Հովիկ Աբրահամյան, թվապատում

Հովիկ Աբրահամյան, թվապատում

Նախկին վարչապետի կառավարման 29 ամիսը

Հովիկ Աբրահամյանը դարձավ ՀՀ վարչապետ 2014 թվականի ապրիլին՝ մինչև այդ մոտ 6 տարի պաշտոնավարած Տիգրան Սարգսյանի անսպասելի հրաժարականից հետո:

PanARMENIAN.Net - Պատմությունը կարծես թե կրկնվում է. Աբրահամյանն «անսպասելի» հրաժարական տվեց՝ պաշտոնը, ենթադրաբար, զիջելով Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին: PAN-ն ամփոփում է Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մոտ 2,5 տարվա ընթացքում ՀՀ տնտեսության ոլորտների որոշ կարևոր ցուցանիշների վերելքներն ու անկումները:

2014թ. ապրիլին Հովիկ Աբրահամյանը, նշանակվելով վարչապետ, խուսափեց կտրուկ փոփոխություններից: Կառավարության ծրագրում նա նպատակ էր դրել «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում՝ ՀՆԱ-ի միջնաժամկետ 5% աճի միջոցով»: Հետագայում պարզվեց, որ նույնիսկ 5%-ը հնարավոր չի լինի ապահովել:

Արդյունքում՝ ՀՀ տնտեսական աճը 2014-ին կազմել է 3.4%, իսկ 2015-ին՝ դրանից էլ քիչ. ընդամենը 3%՝ պետբյուջեում ամրագրված 4.1%-ի փոխարեն: 2015-ը երրորդ անընդմեջ տարին էր, երբ Հայաստանին չհաջողվեց հասնել պետբյուջեով նախատեսված աճի ցուցանիշին: Եթե համեմատենք Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման վերջին տարվա հետ, տարբերությունը շատ չէ. 2013-ին ՀՀ տնտեսական աճը կազմում էր 3.5%: Սակայն դրանից ևս մեկ տարի առաջ՝ 2012-ին, տնտեսական աճը գրեթե կրկնակի ավելի էր՝ 7.2%:

Թեև, ըստ պաշտոնական տվյալների, 2013-2015 թվականներին ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել է 3.5%, գործազրկությունը շարունակում է ավելանալ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականին Հայաստանում գործազուրկ էր 224.6 հազար մարդ, 2014-ին՝ 242.1 հազար, իսկ 2015-ին արդեն 243.7 հազար մարդ: Հատկանշական է, որ 2016-ին էլ ցուցանիշը շարունակում է աճել:

Փոխարենն ավելացել է ՀՀ արտաքին պետական պարտքը. 2013-ի տարեվերջին այն կազմել է $3.899 մլրդ, 2015-ին՝ ավելի քան $4.317 մլրդ: 2015-ի առաջին 7 ամսվա տվյալով այն շարունակում է ավելանալ՝ հուլիսի 31-ի դրությամբ կազմելով արդեն $4.493 մլրդ:

Աղքատության ցուցանիշը 2008 թվականին կազմել է 27.6%, իսկ 2013-ին՝ 32, որոնցից 13.3%-ը եղել է շատ աղքատ, իսկ 2.7%-ը՝ ծայրահեղ աղքատ: Ըստ ԱՎԾ-ի՝ Աբրահամյանի պաշտոնավարման առաջին տարում աղքատության ցուցանիշը փոքր ինչ նվազել է՝ կազմելով 30%։ Հաջորդ տարի միտումը պահպանվել է. 2015-ի տարեվերջին աղքատության ցուցանիշը նվազել է ևս 2%-ով՝ հասնելով 28%-ի:

ՌԴ-ում սկսված տնտեսական բարդ իրավիճակն ուղղակիորեն ազդեց նաև ՀՀ տնտեսության վրա: Արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թվականին կազմել է $5.864 մլրդ, 2015-ին՝ $4.724 մլրդ. անկումը կազմել է 24.1%: ՀՀ պետբյուջեի պակասուրդը 2013-ին կազմել է 71.519 մլրդ դրամ, 2015-ին՝ 241.252 մլրդ դրամ:

Դրական միտում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում. 2013 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է մոտ 919.9 մլրդ դրամ, 2015-ին՝ 1.2 տրիլիոն դրամ. երկու տարվա կտրվածքով ոլորտում գրանցվել է 9% աճ:

«Կտրուկ» աճել է կենսաթոշակի միջին չափը՝ 2013 թվականի 29.122 դրամից 2015-ին հասնելով 40.441-ի:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---