Սիրո օրեր

Սիրո օրեր

Ինչպես են տարբեր երկրներում նշում իրենց «Սուրբ Սարգսի տոնը»

Արդեն 11 տարի է, ինչ Արարատյան Հայրապետական թեմը Սբ Սարգիս զորավարի տոնին վերադարձրել է երբեմնի ժողովրդականությունը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այն կոչված էր փոխարինելու հայերի մեջ գնալով ավելի լայն տարածում գտնող Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների տոնին, որը նշում են աշխարհի մի շարք երկրներում:

PanARMENIAN.Net - Սբ Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Տոնի նախորդ գիշերը չամուսնացած երիտասարդներն ուտում են աղի բլիթ` հույսով, որ երազին ջուր կստանան իրենց կյանքի ապագա ուղեկցի կողմից: Այդ օրը նաև ընդունված է փոխինձով կամ ալյուրով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի` Սբ Սարգիսը, որը համարվում էր սիրահարներին օժանդակող, պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն և անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը: Որ երիտասարդի մատուցարանի մեջ առավոտյան հետք լինի, նրա երազանքն այդ տարի կիրականանա: Ս. Սարգսի տոնին սիրահարված երիտասարդները շնորհավորում են միմյանց, բացիկներ, քաղցրավենիք և այլ նվերներ անում: Տոնը շարժական է, նշվում է հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից 63 օր առաջ է։ Այս տարի Ս. Սարգսի տոնը նշվում է փետրվարի 11-ին:

PanARMENIAN.Net – ը պատմում է՝ ինչպես են աշխարհի այլ երկրներում նշում սիրո տոնը, ինչպիսի սովորույթներ ու ավանդույթներ կան այդ օրերի հետ կապված:

Բելթեյնը՝ Իռլանդիայում և Շոտլանդիայում

Մայիսի 1-ին Իռլանդիայում և Շոտլանդիայում նշվում է մի հրաշալի հեթանոսական սիրո տոն՝ Բելթեյնը, որն օժտված է հեթանոսական տոներին հատուկ բոլոր վառ ատրիբուտներով՝ խարույկներ, դրանց վրայով ցատկեր, գիշերային պարեր անտառներում, գինի և այլն: Այդ օրվա խարույկն ու ցատկերը դրա վրայով Հյուսիսային Եվրոպայի ժողովուրդների համար դեռ հին ժամանակներից մաքրվելու միջոց էին, իսկ պարերն անտառում և ծառերի զարդարանքը խորհրդանշում էին բարվոք ապագա կառուցելու ուղղությամբ տարվող աշխատանք:

Բելթեյնի հիմքում ընկած է Բելեն և Բելեսամա աստվածների սիրո մասին լեգենդը: Համարվում է, որ Բելթեյն տոնի անվան առաջին մասնիկը՝ «Բել», այդ աստվածների անունների առաջին վանկն է, իսկ «թեյն» նշանակում է խարույկ: Այդ իսկ պատճառով Բելթեյնին խարույկներ են վառում:

Բելթեյնի գլխավոր տոնակատարություններն անցկացվում են Էդինբուրգում և Դուբլինում: Ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը իռլանդացիներն ու շոտլանդացիները քայլերթով անցնում են քաղաքների գլխավոր փողոցներով, թռնում խարույկների վրայով, հիշում հին աստվածներին և մեծ քանակությամբ գինի խմում: Ի դեպ, այդ տոնակատարությունը մասամբ հիշեցնում է հայկական Տյառնընդառաջը (Տերընդեզ), որը նշվում է փետրվարի 13-ին. իհարկե, ոչ շատ խմելու մասով:

Սուրբ Պետրոսի և Ֆևրոնիայի օրը՝ Ռուսաստանում

Ռուսաստանում Վալենտինի օրը սկսել են նշել 90-ականների սկզբից, սակայն վերջին տարիների քաղաքական իրադարձությունների արդյունքում ռուսական իշխանությունները արևմտյան արժեքների դեմն առնելու նպատակով մղվող լուռ պայքարի շրջանակներում որոշել են տեղական այլընտրանք առաջարկել հայրենակիցներին՝ 2008 թ.-ից սկսած ռուսական օրացույցում հուլիսի 8-ը նշելով որպես Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օր:

