Ինչպես Փաշինյանը կարող է հասնել ԱԺ արտահերթ ընտրության

Ինչպես Փաշինյանը կարող է հասնել ԱԺ արտահերթ ընտրության

Հնարավո՞ր է դա արդյոք առանց կոալիցիոն գործընկերների

Օգոստոսի 17-ին կառավարության գործունեության առաջին 100 օրն ամփոփող հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների իրականացման համար դիտարկվում է Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով գնալու հարցը, ինչը թույլ կտա վեցերորդ գումարման ԱԺ-ն ցրել ինքնալուծարման ճանապարհով: Սակայն մեկ ամիս անց՝ նախընտրական կրքեր են թեժացել, ինչի ֆոնին Թավշյա հեղափոխությանն աջակցելու մասին հայտարարած ԲՀԿ-ն, «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները սկսել են հարցականի տակ դնել իրենց՝ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջակցելու մտադրությունը: Կոալիցիոն մյուս գործընկեր ՀՅԴ-ն առայժմ լռում է այս մասին, սակայն ակնհայտ է, որ կուսակցության պատգամավորների՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին միանալը լարվածություն է ստեղծել այս ուժի հետ ևս: PanARMENIAN.Net ը ներկայացնում է Փաշինյանի ԱԺ արտահերթ ընտրությունների ճանապարհային քարտեզի, Սահմանադրության ու ներքաղաքական տրամադրությունների անհամընկնումները:

PanARMENIAN.Net - Նախ, գործող Սահմանադրությամբ, ԱԺ-ն լուծարվում է, երբ երկու անգամ անընդմեջ չի կարողանում երկրի վարչապետ ընտրել: Սակայն Փաշինյանն այդ նույն հանրահավաքում հայտարարել է նաև, որ չի պատրաստվում հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, քանի որ չի վստահում ՀՀԿ-ականներին, որոնք իր հրաժարականի դեպքում արագ իրենց համար վարչապետ կընտրեն։ Ուստի՝ այդ տարբերակը բացառելու դեպքում, մնում է փոխել Սահմանադրությունը: Մայր օրենքի 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում, ինչպես նաև 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ և 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4-րդ մասում Սահմանադրական փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով:

Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն կամ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող 200,000 քաղաքացի:

Փաշինյանն առանց խորհրդարանական ուժերի, որոնք քվեարկել են իր վարչապետության օգտին, կարող է նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ, սակայն փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը. հաշվի առնելով, որ վեցերորդ գումարման ԱԺ-ն ունի 105 պատգամավոր, ուրեմն Թավշյա հեղափոխությունն իրականացրած ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հարկավոր է ԱԺ առնվազն 70 պատգամավորի քվեն:

Իսկ ԵԼՔ դաշինքում այս ուժը ներկայացնում է ընդամենը 5 պատգամավոր:

Եթե նույնիսկ Սահմանադրական փոփոխություններին աջակցեն բոլոր այն խմբակցությունները, որոնք կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, գումարած «Հանրապետական» խմբակցությունը լքած պատգամավորները, միևնույնն է, գործող կառավարությունը չի կարողանալու հավաքել Սահմանադրությամբ նախատեսված առնվազն 70 ձայնը:

Ուստի, Փաշինյանին, գործող կարգով, հարկավոր են նաև ՀՀԿ-ականների ձայները, այլապես նա պետք է մտածի ԱԺ արձակման որևէ այլ մեթոդ։

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---