Պսիխոպաթ և սոցիոպաթ

Պսիխոպաթ և սոցիոպաթ

Ո՞վ է ավելի վտանգավոր

Պսիխոպաթն ու սոցիոպաթը հոգեբանության մեջ ընդունված եզրույթներ են, որոնք կիրառվում են անձի հակասոցիալական խանգարումներով մարդկանց նկարագրության համար:

PanARMENIAN.Net - Սոցիոպաթին և պսիխոպաթին միավորում է այլ մարդկանց անվտանգությունը, նրանց զգացմունքներն ու իրավունքներն անտեսելը, հակվածությունը խաբեության և մանիպուլացիաների: Ի դեպ, հակառակ տարածված կարծիքի, նման մարդիկ ոչ միշտ են բռնկվող ու հակված բռնության:

Նման խանգարում կարող է ախտորոշվել, եթե մարդու մոտ անձի խանգարման ընդհանուր չափորոշիչներից բացի, արձանագրվում են հետևյալ ախտանիշներից առնվազն 3-ը.

- երբ մարդը պարբերաբար խախտում է օրենքներն ու անտեսում սոցիալական նորմերը

- մշտապես ստում է և խաբում շրջապատի մարդկանց

- երբ մարդն իմպուլսիվ է, չի կարողանում նախապես պլանավորել

- նյարդային է ու ագրեսիվ, հակված է հաճախակի ծեծկռտուքների

- չի մտածում շրջապատի անվտանգության մասին

- անպատասխանատու է, ունակ չէ կատարելու ֆինանսական պարտավորությունները

- խղճի խայթ կամ զղջում չի զգում`այլոց վնասելիս:

Այս նշանները սկսում են ի հայտ գալ 15 տարեկանում: Մի քանի տարի անց ախտանիշները խորանում են և սաստկանում:

Եվ այնուամենայնիվ ինչո՞վ են տարբերվում պսիխոպաթն ու սոցիոպաթը:

Որոշ հոգեբաններ պնդում են, որ սոցիոպաթիան պսիխոպաթիայի դրսևորումներից է: Սակայն այն մասնագետները, որոնք տարանջատում են այդ երկու տիպը, կարծում են, որ պսիխոպաթիան անձի ժառանգական խանգարում է, իսկ սոցիոպաթիան` ձեռքբերովի երևույթ է, որի պատճառ կարող են լինել գլխուղեղի վնասվածքը կամ մանկության ցավոտ ապրումները: Այլ կերպ ասած, պսիխոպաթ ծնվում են, իսկ սոցիոպաթ դառնում:

Պսիխոպաթի դիմանկարը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ պսիխոպաթների մոտ թերզարգացած են գլխուղեղի այն հատվածները, որոնք սովորաբար պատասխանատու են զգացմունքների կանոնակարգման և իմպուլսները վերահսկելու համար:

Որպես կանոն, պսիխոպաթների համար դժվար է հուսալի զգացմունքային կապվածություն ստեղծել այլ մարդկանց հետ հարաբերություններում: Փոխարենը նրանք կառուցում են մակերեսային, արհեստական հարաբերություններ` սեփական շահի համար մերձավորներին առավելագույնս օգտագործելու համար: Մարդիկ նրանց համար անձնական նպատակներն իրագործելու միջոց են միայն: Եվ ինչ վնաս էլ շրջապատին պատճառեն պսիխոպաթները, նրանք շատ հազվադեպ են զղջում իրենց արարքների համար:

Սակայն, շրջապատի ընկալմամբ նրանք կարող են միանգամայն հմայիչ լինել, հուսալի, պարկեշտ մարդիկ, որոնք նորմալ, կայուն աշխատանք ունեն: Ոմանք նույնիսկ ընտանիք ունեն և զուգընկերոջ հետ թվացյալ ամուր հարաբերություններ:

Բավականին հաճախ նրանք լավ կրթված են, շատ բան կարող են ինքնուրույն սովորել: Քրեական ինչ-որ պատմության մեջ ընկնելով` պսիխոպաթն ամեն ինչ անում է պատժվելու ռիսկը նվազագույնի հասցնելու համար: Նա մանրակրկիտ կպլանավորի գործը և կհաշվարկի իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակները:

