Զանգվածային անկարգություններ ԲաթումումՊատճառները, դեպքերի ընթացքը, հետևանքներն ու արձագանքները Մարտի 11-ի երեկոյան Բաթումում զանգվածային անկարգություններ են սկսվել, որոնք վերաճել են բախումների իրավապահների հետ: Առիթ է հանդիսացել $80 տուգանքը, որը նշանակվել էր վարորդին սխալ տեղում ավտոմեքենան կայանելու համար: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է բախումների պատճառները, դրանց հետևանքները, ինչպես նաև քաղաքական ուժերի և իրավապաշտպանների արձագանքը: 13 մարտի 2017 PanARMENIAN.Net - Ինչպես նշում են ծովափնյա քաղաքի բնակիչները, երբ տեղական ոստիկանության վարչության պետ նշանակվեց Կախի Բուխրաձեն, պարեկայինները սկսեցին խիստ տուգանքներ նշանակել խախտումների համար: Ըստ Բաթումի բնակիչների, այդ տուգանքները հաճախ հիմնավորված չեն: Այդպես, մարտի 11-ին Պարեկապահակային ծառայության աշխատակիցները որոշել են 200 լարիով (80 դոլար) տուգանել վարորդին, որը կայանել էր ավտոմեքենան չթույլատրված տեղում: Ինչպես պարզվեց, տղամարդը, որը վերադառնում էր սեփական որդու հուղարկավորությունից, կանգնեցրել էր մեքենան դեղատան մոտ, քանի որ կինը վատ էր զգացել: Պարեկայինները չեն լսել նրա բացատրությունները, իսկ երբ տուգանվածի օգտին է խոսել մեկ այլ քաղաքացի, երկուսին էլ բաժանմունք են տարել: Լուրը շատ արագ տարածվել է քաղաքով մեկ, և ոստիկանության վարչության շենքի մոտ սկսել են մարդիկ հավաքվել: Տեղի ժամանակով 22:00-ին շենքի մոտ արդեն մոտ 1000 ագրեսիվ տրամադրված մարդ կար: Ոստիկանությունը բերման է ենթարկել առավել ակտիվ մասնակիցներից 6-ին, որից հետո անկարգություններ են սկսվել, գրում է MK.ru-ն:
Զանգվածային անկարգություններ քաղաքում Ցուցարարները սկսել են քարեր և ճայթուկներ նետել ոստիկանության շենքի ուղղությամբ, հրկիզել պարեկային մեքենաները: Թեև բերման ենթարկվածներին մեկ ժամ անց ազատ են արձակել, անկարգությունները չեն մարել: Ցուցարարները փորձել են ոստիկանության գլխավոր վարչության շենք ներխուժել, սակայն հատուկ ծառայությունները, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ կիրառելով, թույլ չեն տվել դա անել: Ցուցարարները նաև անվադողեր ու աղբամաններ են այրել: Նրանք ութ ժամ շարունակ ավերածություններ են կատարել փողոցում: Այլ շրջաններ ոստիկանությունը նրանց թույլ չի տվել գնալ: Առավոտյան 06:00-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել՝ ցրելով ցուցարարներին ու ձերբակալելով առանձնապես ագրեսիվներին: Անկարգությունների հետևանքով 33 մարդ է տուժել, որից 15-ը՝ ոստիկան: Բոլորը հոսպիտալացվել են: Սակայն, մարտի 12-ին արդեն մեծ մասը դուրս է գրվել հիվանդանոցից: Ըստ քաղաքի առողջապահության նախարարության ղեկավարի, հիվանդանոցում միայն մեկ տուժած է մնացել ուղեղի ուժեղ ցնցումով: Ձերբակալվել է ակցիայի մոտ 40 մասնակից: Այժմ վարչական կալանքի տակ է 7 մարդ: Մյուսներին ազատ են արձակել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ, հետաքննությունը շարունակվում է: Հետևանքները Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն ընդհատել է այցը Թուրքիա և շտապ վերադարձել Բաթում: Քաղաք են մեկնել նաև Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ տեղում պարզելու համար իրավիճակը: Մգեբրիշվիլին հայտարարել է, թե ոստիկանությունը «համարժեք և համաչափ ուժ է կիրառել»: «Ուզում եմ ասել, որ քաղաքում վանդալիզմի մեծ գործողություններ են կասեցվել: Խոստանում եմ, որ բոլոր անձինք, որոնք կազմակերպել են և մասնակցել այս