Երբեմնի հայե՞ր, թե՝ առանձին էթնոս

Երբեմնի հայե՞ր, թե՝ առանձին էթնոս

Զազաները՝ հայերի արտասովոր հարևաններ

Վերջին տարիներին հայկական մեդիադաշտում բավական հաճախ շրջանառվում են Թուրքիայում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող Դերսիմի պատմաաշխարհագրական տարածաշրջանում զազաների և նրանց կողքին բնակվող՝ Ցեղասպանությունից փրկված հայերի ընդհանրությունների ու հավաքական ինքնության առնչության մասին զանազան թեզեր։

PanARMENIAN.Net - Ըստ առավել տարածված թեզերից մեկի՝ դերսիմցի զազաները զգալի չափով ունեն հայկական ծագում կամ կրում են երբեմնի հայկական ինքնության խորը հետքեր, մինչդեռ այլ տեսակետների համաձայն՝ Դերսիմը դարեր շարունակ յուրօրինակ խառնարան է եղել, որտեղ տարբեր էթնիկական ծագում ունեցողների հավաքական ինքնության հիմնական բաղադրիչն այժմ ալևիական կրոնը և զազայերեն լեզուն են։ PAN-ը համառոտ ներկայացնում է, թե ովքեր են ի վերջո զազաները և ինչ առնչություն են ունեցել հայերի հետ։

Ովքե՞ր են զազաները

Զազա ժողովրդի ներկայացուցիչների կողմից սեփական հավաքական ինքնության բնորոշումը հաճախ հակադրվում է հարևան ժողովուրդների՝ հատկապես քրդերի ու թուրքերի կողմից տրվող բնորոշումներին․ չկա նույնիսկ այդ հանրույթին տրվող համընդհանուր ընդունելի մեկ անվանում և, ինչքան էլ զարմանալի է, նույնիսկ ինքնանվանում։ Թե ներկայում, թե անցյալում եղած այդ տարբերություններն ու նաև մասնագիտական դաշտում առկա շփոթը հիմնականում կապված են այն հանգամանքի հետ, թե հավաքական ինքնությունը բնորոշող առանձին բաղադրիչներից՝ էթնիկական ծագում և ձևավորման ընթացք (էթնոգենեզ), լեզու, կրոն, որին է ավելի մեծ նշանակություն վերագրվում, կամ որն է հիմք ընդունվում այդ հանրույթի անվանման համար։

Զազաները ներկայում առավելապես բնակվում են Դերսիմում (հիմնականում համընկնում է Թունջելի նահանգին, որտեղ ալևի զազաները մեծամասնություն են կազմում), ինչպես նաև Բինգյոլի (Ճապաղջուր), Էլազիգի (Խարբերդ), Մուշի, Բիթլիսի, Դիարբեքիրի, ևս մի քանի այլ նահանգներում։ Ընդհանուր թվաքանակը տարբեր գնահատականներով հասնում է 3-4 միլիոնի, որից ավելի քան 300 հազարը (որոնց մեջ կան զգալի թվով քաղաքական փախստականներ) բնակվում է Եվրոպայում։ Դերսիմի պատմաաշխարհագրական տարածաշրջանն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհի արևմտյան մի քանի լեռնաանտառային եզրագավառներ՝ տարածվելով հարավում Արածանի գետի ավազանից մինչև հյուսիսում Եփրատի ավազան․ համապատասխանում է հիմնականում Մեծ Հայքի Ծոփք նահանգի հյուսիսային մասին և Բարձր Հայք նահանգի հարավային Մուզուր (Մնձուր) գավառի տարածքին։

Մնձուր գետը Դերսիմում

Նախ պետք է նշել, որ զազա և ալևի անվանումները միմյանց համարժեք չեն՝ ոչ բոլոր զազաներն են ալևիական կրոնի հետևորդներ (կան նաև սուննի զազաներ), և առավել ևս՝ ոչ բոլոր ալևիներն են էթնիկական առումով զազաներ․ տարբեր գնահատականներով՝ Թուրքիայի բնակչության մինչև 15-20 %-ը կազմող ալևի համայնքի միայն մի մասն են զազաներ, մնացածը հիմնականում թուրքեր են, ինչպես նաև քրդեր, հայկական ծագում ունեցողներ։

Ալևիականությունը ևս համընդհանուր ընդունելի բնորոշում չունի, մասնագետների մեծ մասի կողմից համարվում է շիական իսլամի ինքնատիպ ուղղություն, որը բազմաթիվ հատկանիշներով զգալիորեն տարբերվում է շիիզմից․ մինչդեռ ալևիների մի մասը համարում է, որ ալևիականությունը հավասարապես թե սուննիականությունից, թե շիականությունից էականորեն տարբերվող յուրօրինակ կրոն (կամ կրոնական ուղղություն) է՝ հիմնականում նկատի ունենալով ոչ այնքան բուն կրոնածիսական, այլև ալևիականության հետևորդների մշակութային, կենցաղային ու սոցիալական կյանքի առանձնահատկությունները։ (Արժե նշել նաև, որ ալևիականությունը չպետք է շփոթել Սիրիայում տարածված ալավիականության հետ)։

