Սարոյանն ընդդեմ Հեմինգուեյի

Սարոյանն ընդդեմ Հեմինգուեյի

Նույն դարաշրջանի երկու գրողի դիմակայությունը

1934-ին լույս տեսավ Ուիլյամ Սարոյանի առաջին գիրքը, որը հարուցեց Էռնեստ Հեմինգուեյի վրդովմունքը` նրան վիրավորել էին Սարոյանի արտահայտություններն իր հասցեին «70 հազար ասորիներ» պատմվածքում: 1935թ. Esquire-ի հունվարյան համարում Հեմինգուեյը կոպիտ հոդված հրապարակեց Սարոյանի մասին:

PanARMENIAN.Net - Սակայն Հեմինգուեյի քննադատությունը, որն այն ժամանակ արդեն հայտնի գրող էր, պահաջված ու հեղինակավոր, չխոչընդոտեց Սարոյանի մուտքը գրական ասպարեզ, ավելի շուտ`կանխագուշակեց. «Անցած շաբաթ ամերիկյան ասպարեզում նոր գրող հայտնվեց: Առաջին հայացքից, ափի մեջ տեղավորվող, ոչ ավելին, այդ հետաքրքիր երևույթը եղանակի փոփոխություն է խոստանում, իսկ գուցե նաև ցիկլոն»,-ասվում էր Time հանդեսի հոդվածում, որն անսխալ կերպով կարողացավ զատել Սարոյանի յուրահատուկ ոճը:

«Նոր հնչեղ անուն կարճ պատմվածքի ժանրում` ՍԱՐՈՅԱՆ: Արդեն տարիներ շարունակ կարճ պատմվածքի հեղինակներից ոչ մեկն այդպիսի համընդհանուր հետաքրքրություն և աշխուժություն չէր առաջացրել: Նա ամենաքննարկվող և պահանջված երիտասարդ գրողն է Ամերիկայում: Նրա տաղանդը նույնքան վառ է, որքան Ֆոլկներինը, Դրայզերինը և Լարդներինը»,-այսպես էր ազդարարել հրատարակչություններից մեկը Սարոյանի առաջին գրքի հրատարակումը:

Նշվում էր, որ Սարոյանի ստեղծագործություններում բացակայում է սյուժեն և դա, հավանաբար, կզարմացնի ընթերցողին, որը դաստիարակված է կարճ պատմվածքի հին ավանդույթների վրա:

Սարոյանի ազդեցությունը XX դարի 30-40-ականների ԱՄՆ գրական կյանքի վրա այնքան հզոր էր, որ նա դարձավ որոշակի հայացքների, արժեքների, փիլիսոփայության մանրմնացումը: Մեծ դեպրեսիայի տարիներին նրա անսպառ կենսախնդությունն օգնում էր հուսահատ մարդկանց: Հենրի Միլլերը հրավիրում էր նրան աշխատելու համատեղ նախագծերում, իսկ Չարլզ Բուկովսկին և Ջեկ Քերուակը ներշնչվում էին նրա ներքին ազատությամբ: Սարոյանը դարձավ երևույթ: Գեղարվեստական ստեղծագործություններից շատերում հեղինակները հիշատակում են նրան որպես ժամանակի խորհրդանիշ: Սակայն Հեմինգույեը «սվիններով» դիմավորեց նոր հեղինակին:

«Հեմինգուեյի հերոսները, կյանքի հետ մարտնչելով, անպարտ են մնում, իսկ Սարոյանի հերոսները` հաղթանակած են դուրս գալիս»:

Էռնեստ Հեմինգուեյը ներխուժեց համաշխարհային գրականություն որպես նրանցից մեկը, ով գրում էր այսպես կոչված «կորսված սերնդի»` Առաջին աշխարհամարտի բովով անցած երիտասարդների մասին, որոնք կորցրել են սովորական խաղաղ կյանքով ապրելու ունակությունը:

«Չնայած, որ այդ թեմայով անհամար ստեղծագործություններ են գրվել, Հեմինգուեյի ստեղծագործությունները տարբերվում էին ընդհանուր ֆոնին, որի պատճառներից մեկը առանձնահատուկ խառնվածքն է, որով հեղինակն օժտում է իր հերոսներին»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում աել է «Ելակետ» գրական ակումբի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Մասլեննիկովը:

Ըստ նրա, Հեմինգուեյի գրքի հերոսը միշտ այն մարդն է, որն աներեր ընդունում է ճակատագրի հարվածները և առաջ է գնում` չնայած ակնհայտ անհույս իրավիճակին:

«Ինչ-որ բանի համառորեն դիմակայելու թեման, մի բանի, որը հարյուրապատիկ անգամ գերազանցում է իրեն ու անխուսափելի է, կարմիր թելով անցնում է Հեմինգուեյի բոլոր ստեղծագործություններով և հստակ նկատվում է նաև նրա մյուս գործերում, որոնք հեռու են միջպատերազմյան սերնդի խնդիրներից ու թեմաներից»,-ասել է Մասլեննիկովը` հավելելով, որ հենց այստեղ են զուգահեռներ նկատվում Սարոյանի հետ` չէ որ նրա գրքերն էլ են այն մասին, թե ինչպես է հասարակ մարդը տանում անտանելի վիշտը, դիմակայում պատերազմին, հիասթափությանը:

