Տղամարդու և կնոջ ուղեղ

Տղամարդու և կնոջ ուղեղ

Էական տարբերություններ չկան

Դեռ 10-20 տարի առաջ բուռն բանավեճ էր ընթանում տղամարդկանց և կանանց բնորոշ մտածելակերպի թեմայով: Սակայն, այն ժամանակ գլխուղեղի ուսումնասիրության առավել կոպիտ մեթոդներ էին ընդունված:

PanARMENIAN.Net - Հիմա, երբ ուղեղի մասին գիտությունն ավելի շատ տեղեկատվություն է հավաքել, դա որոշ չափով ապակողմնորոշում է և խանգարում է միանշանակ եզրակացություններ անել` «լղոզելով» ընդհանուր պատկերը:

Ընդհանուրն ու մասնավորը

Ո՞ւմ ուղեղն է ավելի լավը: Կարևորն այն է, որ բավականաչափ տարբերություններ կան, սակայն, այնքան էլ պարզ չէ, թե որքանով են դրանք նշանակալի վիճակագրական առումով, քանի որ, հաճախ, հետազոտություններն անցկացվում են, օրինակ, փոքր ընտրության պայմաններում, իսկ անհատական տարբերությունները կարող են ավելի շատ լինել, քան միջսեռայինները: Եվ հետո, այնքան էլ հասկանալի չէ, թե այդ տարբերություններից որոնք են նշանակալի, որոնք` ոչ: Ուղեղը ոչ միայն մտածում է, այն նաև անդադար մշակում է զգայարաններից ու մարմնից եկող ինֆորմացիան, իսկ մենք միշտ չէ, որ դա գիտակցում ենք: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ Ճակատային ստորին ծալքի մեծությունը հանգեցնի նրան, որ ինչ-որ տարբերություն զգացվի վարքագծում կամ մտավոր կարողություններում:

Եթե վերցնենք գլխուղեղի ցանկացած անատոմիական առանձնահատկություն, ապա, հավանաբար, մենք չենք կարողանա գտնել, թե ինչի վրա է այն ազդում: Կան տարբերություններ, որոնց մասին մենք ենթադրում ենք, որ դրանք ազդեցություն ունեն: Անհնար է a priori ասել, որ ինչ-որ մեկի ուղեղն ավելի լավն է, քանի որ տարբերություններ կան տասնյակ բաժիններում: Սակայն, ինչ-որ սկզբունքներ ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ, կարելի է առանձնացնել: Եթե մենք, օրինակ, ասում ենք, որ տղամարդու ուղեղն ավելի մեծ է, ապա, այո, դա իրոք այդպես է: Տղամարդկանց գլխուղեղի քաշը 1345 գրամ է, կանանց ուղեղի միջին քաշը 1222 գրամ: Սակայն, հասկանալի է, որ մենք խոսում ենք միջինի մասին, իսկ անհատական տարբերությունները կարող են շատ մեծ լինել: Եթե վերցնենք անհատ կնոջ, ապա, միանգամայն հավանական է, որ նրա ուղեղն ավելի մեծ կարող է լինել, քան անհատ տղամարդու ուղեղը: Երկրորդը` չկա ուղիղ կապ ուղեղի չափի և մտավոր կարողությունների միջև, հակառակ դեպքում փղերը մեզանից խելացի կլինեին: Փոխարենը կնոջ ուղեղն ավելի մեծ է մարմնի ընդհանուր քաշի համեմատ: Կնոջ ուղեղում ավելի լավ է կատարվում արյան շրջանառությունը և ավելի շատ է մոխրագույն զանգվածը: Բացի այդ, ուղեղի գործառույթների դրսևորումը դինամիկ իրավիճակ է, այն փոխվում է կյանքի ընթացքում, ինչպես նաև պայմանավորված է կենսաքիմիկորեն: Կիսագնդերի բալանսը կախված է էնդոկրինային ստատուսից: Եթե, օրինակ, թեստավորենք կնոջ գլխուղեղը մեկ ամսվա ընթացքում, ապա ցիկլի տարբեր օրերին արդյունքները տարբեր կլինեն, երբեմն` հակադիր, նույն թեստերի անցկացման դեպքում: Այսինքն, կինը ոչ միայն տղամարդուց է տարբերվում, նա տարբերվում է նույնիսկ ինքն իրենից:

Համաշխարհային ճանաչված մասնագետները գալիս են այն եզրակացության, որ ուսումնասիրում են անհատ տվյալներ և չեն ընկնում վիճակագրության ետևից:

Կարելի է ասել այսպես. գոյություն ունեն վարքագծի պայմանական արական և իգական տիպեր, կա տղամարդուն և կնոջը հատուկ մտածելակերպ: Դա այն է, ինչ հոգեբանները կոչում են կոգնիտիվ ոճ, տեղեկատվության մշակման տարբեր եղանակներ, որոնք կարող են բնորոշ լինել ինչպես կնոջը, այնպես էլ տղամարդուն: Գիտնականների վերջին եզրակացությունները

