Անժառանգ կուսակցությունը

Անժառանգ կուսակցությունը

Ով, երբ և ինչու հեռացավ «Ժառանգությունից»

2013 թվականի նախագահական ընտրության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հիմնական թեկնածուներից մեկն էր: Այն ժամանակ հասարակության զգալի հատվածը հենց նրա անվան և նրա ղեկավարած կուսակցության հետ էր կապում երկրում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հնարավորությունը: Սակայն ընտրությունում հաղթեց Սերժ Սարգսյանը: Թե որքանով էր վերջինիս հաղթանակն օրինական և արտահայտում ՀՀ քաղաքացիների քվեարկության իրական արդյունքները, այս պահին արդեն էական չէ:

PanARMENIAN.Net - Հատկանշական է մեկ այլ բան: 2013-ի փետրվարից անմիջապես հետո, երբ «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը վստահության ծանրակշիռ քվե ունեին, սկսվեց կուսակցության ու նրա առաջնորդի վարկանիշի սրընթաց անկումը:

Եվ հիմա՝ ապրիլյան ԱԺ ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ, «Ժառանգությունից» գրեթե ոչինչ չի մնացել: PanARMENIAN.Net ը հավաքել է ժամանակագրությունը՝ երբ, ով, ինչու և ինչպես հեռացավ կուսակցությունից:

Ստյոպա Սաֆարյան

Կուսակցության հնաբնակներից առաջինը հեռացավ Ստյոպա Սաֆարյանը՝ 2014 թվականի ամռանը: Նա որոշեց հիմնել սեփական քաղաքական-վերլուծական փորձագիտական կենտրոնը: Կուսակցությունից հեռանալու որոշման պաշտոնական հիմնավորումն էլ այն էր, թե կենտրոնը մեծ նվիրում ու շատ ժամանակ է խլում, ինչը համատեղելի չէ քաղաքական գործունեության հետ:

Սակայն դեռևս այն ժամանակ էլ պարզ էր. կուսակցությունից հեռանալու պատճառն այն էր, որ Սաֆարյանը կողմ էր «Ժառանգության» գաղափարախոսությանը հավատարիմ մնալուն, իսկ կուսակցությունը գնաց «իշխանափոխություն ցանկացածի հետ՝ ցանկացած գնով» ճանապարհով՝ Խորհրդարանում ու դրանից դուրս գործակցելով իրենց ընդդիմադիր հռչակած ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի հետ:

Ռուբիկ Հակոբյան

2015-ի ամռանը «Ժառանգությունից» հեռացավ նաև Ազգային ժողովում համանուն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Հիմնավորումը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած տարաձայնություններն էին.

«Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Հակոբյանը։

Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյանը ևս չկարողացավ հաշտվել Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած «իշխանափոխություն ցանկացածի հետ՝ ցանկացած գնով» քաղաքականության հետ: 2017 թվականի հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Անահիտ Բախշյանը կուսակցությունը լքելու դիմում է ներկայացրել վերջինիս։

Հիմնական պատճառն այն էր, որ հայտնի դարձավ, թե Հովհաննիսյանն առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ բանակցում է նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի հետ:

«Այդ ուժերը ժողովրդավարության հիմքերը քանդողներն են, մեր երկրի հիմքերը թուլացնողներն են, այնպես չի, որ չենք ճանաչում։ Իրենք եղել են իշխանության մեջ և կարող էին ժամանակին և՛ ընտրությունները թույլ չտալ կեղծել, և՛ ժողովրդի վրա բռնություն՝ մահակ, զենք չհանել, չսպանել, կարող էին, բայց չարեցին»,- ասել է Բախշյանը:

Ավելի ուշ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը հայտարարեց, թե Բախշյանը «Ժառանգություն»-ում առանցքային անդամ երբեք չի եղել.

«Անահիտ Բախշյանը կուսակցությունում առանցքային անդամ երբեք չի եղել, նրա տարիքի համար, իր կորցրած ամուսնու հետ կապված, իրեն հարգում էին: Նրա գնալով չի լուծարվելու կուսակցությունը»:

Դավիթ Սանասարյան

«Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սաֆարյանը կուսակցությունը պաշտոնապես չի լքել, բայց ապրիլի 2-ի ընտրություններին ևս մասնակցություն չի ունենա:

«Թեև տարբեր առաջարկներ եմ ստացել, բայց բոլորն էլ մերժել եմ ու ոչ մի ցուցակում չեմ լինելու, չեմ մասնակցելու այս տարվա ընտրություններին՝խորհրդարանական և ավագանու: Կմեկնեմ Բոստոն և 6 ամիս կապրեմ ակադեմիական կյանքով»,- ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է Սանասարյանը:

Ով է մնացել

Եվ այսպես, «Ժառանգության» հայտնի դեմքերից դեռևս կուսակցության շարքերը չեն լքել, փաստորեն, միայն Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Եվ, դե իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի դեպ, Փոստանջյանն ու Մարտիրոսյանն էլ դաշինք մտնել-չմտնելու հետ կապված ակնհայտ տարաձայնություններ ունեն:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---