Սադրանքներն ու պատերազմի հավանականությունը

Սադրանքներն ու պատերազմի հավանականությունը

Երևանն ու Բաքուն կոշտացնում են դիրքորոշումը ԼՂ հարցում

Երևանն ու Բաքուն կոշտացնում են դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության հարցում:

PanARMENIAN.Net - Այդպես, Ադրբեջանում կրկին սկսել են խոսել «հակառակորդի սադրանքների» մասին: Փետրվարի 9-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական հրամանատարական կետում: Խորհրդակցության վերջում Հասանովը «հրամայել և պահանջել է բոլոր մակարդակների հրամանատարներից և պետերից պատրաստ լինել համարժեք պատասխան տալու հակառակորդի ցանկացած սադրանքին, վճռականորեն կասեցնելու նրա սադրիչ գործողությունները»,-ասել են Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ եթե Ադրբեջանն իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, «բնականաբար ՀՀ-ի արձագանքը պետք է լինի համարժեք»:Նա ընդգծել է, որ Ադրբեջանում ավելի հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։

«Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է պատրաստ լինի պատերազմի», - ասել է վարչապետը:Նա ևս մեկ անգամ նշել է, որ հարցի խաղաղ կարգավորման համար նախ պետք է խաղաղության մթնոլորտ հաստատվի։

«Այսօր խաղաղության մթնոլորտ տարածաշրջանում հաստատված չէ, առաջին հերթին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պայմաններում։ Եթե մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իր հռետորաբանությանը վերջ տա, բնականաբար մենք պետք է մեր կողմից արձանագրենք մեր ոչ ագրեսիվ դիրքորոշումը», - ասել է Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ալիևը հավելել է նաև, որ այժմ աշխարհում իշխող է դառնում ուժի գործոնը՝ «ով ուժեղ է, նա էլ իրավացի է»:

«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է և հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր հողերի գրավման հետ»,-ասել է Ալիևը Real TV-ին տված հարցազրույցում:

«Ադրբեջանն այսօր առավելություն ունի ինչպես բանակցային սեղանի մոտ, այնպես էլ մարտի դաշտում»,-ասել է նա:Ալիևը հավելել է, որ ՀՀ նոր իշխանությունները սկզբնական փուլում հանդես էին գալիս «հակասական հայտարարություններով», այդ թվում, ասում էին, որ Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ: «Սակայն հայկական կողմի այդ դիրքորոշումը հավանություն չստացավ ոչ Ադրբեջանից, ոչ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից: Այսօր բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և ՀՀ ԱԳՆ ղեկավարների միջև, բանակցությունների մի քանի փուլ է տեղի ունեցել»,-ասել է նա, հայտնում է Interfax.az-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետությունը պետք է մասնակցի բանակցություններին:

«Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին եղել է մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Նախկինից հայտնի է, որ ադրբեջանական կողմը Արցախի բանակցային գործընթացում ընդգրկվելու առաջարկներին և թեմաներին արձագանքում է, որ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին, արդբեջանական կողմը կներգրավի Ղարաբաղի այսպես կորչված ադրբեջանական համայնքին: Իրականում այս դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի: Խնդիը հետևյալն է՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը միշտ մասնակցել է և մասնակցում է բանակցային գործընթացին և տեղի չի ունեցել մի բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված չիլինի: Այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, Ադրբեջանի քաղաքացիներ են և հետևաբար Ադրբեջանի նախագահը ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից և հետևաբար կառավարությունն ու նախագահն ունեն մանդատ ներկայացնելու նաև այդ մարդկանց», - ասել Փաշինյանը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան իր հերթին կոչ է արել ՀՀ վարչապետին «չսրել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ և նախադրյալներ ստեղծել խաղաղ կարգավորման համար:

«Փաշինյանը չպետք է իր հայտարարություններով սրի վիճակը, այլ հակառակը՝ պետք է նախադրյալներ ստեղծի բանակցությունների համար, որոնք միտված կլինեն արդյունքի հասնելուն, ինչը նշվում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ»,-ասել է Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում:

Նա նշել է, թե դժվար է հասկանալ ՀՀ վարչապետի դիրքորոշումը՝ ելնելով վերջինիս հայտարարություններից: «Մի կողմից նա խոսում է հակամարտության կարգավորման համար խաղաղ պայմանների ստեղծման մասին, մյուս կողմից փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, փորձում է մեղադրել Ադրբեջանին ագրեսիվ հռետորաբանության մեջ, թե իբր երկիրը բնակչությանը պատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության»,-ասել է նա;

Աբդուլլաևան հավելել է նաև, որ ՀՀ ղեկավարութան հնչեցրած հայտարարություններն «ավելի շատ հարցեր են առաջացնում, քան նպաստում են տարածաշրջանաի զարգացման համար համապատասխան պայմանների ստեղծմանն ու հանուն բարգավաճման խաղաղության ապահովմանը»:

 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---