Մի խումբ նյարդաֆիզիոլոգներ Իսրայելից, Գերմանիայից, Շվեյցարիայից ու ԱՄՆ-ից 1400 տղամարդկանց և կանանց գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի տվյալների վերլուծության հիման վրա եկել են այն եզրակացության, որ չկան այս կամ այն սեռին բնորոշ կենտրոնական նյարդային համակարգի առանձնահատկություններ: Յուրաքանչյուր անհատի ուղեղը մի «խճանկար է», բաղկացած ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հատուկ գծերից, որոնք հանդիպում են երկու սեռերի մոտ: Աշխատությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում:

Հետազոտողները նպատակ էին դրել ի հայտ բերել սեռի հետ կապված գլխուղեղի առանձնահատկությունները: Գլխավոր հարցը, որի պատասխանը մտադիր էին ստանալ գիտնականները, այն է, թե կարելի է արդյոք խոսել «կնոջ» ուղեղի և «տղամարդու» ուղեղի մասին: Դրական պատասխան հնարավոր կլիներ տալ միայն այն դեպքում, եթե հայտնաբերվեր հատկությունների համախումբ, որոնք, օրինակ, գերակշռող չափով բնորոշ կլինեին միայն կնոջ ուղեղին և կունենային որոշակի ներքին կոնսիստենտություն` միշտ փոխկապակցված և միասին դրսևորվող: Գտնելու համար այդպիսի հատկություններ և սեռով պայմանավորված այդպիսի համախմբեր` նյարդաֆիզիոլոգներն ամփոփել են 4 տարբեր համալսարաններում անցկացված տասը հետազոտությունների տվյալները, որոնք ներառում են գլխուղեղի կեղևի տարբեր հատվածների հաստության վերլուծությունը, ուղեղի ընդհանուր ծավալն ու նրա բաժինների ծավալը: Ստացված արդյունքները գիտնականները հաստատեցին 1000 կոնեկտոմի լրացուցիչ հետազոտմամբ` տղամարդկանց ու կանանց կենտրոնական նյարդային համակարգերի տրակտոգրաֆիայի եղանակով ստեղծված կապերի կառուցվածքի ամբողջական նկարագրությամբ:

Պարզվել է, որ ուսումնասիրված 116 տարածաշրջանից միայն 10-ում զգալի անատոմիական տարբերություններ կան կանանց ու տղամարդկանց միջև: Հետագայում ստացված քանակական գնահատականների հիման վրա կազմվեց բաշխումը: Պարզվեց, որ անատոմիական զգալի տարբերություններ են նկատվել բոլոր ուսումնասիրված նյարդային համակարգերի միայն 28 տոկոսում, ընդ որում ներքին կոնսիստենտությունը (անատոմիական տարբերությունների միաժամանակյա դրսևորում 8-10 գոտում) նկատվել է անհատների միայն 5,8 տոկոսի մոտ: Նույն կերպ են ուսումնասիրվել նաև մյուս բոլոր տվյալները:

Ի վերջո նյարդաֆիզիոլոգները եկան հետևյալ եզրակացության` կնոջ և տղամարդու ուղեղների անատոմիական մորֆոլոգիական կառուցվածքում տարբերություններ կան, սակայն չկան որոշիչ հատկանիշներ կամ դրանց կոմբինացիաներ, որոնք թույլ կտային խոսել սպեցիֆիկ «տղամարդու» և սպեցիֆիկ «կնոջ» ուղեղի մասին: Նույնիսկ եթե նյարդային համակարգի բոլոր առանձնահատկությունները միասնական կոնտինուումի մեջ ընդգրկվեն, որտեղ մի բևեռում կանայք կլինեն, մյուսում` տղամարդիկ, մենք չենք հայտնաբերի բնութագրերի զգալի շեղում այս կամ այն բևեռի ուղղությամբ: Այլ կերպ ասած, կան ուղեղի առանձնահատկություններ, որոնք առավել հաճախ են հանդիպում կանանց մոտ, կամ տղամարդկանց, սակայն և մեկը, և մյուսը կարող են արտահայտվել նաև հակառակ սեռի մոտ: Միևնույն ժամանակ այդպիսի հատկանիշների կայուն համախումբ գործնականում գոյություն չունի:

Ավելի վաղ համարվում էր, որ տղամարդկանց մոտ ավելի սերտ են կապերը նույն կիսագնդի առջևի և հետին բաժինների միջև, իսկ կանանց մոտ` կապը երկու կիսագնդերի միջև: Նոր հետազոտությունը հարցականի տակ է դնում նման կտրուկ զատումը: Հեղինակների կարծիքով, չի կարելի խոսել գլխուղեղի մասին «իգական/սեռական» բինար տերմիններով, քանի որ ցանկացած անհատի ուղեղ դա երկու սեռին բնորոշ հատկությունների «խճանկար է», սակայն, տարբեր չափի դրսևորումներով:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---