Փոքրիկ նկարիչների համար

Փոքրիկ նկարիչների համար

Հայկական ստարտափը ստեղծել է գունազարդման մանկական խաղ

Ժամանակակից մոբայլ սարքերը դարձել են ոչ միայն մեծահասակների, այլև, հաճախ, երեխաների առօրյա կյանքի անբաժանելի մասը։ Մեծահասակների խնդիրն այստեղ կայանում է նրանում, որպեսզի գտնեն ու մանուկներին ներկայացնեն այնպիսի ծրագրային լուծումներ, որոնք ոչ միայն հետաքրքիր կլինեն փոքրիկ օգտատերերին, այլև կնպաստեն նրանց զարգացմանը՝ հաշվի առնելով, որ երեխաներն ավելի հեշտությամբ են սովորում, եթե գործընթացն իրենց համար հետաքրքրական է։

PanARMENIAN.Net - Հայաստանյան Pic Pen LLC ստարտափը հատուկ փոքրիկների համար մշակել է մոբայլ հավելված, որը, կրելով կրթական բնույթ, թույլ է տալիս դեռ փոքր տարիքից երեխայի մոտ զարգացնել ստեղծագործելու ունակությունը, ինչպես նաև՝ հնարավորություն՝ ինքնուրույն ներքաշվելու խաղային պրոցեսի մեջ ու ազդելու դրա վրա։ Pic Pen Coloring Book հավելվածը «ներկիր ինքդ» սկզբունքով գունազարդման խաղ է, իսկ ավելի հստակ՝ ինտերակտիվ գունազարդման գիրք՝ ամենափոքր նկարիչների համար։

Ստարտափի համահիմնադիրներից Շահեն Քոսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ նմանատիպ այլ ծրագրերից հայկական Pic Pen Coloring Book -ը տարբերվում է գունազարդման գործիքների բազմազանությամբ և պրոֆեսիոնալ մշակված ու էմոցիոնալ նկարներով: Հավելվածը բաղկացած է 6 թեմատիկ աշխարհներից, որոնցից յուրաքանչյուրում առկա են 24 նկարներ և 120 գույներ: Հեղինակների հավաստմամբ՝ հետագայում թեմատիկ աշխարհները անընդհատ կատարելագործվելու են, հայտնվելու են նորերը, քանի որ հավելվածի կատարելագործման աշխատանքները շարունակական են լինելու:

«Մեր կարևորագույն խնդիրը՝ ստիպել մանուկներին՝ գործի դնել իրենց երևակայությունը, քանի որ հենց զարգացած երևակայության առկայությունն է ձևավորում հետաքրքրասեր մարդուն։ Սա միակ մանկական հավելվածն է գունազարդման համար միանգամից չորս գործիքներով՝ մատիտ, ֆլոմաստեր, վրձին և լցվող զարդանախշեր։ Երեխաները կարող են նկարել, կամ գունազարդել մատերով, կամ հատուկ գրիչով այնպես, ինչպես նրանք դա անում են թղթե գունազարդման ալբոմներում, ինչը ոչ միայն նրանց հաճույք է պատճառում, այլև արթնացնում է իրենց ներսի նկարչին»,- ասում է մեր զրուցակիցը։

Pic Pen Coloring Book-ի առավելություններից է նաև գունազարդման գործընթացի հեշտությունը՝ շնորհիվ այն հանգամանքի, որ գույները, ըստ ներկման դաշտերի, չեն խառնվում իրար։ Դա հավելվածի օգտագործումն առավել հաճելի ու հետաքրքիր է դարձնում երեխաների համար: Հավելվածի հեղինակները ոգեշնչվել են սեփական երեխաների համար հետաքրքիր ու օգտակար խաղ ստեղծելու գաղափարով, ինչի արդյունքում էլ ծնվել է Pic Pen Coloring Book-ը: Հեղինակների խոսքով՝ խաղը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար, սակայն փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ այն հետաքրքրում է նաև մինչև 10 տարեկան երեխաներին:

«Խաղի ողջ ընթացքն ուղեկցվում է հատուկ հավելվածի համար ստեղծված երաժշտությամբ, ընդ որում՝ 24 նկարներից յուրաքանչյուրի համար այն տարբեր է։ Ներկայումս հավելվածն առկա է միայն iOS օպերացիոն համակարգով աշխատող մոբայլ սարքերի համար՝ App Store-ում։ Այն ամբողջությամբ աշխատում է ինչպես Apple Pencil գրիչով, այնպես էլ մատերի ու կողմնակի սթիլուսների միջոցով։ Երեխաների ստեղծած աշխատանքները կարելի է պահպանել ու տպագրել AirPrint-ով, իսկ ամենակարևորը՝ հավելվածում իսպառ բացակայում է գովազդը»,- եզրափակում է Շահեն Քոսյանը։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչով փոխարինել հայտնի հավելվածը
Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Ինչպես հայ գիտականը ստեղծեց կրիպտոարժույթը պաշտպանող ալգորիթմը
 Ուշադրության կենտրոնում
$9 մլն-ի ներդրում՝ հայկական Krisp հավելվածում

$9 մլն-ի ներդրում՝ հայկական Krisp հավելվածում Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է

 Բաժնի այլ նյութերը
Միլիոնավոր դոլարների ներդրում և ՀՀ տնտեսության խթանում Հայկական 3 ստարտափ՝ միաեղջյուր դառնալու ճանապարհին
Կորոնավիրուսը՝ համակարգչի «աչքերով» Հայերը բժշկի գործը թեթևացնող գործիք են ստեղծում
Հայ պատանիները կոդ կգրեն ՆԱՍԱ-ի համար ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է