Օրը պատահական չէ ընտրվել, քանի որ մինչև 1917 թ.-ը հուլիսի 8-ին ուղղափառները հիշում էին Սուրբ Պետրոս և Ֆևրոնիա Մուրոմցիներին, ովքեր ընտանեկան երջանկության, սիրո և հավատարմության հովանավորներ են համարվում: Պետրոսի և Ֆևրոնիայի ամուսնությունը շուրջ 780 տարի օրինակ է ծառայել ուղղափառներին: Ըստ լեգենդի՝ իշխանավորների տոհմից Պետրոսը կնության է առնում ժողովրդից սերած Ֆևրոնիային, նրանք միասին անցնում են կյանքի բարդ ուղին, իսկ կյանքի վերջում գնում են տաճար, որտեղ և մահանում են նույն օրը՝ հուլիսի 8-ին: Տոնը, սակայն, ժողովրդականություն չի վայելում Ռուսաստանում, քանի որ սովետական անցյալ ունեցող երկրում քչերը գիտեն տոնի ծագման մասին և առաջին անգամ լսել են դրա մասին 2008թ.-ին:

Գերգետոբան՝ Վրաստանում

Հարևան Վրաստանում նշում են Գերգետոբան, որը, սակայն, ռոմանտիկ հարաբերությունների հետ կապ չունի. այն Հոգևոր սիրո օր է: Հուլիսի 16-ին նշվող Գերգետոբան քրիստոնեական հնագույն տոներից մեկն է: Այն Վրաստանի պատմության ընթացքում դադարել են տոնել միայն մի ժամանակաշրջանում՝ սովետական տարիներին: Տոնն սկսեց նորից նշվել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի շնորհիվ։

Առավել շքեղ այն նշվում է ռուս-վրացական սահմանի մոտ գտնվող Գերգետի բնակավայրի՝ ավելի քան 2000 մ բարձրության վրա գտնվող Երրորդության եկեղեցում, որտեղ տոնի առթիվ կատարում են հատուկ ծառայություն ու կարդում տոնական մաղթանք։

Բացի այդ քրիստոնեական տոնից, որը կրում է «Աստված սեր է» գաղափարը, Վրաստանում ազգային շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի՝ Բեսիկա Չուբինիձեի նախաձեռնությամբ, հաստատվել է ևս մեկ Սիրո տոն, որը նշվում է ապրիլի 15-ին: Այն, ի տարբերություն Հոգևոր սիրո օրվա, նվիրված է տղամարդու և կնոջ միջև ռոմանտիկ զգացմունքին:

Տու բե-Ավը՝ Իսրայելում

Հին իսրայելական Սիրո տոնը՝ Տու բե-Ավը, այսօր առանձնապես ճոխ չի նշվում, երիտասարդ իսրայելցիներն ուղղակի ևս մեկ առիթ են ունենում սիրելիներին շնորհավորական բացիկ ուղարկելու: Հուլիսին կամ օգոստոսին նշվող տոնն առավել տարածված է կրոնասեր հրեաների շրջանում, քանզի համարվում է, որ հին հրեական տոմարով ավ ամսի 15-ին սկսվել է ժողովրդի միավորումը. առանձին-առանձին ապրող Յակոբի ցեղի 12 ճյուղերի ավագները հենց այդ օրը պայմանավորվեցին թույլատրել խառնամուսնությունները: Հին ժամանակներում այդ օրը սկսվում էր խաղողի հավաքը, և աղջիկները խաղողի այգիներում փնտրում էին իրենց ապագա փեսացուներին:

Ժամանակակից Իսրայելում Տու բե-Ավը Ս. Վալենտինի օրվա ընդունված այլընտրանքն է: Այդ երկու օրերին էլ Իսրայելում շատ նորաձև է հարսանիք նշելը, և ամուսնությունները գրանցելու համար երկար հերթեր են գոյանում:

Յուհանուսը՝ Ֆինլանդիայում

Հունիսի 20-ից 26-ը Ֆինլանդիայում նշում են երկրի՝ կարևորությամբ երկրորդ տոնը Սուրբ Ծնունդից հետո՝ Յուհանուսը: Դա ֆիննական Ամառային արևադարձի և Սիրո օրն է, որն ունի պետական տոնի կարգավիճակ և նշվում է մեծ հանդիսավորությամբ: Այն ևս ունի հեթանոսական ծագում, ուստի որոշ չափով նման է իռլանդական Բելթեյնին՝ խարույկներ, գինեխմություն, բնությանը մոտ լինելու ցանկություն:

Յուհանուսը նշվում է ամառային արևադարձի օրվան մոտ շաբաթ օրը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հանգստյան օրերը անցկացնելու քաղաքից դուրս, ինչը և ֆինները հաջողությամբ անում են: Տոնին քաղաքները դատարկվում են, բոլորը գնում են գյուղեր, որտեղ բնության գրկում տրվում են կյանքի հաճույքներին՝ գինի, զվարճանքներ, հանրահայտ ֆիննական սաունաներ:

Ցիսիձեն՝ Չինաստանում

Օգոստոսին չինացիները նշում են ռոմանտիկ սիրո օրը՝ Ցիսիձեն, որի հիմքում ընկած է հին չինական մի լեգենդ: Ըստ դրա՝ երկնքում ապրում էր մի երիտասարդ աղջիկ Ջուլհակ, որը գործում էր ամպերը (նա ասոցացվում է Քնար համաստեղության ամենապայծառ աստղ Վեգայի հետ), իսկ երկրի վրա՝ մի Հովիվ (ասոցացվում է Ալտաիր աստղի հետ): Նրանք սիրահարվում են, սակայն երկնային ուժերը դեմ են այդ հարաբերություններին, ուստի, երբ Հովիվը թռչում է երկինք սիրելի մոտ, նրանց բաժանում է երկնային գետը՝ Ծիր Կաթինը: Այդ ժամանակներից ի վեր նրանք հանդիպում են գետի կամրջին տարին մեկ անգամ՝ չինական լուսնային օրացույցի 7-րդ ամսվա 7-րդ օրը (եվրոպական օրացույցով՝ օգոստոսին):

Չինացիները տոնում են երեկոյան և գիշերը՝ երբ երկնքում երևում են Վեգան և Ալտաիրը: Նրանք նայում են երկնքին՝ հույսով, որ ուղիղ կեսգիշերին կկարողանան տեսնել երկնաքար, ինչը կնշանակի, որ Հովիվը կարողացել է անցնել գետն ու հանդիպել սիրելին: Չինաստանի գյուղերում աղջիկներն այդ գիշեր զբաղվում են գուշակությամբ ասեղների և սարդերի միջոցով, որոնց փակում են գիշերը հատուկ շինության մեջ՝ հույսով, որ առավոտյան կտեսնեն «մարգարեական» սարդոստայնը: Խոշոր քաղաքներում տոնն ուղղակի ուրախ ժամանակ անցկացնելու առիթ է:

Տանաբատան՝ Ճապոնիայում

Ճապոնական սիրո տոն Տանաբատան սերում է չինական Ցիսիձեից: Դրա հիմքում ընկած է նույնպիսի պատմություն Ջուլհակ աղջկա, Հովվի և նրանց բաժանող Ծիր Կաթինի մասին: Հիմնական տարբերությունն այն է, որ ճապոնացիները նշում են տոնը եվրոպական օրացույցով 7-րդ ամսվա 7-րդ օրը՝ հուլիսի 7-ին, թեև Տանաբային նվիրված ամենամեծ փառատոնը անցկացնում են ինչպես և չինացիները՝ ըստ լուսնային օրացույցի: Այդ ուրախ և վառ փառատոնը անցկացվում է Սենդայ քաղաքում և տևում է օգոստոսի մի քանի օր: Մյուս տարբերությունը փողոցների և տների արտաքին զարդարանքի մեջ է. եթե չինացիները նախընտրում են ավանդական կարմիրը, ապա ճապոնացիներն իրենց տարերքի մեջ են՝ վառ և ուրախ գույների բազմազանությամբ:

Ճապոնացի աղջիկներն անում են նույն գուշակությունները, ինչ չինացիները, և նույն կերպ սպասումով նայում են երկնքին՝ սպասելով կեսգիշերին ընկնող երկնաքարին, որը խորհրդանշում է Հովվի բարեհաջող անցումը գետի վրայով և հանդիպումը սիրեցյալի հետ:

Գանգաուրը՝ Հնդկաստանում

Հնդիկների տոները միշտ առանձնացել են վառ գույներով և հարուստ մշակութային տարրերով: Հատկանշական է, որ հնդիկները շատ են սիրում զվարճանալ, ուստի նրանց օրացույցի գրեթե ամեն օրը տոնական է: Այսպես, հնդկական ամենահայտնի տոներից մեկի՝ գույների փառատոն Հոլիի հաջորդ օրը սկսվում է Գանգաուրը, որը տևում է 18 օր՝ մարտի վերջից մինչև ապրիլի կեսերը: Այն ավանդաբար նշվում է Հնդկաստանի հյուսիս-արևմտյան նահանգ Ռաջաստխանում: Այս տոնի հիմքում ևս ընկած է հին լեգենդ՝ Շիվա աստծո և նրա ընտրյալ Պարվատիի սիրո պատմությունը: Այժմ Ռաջաստխանի կանայք աղոթում են Պարվատիին՝ խնդրելով նրանից հաջող ամուսնություն:

Տոնակատարություններն անցնում են հնդկական ոճով՝ գունագեղ, երգերով ու պարերով, քայլերթերով, հյուրասիրություններով և կառնավալներով: Ամենաճոխ հանդիսություններն անցնում են նահանգի մայրաքաղաք Ջայպուրում, ինչը շատ է գրավում զբոսաշրջիկներին:

Ս. Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրը

Վերջին տարիներին Հայաստանում, ինչպես նաև հարևան երկրներում շատ տարածված է դարձել Ս. Վալենտինի օրը՝ բազմադարյա պատմություն ունեցող կաթոլիկ տոնը, որը նշվում է փետրվարի 14-ին աշխարհի մի շարք երկրներում: Տոնի ծագման հետ կապված շատ լեգենդներ կան, բայց հստակ հայտնի չէ՝ ով է եղել Վալենտինը: Հայտնի է միայն, որ նրան գլխատել են թրով դեռ Հռոմեական կայսրության տարիներին: Ըստ լեգենդի՝ Վալենտինը սովորական քահանա էր, ով կայսր Կլավդիուս Երկրորդի հրամանը (կայսրն արգելել էր երիտասարդներին ամուսնանալ՝ կռվի դաշտում ավելի մարտունակ լինելու համար) անտեսելով՝ պսակադրում էր երիտասարդ սիրահարներին:

1969թ.-ին Վատիկանը հանեց Վալենտինի անունը սրբերի պաշտոնական ցուցակից՝ պատճառաբանելով դա նրա մասին որևէ հստակ տեղեկություններ չունենալու հանգամանքով: Այդպիսով, կարելի է ասել, որ տոնն այսօր ավելի շուտ աշխարհիկ և փոքր-ինչ կոմերցիոն բնույթ է կրում: Այն տարածված է Եվրոպայի երկրներում, Ամերիկայում, նախկին ԽՍՀՄ երկրներում, Չինաստանում և Ճապոնիայում: Տոնն արգելված է Սաուդյան Արաբիայում, որտեղ նշողներին խոշոր տուգանքներ են սպառնում, իսկ մի շարք իսլամական պետություններում ուղղակի արժանացել է բացասական վերաբերմունքի:

Վերջին տարիներին մի շարք երկրներում Ս. Վալենտինի օրը դիտարկվում է նաև որպես Արևմուտքից եկած «չարիք», գլոբալիզացիայի սիմվոլ, որի դեմ փորձում են պայքարել թե՛ որոշ քաղաքական ուժեր, թե՛ ազգայնական կազմակերպություններ: Այդպիսի պատկեր է նկատվում մասնավորապես Ռուսաստանում:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---