Հույսով և խաղաղությամբ ամբողջ մարդկության համար

Հույսով և խաղաղությամբ ամբողջ մարդկության համար

Հունվարի գլխավոր գիտական իրադարձությունները

Տեխնոլոգիաների արագ զարգացումը թույլ է տալիս մարդկությանը ոչ միայն առավելագույն ճշգրտությամբ հայացք նետել տիեզերքի խորքերը, այլ նաև նորանոր գաղտնիքներ բացահայտել միկրոսկոպիկ օրգանիզմների բարդ աշխարհում: ԴՆԹ խմբագրման տեխնոլոգիան, դիտարկման նորագույն գործիքները միայն առաջին քայլերն են: Հետագայում մարդն ինքը կկարողանա «զրոյից» արհեստական կյանք ստեղծել` դրա սաղմերն արդեն տեսանելի են:

PanARMENIAN.Net - Գիտական աշխարհի մեծերն անասելի թռիչք են կանխատեսում 2017-ին գիտության ոլորտում: Ապացույցը արթեն առաջին ամսում կատարված բացահայտումներն են:

Կիսասինթետիկ կյանք ու գերմակաբույծներ. PanARMENIAN.Net ը ներկայացնում է 2017-ի հունվարի ամենանշանակալի գիտական իրադարձությունները:

Աստղագիտություն

NASA-ի ինքնագնաց տիեզերական «Քասինի» զոնդը, որը գրեթե 20 տարի է հետազոտում է Սատուրնը և նրա արբանյակները, պետք է ավարտի իր առաքելությունը 2017-ի սեպտեմբերին: Հունվարի ավարտին սարքը Երկիր էր ուղարկել Սատուրնի նոր լուսանկարներ, կատարված աննախադեպ թողունակությամբ` մինչև 550 մ մեկ պիքսելի հաշվարկով:

Ինչպես նշում են գիտական ծրագրի ներկայացուցիչները, օղակների արտաքին հատվածի նոր լուսանկարները հնարավորություն են տալիս գիտնականներին ուսումնասիրել օղակների մանր առանձնահատկությունները, որոնք դիտարկվել են նաև նախկինում:

Հունվարի 25-ին Երևանի ժամանակով 8:45-ին Երկրի մոտով անցավ 2017BX երկնաքարը 4-14 մ չափերով: Այն անցավ երկրից 261.000 կմ հեռավորության վրա:

Երկնաքարը շարժվում էր 26.700 կմ/ժ արագությամբ: Սա արդեն երկրորդ երկնաքարն է, որն անցնում է Երկրի մոտով վերջին 3 շաբաթվա ընթացքում: Ըստ գիտնականների գնահատականների, երկնային մարմինը շատ փոքր էր ու դանդաղ էր շարժվում Երկրին ինչ-որ լուրջ վնաս հասցնելու համար: Եթե այն Երկրին հասներ, արդեն մթնոլորտում կայրվեր:

Կենսաբանություն

Մարդու մերձավոր ազգակիցները` շիմպանզեները բավականին դաժան բարքեր ունեն, հատկապես, եթե դա վերաբերում է մրցակցությանն ու խմբում իշխելուն: Գիտնականները Սենեգալում տեղի ունեցած դեպք են նկարագրել, երբ մի քանի արու շիմպանզեներ սպանել են առաջնորդին և հոշոտել են նրա լեշը: Սպանության համար նրանք օգտագործել են քարեր ու փայտեր: Ինչպես նշում են գիտնականները, Ֆուդուկո անունով առաջնորդն ավելի վաղ արտաքսվել էր երամակից բարձր կարգավիճակը կորցրած մեկ այլ արուի հետ բարեկամության համար: Վերադառնալով և գլխավորելով ոհմակը` Ֆուդուկոն թշնամիներ ձեռք բերեց, որոնք էլ սպանություն գործեցին:

Այսպես կոչված «արհեստական բջիջները» շատ փոքր կառույցներ են, որոնց ներսում են գտնվում ԴՆԹ շղթաները, որոնք թույլ են տալիս ՌՆԹ սինթեզել:

Հատուկ քիմիական նյութեր սինթեզող բակտերիաների հարևանությամբ գտնվելով` այդպիսի «արհեստական բջիջները» սկսում են հատուկ սպիտակուցներ սինթեզել, որոնք որպես հաղորդակցության միջոց են ծառայում: Գիտնականները կարծում են, որ այդպիսի բջիջները կարելի է օգտագործել որպես միջնորդներ օրգանիզմների միջև, որոնք ունակ չեն հաղորդակցվելու: Դրանք կարող են նաև օգտակար լինել վարակների դեմ պայքարում` դրանց օգնությամբ հնարավոր կլինի չեզոքացնել բակտերիաների գաղութներն օրգանիզմում:

Կալիֆորնիայում գտնվող Սքրիփսի հետազոտական ինստիտուտի մասնագետները ավելի հեռուն գնացին` փոխելով իրենց էքսպերիմենտում կյանքի բուն հիմքն ու կիսասինթետիկ կայուն բակտերիաներ ստեղծելով: Հայտնի է, որ Երկրի վրա կյանքի բոլոր ձևերի գենետիկ կոդը ստեղծվում է 4 տիպի նուկլեոտիդների հաջորդականության միջոցով, որոնք պարունակում են ադենին, գուանին, ցիտոզին, կամ թիմին` համապատասխանաբար նշվելով A, G, C, T տառերով:

Գիտնականները վերափոխել են E. Coli բակտերիան` նրա գենետիկ կոդին հավելելով ևս 2 նուկլեոտիդային հիմք` X և Y: Նոր բակտերիայի գենետիկ կոդը բաղկացած է սովորական նուկլեոտիդների 2 զույգից և ևս մեկ, արհեստական ավելացված զույգից:

Մոտ ապագայում մարդիկ, որոնք օրգանների փոխպատվաստման կարիք ունեն, տարիներով դոնորի չեն սպասի` անհրաժեշտ ամեն ինչ հնարավոր կլինի աճեցնել կենդանիների, օրինակ, խոզերի, օրգանիզմում: Հունվարի 26-ին մի խումբ գիտնականներ մի քանի երկրից հայտարարեցին, որ առաջին անգամ սաղմ են ստեղծել մարդու և խոզի բջիջներից: Մասնագետները մարդու ցողունային բջիջները ներարկել են խոզի սաղմի մեջ, իսկ հետո փոխպատվաստել են սաղմը խոզի արգանդի մեջ` թույլ տալով աճել: 4 շաբաթ անց ցողունային բջիջները զատվեցին մի քանի տեսակի, որոնք նախորդում են սրտի, լյարդի ու նյարդային բջիջների ձևավորմանը: Դա առաջին վկայությունն է, որ մարմինների միջտեսակային փոխպատվաստումն իրական է:

Ֆիզիկա

Ջրածինը Տիեզերքի ամենատարածված տարրն է: Որպեսզի այդ անգույն գազը մետաղի վերածվի, հսկայական ճնշում է պետք գործադրել` օրինակ, ինչպես Յուպիտերի ընդերքում է:

Հունվարի վերջում պարզվեց, որ կանխատեսումից 80 տարի անց ֆիզիկոսները վերջապես կարողացել են երկրային պայմաններում ջրածինը մետաղական վիճակի բերել: Գիտնականները ջրածինը տեղադրել են ալմաստե անոթի մեջ, սառեցրել են մինչև 5,5 կելվին և հսկայական ճնշման են ենթարկել: Ջրածնի անցումն այդ վիճակի հետաքրքիր է նրանով, որ մետաղի տեսքով ջրածինը կարող է հաղորդել էլեկտրական հոսանքն առանց դիմադրության սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Սակայն գիտնականներից շատերը թերահավատ են այս բացահայտման հարցում, քանի որ էքսպերիմենտը հարկ կլինի կրկնել:

Հնագիտություն

Սաթը հիանալի գործիք է հնագիտական հետազոտությունների համար, քանի որ կարող է միլիարդավոր տարիներ առաջ գոյություն ունեցած օրգանիզմներ պահպանել: Վերջերս գիտնականներն անհայտ բրածո միջատ են հայտնաբերել Բիրմայում սաթի կտորի մեջ, որի տարիքը մոտ 100 մլն է: Տարօրինակ էակը եռանկյունի գլուխ ունի և մեծ դուրս պրծած աչքեր, երկար ու բարակ իրան, երկար ոտքեր: Հավանաբար այդ էակն արագ էր տեղաշարժվում և, ըստ գլխի ու վզի կառուցվածքի, 180 աստիճանի տեսադաշտ ուներ: Գտածոն չի կարելի դասել գոյություն ունեցող միջատների կարգերից և ոչ մեկին` հայտնաբերված միջատի կառուցվածքը չի համընկնում մինչ օրս հայտնի միջատներից ոչ մեկի հետ:

Միջատաբանություն

Միջատաբանները վերջերս հայտնաբերել են գերմակաբույծ կրետների, որոնք կառավարում են մյուս մակաբույծ կրետներին: Դա նման է սարսափ ֆիլմի սյուժեի: Որպես զոհ են հանդես գալիս Cynipidae ընտանիքի կրետները, որոնք ծառերի և տերևների մակաբույծներ են, առաջացնում են կոնաձև ելուստներ, որտեղ աճում են նոր կրետների թրթուրները: Երբ կրետը պատրաստ է գոյատևելու այդ ելուստից դուրս, նա կրծում է այն ներսից ու դուրս գալիս: Բայց առանձին դեպքերում կրետը միայն իր գլխի չափով անցք է բացում և գլուխը մտցնելով անցքի մեջ սատկում է: Գիտնականները պարզել են, որ վերջիններիս վարքագիծը կառավարում են նրանց գլխի մեջ բնակվող մյուս գերմակաբույծ կրետները` ստիպելով նրանց դեպի դուրս ճանապարահ հարթել, քանի որ իրենք չեն կարող կրծել ծառի կեղևը: Իսկ հետո իրենք կրծում են «տիրոջ» գլուխն ու դուրս թռչում:

Տիեզերագնացություն

Հունվարի 16-ին 82 տարեկանում մահացավ Յուջին Սերնանը` Լուսնի վրա եղած վերջին մարդը: Սերնանն այն 14 աստղագնացներից մեկն էր, որոնց 1963-ի հոկտեմբերին ընտրել էին դեպի Լուսին թռչելու համար: 1966-ին նա թռավ տիեզերք որպես Gemini 9A-ի 2-րդ պիլոտ, իսկ 1969-ին` որպես Apollo 10-ի տիեզերագնաց և արդեն 1972-ին որպես հրամանատար` Apollo 17-ով: «Հեռանալով Լուսնից Տաուրուս-Լիտտրի շրջանում, մենք հեռանում ենք այնպես, ինչպես եկանք և, Աստծո կամոք, կվերադառնանք` հույսով և խաղաղությամբ ամբողջ մարդկության համար: Հաջողություն Apollo 17-ի անձնակազմին»,-սրանք են Լուսնի վրա մարդու արտասանած վերջին բառերը:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---