44 էջ ու ոչ մի թիվ

44 էջ ու ոչ մի թիվ

Ինչ է խոստանում ՀՀԿ-ն

Իշխող Հանրապետական կուսակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացրել է իր՝ 22 գլխից բաղկացած ծրագիրը: Սակայն այս 44 էջանոց ծրագրում չկա ոչ մի թիվ:

PanARMENIAN.Net - Պատմական դեպքերի թվարկումից զատ ՀՀԿ ծրագրում կարևոր տեղ է գրավում հայ մարդու ստեղծարարության, քարից հաց քամելու կարողության գովերգումը. «Հայաստանի ամենամեծ «բնական պաշարը», ամենամեծ արժեքը մարդն է»:

Հիմնական բոլոր ուղղություններով կուսակցությունը խոստանում է շարունակել բռնած ուղին՝ լինի դա կառավարաման, դատաիրավական համակարգերի բարեփոխում, թե բանակաշինություն, տնտեսություն ու արտաքին քաղաքականություն` իրավացիորեն խոստովանելով բացթողումները:

Շեշտն անհատի ու քաղաքցու վրա է դրված նաև բանակին վերաբերող գլխում. «Որևէ զենք կամ սպառազինություն ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը… Հայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը: Դրա համար մենք ունենք ամենակարևոր նախադրյալը՝ անփոխարինելի հարստությունը, որ մեր քաջարի զինվորներն ու սպաներն են»:

Հատկանշական է նաև, որ բանակը դիտարկվում է որպես սպառող ու տնտեսության լոկոմոտիվ. «Բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը: Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի այն չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա»:

ԼՂ հիմնախնդրի լուծման առումով էլ ոչ մի նորություն չկա. ՀՀԿ նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից. «Այս սկզբունքից մենք երբեք չենք հրաժարվելու»: Միևնույն ժամանակ՝ Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարևորագույն առաջնահերթություն:

Արտաքին քաղաքականության առումով էլ ՀՀԿ-ն առանձապես փոփոխություններ չի խոստանում, իսկ շրջափակումը ընդունում են «որպես փաստ». «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձևը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն են, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը։ Արդեն 25 տարի է մենք փաստացի գտնվում ենք մասնակի շրջափակման մեջ: Սա ընդունել ենք որպես փաստ և շարժվում ենք առաջընթացի ճանապարհով՝ անկախ այդ հանգամանքից»:

Ի դեպ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին այդ 44 էջանոց ծրագրում ոչ մի բառ չկա: Միայն նշվում է. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կան բազում սպառնալիքներ ու վտանգներ, մեծ է զինված բախումների հավանականությունը: Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրությունը և դրա վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը կրկին ապացուցեցին, որ մեր երկրի անվտանգության մակարդակի անընդհատ և հետևողական բարձրացումն այլընտրանք չունի»:

Կուսակցությունը խոստանում է սերտացնել կապերը Վրաստանի ու Իրանի, ՌԴ-ի, ԵՄ անդամ երկրների հետ: ԵՏՄ անդամակցումը դիտարկվում է որպես տնտեսության վրա դրական ազդող գործոն, նաև նշվում է ՝ Եվրոպական միության հետ գործակցությունն առանցքային է:

Արդարացիորեն նշվում է, որ Հայաստանի տնտեսությանը անհրաժեշտ են արդյունավետ լուծումներ: Կուսակցությունը վստահ է՝ պետք է ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական արտադրությունն իր որակյալ և միաժամանակ հասանելի ապրանքատեսակների հաշվին շուկայում կփոխարինի ներմուծվող ապրանքներին:

Տնտեսական քաղաքականության օրակարգի առաջին հորիզոնականում են լինելու մակրոտնտեսական կայունության հետագա ապահովումն ու ամրապնդումը, ներդրումային միջավայրի հետագա բարելավումն ու նոր ներդրումների ներգրավումը, տնտեսավարող սուբյեկտներին, այդ թվում՝ ՓՄՁ-ներին, անհրաժեշտ օժանդակության և տնտեսական խթանների տրամադրումը, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովումն ու հովանավորչության վերացումը:

Ի դեպ, ՀՆԱ-ի, տնտեսական զարգացման, արտահանման ծավալների աճի վերաբերյալ ոչ մի կոնկրետ թիվ չի նշվում. ՀՀԿ-ն ոչինչ չի խոստանում:

Աբստրակտ ձևակերպումները գերիշխում են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածում. նշվում է, որ աշխատավոր մարդը պետք է նվազագույն չափով զգա պետության աջակցության կարիքը` ի վիճակի լինելով իր աշխատանքով ինքնուրույն ապահովելու իր և իր ընտանիքի արժանապատիվ կեցությունը, իսկ դրա համար պետությունն անելիք ունի. «Մենք դա գիտակցում ենք և մենք դա կանենք: Մենք կանգնած ենք լինելու մեր աշխատավորի թիկունքին և զգալու ենք մեր աշխատավորի զորակցությունը մեր պետությանը»:

ՀՀԿ նպատակն է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի նպատակային, արդյունավետ, թիրախավորված և թափանցիկ կառավարման համակարգի ձևավորումը։

Հատկանշական է, որ այս գլխում ևս ոչ մի թիվ չի նշվում՝ ոչ նվազագույն աշխատավարձի, ոչ միջին կենսաթոշակի. ՀՀԿ-ն այս առումով ևս ոչինչ չի խոստանում:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

Իսկ թե որքանով են կատարվել ՀՀԿ-ի նախորդ խոստումները, կարող եք կարդալ այստեղ:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---