Oրգանիզմի իր իսկ դեմ ուղղված զենքը

Oրգանիզմի իր իսկ դեմ ուղղված զենքը

Ալերգիայի պատճառներն ու վտանգը

Տարեցտարի աճում է ալերգիայի տարբեր տեսակներից տառապող մարդկանց թիվը:

PanARMENIAN.Net - Այսօր մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակչի մոտ ախտորոշվում է այդ հիվանդությունը: Թե ինչից է առաջանում ալերգիան, հստակ հայտնի չէ: Սակայն, հայտնի է, որ ալերգիկ ռեակցիայի առաջացումը կախված է իմունային համակարգի աշխատանքից:

Իմունիտետի սխալը

Իմունային համակարգը հուսալի պաշտպանություն է ապահովում արտաքին միջավայրի բացասական ազդեցությունից և խոչընդոտում է օտարածին տարրերի ներթափանցմանը օրգանիզմ: Նորմալ վիճակում իմունային համակարգի արձագանքը համապատասխանում է օրգանիզմի վրա ախտածին տարրի ազդեցության ուժին: Օրգանիզմ օտարածին տարրերի` հակագեների, ներթափանցման դեպքում ակտիվանում է իմունոգլոբուլինների արտազատումը` դրանք հատուկ հակամարմիններ են, որոնք ավերիչ ազդեցություն են ունենում հակագեների վրա:

Ալերգիկ բնույթի պաթոլոգիաներից տառապող մարդկանց մոտ նկատվում է իմունային համակարգի բարձր ակտիվություն նույնիսկ նվազագույն արտաքին ազդեցության դեպքում:

Այդ դեպքում միանգամայն անվնաս նյութերն ընկալվում են որպես պոտենցիալ վտանգավոր տարրեր և իմունային բջիջները սկսում են հակամարմիններ արտադրել: Այդպիսի ռեակցիայի արդյունքում հետևանքները կարող են ավելի ծանր լինել, քան ինքը` ախտածին մարմինը:

Պոտենցիալ ալերգեն կարող են լինել ամենատարբեր նյութերը. սննդամթերքը, կենցաղային քիմիայի միջոցները, դեղորայքը, բույսերի փոշին, կենդանիների մորթին, դիմահարդարման միջոցներն ու օծանելիքը և շրջակա միջավայրի շատ այլ տարրեր, որոնց հետո մարդը շփվում է առօրյա կյանքում:

Պատճառները, թե ինչու է ալերգիա առաջանում, պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբի.1. հիստամինի բարձր պարունակությունն օրգանիզմում, 2. իմունային համակարգի թուլությունը, 3. ալերգենների առկայությունը շրջակա միջավայրում:

Հիստամինը նյութ է, որն արտադրվում է օրգանիզմում և կուտակվում է բջիջներում: Հիստամինի արտազատում է տեղի ունենում այն դեպքում, երբ օրգանիզմը ֆիզիկական բարձր ակտիվության վիճակում է: Կապիլյարները մեծ քանակի արյուն տեղափոխելու համար պետք է լայնանան: Այստեղ էլ օգնության է գալիս հիստամինը: Սակայն հիստամինի արտազատումը կարող է ինքնաբերաբար տեղի ունենալ: Այդ դեպքերում մարդու մոտ պատասխան ռեակցիա է առաջանում, քանի որ արտազատվող մեծ քանակի հիստամինը չի օգտագործվում:

Թույլ իմունային համակարգը ևս կարող է ալերգիայի պատճառ դառնալ: Առողջ օրգանիզմում իմունիտետը ճնշում է ալերգենների մեծ մասը, վնասազերծում դրանց ազդեցությունը: Թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ վնասազերծման մեխանիզմը թերզարգացած է: Ուստի ալերգեններից շատերը իսկական աղետ են դառնում օրգանիզմի համար:

