Գեղեցկուհին և հրեշը

Գեղեցկուհին և հրեշը (վիդեո)

Ինչպես է իրականանում Հոլիվուդ հասնելու երևանցի աղջկա երազանքը

Վերջին օրերին սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածում, քաղաքական անցուդարձից զատ, տարածված թեմաներից է նկարիչ Արաքս Սարգսյանի ստեղծած ֆանտաստիկ արարածի շուրջ ձևավորված աժիոտաժը։ Լեգենդար շվեյցարացի սյուռեալիստ Հանս Ռուդի Գիգերի երևակայության արդյունքն առաջին անգամ կինոդիտողին ցնցեց հեռավոր 1979թ-ին՝ Ռիդլի Սքոթի «Օտարը» ֆիլմում, իսկ հիմա՝ 2018թ-ին, այն դարձել է Հայաստանի հանրության զգալի մասին թվային միջավայրում միավորած թեմաներից մեկը։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ պարտաճանաչ քվեարկում են Արաքսի աշխատանքի օգտին հռչակավոր Cinema Makeup School-ի ամենամյա Next Level of Cosplay մրցույթի շրջանակներում․ մոտ չորս շաբաթ տևած թեժ պայքարի արդյունքում Արաքսն այսօր առաջատար է ու ունի հաղթանակի բոլոր շանսերը։ Իսկ հաղթելու դեպքում նա կստանա կրթաթոշակ, որը թույլ կտա հեղինակավոր դպրոցի խիստ թանկարժեք դասընթացների ամբողջական կուրս անցնել։

PanARMENIAN.Net - Ժամանակակից Հոլիվուդում ֆանտաստիկ կերպարների ստեղծման համար աշխատում են զերծ մնալ ավելորդ գլխացավանքից՝ միանգամից դրանք մոդելավորելով համակարգչի միջոցով, քանի որ համակարգչային տեխնոլոգիաների հնարավորություններն այս առումով տարեցտարի աճում են։ Մոտ երկու տասնամյակ առաջ ֆանտաստիկն իրական դարձնելու համար մասնագետները՝ նկարիչները, դիմահարդարները, դիզայներները, ինժեներներն ու անիմատորները ստիպված էին պրակտիկ էֆեկետների միջոցով գոյություն չունեցող, երևակայության ծնունդ հանդիսացող արարածներին կյանք տալ բառի ամենաիսկական իմաստով։

Սկզբում դա անում էին մարդու կողմից կառավարվող տիկնիկների, ապա՝ բարդ անիմատրոնիկայի ու ինժեներական այլ լուծումների շնորհիվ սահուն շարժումներ ունեցող մոդելների տեսքով։ Հանս Ռուդի Գիգերի, Սթեն Ուինսթոնի, Ռոբ Բոտինի, Ռիք Բեյքերի և հոլիվուդյան այլ լեգենդների աշխատանքների շնորհիվ մարդիկ կինոթատրոնում տեսնում էին ոչ թե շարժվող տիկնիկներ, այլ իրական հրեշներ, որոնք կարող էին վախ ներշնչել ու հավերժ մեխվել հիշողության մեջ։

Cinema Makeup School-ի նպատակը նման մասնագետների նոր սերունդ պատրաստելն է, իսկ Next Level of Cosplay մրցույթը փորձում է բազում թեկնածուներից գտնել լավագույններին։ Արաքս Սարգսյանը 2018թ-ի լավագույնը դառնալու բոլոր հնարավորություններն ունի։

«Հետաքրքիրն այն է, որ այս տարվա մրցույթի մասին բավականին ուշ իմացա, ու ժամանակի սղության պատճառով ստիպված էի օր ու գիշեր աշխատել՝ մրցույթի մեկնարկին հասցնելու համար։ Զուգահեռ՝ նկարահանվում էր տեսանյութ աշխատանքների ընթացքի ու վերջնական արդյունքի մասին, որի մոնտաժված տարբերակն էլ ուղարկվեց մրցույթի կազմակերպիչներին»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմում է Արաքսը։

