Հայրեր և որդիներ

Հայրեր և որդիներ

Տպավորություններ «Գալակտիկայի պահապանները 2» ֆիլմից

Marvel ընկերության կինոկոմիքսային աշխարհի շրջանակներում 2014թ-ին էկրաններ բարձրացած «Գալակտիկայի պահապանները» (Guardians of the Galaxy) ֆիլմն արժանացավ ինչպես կինոդիտողների, այնպես էլ քննադատների ջերմ վերաբերմունքին։ Հանրահայտ կինոգիք և ռեժիսոր Ջեյմս Գանն, ով մարվելյան կոմիքսների մեծ սիրահար է, հրաշալի զգացել էր նմանատիպ ստեղծագործություն էկրանավորելու համար անհրաժեշտ մոտեցումը՝ հանդիսատեսին մատուցելով ադրենալինի ահռելի դոզայի և սրամիտ հումորի յուրօրինակ կոկտեյլ։

PanARMENIAN.Net - Բնականաբար, տաղանդավոր բեմադրիչին ձեռքից բաց թողնելու ցանկություն ոչ ոք չուներ, ու, օրինաչափորեն, Գանին հանձնվեց նաև շարունակությունն էկրանավորելու պարտականությունը։ Վստահաբար կարելի է պնդել, որ ռեժիսորին դա հրաշալի հաջողվել է։ PanARMENIAN.Net ն արդեն դիտել է օրերս էկրաններ բարձրացած «Գալակտիկայի պահապանները 2» (Guardians of the Galaxy Vol. 2) ֆիլմն ու կիսվում է տպավորություններով։

Բոլորը կրկին միասին են․ երկրացի Պիտեր Քվիլը (Աստղային Լորդ), լռակյաց հսկա Դրաքսը, կանաչ մաշկով վարձկան Գամորան, կենդանի ծառ Գրուտն ու խոսող ջրարջը։ Հերոսները հավատարիմ են իրենք իրենց ու նախանձելի պարբերականությամբ հայտնվում են աներևակայելի իրավիճակներում։ Այս անգամ նրանք պետք է բացահայտեն Գալակտիկայի ամենագլխավոր գաղտնիքներից մեկը․ ո՞վ է իրականում Պիտեր Քվիլի հայրը։

Ընդհանուր առմամբ, «Գալակտիկայի պահապաններն» առաջացման օրվանից էլ Marvel-ի ամենա ոչ միանշանակ կոմիքսներից էին, որոնք ընթերցողի մոտ հաջողության հասնելու համար բավականին բարդ ճանապարհ անցան։ Տարօրինակ ոչինչ չկա, 2008թ-ին Դեն Աբնեթի ու Էնդի Լանինգի կողմից հորինված թիմն ավելի շատ նման էր թմրանյութերի ազդեցության տակ ձևավորված զառանցանքի, քան մի կազմի, որը հետագայում կկարողանա համագործակցել իրական գերհերոսների՝ Կապիտան Ամերիկայի, Երկաթյա Մարդու, կամ Տորի հետ։ Խոսող ջրարջ, որը հրաշալի տիրապետում է հրազենին, հսկա կենդանի ծառ՝ հավատացեք, կոմիքսային հերոսների համար ոչ լավագույն ընտրությունն է։ Այդուհանդերձ, Գալակտիկայի պահապանների խորհրդավոր թիմը հաստատվեց Marvel-ի աշխարհում ու դարձավ կանոնի մի մաս․ յուրահատուկ կոմիքսի էկրանավորման համար, սակայն, անհրաժեշտ էր յուրահատուկ բեմադրիչ։

46-ամյա Ջեյմս Գանը հրաշալի ընտրություն էր, ինչպես կպարզվի հետագայում։ Պատճառը ոչ միայն այն է, որ նա կոմիքսների իսկական սիրահար է, ով գիտի դրանց արժեքն ու պատկերագրքերի հետ վարվելու ձևը։ Ուղղակի Գանն ունի հրաշալի տաղանդ՝ հնարամիտ հումորի ու խորը դրամայի միջև այնպես շարժվելու, որ կինոդիտողին կարող է մեկ նետել հոմերոսյան ծիծաղի, մեկ էլ արցունքներ քամել աչքերից։ Ու եթե առաջին «Պահապաններում» Գանը ստեղծել էր սեփական աշխարհը, որը դժվար էր կապել Marvel-ի՝ արդեն իսկ բազմամարդ կինոընտանիքի հետ, երկրորդում նա նրբորեն կմիացնի իր աշխարհն այդ ընտանիքին՝ օգտագործելով հումորի, հրաշալի էքշենի ու դրամայի միջև գրեթե կատարյալ բալանսավորված, հարյուր տոկոսանոց ամառային բլոկբաստեր։

Սիքվելում հրաշալի է բացարձակապես ամեն ինչ․ հանճարեղ սաունդթրեք՝ բաղկացած տարբեր ժանրերի բազմաբնույթ ստեղծագործություններից (առաջին ֆիլմի ավանդույթը այստեղ պահպանվել է), գրեթե անդադար ու տպավորիչ էքշեն, որը այնքան հնարամիտ է, որ ոչ մի վայրկյան չի ձանձրացնում, ինչպես նաև սուր հումոր ու կերպարների ռեպլիկները՝ ուղիղ Գանի գրիչից դուրս եկած (բացառությամբ մի քանի դրվագների, որոնք չափից դուրս «ջրիկ» էին):

Սակայն կարևորն այստեղ ոչ թե այն է, որ երկու ժամից ավել տևող քրոնոմետրաժը գրեթե աննկատ է անցնում, այլ այն, որ սուր հումորի, զվարճանքի, էքշենի ու թեթևության քողի ներքո ստեղծողները կարողանում են կառուցել բավականին լուրջ դրամա ու բարձրացնել կարևոր հարցեր ընտանիքի, ծնողների ու զավակների, պատասխանատվության ու ընկերության մասին։ Ու ի տարբերություն առաջին ֆիլմի մոտիվազուրկ ու անգույն չարագործի՝ երկրորդում հեղինակները ուղղել են իրենց սխալներն ու կառուցել համոզիչ ու հետաքրքրական իրավիճակ, որի ներքո ծավալվող իրադարձություններից անհնար է աչք կտրել։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---