Ով ասաց «ոչ մի թիզ հող», նա է այս ազգի գերեզմանափորը

Ով ասաց «ոչ մի թիզ հող», նա է այս ազգի գերեզմանափորը (վիդեո)

Տեր-Պետրոսյանի հարցազրույցի կարևոր թեզերը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին ընդարձակ հարցազրույց է տվել, այս անգամ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը: Նա անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը, միջազգային հանրության արձագանքին ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: PAN-ը ներկայացնում է ՀՀ առաջին նախագահի առաջ քաշած թեզերից կարևորագույնները:

PanARMENIAN.Net - Ինչու՞ Ադրբեջանն ու ՀՀ-ն միասին չեն մասնակցում բանակցություններին, որովհետև առանձին առանձին են հանդիպում ու քննարկում (համաձայնեցնելուն – խմբ.) մնացած 2-3 կետերը: Հիմա ամենաինտենսիվ պրոցեսն է ընթանում:

Մեր նպատակն այն է, որ ժողովրդին ցույց տանք, որ սոցիալական խնդիրների չլուծվածությունը, արտագաղթը, ընտանիքների մասնատվածությունը, ամեն ինչի հիմնական պատճառն այս կոնֆլիկտի չլուծվածությունն է: Տասնյակ հազարավոր երեխաներ ծառայում են բանակում: Ինչպե՞ս կարող է ժողովուրդը չհասկանալ խաղաղության արժեքը:

Ցավոտ լուծումների, փոխզիջումային լուծումների պետք է պատրաստեին ժողովրդին: 2 կողմն էլ բավարարված չի լինելու: Եթե տարածքները տանք անկախության փոխարեն, ժողովրդի ու քաղաքական գործիչների մեծ մասը դժգոհ է մնալու: Ադրբեջանում էլ, եթե տարածքները հետ ստանան, բայց ճանաչեն ԼՂ անկախությունը, ժողովուրդը էլի դժգոհելու է, քանի որ ԼՂ-ն վերջնականապես կանջատվի Ադրբեջանից: Իդեալական լուծում չի լինելու:

Հանեք այս ամբիցիոզ քաղաքական գործիչներին, նորմալ հասարակ ժողովուրդը շատ ավելի լավ է հասկանում, ըմբռնում խնդիրը:

Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում մենք սատարում ենք կառավարության՝ նախագահի, ԱԳ նախարարի վարած քաղաքականությանը: Բայց միայն այս հարցում: Ուրիշ ոչ մի հարցում մենք ՀՀԿ-ի հետ գնալու ճանապարհ չունենք... Մղձավանջային երազում անգամ չի կարող այնպիսի բան լինի, որ մենք կոալիցիա կազմենք:

Այն լուծումը, որ մենք այժմ կարող ենք համաձայնեցված ստանալ, վաղը կարող է դառնալ պարտադրված որոշում: Ինչպես լուծեցին Կոսովոյի, Բոսնիայի հարցը՝ ինչ սարքեցին Սերբիայի գլխին:

Եթե կամավոր չտանք, մի օր սանկցիաներով են այդ հողերը տանելու: Հայաստանն այն երկի՞րն է, որ կարող է ձենռոց նետել միջազգային հանրությանը: Սադամն ու Միլոշևիչը չկարողացան, մե՞նք ենք կարողանալու: Ծնկի՞ ենք բերելու ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային: Չեն կարողանալու պահել այդ տարածքները, անգամ եթե Բաքուն գրավեն: Սադամը գնաց, Քուվեյթը գրավեց, հիմա ոչ Սադամը կա, ոչ Իրաքը: Կործանեցին երկիրը, և հայտնի չէ, քանի տարի կպահանջվի, մինչև Իրաքը երկիր դառնա:

Ով ասաց «ոչ մի թիզ հող», նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգը կործանողը: Դա տեսել ենք մի անգամ, այդպիսի հայրենասերների: Հող չտվեցին, տարածք չտվեցին, ամբողջ երկիրը տվեցին:

Փուլային լուծումը շատ նորմալ լուծում է, բազմաթիվ անգամ կիրառված: Պետք է լուծել հետպատերազմյան հրատապ խնդիրները, հետո անցնել մնացածին: Հիմա այս հարցերը լուծում ենք, հետո կարգավիճակի հարցը կլուծենք հանրաքվեով: Սա ես իդեալական լուծում չեմ համարում, բայց բավարար է:

Ընդհանուր պետության, Քի Վեսթի և մադրիդյան սկզբունքները, բոլորը բերվել են ինձանից հետո: Հիմա ինչպես է ստացվում, որ ես եղա հող տվողը, իսկ Օսկանյանը, Քոչարյանը, Սարգսյանն ու Արկադի Ղուկասյանը՝ ոչ:

Ապրիլյան պատերազմի ժամանակ շատ ուժեր հուսախաբ եղան, որ Հայաստանը դաժան պարտություն չկրեց: Ձեռքերը շփելով սպասում էին, որ Հայաստանը պարտվի, Սերժը տապալվի, և իրենք գան իշխանության... Իսկ ես անգամ թշնամուն կօգնեմ, միայն թե մեր գլխին նոր փորձանք չգա:

Ծառուկյանի ֆենոմենը քաղաքագիտական տերմիններով բացատրելն անհնար է: Ժողովուրդն ընդունում է այդ մարդուն, և վերջ: Բացատրել անհնար է, բայց փաստ է:

Օսկանյանը ինքն է Մադրիդյան սկզբունքներում գրել տարածքների վերադարձի մասին, բայց հիմա հրաժարվում է այդ մասին խոսել: Սա անազնիվ վերաբերմունք է ընտրողների հանդեպ: Նույնն էլ Օհանյանն է, որ իշխանության մաս լինելու ժամանակ երբևէ անհամաձայնություն չի հայտնել իշխանության վարած քաղաքականությանը... Վազգենը կարողացավ ասել՝ ես համաձայն չեմ, ու դուրս եկավ: Դու ինչու՞ չկարողացար: Հիմա այս բարոյականությամբ մարդիկ դուրս են գալիս ժողովրդի մեջ ու ասում՝ մենք մաքուր ենք, մենք ազնիվ ենք:

ԵԼՔ-ն իրենց ծրագրով համարում է, որ ԼՂ հարցն անլուծելի է:

ՀՎԿ ծրագիրը ֆանտաստիկայի ժանրից է. այստեղ Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա:

Կարդացեք նաև՝«Միջազգային հանրությունը սա «օկուպացիա» է կոչում». Տեր-Պետրոսյանի հարցազրույցի կարևոր թեզերը

 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---