Քըշ, գնա, Օտար, Օտար, Օտար

Քըշ, գնա, Օտար, Օտար, Օտար (վիդեո)

Տպավորություններ «Օտարը․Պատգամ» ֆիլմից

Մայիսի 18-ին Երևանի էկրաններին հայտնվեց հռչակավոր ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Օտարը․Պատգամ» (Alien: Covenant) գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը 2012-ին նկարահանված «Պրոմեթևս»-ի (Prometheus) ուղիղ շարունակությունն է։ Սակայն էականն այստեղ այն է, որ «Պատգամ»-ը դեռ 1979-ին կինոաշխարհը ցնցած «Օտար»-ի (Alien) նախապատմություն հանդիսացող կինոշարքի հերթական մասն է, իսկ բուն կինոշարքը, Սքոթի մտահղացմամբ, ի վերջո պետք է պատասխանի բոլոր հարցերին ու բացատրի, թե ինչի՞ հետ գործ ունեին օրիգինալ ֆիլմի հերոսները։

PanARMENIAN.Net - «Պրոմեթևս»-ն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց՝ առավելագույնս հեռանալով 1979-ի ֆիլմից։ «Օտարը․Պատգամ» ֆիլմն արդեն իր անվանմամբ հուշում էր, որ Սքոթը ձգտում է կրկին վերադառնալ արմատներին։ Վերադարձը ոչ միայն ստացվեց, այլև հնարավորություն տվեց Սքոթին պահպանել «Պրոմեթևսում» ստեղված աշխարհն ու վերջապես երկու աշխարհների միջև տրամաբանական կամար ստեղծել։ PanARMENIAN.Net ը դիտել է նոր ֆիլմն ու կիսվում է տպավորություններով։

Գալակտիկայի հակառակ կողմում գտնվող հեռավոր մոլորակի ուսումնասիրության ժամանակ «Պատգամ» գաղութային տիեզերանավի անձնակազմը հայտնաբերում է, որ այն, ինչ իրենք սկզբում ընդունել էին, որպես դրախտավայր, իրականում մութ ու վտանգավոր աշխարհ է, որի միակ բնակիչը «Պրոմեթևս» հետազոտական առաքելությունից ողջ մնացած սինթետիկ անդրոիդն է։

2012-ին էկրաններ բարձրացած «Պրոմեթևսը», որը դիրքավորվում էր որպես լեգենդար «Օտար»-ի պրիքվել, սկզբում առաջացրեց վերջինի երկրպագուների արդարացի զայրույթը։ Երկու ֆիլմերի հեղինակ Ռիդլի Սքոթը խիստ կոպիտ կերպով պոկեց օրիգինալ ֆիլմի խորհրդավորության շղարշը՝ տիեզերքի մութ հեռուներից մարդկանց հետ բախված չարիքը կապելով հենց մարդկային տեսակի հետ։ Խորհրդավորությունը վերացավ, մնաց հիասթափությունը, սակայն Սքոթը, արարչի իրավունքով, կայացրել էր նման որոշում, որն անբեկանելի էր։ Ընդհանրապես, արարչի ու իր ստեղծածի բարդ հարաբերությունները կարմիր թելով անցնում էին «Պրոմեթևսում», իսկ դրա շարունակությունը՝ «Պատգամը», այդ թելը շատ ավելի նկատելի ու վառ դարձրեց։

Արարիչն ու իր ստեղծածը բախվում են ֆիլմի առաջին իսկ վայրկյաններից։ Եթե անգամ քո ստեղծագործությունը քեզանից կատարյալ է, քեզանից ուժեղ ու, ի տարբերություն քեզ, անմահ, դու կարող ես համարել, որ ինքդ ես իր տիրակալը, և ոչ հակառակը։ Սքոթը հրաշալի հասկանում է, որ իրականում ամեն ինչ այդպես չէ ու ստեղծածը մի օր կարող է ապստամբել արարչի դեմ, ինչը կունենա ամենաանկանխատեսելի հետևանքները։ 1979-ի ֆիլմը, որպես կինեմատոգրաֆիկ կատարելության նմուշ, Սքոթ-արարչի լավագույն ստեղծագործությունն է, որն ավելին է, քան ինքը՝ արարիչը, որը, որպես մշակութային ֆենոմեն, անմահ է ու շարունակում է գրեթե 40 տարի հուզել ու ոգևորել մարդկանց։ Նկարահանելով «Պրոմեթևսը»՝ Սքոթը, կրկին արարչի իրավունքով, ցանկացավ ցույց տալ, թե ով է իրականում տերն, իսկ ով՝ ծառան։ «Օտարը», ի դեմս երկրպագուների, ապստամբեց։