Իսկ օդում, սննդի մեջ, տնային պարագաներում առկա ալերգեններն առանձին թեմա են, քանի որ դա ալերգիաների առաջացման ամենատարածված պատճառն է: Այսօրվա դրությամբ ալերգենների ցուցակը միայն ընդլայնվում է: Եվ գնալով ավելի շատ մարդիկ են նկատում իրենց օրգանիզմի ոչ համարժեք արձագանքը թվում է թե սովորական բաներին:

Հոգեբանական կողմը

Հոգեբանները պնդում են, որ չկան հիվանդություններ, որոնք կապված չեն մարդու այս կամ այն ներքին խնդրի հետ: Անդրադառնալով ալերգիային` պետք է նշել իմունային համակարգը սերտ կապ ունի նյարդային ու էնդոկրին համակարգերի հետ: Դրանք գործում են համատեղ` մտքերը վերածելով ֆիզիոլոգիական ռեակցիայի:

Ալերգիկ ռեակցիաները կապված են հոգեբանական վիճակի հետ: Հոգեբաններն ասում են, որ ալերգիան նման է անհիմն վախի: Նորմայում իմունիտետը պետք է հարձակվի միայն օրգանիզմի թշնամիների վրա`օրինակ, վիրուսների և մանրէների: Սակայն, երբ իմունային համակարգի աշխատանքը խախտվում է, այն սկսում է նույնքան սուր արձագանքել նաև միանգամայն անվնաս բաներին`ծաղկափոշուն, կենդանիների մորթիին, սննդին, տնային փոշուն: Ստացվում է, որ ալերգիայից տառապողի իմունային համակարգը վախենում է այն բաներից, որոնցից պետք չէ վախենալ:

Իմունային համակարգի սխալ աշխատանքը կարող է սկսվել ցանկացած սթրեսից: Եվ դա անհիմն խոսակցություն չէ: ԱՄՆ հոգեբաններն ապացուցել են, որ եթե կինը հղիության շրջանում գտնվում է տագնապի և էմոցիոնալ լարվածության վիճակում, 80-տոկոսանոց հավանականությամբ կարելի է ասել, որ ծնված երեխան ալերգիկ կլինի: Մեծահասակների մոտ ալերգիան հաճախ դրսևորվում է որպես արձագանք սթրեսին: Այսինքն հոգեբանական-էմոցիոնալ մեխանիզմներն են հաճախ խթանում գիստամինային ռեակցիաները, որոնք հանգեցնում են սխալների իմունային համակարգի աշխատանքում:

Մեկ անգամ սխալվելով` իմունային համակարգը հետագայում ևս գործի կդնի իր պաշտպանական մեխանիզմը:

Բնապահպանական գործոն

Տեխնիկան կատարելագործվում է, կյանքի պայմանները բարելավվում են, իսկ «քաղաքակրթական հիվանդություններից» տառապողների քանակը չի նվազում: Այդ հիվանդությունների թվում են ալերգիան և նրա այնպիսի ծայրահեղական դրսևորումն, ինչպիսին է բրոնխիալ ասթման:

Որոշ բժիշկներ այդ հիվանդության լայն տարածումը կապում են բնապահպանության վատթարացման, փոշու պարունակության ավելացման հետ ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ բնակելի տարածքներում:

Հաշվարկված է, որ քաղաքի միջին վիճակագրական բնակիչը 24 ժամում 1-2 ճաշի գդալ փոշի է ներշնչում, որն ընդմիշտ մնում է նրա թոքերում: Իսկ փոշու հետ միասին օրգանիզմում են մնում նաև փոշու մեջ եղած վնասակար նյութերը: Ավիտամինոզ

Ալերգիկ ռեակցիաների քանակի ավելացման ևս մեկ պատճառ է համարվում օգտակար սննդային նյութերի ոչ բավարար քանակն օրգանիզմում: Մեր օրգանիզմը հսկայական կենսաքիմիական լաբորատորիա է, որին ամեն րոպե տարբեր սննդանյութեր են հարկավոր: Դրանցից թեկուզ մեկի դեֆիցիտը կարող է ալերգիկ ռեակցիաներ զարգացնել: Հիմնականում դա վերաբերում է վիտամիններին և միկրոտարրերին:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---