Իշխանությունից՝ ընդդիմություն, և հակառակը

Իշխանությունից՝ ընդդիմություն, և հակառակը

«Բարգավաճ Հայաստանի» անցած ուղին

Հայաստանի քաղաքական կյանքի ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանը», վստահ գնում է դեպի գալիք խորհրդարանական ընտրությունները: Այս անգամ այն ներկայանում է նոր ձևաչափով՝ «Ծառուկյան» դաշինքով: Թե ինչ է փոխում անունը բովանդակային առումով, բարդ է ասելը, քանի որ մինչև այս էլ ԲՀԿ-ն եղել և հանրության լայն շրջանակի համար ընդունվել է որպես «մարդ-կուսակցություն»՝ ԲՀԿ հիմնադիր-նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական կուսակցությունը:

PanARMENIAN.Net - Եվ մարդկանց ընկալման մեջ ոչինչ չէր փոխվել անգամ այն բանից հետո, երբ 2015-ին Ծառուկյանը հայտարարեց, թե հեռանում է քաղաքականությունից և ԲՀԿ-ի հետ այլևս կապ չունի: Անգամ կուսակցության նախկին նախագահ Նաիրա Զորհաբյանը հաստատեց դա ԲՀԿ վերջին համագումարում. «Մարզերում մեզ դիմավորում էին`ասելով` Ծառուկյանի կուսակցության պատգամավորները եկան»:

Ինչևէ, PanARMENIAN.Net ը ներկայացնում է ԲՀԿ-ի անցած ճանապարհը՝ երբ, ում հետ ինչ դաշինք է կազմել, և անցումները՝ իշխանությունից ընդդիմություն, և հակառակը:

Հիմնադրումն ու առաջին ընտրությունները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը կայացավ 2004 թ. ապիլի 30-ին: Կուսակցության հիմնադիր-նախագահը խոշոր գործարար, սպորտի սիրահար ու հովանավոր Գագիկ Ծառուկյանն էր:

Հատկանշական է, որ քաղաքական դաշտում նոր ձևավորված կուսակցությունը հենց սկզբից էլ կապվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, թեև ԲՀԿ-ականներն ամեն կերպ ջանում են ազատվել դրանից և յուրաքանչյուր համրար առիթով շեշտում՝ Քոչարյանի հետ կապ չունենք:

Նորաստեղծ կուսակցության առաջին ընտրությունները 2007-ին էին՝ խորհրդարանական: Այն ժամանակ կուսակցությունը ստացավ ձայների 17%-ը և 30% հավաքած Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմեց, իսկ 15% ստացած ՀՅԴ-ի հետ ստորագրվեց գործակցության համաձայնագիր:

2008 թվականի նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հաջորդ տարվա ընթացքում կուսակցության վարկանիշն անընդմեջ աճում էր: 2009 թվականի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն հավաքեց 89.131 ձայն կամ մոտ 22%:

Հատկանշական է նաև, որ այս ընտրություններից հետո ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կոալիցիան արդեն լքած ՀՅԴ-ին (պատճառը հայ-թուրքական համաձայնագրերն էին) և դեռևս իշխանական ԲՀԿ-ին կոչ արեց «միավորվել և միասին պայքարել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ»: Սակայն ԲՀԿ-ն մերժեց միասնական ընդդիմություն ձևավորելու առաջարկը. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է իշխող կոալիցիայի կազմի մեջ և ընդդիմադիր կուսակցություն չէ»,- ասել էր կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Արդեն 2011-ին ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև ստորագրվեց «Քաղաքական կոալիցիայի հայտարարությունը»: Կողմերը հայտարարեցին՝ 2012-ի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում միմյանց դեմ չեն պայքարելու, իսկ 2013-ի նախագահական ընտրություններում հանդես կգան միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի, «դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»:

Մասամբ ընդդիմադիր

2012-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքեց 454.671 քվե՝ զբաղեցնելով 2-րդ տեղը և զիջելով միայն ՀՀԿ-ին: Սակայն Ծառուկյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը:

