Ընտանեկան բռնություն, գարդասիլ ու ծխելու արգելք

Ընտանեկան բռնություն, գարդասիլ ու ծխելու արգելք

2017-ի ամենահնչեղ 10 հասարակական իրադարձությունը

Անցնող 2017-ը լի էր հասարակական տարբեր ոլորտներում բեկումնային նշանակություն ունեցող օրենսդրական նախագծերով, որոշումներով, միջադեպերով, ինչպես նաև բնակչության սոցիալական վիճակի վրա անմիջական ազդեցություն ունեցող գործընթացներով: Դրանց մեծ մասը հիմնականում դժգոհություն է հարուցել հասարակության շրջանում:

PanARMENIAN.Net - 25 օր հացադուլից հետո՝ մարտի 16-ին, մահացավ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը»: Նրա մահը դատական համակարգի նկատմամբ քննադատության մեծ ալիք բարձրացրեց սոցցանցերում: «Հաց բերողի» մահվանը հաջորդած օրերին հարյուրավոր քաղաքացիներ բողոքի հավաքներ, երթեր իրականացրեցին:

Կտրուկ միջոցներ ծխելու դեմ

2017-ի մայիսին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց երկրում ծխելու դեմ պայքարի ռազմավարության մասին, որով հասարակական վայրերում ծխելու արգելք է նախատեսվում սահմանել: Պայքարի այս ձևը հասարակության մի ստվար հատված համարեց կտրուկ և ոչ արդյունավետ, իսկ ծխողները դժգոհեցին, որ ոտնահարվում են իրենց իրավունքները: Օգոստոսին գործադիրն ընդունեց ՀՀ ԱՆ-ի ներկայացրած ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը։

Ամառային հրդեհներ

Օգոստոսին մի քանի օր շարունակ այրվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: Հրդեհը տարածվեց արգելոցի 2,500-3000 հա տարածքի վրա՝ ոչնչացնելով հարյուրավոր ծառեր, բույսեր և կենդանիներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ուժային կառույցներից զատ մասնակցեցին նաև կամավորներ, օգնության հասավ ռուսական ԻԼ-76 հրշեջ ինքնաթիռը: Հրդեհի բռնկումից չորս օր անց միայն հաջողվեց մարել հիմնական օջախները: Հրդեհներ բռնկվեցին նաև Հայաստանի մի շարք անատառներում և «Նաիրիտ» գործարանում:

Պայքար՝ հանուն անտառների ոչնչացման

Սեպտեմբերին Տավուշի մարզի Հաղարծին, Թեղուտ, Գոշ համայնքների մոտ 1000 բնակիչ մի քանի անգամ փակեց միջպետական ճանապարհը. բնապահպանության նախարարությունից պահանջում էին վերացնել «Դիլիջան» ազգային պարկում ծառահատում անելու արգելքը: Գյուղացիները ծառահատումները պատճառաբանում էին ձմեռվա համար վառելափայտ կուտակելու անհրաժեշտությամբ և գազի բարձր սակագներով:

Փրկություն արջերին

Հոկտեմբերին արտերկրի լրատվամիջոցները գրեցին հայաստանյան ժամանցի վայրերում «անմարդկային» պայմաններում պահվող արջերի մասին: Սոցցանցերում բարձրացավ կենդանիների պաշտպանների և մտահոգ քաղաքացիների հերթական բողոքի ալիքը: Արդյունքում սկսվեց կենդանիներին հատուկ ապաստարաններ տեղափոխելու գործընթացը:

Տարկետումը վերացվեց

Նոյեմբերին օրենսդիրն ընդունեց «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով վերացվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը: Մինչև այդ ստեղծվել էր «Հանուն գիտության զարգացման» ուսանողական նախաձեռնությունը, որը մի քանի օր շարունակ դասադուլ հայտարարեց բուհերում, իրականացրեց ցույցեր օրենսդիր և գործադիր մարմինների շենքերի դիմաց: Նախաձեռնության համակարգողները հանդիպեցին և բանակցեցին վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, սակայն չգալով ընդհանուր հայտարարի երկու անգամ հացադուլ հայտարարեցին:

«Գարդասիլն» ու դավադրությունների տեսությունը

Դեկտեմբերին Հայաստանում ներդրվեց արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որը հայտնի է նաև «Գարդասիլ» անվամբ: Պատվաստումներ իրականացվեցին 13 տարեկան աղջիկների շրջանում: Չնայած ՄՊՎ-ի մասնագեները նշում էին, որ պատվաստման դրական ազդեցությունը նախաքաղցկեղային վիճակների և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հարցում ակնառու է, ոչ մասնագետները կասկածամտություն էին հայտնում դրա վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն վնասում է վերարտադրողականությանը և սպառնում ազգային անվտանգությանը:

Ընտանեկան բռնությունը կպատժվի օրենքով

Անցնող տարվա դեկտեմբերին ԱԺ-ն ընդունվեց հասարակական որոշ շրջանակներում աղմուկ բարձրացրած ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն: Օրինագծի հակառակորդները պնդում են, որ օրենքը խարխլելու է հայ ընտանիքի հիմքերը, թույլ է տալու այլոց խլել ծնողներից երեխաներին:

Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը

Դեկտեմբերին հանրային քննարկման ներկայացվեց աջ ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծումն և շահագործումն արգելող որոշումների նախագիծ: Ստեղծվեց նախագծի դեմ պայքարող «Աջղեկ» նախաձեռնությունը, որ ավտոերթ կազմակերպեց դեպի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենք: Նախաձեռնությունը խոստանում է շարունակել պայքարը որոշման դեմ ու տապալել որոշման ընդունումը:

2019-ից նոր տարուն հայաստանցիները երեք օրով քիչ կհանգստանան

Դեկտեմբերին գործադիրը հաստատեց «Տոների և հիշատակ օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ոչ տոնական դարձնել հունվարի 3-ը, 4-ըև 5-ը։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019 թվականի հունվարի 1-ից:

Նանե Մանասյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---