Կանաչ դեսանտ

Կանաչ դեսանտ

Ինչպես է բուսականությունն ապահովում քաղաքների բնապահպանությունը

Բուսականությունը քաղաքների փողոցներում, հիմնականում, ծառերը, սովորաբար ընկալվում են առաջին հերթին մարդու համար քաղաքային միջավայրի բարելավման, հիգիենիկ տեսակետից` փոշու կլանում, աղմուկի նվազեցում, միկրոկլիմայի բարելավում և այլն, ինչպես նաև էսթետիկ տեսանկյունից:

PanARMENIAN.Net - Բույսերը քաղաքում անհրաժեշտ են քաղաքային միջավայրը մարդու կյանքի համար պիտանի դարձնելու տեսակետից: Որքան կանաչ է քաղաքը, այնքան քիչ է արդյունաբերական աղտոտումը բացասաբար ազդում մարդու առողջության վրա:

Որքան շատ են ծառի տերևները, այնքան օգտակար է այն քաղաքի համար` ավելի շատ է ածխաթթու գազ ու փոշի կլանում, նվազեցնում է աղմուկը, թթվածին է արտադրում, խոնավեցնում է մթնոլորտը, մաքրում է այն ախտածին միկրոօրգանիզմներից` արտազատելով կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կոչվում են ֆիտոնցիդներ: Ուստի, բնապահպանի տեսակետից, ծառի խորը էտը բույսին ավելի գեղեցիկ տեսք տալու նպատակով, աննպատակահարմար է: Որքան բարձր ու որքան լայն է տարածվում ծառի սաղարթն, այնքան լավ:

Կանաչ գոտին կարող է շատ նյութեր կլանել` դրանով իսկ կենդանի ֆիլտրի դեր կատարելով: Թունավոր գազերից շատերը կլանվում են տերևների կողմից, մի մասը կուտակվում է պտուղներում, արմատներում, շիվերում, սոխուկներում: Նման կուտակում հնարավոր է մինչև որոշակի սահման, որից հետո բույսն արդեն մեռնում է:

Փոշին ավելի լավ են կլանում կնճռոտ, մազածածկ, կպչուն, ծալքավոր տերևներ ունեցող բույսերը: 1 հեկտար տարածք ունեցող քաղաքային զբոսայգիների և պուրակների բուսականությունը վեգետացիոն շրջանում փոշուց մաքրում է 10-12 մլն խմ օդ և գոլորշացնում է մինչև 3000 տոննա խոնավություն: Փոշու ամենալավ կլանիչներից է համարվում ծփին:

Բույսերի մակերեսից շատ է խոնավություն գոլորշանում: Դա իր ազդեցությունն է ունենում նաև օդի խոնավության և ջերմաստիճանի վրա: Կանաչ բուսականությունը կանոնավորում է օդի խոնավությունը: Լիարժեք կանաչ ծածկույթի 1 հա գրեթե 10 անգամ ավելի շատ է խոնավեցնում օդը, քան նույն մակերեսն ունեցող ջրամբարը: Որքան մեծ է կանաչ գոտին, այնքան շատ է ազդում քաղաքի օդի խոնավության վրա:

Քաղաքային միջավայրում տարածված տարրերից մեկը կապարն է: Այն ակտիվորեն կուտակում են ճանապարհամերձ բույսերը: Կապարը լավ են կլանում դեղին ակացիան, լորենին, կեչին:

Աղտոտումների հանդեպ առավել դիմացկուն են համարվում բարդին (կանադական, բալզամիկ, բեռլինյան), սպիտակ ուռենին, ամերիկյան թխկին, սպիտակ ակացիան, փշատը, յասամանը, կեչին, սովորական ծորենին (բարբարիս), ծփին, ասեղնատերև եղևնին, ցախակեռասը:

Հարկավոր է նկատի ունենալ, որ բերրի հողերում բույսերի բոլոր տեսակներն ավելի կայուն են աղտոտումների հանդեպ, քան սակավահող վայրերում աճողները: Վնասի աստիճանը կախված է նաև նրանց տարիքից: Այդպես, տնկիներն ու նորատունկ բույսերն ավելի են տուժում, քան հասունները:

Ամռանը զբոսայգիների օդը 200 անգամ ավելի քիչ բակտերիաներ է պարունակում, քան փողոցի օդը: Հայտնի է ավելի քան 500 բույս, որոնք ֆիտոնցիդ հատկություններ ունեն: Այդ թվում` կաղնին, սովորական ցախակեռասը, սոճու տեսակները, սովորական եղևնին, թխենին, արոսենին, արևմտյան թույան, սպիտակ ակացիան, սովորական կծոխուրը, լալկան ուռենին, արծաթափայլ բարդին և այլ ծառատեսակներ:

Բուսականությունն ազդեցություն ունի նաև քաղաքի միկրոշրջանի ջերմային պայմանների վրա: Ամռանն օդի ջերմաստիճանը կառուցապատված տարածքներում ավելի բարձր է, քան կանաչապատ գոտում,: Կանաչ բույսերը նվազեցնում են ջերմաստիճանը խոնավության գոլորշիացման և մակերեսի ստվերման հաշվին` նպաստելով օդի կոնվեկտիվ միախառնմանը: Դա բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, հատկապես շոգ ամռանը:

Կանաչապատ տարածքները նպաստում են մշտական օդային հոսքերի առաջացմանը: Այդ հոսքերը կարող են խառնվել և թարմացնել օդը նույնիսկ լիակատար դադարի ժամանակ կեղևի տարբեր մասերի անհավասար տաքացման արդյունքում:

Բուսականությունը նաև բարելավում է ամբողջ քաղաքի և նրա առանձին հատվածների գազափոխանակումը, պաշտպանում է քաղաքն անբարենպաստ քամիներից, կանոնավորում է օդի տեղաշարժը, թուլացնում և ավելացնում է դրա արագությունը, փոխում է քամու ուղղությունը:

Կանաչ տարածքներն ազդում են նաև աղմուկի մակարդակի վրա: Քաղաքային աղմուկը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, հոգեկան խանգարումների սրացմանը, խախտում է նյութափոխանակությունը, բարձրացնում է արյան ճնշումը, թուլացնում է լսողությունը: Աղմուկի և վիբրացիայի նյարդայնացնող ազդեցությունը նույնիսկ փոքր դոզաներով վատթարացնում է մարդկանց ինքնազգացողությունը: Աղմուկի մակարդակի նվազեցման միջոցներից մեկն էլ ծառատունկն է: Աղմուկից պաշտպանվելու աստիճանով բուսատեսակները հետևյալ կերպ են դասակարգվում` սոճազգիները, եղևնիների տեսակները, տարբեր տեսակի տերևաթափ թփուտները: Աղմուկից լավ են մեկուսացնում դարավանդներին աճող ստվարախիտ սաղարթով ծառերը, որոնց սաղարթները միահյուսվում են, թփուտների հետ զուգորդված, որոնք ամբողջությամբ ծածկում են սաղարթի տակ եղած տարածությունը:

Որոշ բույսեր ունակ են մի շարք քիմիական միացությունների կենսաբանական կուտակման: Այդպես, սրատերև թխկին, բրգաձև բարդին, խոշորատերև լորենին, կեչին, իսկ խոտաբույսերից` դեղատու խատուտիկը, կարող են արճիճ կլանել և կուտակել: Ֆենոլներ կուտակելու ունակությամբ են աչքի ընկնում սովորական յասամանը, կարմիր շամբուկը և այլն: Բացի այդ, որոշ բուսատեսակներ կարող են ռադիոակտիվ նյութեր կուտակել:

Հայտնի է, որ որոշ բույսերի վրա քիչ է ազդում մթնոլորտում վնասակար խառնուրդների առկայությունը: Գազերի հանդեպ ծառերի կենսաբանական կայունությունը կապված է վնասված բույսերի վերականգնման ունակության հետ: Որքան շուտ է բույսը վերականգնում իր հյուսվածքներն ու օրգանները թունավոր նյութերի առկայության դեպքում, այնքան պակաս զգայուն է: Տերևաթափ ծառերն ավելի կայուն են փշատերևների համեմատ, քանի որ նրանց վերականգնվելու ունակությունն ավելի վառ է արտահայտված:

Ըստ կայունության առանձնացնում են աղտոտումների հանդեպ կայուն, միջին կայունության և անկայուն բույսեր: Գազակայունների թվին են պատկանում սովորական ալոճը, կարմիր շամբուկը, փշատերև եղևնին, կանադական բարդին և այլն:

Գազերի հանդեպ միջին կայունության են համարվում սովորական ծփին, լալկան ուռենին, սրատերև թխկին, բրգաձև բարդին, անտառային խնձորենին և այլն:

Հատկապես կայուն են փոշու հանդեպ ծփու որոշ տեսակներ, ասեղնատերև եղևնին, սրատերև թխկին, սովորական յասամանը և այլ:

Ֆիտոնցիդային են` սրատերև թխկին, սովորական գիհին, սովորական արոսենին, սովորական սոճին, բալզամիկ բարդին և այլ:

Մանրէասպան են` ելունդային կեչին, մանրատերև լորենին, սովորոկան գիհին, սովորական թխենին, սովորական սոճին և այլն:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---