«Միայն թե Սարոյանն ավելի լայն էր նայում այդ ամենին: Նրա գրքերի հերոսներին` բաց, անկեղծ մարդկանց, ոչ միայն հաջողվում է սովորել ապրել այս անհեթեթ ու դաժան աշխարհում, նրանց հաջողվում է հաղթել` պահպանելով հավատը մարդկանց հանդեպ, արդարության հանդեպ, հավատն առ այն, որ «և աշխարհը ավելի լավը կլինի, և մարդիկ»: Այլ կերպ ասած, նրանց հաջողվում է խուսափել հոգու կարծրացումից: Հեմինգուեյի հերոսները, կյանքի հետ մարտնչելով, անպարտ են մնում, իսկ Սարոյանի հերոսները`հաղթանակած են դուրս գալիս »,-կարծում է «Ելակետ» գրական ակումբի անդամը:

Ծանոթացել են Լոնդոնում, կռվել` Փարիզում

1944-ին Հեմինգուեյը հաստատվեց Լոնդոնի «Դորչեսթր» հյուրանոցում և նրա համարն անմիջապես ձգողական կենտրոն դարձավ, ուր գալիս էին գրողներ, ռազմական թղթակիցներ, ֆոտոլրագրողներ: Այստեղ էին Հեմինգուեյի բազում հին ծանոթներն ու ընկերները: Օրերից մի օր «Դորչեսթրի» հյուրերի թվում հայտնվեց նաև Ուիլյամ Սարոյանը, որը եկել եր Էռնեստի կրտսեր եղբոր` Լեսթերի հետ, որի հետ նա ծառայում էր պատերազմական կինովավերագրության մեջ: Սակայն, ոչ լոնդոնյան հանդիպումները, ոչ` փարիզյան, չընկերացրեցին նրանց: Մի անգամ նրանք նույնիսկ կռվել են փարիզյան սրճարաններից մեկում, որտեղ հիմա ցուցանակ է կախված. «Այստեղ կռվել են Հեմինգուեյն ու Սարոյանը»: Սարոյանի և Հեմինգուեյի հարաբերությունները չբարելավվեցին ոչ 10, ոչ 20 տարի անց: Նրանք չէին համակրում մրմյանց: Նրանք հակառակորդներ մնացին մինչև վերջ, սակայն յուրաքանչյուրն ընդունում էր հակառակոդի հանճար լինելը: Սարոյանն ասում էր. «Հեմինգուեյն ամենամեծ անգլալեզու գրողն է: Նա այնպես է գրել, կարծես դա Հին կտակարանն է: Մարդը մտավ քաղաք և դուրս եկավ քաղաքից: Շատերն են փորձել այդքան պարզ գրել, բայց ոչ ոք չի կարողացել»:

Հետաքրքրական է, որ երկուսի ստեղծագործություններում էլ հանդիպում են նմանատիպ մտքեր: Օրինակ, և Սարոյանը, և Հեմինգուեյը գրել են մարդու ոգու հզորության մասին: Հեմինգուեյը «Ծերունին և ծովը» վիպակում գրել է. «Մարդը պարտություն կրելու համար չէ ստեղծված…Մարդուն կարելի է ոչնչացնել, սակայն նրան չի կարելի հաղթել»: Սարոյանը «Մարդկային կատակերգության» մեջ պատմում է, որ եթե ինչ-որ վատ բան է պատահում, դա երբեք վերջը չէ:

Կյանքը բացառություններ չի ճանաչում

«Նա չէր կարողանում հասկանալ և չէր կարող հաշտվել այն մտքի հետ, որ ծերացել է: Կյանքը պետք է ընդունել, և կյանքում պետք է զգալ ամեն ինչ` այդ թվում ծերությունը: Ինձ թվում է, մարդիկ մեռնում են, որովհետև ցանկանում են մեռնել: Չպետք է դրան համաձայնվել: Ես, օրինակ, վաղուց կարող էի մեռած լինել, բայց ահա` ապրում եմ»,-գրել է Սարոյանը Հեմինգուեյի մասին: Ինքն այդպես էլ չհամաձայնվեց մեռնել: Նրա վերջին խոսքերն են եղել. «Բոլորին է վիճակված մահանալ, բայց ես միշտ կարծել եմ, որ ինձ համար բացառություն կանեն: Եվ ի՞նչ»:

1960թ. ծանր հիվանդ Հեմինգուեյը վերադարձավ ԱՄՆ`հաստատվելով Այդահոյում: Նա այլևս չէր կարողանում աշխատել, և դա խորը դեպրեսիայի պատճառ դարձավ: 1961-ին Հեմինգուեյը ինքնասպան եղավ` կրակելով հրացանից:

Ուիլյամ Սարոյանը վախճանվել է 1981-ի մայիսին Ֆրեզնոյում: Մեկ տարի անց նրա աճյունով սափորը հուղարկավորվեց Երևանում` Կոմիտասի անվան պանթեոնում: Այդպես էր գրված գրողի կտակում:

Հասմիկ Վանցյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---