«Պատգամում» հեղինակը շատ ավելի նուրբ ու գիտակցաբար է վարվում իր իսկ ստեղծածի հետ․ սեփական զավակին բիրտ ուժով սանձել փորձելու փոխարեն (իսկ սանձելու պատճառներ Սքոթն ուներ, որովհետև իրենից հետո այլ ստեղծագործողներ վարվում էին «Օտար»-ի աշխարհի հետ այնպես, ինչպես կուզեին) ռեժիսորը հանդարտ բացատրական աշխատանք է իրականացնում՝ առավելագույնս մոտենալով իր ստեղծածին։ «Պատգամում» անասելի շատ են ուղիղ հղումներն օրիգինալին ցանկացած տեսքով․ թե երաժշտական ձևավորումը, թե առանձին դրվագներ, որոնք ուղղակիորեն մեջբերում են անում 1979-ի ֆիլմից, և թե տիեզերքում առաջին քսենոմորֆի ծննդյան աննկարագրելի շքեղ տեսարանը՝ լի հայրական քնքշանքով ու ոգևորությամբ։ Սքոթն իր զավակին բացատրում է, որ կոպտությամբ, երբեմն՝ ապտակներով փորձում է վերջինիս պաշտպանել չար մարդկանցից․ ֆիլմի դեպքում՝ Ջեյմս Կեմերոնից ու նրա ստեղծած «Օտարներին» հաջորդող ֆիլմերի շարանից, որոնք աղավաղել էին ի սկզբանե արարչի կողմից ներդրված գաղափարը։

Ռեժիսորը, որպես իսկական պերֆեկցիոնիստ, կառուցում է կատարելության հասնող կադրեր ու տեսարաններ, որոնց վեհությունը ստիպում է սեղմվել բազկաթոռին։ Սքոթն օգտվում է բոլոր հնարավոր մեթոդներից՝ բացատրելու համար, որ միայն ինքն իրավունք ունի վարվել իր ստեղծագործության հետ այնպես, ինչպես կուզի։ Նա նկարահանում է «Պրոմեթևսի» ուղիղ շարունակությունը՝ միաժամանակ հարգանքի տուրք մատուցելով առաջին ֆիլմին․ խտոնիկ սարսափը, կլաուստրոֆոբիան, անճանաչելի, մութ աշխարհի նկատմամբ վախը, որ կար «Օտարում», այստեղ, գրեթե նույն ռեժիսորական հմտությամբ ներկայացված է՝ ձևավորելով մի միջավայր, որն իր ոգով համարյա նույնությամբ կրկնում է լեգենդար ամերկացի Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆթի գրչով ստեղծված աշխարհները։

Միաժամանակ, Սքոթն անհողդողդ է․ դեռ «Պրոմեթևսից» նա որոշել էր ձևավորել բոլորովին նոր աշխարհ՝ իր սեփական, բազմաշերտ ու խորը փիլիսոփայությամբ ու չի հրաժարվում այդ մտքից։ Սքոթը չի նկարահանում ուղղակի տիեզերական սարսափ, այլ բարդ փիլիսոփայական, կրոնական մենագրություն՝ արարման, արարչի պատասխանատվության ու արարվածի հնարավորությունների մասին։ Այս ծանր ու բարդ բեռի տակ ռեժիսորը մոռանում է դրամատուրգիական այնպիսի նրբություններ ու «մանրուքներ», ինչպիսիք են համոզիչ ու տրամաբանական կերպարների առկայությունը, ամուր երկխոսությունները, առողջ բանականությունը հերոսների գործողություններում։ Ինչպես «Պրոմեթևսում», այստեղ ևս հերոսներն իրենց պահում են, ինչպես փոքր երեխաներ, ովքեր երբեք չեն լսել անվտանգության տեխնիկայի մասին։ Հստակ երևում է, որ Սքոթին այդ ամենը քիչ է հետաքրքրում, իր պատմության մեջ կարևորը ոչ թե դետալներն են, այլ համընդհանուր գաղափարը՝ համեմված բազմապիսի հղումներով թեմատիկ ստեղծագործություններին, կրոնա-փիլիսոփայական ուղղություններին ու գոյության մասին սեփական մտքերին։

Սակայն, երբ երրորդ ակտում սկսվում է իսկական «Օտարը», ավարտվելով շքեղագույն վերջաբանով, որը դեռ շատ ասելիք է ծնելու, հասկանում ես, որ Սքոթն իր ուզածին հասավ․ նա սանձեց իր ստեղծածն ու ի վիճակի է շարունակել դաստիարակչական աշխատանքները։

Հ․Գ․ Հոդվածի վերնագիրը ոգեշնչված է այս հրաշալի երգով։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---