Մրցույթի բուն էությունն առաջին շրջանում ֆեյսբուքյան քվեարկության տեսքով է։ Ընդ որում՝ ինքը, քվեարկությունը բաժանված է չորս փուլերի։ Յուրաքանչյուր փուլ տևում է մեկ շաբաթ, փուլի ավարտին հինգ ամենաքիչ ձայներ հավաքած մասնակիցները դադարեցնում են պայքարը, ապա քվեարկության արդյունքները զրոյացվում են ու սկսվում է նոր փուլը։ Այս պահին Արաքսը եզրափակիչ՝ չորրորդ փուլի հինգ մասնակիցների թվում առաջատար է, ավարտին մնացել է երկու օր։ Արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա ժյուրիի մեկ ձայնի առավելություն, իսկ վերջնական հաղթողին, բնականաբար, կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին։

«Վաղուց էի որոշել ստեղծել հենց քսենոմորֆին, չնայած այս տարվա մրցույթին մասնակցելու հարցում ամենասկզբում երկու տարբերակ էի մտածել, երկուսն էլ Գիլերմո Դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմից։ Բայց երկու օրվա ընթացքում վերջնականապես որոշեցի ռիսկի դիմել ու զբաղվել առավել բարդ աշխատանքով՝ օգտագործելով լրիվ նոր նյութեր։ Ընդհանուր առմամբ արարածը պատրաստված է մոնտաժային փրփուրից, որն օգտագործվում է շինարարության մեջ, որոշ դետալներ պոլիմերային կավից են քանդակված այդ թվում՝ ատամները։ Անգամ պահպանակներ եմ օգտագործել ծնոտների ջլերը իմիտացնելու համար։ Սկզբում նույնիսկ մտածում էի անիմատրոնիկ էֆեկտներ ավելացնելու մասին, սակայն, քանի որ ժամանակը սուղ էր, չստացվեց»,- նշեց Արաքսը։

«Օտարը» ֆիլմի արարածին հեղինակները ոչ մի անվանում չէին տվել, սակայն երկրորդ ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Կեմերոնը որոշեց կնքել նրան «քսենոմորֆ» անվամբ։ Այդպես էլ անվանում են արարածին մինչ օրս, այդպիսի անուն է տվել իր ստեղծածին նաև Արաքսը։

«Քսենոմորֆը մանկուց է տպավորել․ տնեցիների սիրած կինո, մեծանալ իրեն անընդհատ տեսնելով, ավելին՝ ինքը շատ մեծ դեր է խաղացել իմ ստեղծագործական գործունեության մեջ։ Ցանկացած արարածում ամենահետաքրքիրն ինչ-որ չափով մարդու տեսք ունենալն է։ Դա վախեցնում է, որովհետև ինքը, կարծես թե, շարժվում է մարդու նման, բայց միաժամանակ շատ օտար է ու հեռու ամեն մարդկայինից։ Խորքային, ենթագիտակցական վախերը, որոնք Գիգերը կարողացել է հանել ու օգտագործել բժշկական ճշգրտությամբ, փորձել եմ ներդնել նաև իմ աշխատանքում»։

Արաքսը խոստովանում է՝ ամենաբարդ մասը գլուխն էր․ «Տեսանյութեր եմ նայել այն մասին, թե ինչպես է առաջին կինեմատոգրաֆիկ քսենոմորֆը ստեղծվել։ «Ժամանակը քիչ էր, և հաճելի պրոցեսը դարձավ մղձավանջ»,- տեսանյութերից մեկում պատմում էր Գիգերը։ Դա ամբողջությամբ կրկնում էր իմ վիճակը։ Շվեյցարացին իր արարածին ստեղծելիս օգտագործել էր իրական մարդկային գանգ, ցավոք ես չկարողացա գտնել ու գանգը ևս քանդակեցի մոնտաժային փրփուրից»։

Հանս Ռուդի Գիգերը և Ռիդլի Սքոթը «Օտարը» ֆիլմի նկարահանման հրապարակում, 1978թ․

Արաքսի աշխատանքը մոտ է իրապես գնահատված լինելուն, իսկ, հաշվի առնելով հայաստանյան կինոյում այս ուղղության լիակատար բացակայությունը, մեր ներկայացուցչի հաղթանակը կարող է մեծապես նպաստել գիտաֆանտաստիկ ժանրի ձևավորմանն այստեղ։

Քվեարկել Արաքսի օգտին մեր ընթերցողը կարող է այս հղումով։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---