վայրագությանը, կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Քրեական հետաքննություն է սկսվել: Որոշ մասնակիցների ինքնությունն արդեն պարզվել է»,-ասել է ՆԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ ոստիկանությունն ուժ է կիրառելու, եթե անկարգությունները Բաթումում կամ Վրաստանի ցանկացած այլ քաղաքում կրկնվեն: Աջարիայի իշխանությունները հաշվում են վնասը: Ըստ Պատարաձեի, քաղաքի ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել: Բացի այդ, առնվազն 10 մեքենա է հրկիզվել:
Իշխանությունների արձագանքը Իշխանություններն անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրում են ծայրահեղական ընդդիմադիր ուժերին: Ինչպես ասել է Պատարձեն, անկարգությունների տեսակադրերում երևում են մարդիկ, որոնք ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են: Այդ կապակցությամբ իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդները փորձում են ապակայունացնել իրավիճակը երկրում: «Միասնական ազգային շարժումը» նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունն է, որը պարտվել է խորհրդարանական ընտրություններում: Նրանք մտադիր էին հաղթել ընտրություններում և վերադարձնել նախկին նախագահին, սակայն դա նրանց մոտ չստացվեց և այժմ կուսակցությունն իրավիճակն ապակայունացնելու առիթներ է փնտրում: Վարչապետ Կվիրիկաշվիլին, մեկնաբանելով իրադարձություններն, ասել է, որ երկրում ապակառուցողական ընդդիմության մի մասը ցանկանում էր օգտագործել մարդկանց հույզերը սեփական շահերից ելնելով: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բոլորին կարգապահության կոչ է արել: «Միասնական ազգային շարժումն» անաչառ հետաքննություն է պահանջել՝ նշելով, որ կատարվածի քաղաքական պատասխանատվությունը կրում են իշխանությունները: «Ոչ ոք չի կարող «Միասնական ազգային շարժումը» նույնականացնել անկարգությունների և վանդալիզմի հետ», -ասել է կուսակցության ներկայացուցիչ Զազա Բիբիլաշվիլին: Կուսակցությունը չեղարկել է մարտի 12-ին Բաթումում կայանալիք ակցիան, հայտնում է BBC-ն: Իրավապաշտպանների արձագանքը Աջարիայի ինքնավար հանրապետության ժողովրդական պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներն ամբողջ գիշեր եղել են իրադարձությունների վայրում և շարունակում են հետևել զարգացումներին: Այդ մասին մարտի 12-ին հայտարարել է ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին: «Ցավոք, խաղաղ սկսված ակցիան վերաճեց բռնության: Վրաստանի ժողովրդական պաշտպանը վանդալիզմի այդ արտահայտություններն անընդունելի է համարում», - ասել է նա:
© ՌԻԱ Նովոստի Նա նշել է, որ չնայած ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառվել, իրավապահ մարմիններին չի հաջողվել կասեցնել լայնածավալ բռնությունը: Ժողովրդական պաշտպանը նաև հայտարարել էր, որ մի քանի ժամ շարունակ բնակչության մոտ անպաշտպան լինելու զգացում էր իշխել: Մարտի լույս 12-ի իրադարձություններն, ըստ ժողովրդական պաշտպանի, ցույց տվեցին, որ հարկավոր է վերլուծել, թե որքան են իրավապահներն ու անվտանգության ուժերը կարողանում արդյունավետ և արագ հակազդել նման ճգնաժամին: Նա հավելել է, որ պետք է քննել ռետինե փամփուշտների և արցունքաբեր գազի կիրառման իրավաչափությունը: Պաշտպանը նշել է, որ ոստիկանության կողմից ուժի չարաշահման վերաբերյալ բողոքներ դեռ չի ստացել: Այժմ իրավիճակը Բաթումում հանգիստ է: Վերականգնողական աշխատանքներն ավարտված են: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն |