Գարնանային եթերաշրջան

Գարնանային եթերաշրջան

10 սերիալ, որոնք կարելի է դիտել գարնանը

Մեծ ժողովրդականություն վայելող «Գահերի խաղը» հեռուստասերիալի հերթական եթերաշրջանն այս տարի կմեկնարկի ոչ թե գարնանը, ինչպես սովորաբար, այլ ամռանը: Նշանակում է, միլիոնավոր երկրպագուների սպասելիքները մի փոքր կհետաձգվեն: Սակայն, 2017-ի գարունը բավականին հարուստ է հայտնի շոուների շարունակությամբ, ինչպես նաև նոր նախագծերով:

PanARMENIAN.Net - Օրինակ, այն փաստը, որ մայիսին էկրան կվերադառնա լեգենդար «Թվին Փիքսը», արդեն ինքնին խոսուն է: Եվ դա գարնան միակ նշանակալի իրադարձությունը չէ: Ուսումնասիրելով հեռուստացանկը` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 10 ժանրային սերիալ, որոնք կարելի է և պետք է դիտել գարնանը:

«Միլիարդները» (օրիգ. անվանումը` Billions)

3-րդ եթերաշրջան

Պրեմիերան` փետրվարի 19-ին

Ալիքը` Showtime

Դրամատիկ սերիալը պատմում է հսկայական ֆինանսական մեքենայի աշխատանքին մասնակցող մարդկանց բարդ փոխհարաբերությունների մասին: Գործողությունը ծավալվում է Նյու Յորքում, մեծ փողերի աշխարհում` պատմելով հեջ-հիմնադրամների հավակնոտ արքա Բոբի Աքսելրոդի և դաշնային դատախազ Չակ Ռոդսի դիմակայության մասին: Գերազանց դերասաններ Դեմիեն Լյուիսը (Նիկոլաս Բրոուդին «Հայրենիքը» սերիալում) և Փոլ Ջամատին միանգամայն ի զորու են իրենց ուսերին կրելու մի քանի եթերաշրջանի ծանրությունը: Գլխավորն այն է, որ սյուժեն լինի նույնքան հետաքրքիր, որքան Showtime-ի արտադրության յուրաքանչյուր սերիալի դեպքում է լինում:

«Ամերիկացիները» (օրիգ անվանումը` The Americans)

5-րդ եթերաշրջան

Պրեմիերան` մարտի 7-ին

Ալիքը` FX

«Սառը պատերազմի» շրջանը պարարտ հող է լրտեսական պատմությունների սիրահարների համար: ԿՀՎ նախկին սպա, ներկայիս սցենարիստ Ջո Վայսբերգը զարմանալիորեն սլացիկ դրամատիկ կառուցվածք է ստեղծել հեռուստանովելի տեսքով, որը պատմում է ՊԱԿ խորհրդային սպաների ծանր ճակատագրի մասին, որոնք ուսուցում են անցել 1980-ականներին որպես ԱՄՆ քաղաքացիներ ներկայանալու համար:

«Մեծ խաղադրույք» (օրիգ անվանումը` Snatch)

1-ին եթերաշրջան

Պրեմիերան` մարտի 16-ին

Ալիքը` Crackle

Սա Գայ Ռիչիի հայտնի գանգստերային ֆիլմի ադապտացիան է փոքր էկրանի համար: Այս անգամ, ադամանդներին փոխարինել է ոսկին: Սյուժեն ծավալվում է մի խումբ երիտասարդ ձեռներեց խարդախների շուրջ, որոնք պատահաբար հայտնաբերում են կողոպտված ոսկով բեռնված բեռնատար: Այդպես նրանք ներքաշվում են կազմակերպված հանցավորության վերնախավի աշխարհ, որտեղ ստիված են լինելու հընթացս սովորել ու գոյատևել` բախվելով գանգստերների, ծախու ոստիկանների ու գնչու բռնցքամարտիկների հետ: Հանցավոր Լոնդոնն ու սև հումորի չափաբաժինը կարող են վերածել ֆիլմը երկարաժամկետ նախագծի:

«Երկաթե բռունցքը» (օրիգ անվանումը` Marvel's Iron Fist)

1-ին եթերաշրջան

Պրեմիերան` մարտի 17-ին

Ալիքը` Netflix

Կոմիքսների աշխարհի հսկա Marvel-ի և շատ սիրված Netflix կինոհարթակի գործակցությունը շարունակվում է: Ջեսիկա Ջոնսից, Գլխից Ձեռք Քաշածից, Լյուկ Քեյջից հետո փոքր էկրանին կհայտնվի ոչ պակաս սիրված մի այլ գերհերոս` Դենիել Ռիդը, առավել հայտնի որպես Երկաթե բռունցք:

«Վաղվա առասպելները» (օրիգ անվանումը` DC's Legends of Tomorrow)

3-րդ եթերաշրջան

Պրեմիերան` մարտի 28-ին

Ալիքը` The CW

Marvel-ի գլխավոր մրցակից DC ընկերությունը ևս ձեռքերը ծալած չի նստում` զարգացնելով սեփական սերիալների աշխարհը: «Վաղվա առասպելները» «Նետը» և «Ֆլեշ» սերիալների սփին-օֆն է, որի իրադարձությունները ևս կատարվում են հորինված աշխարհում: Եթերաշրջանի առաջին 2 սերիան ջերմ ընդունվեց ինչպես քննադատների, այնպես էլ հեռուստադիտողի կողմից, ուստի The CW-ն որոշել է շարունակել Ատոմի և ժամանակի վարպետ Ռիպա Հանթերի պատմությունը:

«Փախուստ» (օրիգ անվանումը` Prison Break)

5-րդ եթերաշրջան

Պրեմիերան` ապրիլի 4-ին

Ալիքը` Fox

Հայտնի սերիալի էկրաններ վերադառնալու մասին լուրը միանշանակ չընդունվեց` երկրպագուների մի մասը գոհ է սիրված կերպարներին կրկին տեսնելու հեռանկարից, մյուսները պնդում են, որ օրիգինալ սերիալն ավարտված է և շարունակությունն անիմաստ է: 5-րդ եթերաշրջանը, որտեղ կհայտնվեն Բարոուզ եղբայրները, բաղկացած է 10 էպիզոդից: Եթե վերաթողարկումը հաջող ստացվի, ալիքը, հավանաբար, չի հրաժարվի այդ անվերջ պատմությունը շարունակելու հնարավորությունից:

«Լավ կլինի Սոլին զանգահարեք» (օրիգ անվանումը` Better Call Saul)

3-րդ եթերաշրջան

Պրեմիերան` ապրիլի 10-ին

Ալիքը` AMC

«Բոլոր մեղքերի ծանրության տակ» հայտնի սերիալի սփին-օֆը, իսկ ավելի ճիշտ փրիքվելը, այնքան հաջող ստացվեց, որ հեռուստադիտողների և քննադատների մի մասն այն օրիգինալից նույնիսկ ավելի բարձր է դասում: Հիմք ընդունելով օրիգինալ սերիալի ամենախարիզմատիկ կերպարներից մեկին` փաստաբան Սոլ Գուդմանին, շոուի հեղինակ Վինս Գիլինգանը կարողացել է ճյուղավորումը վերածել ինքնաբավ և շատ սրամիտ պատմության:

«Սպասուհու պատմությունը» (օրիգ անվանումը` The Handmaid's Tale)

1-ին եթերաշրջան

Պրեմիերան` ապրիլի 26-ին

Ալիքը` Hulu

Մռայլ հակաուտոպիան հիմնված է կանադացի գրող Մարգարետ Էթվուդի համանուն վեպի վրա: Գործողությունը ծավալվում է Գիլեադ հանրապետությունում, որտեղ իշխանավորները զինվորականներն են: Երկրում դաժան կարգեր են ու բարքեր, հարգված են միայն սպաներն ու նրանց կանայք: Սակայն, բոլորին անհայտ պատճառներով, սպաների կանայք երեխաներ չեն ունենում: Շարունակելու համար սպայական ցեղը սպաներն ու նրանց կայանք ընտրում են հասարակ աղջիկներից որևէ մեկին, որը կրելու է նրանց ապագա երեխային:

«Թվին Փիքս» (օրիգ անվանումը` Twin Peaks)

3-րդ եթերաշրջան

Պրեմիերան` մայիսի 21-ին

Ալիքը` Showtime

Մեծն Դևիդ Լինչը որոշել է շարունակել իր կյանքի գլխավոր ստեղծագործությունը մինի սերիալի տեսքով, որը 18 սերիա կունենա: Հաշվի առնելով, որ օրիգինալը ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն շոուներից մեկը, շատերի համար այս շարունակությունը հեռուստատարվա ամենասպասված իրադարձությունն է: Կլինեն հին ու սիրված հերոսները, ՀԴԲ հատուկ գործակալ Դեյլ Քուփերի հերթական առեղծվածային գործն ու սերիալի անմոռանալի մթնոլորտը:

«Քարտերից տնակը» (օրիգ անվանումը` House of Cards)

5-րդ եթերաշրջան

Պրեմիերան` մայիսի 30-ին

Ալիքը` Netflix

Գլխավոր քաղաքական թրիլերը, որը պատմում է Ֆրենկ Անդերվուդի կողմից Օլիմպոսի նվաճման մասին, շատ տեղին կլինի` հաշվի առնելով իրական ԱՄՆ-ում բորբոքվող կրքերը: «Ինչ է քաղաքականությունը» հարցին սերիալը հերթական անգամ պատասխանում է. «Դա խաղ է, որտեղ հաճախ են խախտվում խաղի կանոնները: Այստեղ հնարավոր է ամեն ինչ` ինչպես մանր ու կոպիտ, այնպես էլ դաժան, մահացու ելքով խախտումներ»:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---