Խելացի Հայաստան

Խելացի Հայաստան

ՏՏ ոլորտի կարևորագույն իրադարձությունները 2016-ին

2016թ-ը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ոչ միայն ու ոչ այնքան զարգացման տարի էր, որքան իրականացվող քաղաքականության վերանայման։ Ապրիլյան պատերազմի ընթացքում հասկանալի դարձավ, որ մարտական գործողությունների արդյունավետությունը ներկայումս կախված է նաև նորագույն տեխնոլոգիական մշակումների առկայությունից։ Քառօրյա պատերազմից հետո ոլորտի բազմաթիվ ընկերություններ վերանայեցին իրենց մոտեցումներն ու պատրաստակամություն հայտնեցին ներկայություն ապահովել ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։

PanARMENIAN.Net - Տարին բավականին բարդ էր թե Հայաստանի տնտեսության, և թե ՏՏ ոլորտի համար․ PanARMENIAN.Net ը ներկայացնում է 2016-ի կարևորագույն իրադարձություններն այս ոլորտում։

Զինվել համբերությամբ, մերժել կարծրատիպերը

Փետրվարի 5-ին Երևանում մեկնարկեց Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը, որի նպատակն էր համախմբել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին և նպաստել երկրում մեկնարկած սկսնակ ընկերությունների միջավայրի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցում էին ստարտափերի հայկական էկոհամակարգի գլխավոր «դերակատարները»: Քննարկումների ժամանակ ի հայտ եկան կարևոր խնդիրներն ու խոչընդոտները, որոնց բախվում են ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները: Միջոցառման անցկացումը դա թույլ կտա դիտարկել Հայաստանը որպես ՏՏ ոլորտի նոր ընկերությունների տեխնոլոգիական զարգացման կարևորագույն հանգույցներից մեկը Եվրոպայում: Զուգահեռաբար նման միջոցառում էր անցկացվել 340 քաղաքում․ Երևանը դարձավ այդ մեծ էկոհամակարգի մասը, ինչին շատ քիչ քաղաքներ են կարողացել հասնել տարածաշրջանում:

Գառնի, Գեղարդ` գուցե նո՞ր ուղղություններ

Localz անվանմամբ հայկական ստարտափը մշակել էր առցանց հարթակ, որը թույլ է տալիս զբոսաշրջիկներին ձևավորել անհատական տուրեր և ընտրել լավագույն զբոսավարին: Localz-ի օգնությամբ զբոսաշրջիկն ընտրում է ուղևորության տարրերը` ըստ ցանկության հեռացնելով այն ամենն, ինչ ավելորդ է համարում: Օրինակ, եթե նա ցանկանում է այցելել Գառնի կամ Գեղարդ, բայց մտադրություն չունի տեսնելու Քարերի սիմֆոնիան, կարող է հեռացնել այդ կետը: Իր հարցման հիման վրա զբոսաշրջիկը գնային առաջարկ է ստանում մասնավոր զբոսավարից, որը գրանցված է հարթակում: Յուրաքանչյուր զբոսավար իր պրոֆիլն ունի, որտեղ արտացոլվում է նրա վարկանիշը` հիմնված նախորդ զբոսաշրջիկների գնահատականների վրա, և իր հետ կապված մեկնաբանությունները` կրկին նախորդ զբոսաշրջիկների, որոնք օգտվել են նրա ծառայություններից:

Հայկական ֆիլմերը հասանելի են ամբողջ աշխարհին

Հարմարավետ կինոդիտման համար այլևս պարտադիր չէ կինոթատրոն այցելել և հերթ կանգնել` բջջային տեխնոլոգիաները թույլ են տալիս տառացիորեն ամբողջ համաշխարհային կինոն գրպանում պահել: Հետևելով համաշխարհային միտումներին` հայկական Fambox սկսնակ ընկերությունը մշակել է Netflix ծառայության իր տարբերակը: Գլխավոր տարբերությունն այն է, որ այստեղ կան հայկական արտադրության գրեթե բոլոր ֆիլմերը: Առցանց տեսապորտալը ներառում է հայկական արտադրության գրեթե բոլոր ֆիլմերը` մոտ 1000 կինոնկար, սկսած նախորդ դարի 30-ականներին նկարահանվածներից մինչև վերջին ֆիլմերը:

Ինչպես ՏՏ-ն կարող է օգնել ռազմարդյունաբերության կայացմանը

Ապրիլյան ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում աչքի ընկան հակառակորդի կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի լայն կիրառմամբ: Հասկանալի դարձավ, որ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում ՏՏ ոլորտի հիմնական թրենդերից մեկը հանդիսացող դրոնները ժամանակակից պատերազմի լիարժեք մաս են կազմում։ Դրանից ելնելով՝ հայկական ՏՏ ընկերությունները ցանկություն հայտնեցին համագործակցել պաշտպանության նախարարության հետ` համատեղ մշակելու համար անօդաչուների հայտնաբերման, պաշտպանության և հետախուզման արդիական համակարգեր: ՏՏ մի քանի ընկերությունների ուժերով ստեղծվեց «Հրազդան» կոնսորցիումը, որի շրջանակներում այդ ընկերությունները լուծումներ են ներկայացնում․ դրանք կարելի է օգտագործել անօդաչու թռչող սարքերում, բարդ ռոբոտացված ինժեներային համակարգերում` կան լուծումներ, կապված կապի, լոկալիզացիայի հետ և այլն:

Հայկական ընկերությունները ներկայացրին տիեզերքին առնչվող իրենց լուծումները

Ապրիլի 22-23-ն առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ Տիեզերական հավելվածների 5-րդ միջազգային մրցույթի (International Space Apps Challenge) հայկական տուրը, որի կազմակերպիչն էր ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA): Մրցույթն անցկացվեց ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի միջազգային կոնֆերանս կենտրոնում: Մրցույթի կարևոր առանձնահատկությունն այն էր, որ թույլ տվեց միավորել ՏՏ ոլորտի և տիեզերքի ուսումնասիրության ոլորտի ջանքերը` գլոբալ խնդիրների լուծման և լայն զանգվածների շրջանում տիեզերական հետազոտությունների հանդեպ հետաքրքրության խթանման նպատակով:

PixArt-ի տրիումֆը

Թերևս, հայաստանյան ամենահաջողակ և հայտնի հավելվածներից մեկը՝ PicsArt-ը, վենչուրային հիմնադրամներից ներգրավել է ընդհանուր առմամբ $45 մլն՝ երեք փուլով: Խոշորագույն ֆինանսական հոսքը տեղի ունեցավ 2016թ-ի ապրիլին, երբ ընկերությունը, որն արդեն իսկ կարող է համարվել հռչակավոր Instagram-ի մրցակիցը, ներգրավեց $20 միլիոն DCM Ventures-ից և Siguler Guff & Company-ից։

Armath ինժեներային լաբորատորիաներ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության միջև հունիսին տորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ վերջինս ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն Armath անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

ArmPhone սմարթֆոններ

Հունիսին Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի հանեց ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել էր 5 տարբեր մոդել՝ յուրաքանչյուրն իր առանձնահատկություններով: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։ Ընդհանուր առմամբ Հայաստանում 2016-ի հունվար-հունիսին արտադրվել էր 696 պլանշետ, ինչպես նաև 450 բջջային հեռախոս:

Yandex Taxi

2016թ-ի հուլիսից Հայաստանում սկսեց գործել Yandex Taxi ծառայությունը․ հավելվածի միջոցով տաքսի պատվիրելու ծառայությանն ամենասկզբում միացված էր ավելի քան 250 մեքենա Երևանի 11 տաքսի ծառայությունից: Թվային հսկայի՝ Հայաստան մուտք գործելը որոշակի խնդիրներ առաջացրեց մեր երկրում ոլորտի առաջատարի՝ gg-ի համար, սակայն ներկայումս երկու ընկերությունները լիովին զբաղեցրել են իրենց տեղը շուկայում՝ առաջացնելով մրցակցություն, ինչից օգուտ կստանա առաջին հերթին հաճախորդը։

Yecup ընկերությունը քրաունդֆանդինգի ռեկորդակիր

«Քրաուդֆանդինգի հայ արքան» ու բացառիկ ռեկորդակիրը տարվա ընթացքում դարձավ Yecup ընկերությունը, որը ներկայացնում է աշխարհում առաջին «խելացի» ջերմաբաժակը սելֆիի գործառույթով: Առաջին փորձը Indiegogo հարթակում անհաջող էր` նպատակ էր դրված հավաքել $40.000, բայց գործընթացն ավարտվեց $26.182 նիշով: Սակայն, հեղինակները կարողացան տեխնոլոգիայի Yecup 365 ընդլայնված ֆունկցիաներով նոր տարբերակը ներկայացնել: Երկրորդ դրամահավաքը նույն հարթակում գերազանցեց ակնկալվող գումարը 894%` հավաքելով $292.013:

Digitec Expo-2016

Սեպտեմբերի վերջին հայկական ՏՏ ընկերությունները ներկայացրեցին իրենց նորագույն լուծումները Digitec Expo ամենամյա 12-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսում: Ավելի քան 170 տեխնոլոգիական ընկերություն Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Թայվանից, Չինաստանից, Իրանից և այլ երկրներից 3 օր շարունակ այցելուներին ներկայացրեց տեխնոլոգիական նորույթները, նորարարական մշակումները, նոր հավելվածները, ռոբոտներն ու համակարգչային խաղերը:

ArmHiTec-2016

Հոկտեմբերին Երևանում անցկացվեց Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար խիստ կարևոր նշանակություն ունեցած ArmHiTec-2016 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների առաջին միջազգային ցուցահանդեսը։ ArmHiTec-2016 ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվեցին նաև Հայաստանում արտադրված նորագույն տեխնոլոգիական լուծումներ, օպտիկաէլեկտրոնային սարքեր, տվյալների փոխանցման համակարգեր, ժամանակակից սպառազինության նմուշներ, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների հանդերձանք, սահմանների հսկման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն:

Երևանն իր ողջ հմայքով

Հոկտեմբերին երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը կարող էին քաղաքի փողոցներում տարօրինակ ավտոմեքենա տեսնել` համայնապատկերային նկարահանումների համար նախատեսված մեծ տեսախցիկով: Դա այսպես կոչված «պանորամամոբիլն» էր, որը Երևանի համայնապատկերային նկարահանումներ էր իրականացնում հայտնի «Yandex. Քարտեզների» «Yandex.Պանորամա» քարտեզագրման ծառայության ընդլայնման համար: Դա հնարավորություն տվեց ունենալ քաղաքի գործնականում բոլոր փողոցների և շենքերի եռաչափ պատկերները, ինչպես նաև ավելացնել Երևանի քարտեզների ճշգրտությունն ու մանրակրկիտությունը «Yandex. Քարտեզներում»:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---