ԲՀԿ-ն նաև չդառավ ընդդիմություն: Կուսակցությունն իրեն վերագրեց չափավոր ըննդիմության և վերահսկիչ ուժի գործառույթները, որը գործելու է կառուցողական դաշտում:

Ծառուկյանի այս որոշումը ողջունեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, սակայն, որ «եթե այդ ամենից հետո ԲՀԿ-ն հնազանդություն հայտնի Սերժ Սարգսյանին, ապա դա կլինի նրա` որպես քաղաքական գործոնի վերջը»:

Մասամբ ընդդիմադիր Ծառուկյանը, միևնույն ժամանակ, մասամբ հավատարիմ մնաց ստորագրած կոալիցիոն հայտարարությանն ու չմասնակցեց 2013 թվականի նախագահական ընտրություններին, որտեղ Սերժ Սարգսյանը ջախջախիչ հաղթանակ տարավ:

Ընդդիմադիր

Հաջորդը 2013 թվականի Երևանի ավագանու ընտրություններն էին: Սրանց ԲՀԿ-ն մասնակցեց՝ արդեն ընդդիմադիրի կարգավիճակով հավաքելով ձայների մոտ 17%-ը:

2014 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, նրան փոխարինեց Հովիկ Աբրահամյանը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու իր գլխավորած ԲՀԿ-ն, այսպես կոչված, «Հրաշալի քառյակի» մասնակիցը դարձան` գործակցելով Հայաստանի Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի՝ ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ: Քառյակը մի քանի ամիս անց դարձավ եռյակ. այս անգամ ընդդիմությունից իշխանություն տեղափոխվեց ՀՅԴ-ն՝ ՀՀԿ-ի հետ նոր սահմանադրության շուրջ բանակցություններ սկսելով, իսկ ավելի ուշ՝ կոալիցիոն կառավարություն կազմելով և ստանալով նախարարական 3 պորտֆել:

Արդեն 2014-ի աշնանը Ծառուկյանը սկսեց ակտիվորեն մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, ամբիոններից ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին՝ իրեն բացահայտ ընդդիմություն հայտարարելով և պահանջելով իշխանափոխություն.

«Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»:

Ինչպես ասում են՝ իսկ այն ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր…

Երկու օր անց առևանգվել և ծեծվել էր ՓՄՁ բողոքի ցույցերին մասնակցող ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը, ինչը կուսակցության քաղխորհրդի տարածած հայտարարությունում գնահատվեց որպես «քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր: Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա»:

Ապա հետևեց նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում. «Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից»:

Սարգսյանը հրապարակավ Ծառուկյանին անվանեց «Դոդի Գագո», իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նրան «իր տեղը ցույց տալու» համար «գլխին բամփելու» կոչ արեց:

Արդյունքում, Ծառուկյանի՝ իշխանափոխության կոչ անող հայտարարությունից 1 ամիս անց նա հայտարարեց քաղաքականությունից և հարազատ ԲՀԿ-ից հեռանալու որոշման մասին, իսկ կուսակցության ղեկավարությունը ստանձնեց Նաիրա Զոհրաբյանը:

Վերադարձը

Անցավ գրեթե 2 տարի: Այս ընթացքում համապետական նշանակության ընտրություններ չկային: Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը սկսեցին վերստին համատեղ այցեր կատարել այս կամ այն ձեռնարկություն, միասին լուսանկարվել: Բոլորը սկսեցին խոսել Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին: Ասում են՝ մարդիկ անգամ ցույցեր են կազմակերպել՝ խնդրելով նրան վերադառնալ:

Արդյուքնում, «ժողովրդի կողքին, ժողովրդի համար» կարգախոսով առաջնորդվող Գագիկ Ծառուկյանը որոշեց վերադառնալ, քանի որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար:

«Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով»,- նշել է նա:

Կարդացեք նաև՝ Անժառանգ կուսակցությունը. Ով, երբ և ինչու հեռացավ «Ժառանգությունից»

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---