաղաղ բնակչության շրջանում և ռազմագերիների գնդակահարությունը:

Ուստի հարց է առաջանում` որքանո՞վ է ակտուալ կոնվենցիան ժամանակակից պատերազմի պայմաններում, քանի որ այդ դրույթները գրվել են դեռ այն ժամանակ, երբ պատերազմներն ամբողջ բանակներ էին վարում մարտի դաշտերում: Իսկ ժամանակակից պատերազմի թատերաբեմը կարող է լինել, օրինակ, ջրամատակարարման ինչ-որ կառույցի հարևանությամբ, որով ջուր է մատակարարվում բնակչությանը, դպրոցներին, հիվանդանոցներին` այդ ամենը կոնվենցիայի կոպիտ խախտում է, այդ գործողությունները համարվում են ռազմական հանցագործություն, որոնց համար պատիժ է նախատեսված որպես մարդկության դեմ հանցագործությունների:

Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր երկիր պարտավոր է հետախուզել Կոնվենցիայի դրույթները խախտող անձանց և դատել նրանց անկախ նրանց քաղաքացիությունից:

1993 թ. ՄԱԿ ԱԽ-ն ներառեց կոնվենցիան միջազգային իրավունքի սովորական նորմերի ցանկում` կատարման համար պարտադիր դարձնելով փաստաթուղթը ոչ միայն այն ստորագրած երկրների, այլև ռազմական հակամարտության մասնակից ցանկացած երկրի համար:

Ժնևի կոնվենցիան մշակվել է այն ժամանակ, երբ կողմերը եկել են փոխադարձ պայմանավորվածության: Բայց երբ շահավետ չէ, նաև չի լինում փոխգործակցության շահագրգռվածություն, ինչը հանգեցնում է կոնվենցիայի ուժային միակողմանի կատարմանը, (օրինակ, Կոսովոյի դեպքում, երբ այդ կոնվենցիայի կանոնները տարածվեցին միայն Սերբիայի վրա, իսկ Կոսովոյի ալբանացիների հանցագործությունները «հաշվի չառնվեցին»), կանոնների երկկողմանի խախտման (օրինակ, իրանա-իրաքյան հակամարտությունը) կամ էլ միակողմանի չկատարմանը (օրինակ, Ադրբեջանի գործողությունները ղարաբաղյան հակամարտության ամբողջ ընթացքում): Ինչ իմաստ կա գործել ըստ կանոնների, եթե ձեր թշնամին դա չի անելու:

Այսպես թե այնպես Ժնևի կոնվենցիան պատերազմելու կանոնների մասին հզոր իրավաբանական գործիք է, որի նպատակն է նվազագույնի հասցնել մարդկանց տառապանքները պատերազմի ժամանակ:

Ժնևի կոնվենցիայի հիմնական դրույթները.

Ժնևի կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են տարբերակել քաղաքացիական բնակչությանն ու ռազմական գործողությունների անմիջական մասնակիցներին` ապահովելու համար քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների պաշտպանությունը: Արգելված են ինչպես հարձակումները քաղաքացիական բնակչության վրա ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին խաղաղ բնակիչների վրա:

Գրոհները պետք է ուղղվեն միայն ռազմական օբյեկտների վրա: Անձինք, որոնք չեն մասնակցում կամ դադարել են մասնակցել ռազմական գործողություններին, այդ թվում ռազմագերիները, իրավունք ունեն, որ հարգվի իրենց կյանքի իրավունքը, ինչպես նաև ունեն ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության իրավունք: Այդ մարդկանց պաշտպանությունն ու մարդասիրական վերաբերմունքը նրանց հանդեպ պետք է ապահովվի բոլոր հանգամանքներում, առանց որևէ խտրականության:

Արգելվում է սպանել կամ վիրավորել հակառակորդին, որը գերի է հանձնվել կամ այլևս չի կարող մասնակցել մարտական գործողություններին:

Արգելված է նաև այնպիսի զենք կիրառել կամ մարտական գործողություններ վարելու այնպիսի մեթոդներ կիրառել, որոնք կարող են անհարկի կորուստներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել:

Պահանջվում է բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին և հիվանդներին, անկախ նրանից, թե հակամարտության որ կողմին են նրանք դասվում: Անհրաժեշտ է ապահովել բուժանձնակազմի և բուժհաստատությունների, ինչպես նաև նրանց տրանսպորտի և սարքավորումների պաշտպանությունը:

Կարմիր խաչի կամ մահիկի պատկերը սպիտակ ֆոնին այդ պաշտպանության նշանն է: Այդ տարբերանշանն օգտագործող մարդիկ և օբյեկտները չեն կարող հարձակման ենթարկվել: Միևնույն ժամանակ չի կարելի տարբերանշանն օգտագործել ոչ իրավաչափ:

Ռազմական գործողությունների գերեվարված մասնակիցները և քաղաքացիական անձինք, որոնք հայտնվել են հակառակորդի իշխանության տակ, կյանքի պահպանման, արժանապատվությունը հարգելու, անձնական իրավունքների պաշտպանության ու համոզմունքների (քաղաքական, կրոնական և այլ) իրավունք ունեն: Նրանք պետք է պաշտպանված լինեն ցանկացած բռնի գործողությունից և հետապնդումից: Նրանք ունեն ընտանիքի հետ նամակագրական կապ ունենալու և օգնություն ստանալու իրավունք: Յուրաքանչյուր մարդու պետք է տրվեն հիմնական դատական երաշխիքներ:

Կոնվենցիան ստորագրած երկիրը պարտավորվում է դատի տալ այն անձանց, որոնք խախտում են Կոնվենցիայի դրույթները:

Կոնվենցիան դադարեցնում է իր գործողությունը գրավյալ տարածքում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց միայն:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---