Բավական առանձնահատուկ է ինքնանվանման հարցը՝ Դերսիմում բնակվող ալևի զազաներն իրենց անվանում են կըրմանջի (տարբերվում է հյուսիսային քրդերի կուրմանջի ինքնանվանումից), իսկ սուննի զազաներին բնորոշում են հենց զազա անվանումով․ միևնույն ժամանակ, զազայերեն լեզվում կըրմանջին հաճախ ալևիի հոմանիշ է համարվում։ Դերսիմից հարավ բնակվող՝ այսպես կոչված կենտրոնական և հարավային զազաների ինքնանվանումը դըմլի (կամ դիմիլի) է։ Դըմլի ինքնանվանումն արտացոլում է զազաների պատմական ծագումնաբանությունը․ առավել ընդունված տեսակետի համաձայն՝ զազաների նախնիները Իրանի հյուսիսում՝ Կասպից ծովի հարավային շրջանում գտնվող Դայլամ երկրամասի իրանալեզու բնիկներն էին՝ դայլամցիները (դելմիկները), որոնք 10-12-րդ դդ․գաղթելով հաստատվել են Հայկական լեռնաշխարհի տարածքում՝ ներկայիս բնակության շրջաններում։

Զազաների բնակության շրջանները ժամանակակից Թուրքիայում

Ուշագրավ է, որ դայլամցիները արաբների կողմից Իրանի նվաճումից հետո երկար ժամանակ պահպանում էին զրադաշտականությունը, նաև արևի պաշտամունքի հետ կապված հեթանոսական հավատալիքները, իսկ 7-8-րդ դարերում տարածվեց նաև նեստորական քրիստոնեությունը, ապա 9-րդ դ․ վերջին, ի հակադրություն արաբ տիրապետողների, դեյլամցիների մեծ մասը շիական իսլամ ընդունեց։ Այս կրոնական տեղաշարժերն էլ հետագայում արտացոլվեցին զազա ալևիների կրոնամշակութային առանձնահատկություններում։

Զազաների մի մասի դըմլի ինքնանվանման մասին ուղղակիորեն վկայում է դեռևս միջնադարյան հայկական մատենագրության մեջ հիշատակվող դլմիկ կամ դելմիկ անվանումը, որը զազաների հարևան հայերի կողմից գործածվում էր նաև նոր ժամանակներում։ Իսկ ինչ վերաբերում է զազա անվանմանը, այն սկզբնապես այդ հանրույթին հարևան ժողովուրդների կողմից տրված քամահրական հորջորջում է եղել և բառացիորեն նշանակում է «կակազող», կապված է զազայերենի հնչյունական կազմի առանձնահատկությունների հետ (սուլական ու պայթաշփական բաղաձայնների՝ զ, ս, շ, ց, ձ, ջ և այլն, առատության հետևանքով)։

Զազայերեն լեզուն մասնագետների մեծ մասի կողմից բնորոշվում է որպես իրանական լեզվախմբի ինքնուրույն լեզու (ի դեպ, զազայերենի ուսումնասիրման գործում մեծ ներդրում ունեն գերմանացի հայազգի լեզվաբան Ֆրիդրիխ Կառլ Անդրեասը (1846-1930) և հայ իրանագետ Գառնիկ Ասատրյանը), մինչդեռ քուրդ գիտնականների կողմից զազայերենը համարվում է քրդերենի առանձին բարբառ։ Այստեղ տեղին է նշել, որ զազաների հարևան քրդերն այդ ժողովրդին քրդական հանրույթի մի մասն են համարում, և առհասարակ, զազաների ու քրդերի և այդ լեզուների միջև առնչակցությունը հաճախ քաղաքական ակնհայտ աստառ է ստանում ինչպես քրդական ազգայնականության, այնպես էլ թուրքական պետության կողմից (որն իր հերթին փորձում է ալևի զազաներին հակադրել սուննի քրդերին)։ Հարկ է նշել նաև, որ ոչ բոլոր զազաներն են զազայերենի կրողներ՝ կան նաև քրդախոսներ ու թուրքախոսներ։

