Հայկական ստարտափ ստարտափների համար

Հայկական ստարտափ ստարտափների համար

SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում հայկական ստարտափների մասին. դրանցից շատերը՝ հիմնականում ՏՏ ոլորտի հետ կապ ունեցողները, հասնում են հաջողությունների: Ստարտափների համար ամենամեծ խնդիրներից մեկը ներդրողների փնտրտուքն է և միջոցների ներգրավումը:

PanARMENIAN.Net - Այսօր հայ ստարտափների համար այդ խնդիրը լուծել է առաջարկում SkizbUp հարթակը, որը հանդիսանում է միջնորդ ստարտափների ու պոտենցիալ ներդրողների միջև:

PanARMENIAN.Net -ը զրուցել է նորաստեղծ հարթակի հիմնադիրների՝ Ռուբենի և Սոնայի հետ՝ պարզելու, թե ինչ է իրենից ներկայացնելու SkizbUp-ը և ինչպես է գործելու:

Ինչպես ծնվեց SkizbUp-ի գաղափարը

«Գաղափարը ծագեց մեզ մոտ 2017-ի սեպտեմբերին՝ ստարտափների բացահայտմանն ուղղված Climate Launchpad Հայաստան ծրագրին մասնակցելուց հետո: Հենց այդ ժամանակ մենք հասկացանք, որ հայկական ստարտափներից քչերը գիտեն՝ ինչպես ճիշտ ներկայացնել իրենց բիզնես գաղափարը: Այդ ծրագրի շրջանակներում ևս կային հետաքրքիր մտքեր, որոնք ճիշտ ներկայացման դեպքում հաջողության կհասնեին»,- ասաց Սոնան, հավելելով, որ այդ ժամանակ էլ որոշեցին ստարտափների զարգացման համար նոր բան մտածել:

«Որոշեցինք օգնել ստարտափներին գտնել ներդրողներ և իրենց գաղափարը ճիշտ ներկայացնել վերջիններիս: Հետաքրքիր գաղափարներ ունեցող երիտասարդներ կան, որոնք չգիտեն՝ ինչ անել, ծանոթ չեն մարքեթինգին, հեռու են հաշվապահությունից և այլ ոլորտներից, որոնց հետ առնչվելու են իրենց գաղափարի զարգացման ընթացքում: Եվ նույնիսկ մրցույթներում գումար շահելու դեպքում երբեմն չգիտեն՝ ինչպես այն տնօրինել: Հենց այդ է պատճառը, որ ստարտափների գերակշռող մեծամասնությունը ձախողվում է»,- հավելեց Ռուբենը:

Ինչ է SkizbUp-ն իրենից ներկայացնում

Հարթակի հիմնադրի խոսքով՝ SkizbUp-ը ոչ միայն կօգնի գտնել ներդրողների, այլև ցույց կտա զարգացման հետագա ուղին՝ տրամադրելով ստարտափներին գրասենյակ, համապատասխան մասնագիտական աջակցություն, անհրաժեշտ տեխնիկա, իրավաբանական խորհրադտվություն:

«Նման հարթակ տարածաշրջանում չկա: Պարզ է, որ կան ինչ-որ հիմնադրամներ, որոնք աջակցում են գումարով: Իսկ այդ դեպքում ստարտափը կրկին կանգնում է խնդրի առջև. գումար ունի, բայց չգիտի՝ ինչ անել դրա հետ: Իսկ օգնության նման համալիր փաթեթ որևէ այլ տեղ չեն առաջարկում»,- պատմեց Ռուբենը:

Ինչպես դիմել, ինչ անել

SkizbUp-ի նոր կայքում (www.skizbup.com) ստարտափի գաղափար ունեցողը պետք է դիմում լրացնի՝ պատմելով իր գաղափարի մասին: Սոնայի խոսքով՝ շատ կարևոր հանգամանք է, որ յուրաքանչյուր ստարտափի գաղափար, որի մասին նրանց կհայտնեն, գաղտնի է մնալու մինչև պատրաստի փուլը: Կայքի «Դրույթներ» բաժնում մանրակրկիտ ներկայացված են կազմակերպության հետ համագործակցության բոլոր պայմանները:

Ներդրողը կարող է իր ճաշակով ընտրել կայքում հայտնված որևէ ստարտափ՝ ցանկացած ոլորտի, և առաջարկել գումար: SkizbUp-ն այս դեպքում միջնորդ է հանդիսանում, որը կարգավորում է իրավական և բոլոր մնացած կարևոր հարցերը:

Հարթակի հիմնադիրները ցույց տվեցին իրենց լուսավոր և գունավոր գրասենյակը, որտեղ հետագայում կարող են աշխատել տարբեր ստարտափների հեղինակներ, պատմեցին, որ մեկ այլ գրասենյակ էլ այժմ վերանորոգման փուլում է:

Ռուբենը նշեց, որ իրենց կարող է դիմել ցանկացած ստարտափ՝ թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան, և այն կարող է գտնվել մշակման ցանկացած փուլում՝ զրոյականից մինչև ամբողջովին պատրաստ: «Պարտադիր պայմանը մեկն է՝ ստարտափը պետք է լինի նորարարական կամ պարզապես հետաքրքիր գաղափար պարունակի»,- հավելեց Սոնան:

Խոսելով այն մասին, որ Հայաստանում ստարտափներն ասոցացվում են հիմնականում ՏՏ ոլորտի հետ, հարթակի հիմնադիրները նշեցին, որ պատրաստ են ընդունել ցանկացած ոլորտի ստարտափ՝ «մանկական գրքի գաղափարից մինչև սեղանի խաղ»: Ասացին նաև, որ արդեն ունեն պոտենցիալ հետաքրքրված ներդրողներ, և գործունեությունն իրականացնելու են ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---