Սոցիոպաթի դիմանկարը

Սոցիոպաթիան միջավայրի որոշակի գործոնների ազդեցության արդյունք է, օրինակ, ընտանեկան քայքայիչ մթնոլորտի, որտեղ մեծացել է երեխան, ֆիզիկական կամ էմոցիոնալ տրավմայի արդյունք: Սոցիոպաթների վարքագիծն ավելի էքսցենտրիկ է և անկանխատեսելի, քան պսիխոպաթներինը:

Կապվածությունների ձևավորման հետ նույն խնդիրներն ունենալով` նրանցից ոմանք, այնուամենայնիվ, կարող են անձնական կապ ունենալ որևէ մեկի հետ կամ համակիրների խմբում զգալ իրենց: Սակայն, ունակ չեն երկար մնալ նույն աշխատավայրում կամ թեկուզ առերևույթ նորմալ ընտանեկան կյանքի պատրանք ստեղծել շրջապատի մոտ: Հանցագործություն կատարելիս` սոցիոպաթները գործում են չմտածված և իմպուլսիվ: Նրանց շատ հեշտ է հունից հանել, զայրացնել, ինչը հղի է բռնության կիրառմամբ: Այդ առանձնահատկություններով պայմանավորված սոցիոպաթի վտանգավոր արարքն ավելի հեշտ է կանխատեսել:

Ո՞վ է ավելի վտանգավոր:

Երկու տեսակն էլ վտանգավոր է հանրության համար, գոնե այն ժամանակ, երբ չեն ջանում սանձել սեփական խանգարումները: Սակայն, պսիխոպաթներն, այնուամենայնիվ, ավելի վտանգավոր են, քանի որ բացարձակ զուրկ են սեփական արարքների համար մեղքի զգացումից: Նրանք կարող են զգացմունքայնորեն զատվել իրենց կատարած արարքներից: Իսկ կարեկցանքից զուրկ մարդու համար, այլ անձի տառապանքները ոչ մի իմաստ չունեն: Շատ հայտնի սերիական մարդասպաններ պսիխոպաթներ են եղել: Սակայն, անշուշտ, ոչ բոլոր պսիխոպաթներն ու սոցիոպաթներն են մարդասպան դառնում:

Պսիխոպաթիան և սոցիոպաթիան անձի հակասոցիալական խանգարման երկու տարբեր կողմերն են, որոնք ախտորոշվում են բնակչության մոտ 1-3 տոկոսի մոտ: Այն առավել հաճախ է հանդիպում տղամարդկանց շրջանում կամ առավելապես ալկոհոլից կախվածություն ունեցողների, թմրամոլների մոտ: Պսիխոպաթներն ավելի մանիպուլյատիվ են, հմայիչ, նրանց համար ավելի հեշտ է նորմալ կյանքի պատրանք ստեղծել ու նվազագույնի հասցնել իրենց մասնակցությունը հակաօրինական գործողություններին: Սոցիոպաթներն ավելի էքսցենտրիկ են, շուտ են բռնկվում, կատաղության աստիճանի, և ունակ չեն գոնե որոշ առումով նորմալ կյանք վարել: Նրանք չարիք են գործում չմտածելով հետևանքների մասին:

Լուսանկարում` Քրիստիան Բեյլը Պատրիկ Բեյթմանի դերում «Ամերիկացի պսիխոպաթը» ֆիլմում

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Լիբանանը՝ պայթյունից 6 օր անց
Նոր քաղաքականության ռիսկերն ու հնարավորությունները
Socar-ը ֆինանսավորել է պատերազմը Շվեյցարիայից
 Ուշադրության կենտրոնում
Երկրաշարժ՝ Իրանում. Տուժածներ ու ավերածություններ կան

Երկրաշարժ՝ Իրանում. Տուժածներ ու ավերածություններ կան Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ

 Բաժնի այլ նյութերը
«Թալանածը որոնելու գինը տնտեսական աճի բացակայությունն է» Վրացական ռեֆորմների կնքահայրը՝ արդարություն վերականգնելու փորձերի մասին
«Տառականը» ընդդեմ երեք կնոջ Բելառուսում ընտրությունները կարող են ավարտվել հեղափոխությամբ կամ արյունով
Մամեդյարովի գլխավերևում սև ամպեր են կուտակվել Ադրբեջանի ԱԳՆ-ում ձերբակալություններ են