Իրականում զազաների էթնիկ, կրոնական, լեզվական ու սոցիալ-մշակութային բնութագիրը և այդ ամենի հետ կապված՝ ինքնության հարցերը շատ ավելի բարդ ու խճճված են, քան հնարավոր է ներկայացնել մեկ ակնարկի միջոցով։ Նշենք միայն, որ զազա կոչվող ժողովուրդը ողջ 20-րդ դարում և ներկայում էլ ինքնության շարունակական վերաձևավորման ու կառուցման գործընթացների մեջ է ընթանում՝ գտնվելով մի կողմից քրդական ազգայնականության, մյուս կողմից թուրքական պետության ազգային քաղաքականության հակադիր ազդեցությունների հորձանուտում։

Զազա ալևիների կրոնամշակութային հակադրությունը, սեփական ինքնության հաստատման ու ինքնուրույնության, ազատության ձգտումները արդեն 20-րդ դ․ սկզբից սկսած ձեռք են բերել ազգայնական երանգներ, որոնց ամենավառ դրսևորումը 1937-38 թթ․ Դերսիմի ապստամբությունն էր, որը արյան մեջ խեղդվեց Քեմալ Աթաթուրքի հրամանով, և արդյունքում տարբեր գնահատականներով կոտորվեց 2-4 տասնյակ հազար մարդ։ Մյուս կողմից, այդ ապստամբությունը հանրապետական Թուրքիայի կողմից էթնիկ-կրոնական փոքրամասնությունների բռնի ճնշման ու «թուրքական մաքուր ցեղի» հաստատման ազգայնամոլական քաղաքականության պատասխանն էր։ Դերսիմի կոտորածը փաստացի Հայոց ցեղասպանության հաջողված փորձի կրկնությունն էր, թեև փոքր մասշտաբներով, արդեն զազա ալևիների դեմ։ Տարբեր վկայությունների համաձայն, ինչպես նաև մի շարք հետազոտողների կարծիքով Դերսիմի կոտորածն ուղղված էր նաև Հայոց ցեղասպանության տարիներին զազաների մոտ ապաստան գտած ու փրկված, որպես զազա ալևի ծպտված՝ մի քանի տասնյակ հազար հայերի վերջնական ոչնչացմանը։

Հայ-զազայական առնչությունները

Դերսիմում և շրջակայքում հայ-ալևիական կամ հայերի և զազաների միջև առնչությունների պատմությունը շատ հետաքրքիր է, միևնույն ժամանակ սպառիչ ուսումնասիրությունից բավական հեռու։ Դեռևս մինչև 18-րդ դարի սկզբները Դերսիմն ունեցել է հայկական հոծ բնակչություն, սակայն այդ շրջանից սկսած՝ քրդական տարբեր ցեղերը Օսմանյան կառավարության դրդմամբ կամ խրախուսմամբ սկսել են զավթել հայերի համայնքային ու եկեղեցապատկան հողերը։ 19-րդ դարում արդեն հայերի մի զգալի մասը սկսում է հեռանալ Դերսիմից, իսկ մի զգալի հատված էլ սկսում է կամ սուննիականություն ընդունելով քրդանալ, կամ ալևիականություն ընդունելով՝ ընդգրկվել ալևի զազաների տոհմացեղային (աշիրեթական) համակարգերում։ Ի վերջո, արդեն 20-րդ դարի սկզբին բավական մեծ հայկական ծագմամբ կամ հայկական մշակութային-կենցաղային լայն ազդեցության կրող զազա-ալևիական մի շերտ կար, որի ներսում հաճախ դժվար էր զանազանել զուտ հայկականը և զուտ զազա-ալևիականը․ հայտնի է, օրինակ, որ Դերսիմի որոշ հայկական եկեղեցիներ ու այլ սրբավայրեր հավասարաչափ սրբազան էին նաև ալևիների համար։

Երգան գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու ավերակները Դերսիմի Խոզաթ գավառում

Հայ-զազա (ալևի) առնչությունների պատմության մեջ թերևս ամենաակնառու դրվագը Հայոց ցեղասպանության ընթացքում դերսիմցի ալևիների կողմից բազմահազար հայերի ապաստան տրամադրելն էր, որոնք ևս կարճ ժամանակում կամա-ակամա ներառվեցին ալևիական ինքնության համակարգում․ փաստորեն Ցեղասպանությունից հետո ալևիացած հայերի (տարբեր գնահատականներով՝ ավելի քան քսան հազար հոգի) շերտը գումարվեց մինչև այդ արդեն ալևիացած հայերի շերտին։ Սակայն ալևիների ընդհանուր կազմում դրանց տեսակարար կշիռը պետք չէ գերագնահատել։ Այնուամենայնիվ, Դերսիմի հինավուրց բնիկների՝ հայերի որոշ շառավիղներ, որոնք զազաների բարեկամական հարևանությամբ կարողացան պահպանել իրենց գոյությունը, մեր օրերում արդեն հայկական ինքնության վերահաստատման ուղին են բռնել՝ 2010 թ․ ստեղծելով Դերսիմի հայերի միությունը։

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---