ՏՏ, թե՞ սուպերմարկետներ

ՏՏ, թե՞ սուպերմարկետներ

Ով է ավելի շատ հարկ վճարում

ՀՀ հարկային ծառայությունը հրապարակում է 1000 խոշոր հարկատուների ցանկը` դասավորելով դրանց հերթականությունն ըստ մուծած հարկերի ծավալի: Ցանկում առաջատար դիրքերում գտնվող ընկերությունների մուծումների զգալի մասը, սակայն, անուղղակի հարկեր են` ԱԱՀ-ն ու ակցիզը, մաքսատուրքը, տարատեսակ այլ տուրքեր: Դրանք, վերջին հաշվով, իրականում վճարում է գնորդը, քանի որ ներառվում են ապրանքի վերջնական գնի մեջ:

PanARMENIAN.Net - Բուն ընկերությունն իր և իր աշխատողների գրպանից վճարում է ուղղակի հարկերը` շահութահարկն ու աշխատողների եկամտահարկը: Երբ հարկատուների «ռեյթինգը» վերահաշվարկում է ըստ վճարած ուղղակի հարկերի ծավալների, պարզվում է, որ որոշ խոշոր հարկատուներ այդքան էլ «խոշոր» չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Մասնավորապես, 2016-ի արդյունքներով ցանկի 5-րդ հորիզոնականում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որին են պատկանում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն ու որը մի շարք ապրանքատեսակների գծով գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունի:

Ընկերությունն ընդամենը վճարել էր 14.864 մլրդ դրամ հարկեր (ի դեպ, 2017-ի առաջին կիսամյակին ընկերությունը վճարել է ընդամենը 11.2 մլրդ-ի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացնելով ծավալն ավելի քան 50%-ով): Դրանցից առյուծի բաժինը, սակայն, կազմել են ԱԱՀ-ն, ակցիզային հարկը, մաքսատուրքը և այլ տուրքեր, որոնք ընկերությունը, փաստացի, ներառում է վաճառվող ապրանքի վերջնական գնի մեջ, վերցնում գնորդից ու փոխանցում պետությանը: Ուղղակի հարկերը (եկամտահարկ, շահութահարկ), կազմել են 1.56 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով ընկերությունը գտնվում է ընդամենը 31-րդ տեղում` պաշտոնական 5-րդի փոխարեն:

Նմանատիպ պատկեր է նաև այլ ցանցի`«ՍԱՍ գրուպի» դեպքում: Ընկերությունը մոտ 1.245 մլն դրամ հարկերով 105-րդ հորիզոնականում է ցանկում, սակայն ընդամենը 196-րդը` ուղղակի հարկերի ծավալով (214.5 մլն դրամ): «Մաջիդ ալ Ֆութաիմ Հայփերմարկեթս»-ը, ընդհակառակը, նույն ինքը` «Կարֆուր» սուպերմարկետը, 293-րդ հորիզոնականից բարձրանում է 160-րդ հորիզոնական (մոտ 424.2 մլն դրամ ընդամենը հարկեր, որոնցից ուղղակի հարկեր` մոտ 270 մլն): «Նոր Զովքը» մուծել է մոտ 447 մլն դրամի հարկեր, որից ուղղակի՝ 292 մլն:

Գումարային վերոնշյալ սուպերմարկետներն 2016-ին վճարել են մոտ 2.3 մլրդ դրամ ուղղակի հարկեր:

1000 խոշոր հարկատուների ցանկում առկա են մի քանի տասնյակ ՏՏ ոլորտի ընկերություններ, ներառյալ տեղական կազմակերպություններ ու արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր` Synopsys-ը, Mentor Graphics-ը, Oracle-ը, «Սոֆթլայն ինթերնեյշնլը», Picsart-ը, CQG-ն, «Մոնիտիսը» ու բազմաթիվ այլ ընկերություններ: Վճարած ուղղակի հարկերի մեծությամբ ամենախոշոր ՏՏ ընկերությունը Synopsys-ն է, որը վճարել է 1.759 մլրդ դրամ ուղղակի հարկեր` այնքան, որքան «ՍԱՍ գրուպն» ու «Ալեքս Գրիգն» իրար հետ միասին:

Միայն PAN-ի հաշված առաջին 10 ընկերությունը գումարային վճարել է մոտ 3.4 մլրդ դրամ ուղղակի հարկ` գերազանցելով Հայաստանի խոշորագույն սուպերմարկետների ընդհանուր ցուցանիշը մոտ 1.1 մլրդ դրամով կամ մոտ 1.5 անգամ: Հետևությունները թողնում ենք ընթերցողին և հայկական տնտեսության զարգացման համար պատասխանատու անձանց:

PAN-ը նախորդ տարի ևս նման համեմատություն էր անցկացրել. Թե ինչ պատկեր էր մեկ տարի առաջ՝ այստեղ:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---