Ավելի մութ չի լինում

Ավելի մութ չի լինում

Կփոխի՞ արդյոք նոր բացահայտումը Տիեզերքի մասին մեր պատկերացումները

Հոկտեմբերի 24-ին հեղինակավոր Scientific Reports հանդեսում հրապարակված գիտական հոդվածը ցնցել է գիտական հանրությանը: Հոդվածում կասկածի տակ է դրվում գլխավոր տիեզերաբանական մոդելը, որի հիման վրա գիտությունը նկարագրում է Տիեզերքի լայնամասշտաբ կառուցվածքն ու պահվածքը: Աստղագետների միջազգային խմբի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Տիեզերքի արագացված ընդլայնում կարող է և չլինել, իսկ դա նշանակում է, որ 21-րդ դարի գլխավոր գիտական գաղտնիքներից մեկը` այսպես կոչված «մութ էներգիան», կարող է ընդամենը սխալմունքի արդյունք լինել: Դա կարող է արմատապես փոխել մեր բոլոր պատկերացումներն աշխարհի մասին:

PanARMENIAN.Net - Ի՞նչ է «մութ էներգիան» և ի՞նչ բացահայտումներ կարող են արվել նոր հետազոտության արդյունքում: PanARMENIAN.Net ը պատմում է այդ մասին հասկանալի լեզվով:

Ի՞նչ է «մութ էներգիան»

Ամենատարօրինակ բնական երևույթներից մեկը բոլորովին վերջերս, միայն նախորդ դարավերջին է հայտնվել տիեզերաբանական մոդելներում: 1998-ին մի խումբ գիտնականներ աստղաֆիզիկոս Սոլ Փերլմութերի գլխավորությամբ սենսացիոն բացահայտում արեցին, որի համար հեղինակները 2011-ին Նոբելյան մրցանակի արժանացան ֆիզիկայի բնագավառում:

Ի սկզբանե գիտնականները նպատակ ունեին պարզելու, թե որքան արագ է ընդարձակվում Տիեզերքը և երբ ընդլայնումը կփոխարինվի սեղմումով: Նախորդ դարավերջին Տիեզերքը նկարագրող մոդելները կանխատեսում էին, որ իներցիոն ընդլայնումը (որի պատճառը Մեծ պայթյունն է` Տիեզերքի հայտնվելու պահը) վաղ թե ուշ պետք է դանդաղի (տարածությունը լցնող գրավիտացիայի պատճառով) և փոխարինվի սեղմումով: Հենց այդ դանդաղման արագությունն էլ փորձում էին պարզել Փերլմութերը և մի խումբ աստղագետներ:

Սոլո Փերլմութերը

Դիտարկումների համար գիտնականներն ընտրել են այսպես կոչված «ստանդարտ մոմերը»` Ia տիպի գերնոր աստղերը, որոնց բացարձակ լուսարձակումն անմիջական կապի մեջ է դիտարկվող մյուս պարամետրերի հետ, ինչը թույլ է տալիս պարզել մինչև այդ աստղերն ընկած տարածությունը: Դիտարկելով այդպիսի գրեթե 60 «ստանդարտ մոմ» և հաշվարկելով մեզ բաժանող տարածությունը, խումբը պարզել է, որ հեռավոր «մոմերն» ավելի խավար են, քան կանխատեսում է հավասարաչափ ընդլայնվող Տիեզերքի մոդելը: Մոդելավորումը թույլ է տվել հասկանալ, որ Տիեզերքի ընդարձակումը ոչ միայն չի դանդաղում, այլ շարունակվում է, այն էլ արագացումով:

Iaտիպի գերնոր աստղ

Բացատրելու համար տիեզերքի այդքան տարօրինակ պահվածքը` շրջանառության մեջ դրվեց «մութ էներգիա» հասկացությունը, որը մատերիայի խորհրդավոր ձև է, որը լցնում է ամբողջ տարածությունը և ստիպում է Տիեզերքին ընդլայնվել արագացումով: Հետագա դիտարկումները միայն հիմնավորեցին այդ մոդելն ու ապացուցեցին «մութ էներգիայի» գոյությունը` պարզվեց, որ Տիեզերքը 68,3 %-ով հենց դրանից է բաղկացած: Հսկայական թվով հիպոթեզներ առաջ քաշվեցին, որոնք բացատրում են խորհրդավոր սուբստանցիայի էությունը` տարածության էներգիայից մինչև ֆիզիկական վակուումի հատկություն: Սակայն, մինչ օրս ոչ մի, նույնիսկ ամենաճշգրիտ, էքսպերիմենտը չի բացահայտել «մութ էներգիայի» բացահայտ առկայությունը: Դա համարվում է ֆունդամենտալ գիտության գլխավոր խնդիրներից մեկը:

Ի՞նչ պարզեց նոր էքսպերիմենտը

Հոկտեմբերի 24-ին հրատարակված հոդվածը կասկածի տակ է դնում «մութ էներգիայի» առկայության փաստը: Դանիացի, իտալացի և բրիտանացի աստղագետներն ուսումնասիրել են Տիեզերքի ընդլայնման արագությունը «ստանդարտ մոմերի» ամենախոշոր խմբի` Iа տիպի գերնոր աստղերի օրինակով: Այս անգամ 60 աստղի փոխարեն նրանք հետևել են 740 բռնկման: Հեղինակների հավաքած տվյալները մատնանշում են, որ Տիեզերքի արագության ընդլայնումը կարող է այդչափ արտահայտված չլինել, ինչպես ցույց են տվել Նոբելյան մրցանակի դափնեկիրները 1998-ին: Ավելին, նոր տվյալները վիճակագրորեն համահունչ են նաև արագության զրոյական նշանակությանը, որը չի պահանջում «մութ էներգիա» եզրույթի ներմուծում:

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել

Ժամանակակից ստանդարտ տիեզերաբանական մոդելը (Lambda-Cold Dark Matter), որը նկարագրում է Տիեզերքի լայնածավալ կառուցվածքն ու պահվածքը, հիմնված է նաև «մութ էներգիայի» առկայության փաստի վրա: Հենց այն է առավել հստակ նկարագրում աշխարհի էվոլյուցիան, կանխատեսում Տիեզերքի բոլոր դիտարկումների արդյունքներն ու հետագա ճակատագիրը: «Մութ էներգիայի» բացառումը կստիպի վերանայել հիմնարար տիեզերաբանական մոդելներից մեկը:

Հետագա ազդեցությունը

Միայն մեկ հետազոտությունը, որքան էլ լայնածավալ լինի հետազոտված նյութը, չի կարող ապացուցել «մութ էներգիայի» բացակայությունը, սակայն կարող է նոր հետազոտությունների խթան դառնալ: Արագացված ընդլայնման առկայությունը ապացուցվել է ոչ միայն «ստանդարտ մոմերի» դիտարկումներով: Ռելիկտային (մնացորդային) ճառագայթումը, գրավիտացիոն լինզավորումը, Մեծ պայթյունի նուկլեասինթեզը ևս վկայում են, որ գոյություն ունի «մութ էներգիա»: Այս հարցում վերջակետ կդրվի ոչ միայն այլ հետազոտությունների արդյունքների հիման վրա, այլ նաև նոր սերնդի աստղադիտակների շահագործմամբ:

Арман Гаспарян / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---