Մղձավանջը վերադառնում է

Մղձավանջը վերադառնում է

Ինչպե՞ս պատրաստվել տարվա ամենասարսափելի ֆիլմի դիտմանը

Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 19-ին էկրաններ կբարձրանա ամերիկացի ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Օտար․Պատգամ» (օրիգինալ անվանումը՝ Alien:Covenant) գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը 2012-ի «Պրոմեթևս» (Prometheus) ֆիլմի շարունակությունն է ու հեռավոր 1979-ին կինոդիտողներին սարսափահար արած «Օտար»-ի (Alien) պրիքվելներից մեկը։ 38 տարի առաջ ցուցադրված ու ներկայումս բացարձակ կուլտային «Օտար»-ի պրեմիերան իսկական մղձավանջի էր վերածվել հանդիսատեսի համար․Ռիդլի Սքոթը խոստանում է, որ «Պատգամ»-ը ոչնչով չի զիջելու սկզբնաղբյուրին, ավելին՝ այն կլինի շատ ավելի մռայլ ու արյունալի։

PanARMENIAN.Net - Ընդհանուր առմամբ, 1979-ին սկիզբ առած ֆրանշիզն անցել է զարգացման երկար ու փոփոխական ճանապարհ․ չորս լիամետրաժ ֆիլմ, մեկ պրիքվել, երկու սփին-օֆֆ ու բազում համակարգչային խաղեր, կոմիքսներ ու գրքեր։ Այս ընթացքում այլ հեղինակներ զգալիորեն խեղել են ի սկզբանե սահմանված կանոնը։ «Օտար․Պատգամ»-ը խոստանում է ուղղել սխալները, իսկ PanARMENIAN.Net ը պատմում է, թե ինչ կանոնի մասին է խոսքը, ինչ կարելի է սպասել տարվա ամենասարսափելի ֆիլմից ու ինչպես պատրաստվել դրա դիտմանը։

1979թ-ին Դեն Օ՛Բենոնի ու Ռոնալդ Շասեթի սցենարի հիման վրա նկարահանված «Օտար»-ը իսկական էսթետիկական շոկ դարձավ համաշխարհային կինոյի համար։ Մինչ այդ այլմոլորակայինների կերպար կերտելիս հեղինակները շեշտը դնում էին բազմազան, սակայն ընկալելի արարածների վրա՝ հույս ունենալով, որ բանականություն ունեցող այլ արարածների հետ մարդու առաջին շփումը կլինի կամ բարիդրացիական, կամ, գոնե, թշնամության պարագայում կավարտվի մարդու հաղթանակով։ Ռիդլի Սքոթի ֆիլմը փոխեց այդ պատկերացումը՝ կինոդիտողին կանգնեցնելով գրեթե անելանելի դրության մեջ ու ներշնչելով նրան այնպիսի խտոնիկ սարսափ, որը կարող է առաջանալ միայն մարդու ենթագիտակցությունից ու հնագույն բնազդներից։

Կադր Alien ֆիլմից (20th Century Fox, 1979)

Պատկերացրեք, տիեզերական սառը տարածության մեջ ճանապարհորդող տիեզերանավ ու դրանում փակված յոթ ուղևորներ, որոնց հետապնդում է մարդկային էության համար բացարձակ անհասկանալի, ավելին՝ առողջ բանականության համար անընդունելի մահվան մեքենա․ կատարյալ արարած, որի հետ հնարավոր չէ բանակցել, որի դեմ հնարավոր չէ պայքարել, որից հնարավոր չէ փախչել։

Ռիդլի Սքոթ

Հեղինակներն օգտվելով հոգեբանական խիստ նուրբ միջոցներից ու հանճարեղ շվեյցարացի նկարիչ Հանս Ռուդի Գիգերի ստեղծագործություններից՝ բացահայտում են կատարյալ վախի նոր անկյուններ․թշնամին հատկապես սարսափելի է, եթե նա իր ամբողջ գոյությամբ օտար է քո բանականությանը, երբ նրա հետ «շփման» ոչ մի եզրեր չկան, մնում է միայն խելագարության հասցնող, դող առաջացնող սարսափը փակ տարածության մեջ։ Ֆիլմի կենտրոնական կերպարը՝ «օտարը» (Ջեյսմ Կեմերոնի սիքվելում արարածներին անվանեցին քսենոմորֆներ) անհաղթելի ու բացարձակ չարիքի մարմնավորումն է ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարասկզբի հանճարեղ ամերիկացի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆթի ստեղծած մղձավանջային կերպարները։

Կադր Alien ֆիլմից (20th Century Fox, 1979)

Այսպիսով, 1979թ-ին Ռիդլի Սքոթը սահմանեց ողջ շարքի կանոնը․ գործ ունենք տիեզերքի անհայտ խորքերից եկած երևույթի հետ, որի անգամ գոյությունը մարդու հետ մեկ տիեզերքում անտանելի է։ Ցավոք, 7 տարի անց Ջեյմս Կեմերոնի նկարահանած սիքվելը՝ «Օտարներ»-ը (Aliens) իսկույն խախտեց կանոնը, իսկ հետագա ֆիլմերը հիմնվում էին հենց այս խեղաթյուրված պատկերացման վրա։

Կադր Aliens ֆիլմից (20th Century Fox, 1986)

Կեմերոնի ֆիլմում քսենոմորֆներն արդեն ոչ թե զարհուրելի անհայտն են մարմնավորում, այլ նման են միջատների, որոնց կարելի է հարյուրներով ոչնչացնել սովորական հետևակայինների ուժերով։ Ավելին, Կեմերոնը փոխեց ընդհանուր կոնցեպտը՝ տիեզերական կամերային հորորը վերածելով ֆանտաստիկ մարտաֆիլմի։ Երրորդ ֆիլմը՝ «Օտար 3»-ը (Alien 3), անցնելով արտադրական դժոխքի միջով ու փոխելով մոտ մեկ տասնյակ սցենար, կոչված էր կրկնելու առաջին ֆիլմի փառքը, սակայն Դեյվիդ Ֆինչերի բացահայտ թույլ ռեժիսուրան, անհասկանալի սցենարն ու վատ մշակված կերպերները առաջացրին երկրպագուների արդարացի զայրույթն ու էլ ավելի խորացրին ֆրանշիզում առկա ճգնաժամը։

Կադր Alien 3 ֆիլմից (20th Century Fox, 1992)

Սակայն դրանով պրոդյուսերները չբավարարվեցին․ 1997թ-ին էկրաններ բարձրացավ ֆրանսիացի Ժան-Պիեր Ժենեի «Օտար․Հարություն» (Alien:Resurrection) ֆիլմը, որում քսենոմորֆները արդեն ոչ միայն սովորական խոշոր միջատներ էին, այլև «արտհաուսային» հեղինակի ստեղծած ֆարսի ու կրկեսի գլխավոր ծաղրածուները։ Հասկանալի է, որ կանոնի մասին կարելի էր մոռանալ։

Կադր Alien: Resurrection ֆիլմից (20th Century Fox, 1997)

Թերևս, կարելի է հիշել նաև երկու կինեմատոգրաֆիկ թյուրիմացություն, որոնք նպատակ ունեին վերականգնելու հռչակավոր ֆրանշիզը։ Խոսքը մեկ այլ ֆիլմի՝ «Գիշատչի» (Predator) հետ քսենոմորֆների աշխարհը «խաչասերելու» փորձի մասին է, որն առկա էր կոմիքսներում ու համակարգչային խաղերում, իսկ 2004-ին առաջին անգամ հայտնվեց էկրաններին։ Փոլ Վ․Ս․ Անդերսոնի «Օտարն ընդդեմ Գիշատչի» (Alien VS Predator) և Սթրաուս եղբայրների «Օտարներն ընդդեմ Գիշատչի․Ռեքվիեմ» (Aliens vs. Predator: Requiem, 2007) ֆիլմերը դարձան լեգենդար ֆրանշիզի դագաղին խփված վերջին մեխերը։

Կադր Alien VS Predator ֆիլմից (20th Century Fox, 2004)

Այդուհանդերձ, ֆրանշիզի հայրը՝ Ռիդլի Սքոթը չհրաժարվեց իր ստեղծածից ու որոշեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը՝ պատմելով այն մասին, թե ինչ առեղծվածային տիեզերանավ էր հայտնաբերել «Նոստրոմո»-ի անձնակազմն օրիգինալ ֆիլմում․ նա հայտարարեց, որ մի քանի պրիքվելների միջոցով կներկայացնի ամբողջ իրականությունն ու կպահպանի կանոնը, սակայն 2012-ին, ինչպես մյուսները, կրկին խեղաթյուրեց այն։

Կադր Prometheus ֆիլմից (20th Century Fox, 2012)

«Պրոմեթևսում» (Prometheus) օտարի «հայրը» խորհրդավոր ինժեներին (որը 1979-ի ֆիլմում ներկայացված էր անհասկանալի, խիստ վանող ու առեղծվածային գտածոյի տեսքով) վերածեց հումանոիդի, ավելին՝ նրանք ոչ միայն նախկինում ևս շփվել էին մարդկանց հետ, այլև մարդկության ստեղծողներն էին։ Կրոնական ու դավանաբանական մտորումների ներքո ռեժիսորը կրկին կորցրեց պատմության բուն հենքը՝ միաժամանակ, ստեղծողի իրավունքով, սահմանելով սեփական կանոնը։

Կադր Alien:Covenant ֆիլմից (20th Century Fox, 2017)

Եւ այսպես, մայիսի 19-ին էկրաններին կհայտնվի «Պրոմեթևսի» ուղիղ շարունակությունը։ Արդեն պրոմո-նյութերից հասկանալի է դառնում, որ Սքոթը որոշել է չկրկնել նախորդ սխալներն ու մի լավ վախեցնել կինոսերներին՝ ինչպես հեռավոր 1979-ին։ Միաժամանակ, նա հստակ հասկացրել է, որ քսենոմորֆները ինչ-որ կենդանիներ չեն (միջատներ, ինչպես Կեմերոնի ֆիլմում), չունեն հստակ սոցիալիզացիա ու իրենցից ներկայացնում են կենսաբանական հետազոտությունների արդյունք, սպանության իդեալական մեքենաներ։ Հետևաբար, կանոնի մեջ մնալու համար պետք է միայն երկու ֆիլմ․ 1979-ի օրիգինալն ու 2012-ի «Պրոմեթևսը»։ Մնացյալը, ըստ Սքոթի, ժամանակի ավելորդ վատնում է։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---